Գլխավոր » Society, Ադրբեջան, Զինված ուժեր, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Տարածաշրջան

Դեռ վաղ է մտածել բնակչությանը հետ բերելու մասին. Թալիշի գյուղապետ

Ապրիլ 9, 2016թ. 00:19
թալիշ

Արցախի Հանրապետության Թալիշ համայնքում ադրբեջանական զինուժի վայրագություններից հետո բնակչության մեծ մասը շարունակում է տարհանված մնալ, սակայն կան մարդիկ, ովքեր գյուղում են մնացել ու շարունակում են ապրել առօրյա կյանքով:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Թալիշի գյուղապետ Վիլեն Պետրոսյանն ընդգծեց, որ այս պահին դեռ վաղ է մտածել գյուղի բնակչությանը հետ բերելու, վերականգնողական աշխատանքներ սկսելու մասին մտածելը: «Կարծում եմ, դեռ վաղ է մտածել այն մասին, որ ամեն ինչ հանդարտվել է ու բնակչությանը հետ բերել, վերականգնողական աշխատանքներ սկսել: Դեռ չգիտենք, թե ինչ կլինի: Կարծում եմ, որ գյուղում լուրջ վերականգնողական աշխատանքներ սկսելու մասին մտածելն ապագայի հարց է»,- նշեց Պետրոսյանը:

Նա ընդգծեց, որ բնակչության մեծ մասը՝ հատկապես կանայք և երեխաները տարհանված են, բայց կան տղամարդիկ, որ մնացել են: «Ամեն դեպքում, որոշակի աշխատանքներ անում ենք: Օրինակ, սկսել ենք թաղել հակառակորդի կրակոցների հետևանքով սատկած կենդանիներին, մաքրել գյուղի փողոցները: Նաև փորձում ենք էլեկտրականությունը վերականգնել, որովհետև ապրիլի 2-ից հետո գյուղում լույս չունենք»,- ասաց գյուղապետը:
Վիլեն Պետրոսյանը նաև հայտնեց, որ ապրիլի 7-ին գյուղում հանգիստ է եղել, հակառակորդի կողմից ոչ մի կրակոց չի եղել: «Այսօր էլ դեռևս հանգիստ է, բայց չեմ կարող ասել, թե վաղն ինչ կլինի: Եթե ցանկանան կրակել, ինձանից չեն հարցնելու: Մենք էլ զգոն ենք, շատ լավ գիտենք, որ ամեն ինչ կարելի է սպասել հակառակորդից»,- ընդգծեց Պետրոսյանը:

Ապրիլի 9-ին «Արմենպրես» լրատվական գործակալության թղթակիցը և ֆոտոթղթակիցը կլինեն Արցախի Մատաղիս և Թալիշ համայնքներում, կներկայացնեն նյութեր և լուսանկարներ այդ գյուղերից, որոնք հակառակորդի կողմից ամենաշատն են ենթարկվել ավերածությունների և մի քանի օր եղել են կրակի տակ:
Ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները, որոնց ապրիլի 2-ին մի քանի ժամով հաջողվել է Արցախի Հանրապետության Թալիշ գյուղ ներխուժել, գյուղն ավերածությունների են ենթարկել՝ թալանելով ու ավերելով տները: Նրանք նաև դաժանաբար սպանել են գյուղի երեք բնակիչների, որոնց չի հաջողվել ժամանակին տարհանել:

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Society, Ադրբեջան, Զինված ուժեր, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն