Գլխավոր » Politics, Ադրբեջան, Զինված ուժեր, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հարցազրույցներ, Ռուսաստան, Տարածաշրջան

Բանակցել, երբ հնչում են կրակոցներ, կլինի անհասկանալի ու անբնական

Մայիս 2, 2016թ. 13:30
Կարեն Բեքարյան

Հարցազրույց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության պատգամավոր ԿԱՐԵՆ ԲԵՔԱՐՅԱՆԻ հետ

-Քառօրյա պատերազմից հետո ամենից շատ քննակվող թեման էր, թե ո՞ր դեպքում Հայաստանը կարող է ագրեսոր Ադրբեջանի հետ նստել բանակցությունների սեղանին: ՀՀ նախագահը տվեց պատասխանը՝ նշելով երեք քայլ. հետաքննության մեխանիզմների ներդրում, հասցեական հայտարարություններ, անվտանգության երաշխիքներ, որ Ադրբեջանը չի գնա նոր ահաբեկչության Արցախի ժողովրդի դեմ: Նախ, հետաքննության մեխանիզմների ներդրման մասին, իրակա՞ն են այն կարծիքները, թե այսօր դրանց կիրառմանը, Ադրբեջանից բացի, խոչընդոտում է համանախագահող երկրներից միայն Ռուսաստանը:

-Որևէ հիմք չունեմ պնդելու, որ Ռուսաստանը դեմ է հետաքննության մեխանիզմների ներդրմանը: Առավել ևս այդ մասին են փաստում դեռ տարիներ առաջ ՌԴ նախագահ Մեդվեդևի բավականին ակտիվ ներգրավվածությունը ԼՂ բանակցային գործընթացի կարգավորմանը: Հիշենք, որ նրա անմիջական միջնորդությամբ քանիցս կազմակերպվեցին երկու երկրների՝ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը Սոչիում, Աստրախանում: Դեռ այդ ժամանակից ռուսական կողմը հետաքննական մեխանիզմների ներդրումը դիտել է որպես կարևոր հանգամանք:
Գուցե ձևակերպումների որոշակի տարբերություն կար, բայց ռուսական կողմը որպես գործընթացի ակտիվ մասնակից և որպես միջնորդ մշտական այդ խնդիրը պահել է իր ուշադրության կենտրոնում:
Թե ինչո՞ւ է այսօր հաճախ շեշտվում, որ հարցը բարձրաձայնում է միայն ամերիկյան կողմը, պատճառը շատ պարզ է, քանի որ ԱՄՆ-ն վերջերս է բարձրաձայնել այդ մասին: Հիշում եք ԱՄՆ պետքարտուղարության հայտնի դիմումը, արձագանքը: Ահա թե ինչու է բոլորի ուշադրությունը կենտրոնացել հենց ամերիկյան կողմի արձագանքի վրա: Սակայն իրականություն այն է, որ շփման գծում հետաքննության մեխանիզմների ներդրումը երեք համանախագահ երկրների կողմից բազմիցս բարձրաձայնված հարց է: Մինչդեռ Ադրբեջանի պատճառով այն մնաց չիրականացված:
Հայաստանը մշտապես եղել բանակցային գործընթացի կողմնակից, ու ստացվել է այնպես, որ համանախագահները հիմնականում զբաղվել են Ադրբեջանի քաղաքական կապրիզները ՙմեղմելով՚՝ նրան բանակցային սեղանի մոտ բերելու համար: Բայց հիմա՝ քառօրյա պատրազմից հետո, Հայաստանը կոշտացնելով իր դիրքորոշումը հստակ հայտարարում է՝ երբ գնում են մարտական գործողություններ, երբ Ադրբեջանը խախտում է 1994թ. զինադադարի պայմանները, բանակցությունների վերսկսման մասին խոսելն անհնար է: Ինչպե՞ս կլուծվի այս փակուղին:
-Չկա այնպիսի իրավիճակ, որ հակամարտությանը չհաջորդեն բանակցությունները՝ թե՜ գլոբալ, թե՜ լոկալ մակարդակով: Սա հայտնի ճշմարտություն է: Բայց կա հարցի մյուս կողմը, ե՞րբ սկսել այդ բանակցությունները, որպեսզի դրանք լինեն արդյունավետ, ե՞րբ սկսել, որպեսզի հնարավոր լինի դրանք առաջ մղել: Առաջին կարևոր հանգամանքն այն է, ինչի մասին հայտարարում է հայկական կողմը՝ նստել, բանակցել, երբ հնչում են կրակոցներ ու արյուն է թափվում՝ հնարավոր չէ: Ավելին, դա կլինի անհասկանալի, անբնական մի բան: Հետևաբար, հայկական կողմը դնում է շատ հստակ ու անհրաժեշտ պայման, որպեսզի բանակցությունները և՜ տեղի ունենան, և՜ լինեն արդյունավետ Ադրբեջանը պետք է հարգի զինադադարը:
Կա նաև երկրորդ բաղադրիչը. որպեսզի բանակցությունները լինեն արդյունավետ, պետք է լինի փոխադարձ վստահություն:
Ես ուզում եմ մի կարևոր բան ասել, երբ ասում ենք, իրավիճակը հաշվի առնելով այս պահին նպատակահարմար չէ բանակցությունների վերսկսումը, թող սխալ չընկալվի, թե ասում ենք այլևս բանակցություններ չեն լինելու, թե խնդիրը բանակցային դաշտում այլևս չի քննարկվելու: Հարցը հետևյալն է, կրկնում եմ, եթե սահմանին արյուն է թափվում, բանակցությունների սեղանի շուրջ ինչի՞ մասին կարող են բանակցել:
Ինչ վերաբերում է փակուղուն, ապա այդ մասին Հայաստանի ու Արցախի Հանրապետությունները մեկ անգամ չէ, որ զգուշացրել են ու ահազանգել միջազգային հանրությանը, այդ թվում Մինսկի խմբի համանախագահներին: Վերջը եկավ ու հասավ քառօրյա պատերազմին: Պետք է լինի կայուն զինադադար, պետք է վերացվեն ուժի, և ուժի սպառնալիքի բոլոր դրսևորումները, սա այն է, ինչի մասին նշվում է որպես երրորդ քայլ: Այսինքն՝ անվտանգության երաշխիքներ ասվածը նշանակում է ուժի և ուժի սպառնալիքի վերացում:
-Համակարծի՞ք եք, որ բանակցությունների ձախողումը նշանակում է ռուսական պլանի ձախողում, նկատի ունենալով այն, որ ՌԴ-ն նպատակ ուներ քառօրյա պատերազմից հետո իր ձեռքը վերցնել նախաձեռնությունն ու կողմերին բերել բանակցային սեղանի մոտ:
-Պետք չէ արհեստական ձախողումներ փնտրել: Ի՞նչ է նշանակում ռուսական պլանի ձախողում, ըստ հնչած հայտարարությունների, ռուսական կողմի մոտեցումն էր՝ բոլոր ջանքերը ներդնել՝ թե՜ պետական մակարդակով, թե՜ որպես Մինսկի խմբի համանախագահող երկիր և փորձել կարգավորման գործընթացում օժանդակել կողմերին: Դա իր մեջ ներառում է երկու տրամաբանական բաղկացուցիչ. առաջինը զինադադարի հաստատումն էր: Ի դեպ, երբ Մոսկվայում եղավ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի Գլխավոր շտաբի պետերի հանդիպումը ու բանավոր պայմանավորվածություն ձեռք բերվեց հրադադարի հաստատման շուրջ, շատերը հույս ունեին, թե այդ ջանքերը հաջողության են հանգելու:
Երկրորդ, Ռուսաստանի նպատակն էր հրադադարից հետո քաղաքական համատեքստում փորձել ակտիվացնել կարգավորման գործընթացը: Ռուսները հայտարարեցին այդ մասին, ռուսները պնդում էին, որ դա անհրաժեշտ է ու տրամաբանական: Նրանք հույս ուներին, թե զինադադարի մասին բանավոր պայմանավորվածությունը կգործի, ուրեմն, կարելի է գործընթացը զարգացնել քաղաքական հարթությունում: Բայց հիմա իրենք էլ են տեսնում, որ զինադադարի պայմանավորվածությունը չի գործում: Սա նշանակում է, որ իրենք էլ համոզվում են, որ այս պահին շատ կարևոր է հրադադարի ամրապնդումը: Ուրեմն, ասել, թե ռուսական պլանը, բանակցությունների վերսկսման մասով, ձախողվել է՝ ճիշտ չէ:
-ՀՀ նախագահի նշած մյուս կետը վերաբերում է Արցախի ժողովրդի անվտանգության երաշխիքների ձեռքբերմանը, հասնել նրան, որ Ադրբեջանը չգնա մի նոր ահաբեկչության:
-Միանգամից ասեմ, որ Արցախի ժողովրդի անվտանգության միակ երաշխավորը ԼՂՀ պաշտպանության բանակն է: Այլ երաշխիք, ելնելով Ադրբեջանի ներկայիս պահվածքից, ես չեմ տեսնում:
-Ուզում եք ասել՝ այս պահին քաղաքական, դիվանագիտական դաշտում երաշխիքներ փնտրել պետք չէ՞:
-Եթե դիվանագիտական դաշտում տեսնեինք երաշխիքներ՝ կնշեինք, եթե չենք նշում՝ կնշանակի չենք տեսնում: Իհարկե, տեսնում ենք, որ բավականին ակտիվ են աշխատում համանախագահները, այդ գործընթացին միացավ ԱՄՆ պետքարտուղարն իր հեռախոսազրույցներով, լսեցինք Ֆրանսիայի Եվրոպական հարցերի պետքարտուղարի՝ խաղաղության մասին հնչեցրած հայտարարությունը:
Այսինքն՝ տեսնում ենք, որ կա գործընթաց: Բայց ինչի՞ կհասնենք, և հնարավոր առաջարկները կարո՞ղ ենք դիտարկել որպես երաշխիքներ, դժվար է այս պահին հստակ բան ասել, քանի որ ինչ էլ ասենք կլինի կանխատեսումների դաշտից:
-Ադրբեջանական կողմի նպատակն է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հրադադարի մասին վերջին բանավոր պայմանվորվածությունը վերածել փաստաթղթի, փոխարենը մերժել 94-95թթ. ընդունված զինադադարի պայմանագիրը, ուր կողմ է նաև ԼՂՀ-ն: Ադրբեջանի նպատակը հասկանալի է՝ որպես կողմ դուրս թողնել Արցախը: Կարծում եք, նրան կհաջողվի՞ հասնել իր նպատակին:
-Այս պահի դրությամբ մենք ի պատասխան Ադրբեջանի փորձերի հետևյալի ակնատեսն ենք. և՜ համանախագահող երկրները, և՜ միջազգային հանրությունը բավականին բուռն ու կոշտ արձագանքեցին ադրբեջանական կողմի հիշյալ ցանկությանը: Հետևաբար, այս պահին կարող ենք արձանագրել, որ Ադրբեջանի փորձերը չունեն հաջողություն:

Ա. ՍԻՄՈՆՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Politics, Ադրբեջան, Զինված ուժեր, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հարցազրույցներ, Ռուսաստան, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն