Գլխավոր » Culture-Hogevor, Լրահոս, Հասարակություն, Մշակույթ

Գարեգին Նժդեհի արձանն ավելի լավ է չդրվի, եթե ֆիլմի նման է արվելու

Մարտ 21, 2016թ. 14:54
Նժդեհի արձան

Դեռևս 2014թ. հոկտեմբերին Երևանի ավագանին քվեարկությամբ հավանություն տվեց Գարեգին Նժդեհի բրոնզե հուշարձանը մայրաքաղաքում տեղադրելու մասին որոշմանը: Ի դեպ, պետական ռազմական գործչի արձանի տեղադրման հարցը թեժացավ այն բանից հետո, երբ Երևանի քաղաքային իշխանությունները պատրաստվում էին Երևանում տեղադրել Անաստաս Միկոյանի արձանը` կատարելով նրա ժառանգների պատվերը: Այդ ժամանակ հասարակությունն ընդդիմացավ բազմաթիվ հայերի արյան մեջ ձեռքերը թաթախած Միկոյանի արձանը կանգնեցնելու դեմ` խոչընդոտելով դրան և միաժամանակ հարց բարձրացրեց Միկոյանի փոխարեն Երևանում Գարեգին Նժդեհի արձանը կագնեցնելու մասին: Ավագանու նիստի ժամանակ նաև որոշվեց բրոնզաձույլ արձանը տեղադրել Նալբանդյան-Արամի-Բուզանդ-Հանրապետություն փողոցներով պարփակված հատվածում՝ վերնիսաժի և ազգային պատկերասրահի միջև ընկած ՙԽաչքարերի այգում՚: Արձանը դիմահայաց նայելու է Հանրապետության փողոցին և մեջքով շրջված է լինելու պատկերասրահին: Դրա հեղինակներն են քանդակագործ Գագիկ Ստեփանյանը և Հայաստանի վաստակավոր ճարտարապետ Ասլան Մխիթարյանը:

Նախատեսվում էր, որ արձանի բացումը լինելու է 2015թ. աշնանը, սակայն քանդակի հեղինակը չհասցրեց նախատեսած ժամանակահատվածում ավարտել այն: Հաշվի առնելով, որ արդեն արձանի տեղադրման համար նախատեսված վայրում համապատասխան շինարարական աշխատանքեր են տարվում, իսկ հեղինակի հավաստմամբ` ամբողջությամբ ավարտվել են ձուլման, մասամբ էլ մոնտաժային աշխատանքները` սպասվում է, որ եկող ամիս արդեն երևանյան արձանները կհամալրվեն ևս մեկով:

Թվում է Գարեգին Նժդեհի արձանը Երևանում տեղադրելու գաղափարը, որ ձևավորվել է հասարակական պահանջով, պետք է ողջունելի քայլ դիտարկվի բոլորի կողմից, սակայն դրա գեղարվեստագաղափարական լուծումները, ինչպես նաև այն տեղադրելու վայրի ընտրությունն այնքան էլ չեն գոհացնում որոշ մտավորականների:

Մշակույթի վաստակավոր գործիչ, ՙԿարին՚ ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար ԳԱԳԻԿ ԳԻՆՈՍՅԱՆԸ, ով Երևանում Նժդեհի արձանը տեղադրելու ջատագովներից է, ասում է` ավելի լավ է եղած արձանը չտեղադրել և այդկերպ չվարկաբեկել մեծ գործչին, քան նրա արձանը ունենալ մայրաքաղաքում` ՙգալկա՚ դնելու համար: Մշակութային գործչի կարծիքով այն քանդակը, որը պատրաստվում են տեղադրել, ամենևին պատիվ չի բերի քաղաքական մեծանուն գործիչն, քանի որ ճշմարտացիորեն չի փոխանցում նրա իրական կերպարը, ոգին, հզորությունը. ՙԵս Նժդեհի քանդակը Սասունցի Դավթի արձանի նմանէի պատկերացնում, որ նայողը զգար` հերոս է դիմացդ կանգնած, ով ճախրելու է, հարվածելու և ոչնչացնելու է թշնամուն: Եթե արձանը գաղափարախոսություն չի կրելու, ուրեմն պարզապես ձուլածո կտոր է դառնում: Այն խոսել չգիտի, որ ասի` ես Նժդեհն եմ և իր գաղափարախոսությունը տարածի, այդ ամենը պետք է երևա արձանի վեհության մեջ:
Եթե մենք այդ արձանի տեղադրմամբ պետք է գցենք Նժդեհի վարկանիշը, միանշանակ ավելի լավ է այն չունենալ: Թող նրա կերպարն ապրի ժողովրդի ոգում, բանավոր խոսքուզրույցում, ինչպես մինչ օրս է պահպանվել ու փոխանցվել սերունդներին, քան թե նման հուշարձաններով այլափոխվի և արդեն եկող սերունդներին Գարեգին Նժդեհի բոլորովին այլ կերպար ներկայացնի` իրականին հակասող: Նժդեհը պետք է արժնապատիվ, առնական կերպարով ներկայացվի, մինչդեռ իմ տեսած քանդակը նման զորութուն չունի՚:

Մշակույթի գործիչը անհաջող լուծում է համարում արձանի ողջ եկարությամբ մեկ ձգված թիկնոցը, որը արհեստականորեն բարձրահասակ է դարձրել Նժդեհին` սակայն պատվանդանի հաշվին: Արդյունքում այնպես է ստացվել, որ թիկոցը Նժդեհի հասակից երկար է և քայլելու դեպքում նրա ոտքերի տակ կհայտնվի: Գագիկ Գինոյանը ենթադրում է, որ նման լուծումով հեղինակը փորձել է ազդեցիկություն հաղորդել արձանին, բայց իրականում գրոտեսկային երանգ է տվել կերպարին. ՙԳուցե ես չափից դուրս ռեալիստական մոտեցում ունեմ, այդուհնադերձ, կածում եմ Նժդեհն այն կեպարն է մեզ համար, ում պետք է զգուշորեն վերաբերվենք` նրա հետ կապված որևէ ծրագիր իրագործելիս: Փոքր թերություն, բացթողում, և նախագիծը հպարտություն, ոգեշնչում առաջացնելու փոխարեն կարող է ծաղրել հերոսին: Այսպես վարվեցիքն` նրա մասին ֆիլմ նկարելով՚:
Գագիկ Գինոսյանը նշում է, որ հերոսի նկատմամբ սիրո և հարգանքի, պարծանքի նման մոլուցքով ու Նժդեհի մասին ֆիլմ ունենալու երազանքի իրականացման ձգտումով նկարահանվեց նաև նրա մասին պատմող ՙԳարեգին Նժդեհ՚ ֆիլմը, որի համար յոթ միլիոն դրամ վատնվեց: Մինչդեռ, ըստ մտավորականի, այդ ֆիլմն իրականում խեղաթյուրված փաստերի վրա հիմնված և Նժդեհին նսեմացնող պատում է: Բացի դա, այդքան գումար վատնելուց հետո` այն մմաց որպես մեկանգամյա ցուցադրման ֆիլմ, որը երբեք վերանայելու ցանկություն չի առաջանա, կինոդահլիճներ չի լցնի և որը չի համալրի մեր դասական ֆիլմերի շարքը. ՙՖիլմին զգացմունքայնություն հաղորդելու համար այնպիսի տեսարան են ներառել, որտեղ անվախ Նժդեհը չոքած արտասվում է գնդապետի առաջ: Մի՞թե այդպիսին է եղել նա: Ֆիլմն ավելի հուզիչ դարձնելու համար չի կարելի հերոսի կերպարը ոչնչացնել: Իրականում Նժդեհը, երբ այդ նույն գնդապետը նրան սպառնացել է գնդակահարությամբ, պատասխանել է` մի վախեցրեք մահվամբ նրան, ումից մահն է վախենում: Նման խեղաթյուրված ու ստահոդ պատմություններով այդ ֆիլմը ողողված է: Ես մտավախություն ունեմ, որ արձանը ևս հերոսի աղավաղված կերպարն ի ցույց կդնի և ճիշտ չի ընկալվի` ժամանակի ընթացքում ոչնչացնելով իրական Գարեգին Նժդեհին:
Մայրաքաղաքում կան այդպիսի արձաններ, որոնք ստվերում են մնացել` անհաջող լինելու պատճառով, դրանք ոչ ոք չի նկատում, դրանց մասին չեն խոսում, կարծես այդ արձանները գոյություն չունեն: Պատճառը թե գեղարվեստական ու գաղափարական անհաջող և սխալ լուծումներն են և թե սխալ ընտված վայրը, որտեղ դրանք տեղադրվել են: Ինչո՞ւ Գարեգին Նժդեհի արձանը դարձնենք դրանցից մեկը: Ի վերջո մենք այնքան էինք ձգտում ռազմական գործչի քանդակը մայրաքաղքում դնելուն, պետք չէ հիասթափեցնել հասարակությանը՚:

Անդրադառնալով արձանի համար նախատեսված տեղին` Գագիկ Գինոսյանը նշում է, որ ավելի ճիշտ կլիներ արձանը տեղադրել Նժդեի անունը կրող հրապարակում, որտեղ այժմ խորհրդային հասարակական-քաղաքական գործիչ, լրագրող, գրաքննադատ Սուրեն Սպանդարյանի արձանն է: Այդ հակասությունը հաճախ անհեթեթ իրավիճակների պատճառ է դառնում, քանի որ հիմնականում բոլորը Սպանդարյանի արձանը շփոթում են և ենթադրում, որ դա Գարեգին Նժդեհի արձանն է. ՙՏրամաբանությունը հուշում է, որ Նժդեհի անունը կրող հրապարակում պետք է իր արձանը լինի: Բայց այդպես չէ: Ժամանակին Սպանդարյանի արձանը չտեղափոխեցին: Հիմա էլ Նժդեհի արձանը այլ տեղում են դնում: Դա ավելի շատ հարցականներ կառաջացնի թե երևանցիների և թե մեր հյուրերի համար, և ավելի խառնաշփոթ իրավիճակների պատճառ կդառնա: Լուծումն այն կլինի, որ կամ Սպանդարյանի արձանը փոխարինեն, կամ Նժդեհի անունով մեկ այլ հրապարակ կոչեն և արձանն էլ այնտեղ տեղադրեն՚:

Ի տարբերություն Գագիկ Գինոսյանի` ճարտարապետների միության նախագահ ՄԿՐՏԻՉ ՄԻԱՆՍՅԱՆԸ կարծում է, որ պետք է վստահել գեղարվեստական խորհրդի ճաշակին և մասնագիտական գիտելիքներին, որը հավանություն է տվել քանդակագործի կատարած աշխատանքին, իսկ հասարակության ոկղմից արձանը ընկալելն ու ընդունելը միայն ժամանակի հարց է. ՙՀավանաբար արձանը կբռնի ժամանակի քննությունը, ինչպես սովորաբար լինում է: Որևէ արձան չի կարող միանշանակորեն ընդունվել բոլոր կողմից, քանի որ որքան մարդ կա, այնքան ճաշակ, աշխարհայացք ու գաղափարական մոտեցում կա: Զարմանալի կլինի, եթե մի աշխատանքը բոլորին դուր գա: Բայց այս դեպքում կարևորն այն է, որ մասնագիտական շրջանակներում է դրական գնահատական տրվում այս կամ այն աշխատանքին, իսկ ժամանակն էլ իր ճշգրտումներն է կատարում և ի վերջո հասարակությունը սովորում է քաղաքում որևէ արձանի ներկայությանը, ընդունում այն: Մարդու ճաշակն ու աշխարընկալումներն էլ կայուն չեն, դրանք ժամանակի ընթացքում տարբեր գործոնների ազդեցությամբ փոփոխվում են: Նույնը նաև արձանի պարագայում է, հնարավոր է այն սկզբում չընդունեն, բայց ժամանակ անցնի և մարդկանց գեղագիտական ընկալումները փոխվեն, և նրանք այլ դիտանկյունից գնահատեն արվեստի գործը՚:

Ճարտարապետը խորհուրդ է տալիս ծայրահեղորեն չգնահատել տվյալ դեպքում Գարեգին Նժդեհի արձանը և թույլ տալ, որ ժամանակն ու հասարակությունը որոշեն արժանի՞ է այն Նժդեհի կերպարին, թե ոչ:
Ինչ վերաբերում է արձանի տեղադրման համար ընտրված վայրին, ապա ճարտարապետը այս դեպքում էլ փորձում է լավատեսորեն վերաբերվել դրան` նշելով, որ որքան շատ շեշտվի Նժդեհի անունը, այնքան նա ավելի շատ կքարոզվի: Եթե արձանը տեղադրվեն Գարեգին Նժդեհի հրապարակում, ապա նրա կերպարը կկենտրոնացվեր քաղաքի միայն մեկ վայրում, իսկ այսպես նրա մասին խոսելու առիթն ավելի շատ կլինի: Մկրտիչ Մինասյանը ողջունում է, որ նման մեծ ռազմական գործչի արձանը հենց մայրաքաղաքի կենտրոնում և հանրային վայրում է որոշվել տեղադրել, որտեղ այն նաև օտար զբոսաշրջիկների համար տեսանելի կլինի և առիթ կդառնա, որ զբոսավարները պատմեն օտարազգիներին Նժեդեհի հզորության և հայերի պատմության մեջ ունեցած մեծ դարախաղացման մասին:

ԹԱԳՈՒՀԻ ԱՍԼԱՆՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Culture-Hogevor, Լրահոս, Հասարակություն, Մշակույթ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն