Գլխավոր » TOP, Ադրբեջան, Զինված ուժեր, Իրավական փաստաթղթեր, ԼՂ Հանրապետություն, ԼՂՀ փաստեր, Լրահոս, Հարցազրույցներ, Տարածաշրջան, Քաղաքականություն

Ի՞նչ խորհուրդ կարող է տալ Տեր-Պետրոսյանը իր հայրենիքի սահմանները պաշտպանող արցախցուն

Մայիս 4, 2016թ. 12:47
դավիթ բաբայան

Հարցազրույց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ, քաղաքագետ ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆԻ հետ

-ՀՀ առաջին նախագահի` Արցախի Հանրապետություն կատարած այցի առնչությամբ հայաստանյան վերլուծական շրջանակները մտահոգիչ հարցադրում հնչեցրին, թե ինչո՞ւ է նորից ակտիվացել ու խաղի մեջ մտել Լևոն Տեր-Պետրոսյանը: Իսկ Արցախո՞ւմ ինչ են մտածում այդ մասին:
-Լևոն Տեր-Պետրոսյանը խաղի մեջ է մտնում, թե դուրս է գալիս, ես ճիշտ չեմ համարում նման հարցադրման հնչեցումը: Գիտեք, Արցախի պարագայում այլ է, և ես առաջին նախագահի այցը համարում եմ քաղաքական ձեռքբերում: Այդ քայլի մեջ ներքաղաքական շահեր, նպատակներ չպետք է հետապնդել: Ու Արցախում այդպես էլ ընկալվեց առաջին նախագահի այցելությունը:
Լևոն Տեր-Պետրոսյանն այցելել է Արցախ որպես ՀՀ առաջին նախագահ, քաղաքական-հասարակական գործիչ: Իսկ Արցախի ղեկավարությունն այս տարիների ընթացքում համագործակցել ու շարունակելու է համագործակցել բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ: Տարբեր քաղաքական գործիչների, կուսակցությունների առաջնորդների հաճախակի այցելություններն Արցախ մենք համարում ենք կարևոր հանգամանք: Արցախի հիմնախնդրի շուրջ հայության տարբեր շրջանակների միջև որևէ տարաձայնություն չի կարող լինել: Բոլորս այս հարցում պետք է ունենանք միասնական, կուռ դիրքորոշում: Արցախյան հարցում մեզ միասնականություն է պետք, միայն այդպես` միասնական պայքարով կարող ենք հասնել մեր վերջնական հաղթանակին:
-Լևոն Տեր-Պետրոսյանը Լեռնային Ղարաբաղի հարցում մշտապես եղել է լայն փոխզիջումների կողմնակից ու դա է պատճառը, որ ժամանակին ստացավ ՙպարտվողական գործիչ՚ անվանումը. 1998-ի իշխանափոխությունը պարտվողական քաղաքականության հետևանքն էր: Հիմա մտավախությունը հետևյալն է. ի՞նչ խորհուրդ կարող է տալ նման գործիչը Արցախի իշխանությանը ու իր հայրենիքի սահմանները պաշտպանող արցախցուն:
-Մենք որևէ մտավախություն չունենք, քանի որ ունենք մեր հստակ դիրքորոշումը, ինչի մասին բազմիցս ենք ասել: Իսկ դա այս է` վերադարձ անցյալին երբեք չի կարող լինել թե’ սահմանների, թե’ ԼՂՀ կարգավիճակի հարցում: Իսկ Տեր-Պետրոսյանը Արցախի Հանրապետություն չէր այցելել ինչ-որ առաջարկներ անելու կամ նախկինում քննարկված կարգավորման ինչ-որ սցենարներ ներկայացնելու համար: Նա պարզապես եկել էր որպես հայ մարդ, որպես քաղաքական գործիչ, որպեսզի իր աչքով տեսնի ու անձամբ լսի, թե ի՞նչ է իրականում կատարվում Արցախում:
Այնուհանդերձ, առաջին նախագահը որպես քաղաքական գործիչ ունի տարիների փորձ և գուցե կարող էր իր փորձառությամբ օգտակար լինել. այս առումով հանդիպման ժամանակ ինչի՞ մասին է խոսվել:
– Ես` Տեր- Պետրոսյանի այցը կհամարեմ ընդամենը ճանաչողական, և ոչ թե առաջարկներ ներկայացնելու, խորհուրդներ տալու նպատակ հետապնդող այց: Նա հանդիպել է Արցախի Հանրապետության նախագահի, բանակի բարձրագույն սպայական անձնակազմի, վարչապետի, Ազգային ժողովի նախագահի հետ: Հանդիպման ժամանակ քննարկվել է քառօրյա պատերազմի ընթացքն ու հետևանքները: Տեր-Պետրոսյանը ծանոթացել է, թե ինչպիսի աշխատանքներ են տարվում բանակում մարտունակության ամրապնդման ուղղությամբ: Տեղեկացել նաև տնտեսական ծրագրերին ու, թե ի՞նչ է արվում, որպեսզի հնարավորինս արագ վերականգնվի հակառակորդի կողմից հասցված վնասը:
Դառնանք Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովի օրերս հնչեցրած հայտարարությանը, թե Ռուսաստանն առաջարկում է հակամարտության փուլային կարգավորում, որին իրենք կողմ են: Ի՞նչ փուլային տարբերակի մասին է խոսքը:
– Հիշենք, որ փուլային տարբերակ ասվածը քննարկվել է դեռևս 90-ականներին: Եվ մենք բազմիցս ենք ասել, որ այն ուղղակի կենսունակ տարբերակ չէ: Եթե Ադրբեջանն ուզում է, որ գործընթացը զարգանա փուլային տարբերակի հիման վրա, ապա պետք է իմանա, որ այդ տարբերակն Արցախի համար միայն մեկ դեպքում է ընդունելի, եթե որպես առաջին փուլ Ադրբեջանը ճանաչի Արցախի Հանրապետության անկախությունը կամ Արցախն ու Ադրբեջանը ճանաչեն մեկմեկու` քաղաքական, իրավական դաշտում: Երկրորդ փուլով պետք է կարգավորվի սահմանների հարցը: Երրորդով` զինադադարի խախտման դեպքերի հետաքննության մեխանիզմ պետք է ստեղծվի: Ու այսպես, փուլ առ փուլ կարելի է մտածել հետագա քայլերի մասին: Իհարկե, մեզ համար ավելի գերադասելին փաթեթային տարբերակն է, երբ բոլոր հարցերը միանգամից են կարգավորվում:
Բայց ադրբեջանական կողմի մոտեցումն այլ է, իրենց համար ցանկալի փուլային տարբերակ ասվածը, ինչի մասին խոսում է Մամեդյարովը, իրականում միակողմանի զիջումներ պարտադրող տարբերակ է: Նրանք փուլային տարբերակը դիտարկում են վերադարձ նախկինին, այսինքն` Ադրբեջանական ԽՍՀՄ-ի սահմանների հաստատում ու ինչ-որ շրջանների հանձնում Ադրբեջանին:
Սա փուլային տարբերակ չէ, սրանով Ադրբեջանն ընդամենը ուզում է անդամահատել Արցախը: Ինչը, բնականաբար, անընդունելի, մերժելի է մեզ համար:
Այստեղ մի կարևոր հանգամանք կա. ռուսական կողմն, իրոք, նման բովանդակությամբ առաջարկ է արե՞լ, թե՞ ադրբեջանական կողմն իր ուզած ձևով է այն  <<վերծանում>>:
-Միշտ էլ Ադրբեջանը այս կամ այն առաջարկը մեկնաբանում, ներկայացնում է այնպես, ինչպես իրեն է ձեռնտու: Ադրբեջանը մշտապես աղավաղում է ներկայացվող ցանկացած փաստաթուղթ կամ առաջարկ: Ահա թե ինչու ես չեմ կարծում, որ իրականում նման տարբերակ է ներկայացվել ռուսական կողմից, ավելին, կարծում եմ, որ Ադրբեջանը դարձյալ ինչ-որ բան շահարկում է:
-Մինչդեռ Հայաստանում չեն դադարում խոսակցությունները, թե Ռուսաստանը Հայաստանին ստիպում է որոշ տարածքներ հանձնել դրա դիմաց ստանալով Ադրբեջանի ԵԱՏՄ անդամակցումը։
-Սա շահարկում է, Ռուսաստանը որևէ կերպ չի ստիպում Հայաստանին հանձնել ինչ-որ տարածքներ: Ու սա շատ վտանգավոր է, քանի որ սրա թիկունքում նկատելի է թուրք-ադրբեջանական քարոզչամեքենան: Ամեն ինչ անում են հարվածելու, խարխլելու հայ-ռուսական համագործակցությունը, բարեկամությանը: Կամ էլ նման մտքեր շրջանառում են ուժեր, որոնք ունեն հակառուսական կեցվածք: Այսինքն, այդ տեղեկատվության հիմքում ոչ թե կա օբյեկտիվ, այլ սուբյեկտիվ մոտեցում:
Իսկ առհասարակ, և’ Ռուսասատանը, և’ համանախագահող մյուս երկրները չեն կարող պարտադրել այս կամ այն որոշումը, դա հնարավոր չէ, ու այդ մասին բազմաթիվ անգամ հենց իրենք են հայտարարել: Համանախագահները հանդես են գալիս որպես միջնորդներ և ոչ թե որպես դատավորներ:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Ադրբեջան, Զինված ուժեր, Իրավական փաստաթղթեր, ԼՂ Հանրապետություն, ԼՂՀ փաստեր, Լրահոս, Հարցազրույցներ, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն