Գլխավոր » Culture-Hogevor, Լրահոս, Մշակույթ

Վլադիմիր Սպիվակովը եւ «Մոսկվայի վիրտուոզներ» կամերային նվագախումբը կնվագեն Երևանում

Ապրիլ 18, 2016թ. 14:32
Սպիվակով

Աշխարհահռչակ դիրիժոր Վլադիմիր Սպիվակովը եւ «Մոսկվայի վիրտուոզներ» կամերային նվագախումբն ապրիլի 28-ին եւ 29-ին համերգային տարբեր ծրագրերով հանդես կգան «Արամ Խաչատրյան» համերգասրահում:
Ապրիլի 28-ի համերգային ծրագրում կհնչեն Մոցարտի Երրորդ դիվերտիսմենտը, Բոկերինիի ռե մինոր Սիմֆոնիան, Հայդնի Դաշնամուրի թիվ 11 կոնցերտը, ինչպես նաեւ՝ Շոստակովիչի կամերային ստեղծագործությունները: Որպես մենակատար հանդես կգա դաշնակահարուհի Ալեքսանդրա Ստիչկինան:
Իսկ ապրիլի 29-ին երաժշտասեր հանրությունը հնարավորություն կունենա ունկնդրել Մոցարտի Առաջին դիվերտիսմենտը, Չայկովսկու լարայինների համար Սերենադը, Ռոսսինիի Երրորդ սոնատը եւ Աստոր Պիացոլլայի ՙՏարվա եղանակներ Բուենոս Այրեսում՚ ստեղծագործությունը, հանրահայտ տանգոներ:
Համերգային ծրագրում որպես մենակատարներ հանդես կգան ակորդեոնահար Նիկիտա Վլասովը եւ ջութակահարներ Դենիս Շուլգինը, Լեւ Իոմդինը, Գեորգի Ցայը, Եվգենի Ստեմբոլսկին:

Վերջին անգամ Վլադիմիր Սպիվակովը Հայաստան էր եկել 2015թ. ապրիլին` իր ղեկավարած Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ եւ անցկացրել էր «Վլադիմիր Սպիվակովը հրավիրում է» խորագրով փառատոն՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչող համերգի ավարտին մի հին ավանդապատումից իմաստուն առաջնորդի խոսքը մեջբերելով՝ Սպիվակովը հայտնեց իր կարծիքը հայերի մասին. «Դուք աշխարհի լույսն եք, աստղերն եք, մաքրության տաճար եք, ձեզնից յուրաքանչյուրում տիեզերք է»:

Մեծ դիրիժորն ու ջութակահարը մեր երկրի լավագույն բարեկամներից է, նա միշտ հայ ժողովրդի կողքին է՝ զորավիգ լինելով մեզ ծանր օրերին։ Մաեստրոյի սրտառուչ երաժշտությունը սիրված ու սպասված է հայ ունկնդրի կողմից։
Վլադիմիր Սպիվակովը ծնվել է 1944 թվականի սեպտեմբերի 12-ին Ուֆա քաղաքում: Պատերազմից հետո Սպիվակովի ընտանիքը տեղափոխվել է Լենինգրադ: Վլադիմիր Սպիվակովը 1955 թվականին հաշվառվել է Լենինգրադի կոնսերվատորյային կից դպրոցում, 1963 թվականին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորյային կից կենտրոնական երաժշտական դպրոցը եւ սովորել է Մոսկվայի կոնսերվատորիայում՝ Յու. Յանկելեւիչի դասարանում: Որպես դիրիժոր հանդես է գալիս 1965 թվականից:
1979 թվականին մի խումբ երաժիշտների հետ ստեղծել է «Մոսկվայի վիրտուոզներ» կամերային նվագախումբը եւ դարձել վերջինիս անփոփոխ գեղարվեստական ղեկավարը, դիրիժորն ու մենակատարը: Նվագախմբի համերգներրը մշտապես մեծ հաջողությամբ են ընթանում աշխարհի ցանկացած կետում՝ եվրոպական երկրներում, ԱՄՆ-ում, Կանադայում, Մեքսիկայում, Հարավային Ամերիկայում, Իսրայելում, Ճապոնիայում եւ այլուր:

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Culture-Hogevor, Լրահոս, Մշակույթ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն