Գլխավոր » Regions, Ադրբեջան, Զինված ուժեր, ԼՂ Հանրապետություն, ԼՂՀ փաստեր, Լրահոս, Ով է թուրքը, Վերլուծական, Տարածաշրջան

Ադրբեջանի տեռորիստական մարտավարությունը անհամաչափ պատասխան է պահանջում

Ապրիլ 28, 2016թ. 00:46
Ադրբեջան

Ղարաբաղա-ադրբեջանական ճակատում ծավալվող ռազմական գործողությունները ապրիլի 26-ից հետո ձեռք են բերել որակական նոր հատկանիշներ, որոնց հիմնական յուրահատկություններն անհրաժեշտ է հաշվառել հետագա քայլերի ճիշտ ռազմավարություն մշակելու նպատակով։

Բանն այն է, որ այդ օրվա առաջին կեսն անցել է մինչ օրս ադրբեջանական կողմի՝ մեզ թելադրած մարտավարությանը համապատասխան, իսկ ահա երկրորդ կեսին եւ երեկ՝ ապրիլի 27-ին, դրության տերը եղել են հայ զինվորականները։ Օրվա առաջին կեսին հակառակորդը պաշտպանությանը զուգահեռ առաջին գիծ էր դուրս բերել ծանր հրետանի ու ռեակտիվ-համազարկային կրակի կայանքներ եւ շարունակում էր իրար հետեւից ավերել հայկական բնակավայրերը, առաջին հերթին՝ Մարտակերտ քաղաքը։

Ադրբեջանի նմանօրինակ հաշվարկը պարզ է. քանի որ չկան հրադադարի վերահսկողության միջազգային մեխանիզմներ, ապա Բաքուն իրեն ազատ է զգում պնդելու, թե իբր ինքը սոսկ պաշտպանվում է «հայկական ագրեսիայից»։ Ուստի հրետակոծելու միջոցով ավերելով հայկական բնակավայրերը՝ հակառակորդը փորձում է դուրս մղել Ղարաբաղի հայերին իրենց բնօրրանից։
Այդ պատճառով անցած շաբաթների ընթացքում ԼՂՀ իշխանությունների կամ ՀՀ պաշտպանության նախարարության յուրաքանչյուր հայտարարություն-բողոքին Բաքուն պատասխանում էր նույնբովանդակ, բայց 180 աստիճանի հակադիր ամբաստանությամբ՝ ճիշտ այնպես, ինչպես ապրիլի 1-ի-լույս 2-ի գիշերը սկսված իր հարձակումը համարում էր «հայկական ագրեսիային» դիմակայելու միջոցով հակահարձակման անցնելու հարկադիր փորձ։ Այսինքն՝ Ղարաբաղում հաստատված Հայաստանի զինված ուժերը ռմբակոծում են Ադրբեջանի անպաշտպան գյուղերն ու քաղաքները եւ «խեղճ ադրբեջանցիներին» դրդում պատասխան գործողությունների։

Իլհամ Ալիեւը վախենում է լայնածավալ պատերազմից, բայց զգուշանում է նաեւ հրադադարի պահպանման վրա հիմնված խաղաղության հաստատումից։ Մնացել է, այսպես ասած, «միջին տարբերակը», այսինքն՝ ԼՂՀ ողջ սահմանագծի երկայնքով ամրանալն ու ռմբակոծությունների սաստկացումը։

Դա ձեռնտու է ավելի մեծ ռեսուրսներ ունեցող, բայց պակաս մարտունակ կողմին, որը նմանվելով հայտնի կինոնկարի հերոսին՝ ե՛ւ սպառնում է, ե՛ւ վախենում, ուստիեւ սադիստական սառնասրտությամբ պարբերաբար սպանում է սահմանագծին կանգնած դիրքապահներին եւ ռմբակոծությունների միջոցով քարուքանդ անում սահմանագծին մերձակա քաղաքներն ու գյուղերը, բայց երբ պատասխան է ստանում՝ սկսում է խոսել «հայկական ագրեսիայի» մասին։

Հասկանալի է, որ կարճաժամկետ առումով ԼՂՀ պաշտպանության բանակը նման պայմաններում այլ ելք չուներ, քան կրակը հակառակորդի տարածք տեղափոխելն ու հակառակորդին նույն եւ ավելի մեծ ավերածություններ ու կորուստներ պատճառելը։
Ապրիլի 26-ի գիշերը կիրառված այս մարտավարությունն արդեն հանգեցրել է հակառակորդի լուրջ կորուստներին։ Աուդիոձայնագրությունների տվյալները վկայում են, որ ԼՂՀ-ին սահմանամերձ շրջաններում արձանագրվել են զինվորական օբյեկտների ոչնչացումն ու միաժամանակ Թարթառի, Գերանբոյի եւ այլ բնակավայրերի ադրբեջանական բնակչության փախուստը։

Դրանով իսկ սկիզբ է առնում հակառակորդին զսպելու մի նոր մարտավարություն, որում մեկն ու մեկի նյարդերը տեղի են տալու, եթե մինչ այդ միջնորդները չփորձեն կյանքի կոչել հրադադարի ռեժիմի պահպանման մեխանիզմները։

Բաքուն վաղօրոք սկսել է հեռանալ 1994-1995 թթ. կնքված զինադադարի վերաբերյալ փաստաթղթերից՝ այդ մասին տեղեկացնելով ՄԱԿ-ին։ Ի՞նչ է ստացվում. Ադրբեջանը հետեւողականորեն ոչնչացնում է այն իրավապայմանագրային բազան, որի վրա խարսխվում է հրադադարի ռեժիմը, եւ զուգահեռաբար սադիստական հետեւողականությամբ ապակայունացնում է շփման գծում տիրող իրադրությունը՝ չարժանանալով միջազգային համապատասխան հակազդեցության։

Նման պայմաններում եթե անգամ վերսկսվեն կողմերի շփումները, ապա դրանք հանգեցնելու են նոր փակուղու, քանի որ հայերը պնդելու են 1994-1995 թթ. կնքված զինադադարի վերաբերյալ փաստաթղթերը հարգելու սկզբունքի վրա, իսկ ադրբեջանցիները առաջարկելու են կնքել նոր զինադադար։
Հրադադարի վերականգնման վերջին բանավոր համաձայնությունից դուրս է մնացել ԼՂՀ-ն, ուստի Ադրբեջանը ամեն ինչ անելու է այդ փաստը «թղթին հանձնելու» համար։ Ու քանի որ հայկական կողմն էլ չի ընկնելու նման ծուղակի մեջ, ապա Բաքուն դիմելու է միջնորդներին՝ հորդորելով նոր պատերազմից հետո նոր հրադադար հաստատել կողմերի միջեւ։ Քանի որ միջնորդների համար կարեւորը հրադադարն է եւ ոչ թե այն ստորագրողների կազմը, հակառակորդը դիվանագիտական գետնի վրա կարող է ձեռք բերել լուրջ առավելություն, եթե առաջիկայում չհայտնվի անելանելի ռազմական ու ժողովրդագրական պրոբլեմների առջեւ։

Բանն այն է, որ տասնամյակներ շարունակ օգտվելով միլիարդավոր նավթադոլարներից՝ Ադրբեջանի իշխանությունները խիտ կերպով բնակեցրել են ԼՂՀ-ին հարող շրջանները՝ ստեղծելով համապատասխան ենթակառուցվածքներ։ Դրանց ոչնչացումն ու հարյուր հազարավոր ադրբեջանցիների փախուստը դեպի Բաքու եւ այլ քաղաքներ կարող է խիստ սրել այդ երկրի ներքաղաքական վիճակը։ Ավելին՝ եթե դրան գումարվի թեկուզ մեկ շրջանի կորուստը, ապա Իլհամ Ալիեւի վիճակը կարող է աննախանձելի դառնալ։
Այդ պատճառով հայ դիվանագիտությունը առաջիկայում պետք է ամեն ինչ անի բանակցային գործընթացի վերսկսումը հրադադարի պահպանման մեխանիզմների ներդրման հետ կապելու եւ դրանցից երբեք չշեղվելու համար։ Այսինքն՝ քանի դեռ կրակում են՝ ոչ մի բանակցություն։ Իսկ ահա երկրի ռազմական ղեկավարությունը՝ ԼՂՀ պաշտպանական բանակի հետ համախորհուրդ, պետք է մտածի ռազմական գործողությունները հակառակորդի տարածք տեղափոխելով՝ թատերաբեմը ԼՂՀ բնակավայրերից հեռացնելու մասին։

Հակառակորդի կողմից Մարտակերտի շրջանի խաղաղ բնակչության թիրախավորումը շարունակվելու պարագայում նույնը պետք է արվի ոչ միայն սահմանամերձ մի քանի շրջանների, այլեւ Կուրի գետահովտում տարածվող ադրբեջանական բնակավայրերի հանդեպ։ Այլ ճանապարհ չկա՝ ԼՂՀ-ն բոլոր կողմերից ռմբակոծելու եւ իր բնակիչներից դատարկելու Ադրբեջանի ռազմավարության առաջն առնելու համար։

Այս առումով Օմարից մինչեւ Թալիշ ձգվող բարձունքներում գտնվող հայկական դիրքերը թույլ են տալիս հիմնովին խարխլել հակառակորդի թիկունքը՝ Գյանջայից մինչեւ Եվլախ ընկած՝ Կուրի ողջ ափամերձ գոտում ու նրա բանակը վերածել ամայացված տարածության վրա կանգնած եւ ցանկացած պահի փախուստի պատրաստ հրոսակախմբերի բազմության։

ԼՂՀ-ի հայկական բնակավայրերը ծանր զինտեխնիկայի օգնությամբ թիրախավորելու միջոցով Ղարաբաղի հայերին իրենց բնօրրանից դուրս մղելու տեռորիստական քաղաքականության առաջն առնելու համար հարկավոր է հիմնովին ավերել հակառակորդի թիկունքը եւ գործող կոմունիկացիաները, ապաեւ թիկունքից կտրված ադրբեջանական բանակին «հրել» դեպի նոր՝ Ղարաբաղի համար ապահով բնագծեր։

ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Regions, Ադրբեջան, Զինված ուժեր, ԼՂ Հանրապետություն, ԼՂՀ փաստեր, Լրահոս, Ով է թուրքը, Վերլուծական, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն