Գլխավոր » Culture-Hogevor, TOP, Լրահոս, Հասարակություն

Երևանը աշխարհի հնագույն քաղաքներից է` ավելի հին, քան Հռոմը. այդ մասին գրում են նաև բրիտանացիները

Մարտ 13, 2016թ. 15:34
Երևան

Հռոմը աշխարհի այն հնագույն քաղաքներից է, որը հին դարերում քաղաքակրթական մեծ դերակատարում է ունեցել: Քաղաքը հիմնադրվել է Քրիստոսից առաջ 753 թվականին: Եվ այստեղ, բնականաբար, հարց է ծագում, իսկ այսօրվա աշխարհի քաղաքների շարքում կա՞ մեկ ուրիշը, որն ավելի հին է, քան Հռոմը:

Հնագույն պետություն համարվող Պարսկաստանի մայրաքաղաք Թեհրանը հիմնվել է միայն մեր թվարկության 9-րդ դարում: Հռոմեական կայսրության մյուս կարևոր հարևանը Արևելքում եղել է Հայաստանը, որի մայրաքաղաքը Երևանն է: Մեր քաղաքի հիմնադրման մասին պատմող սեպագիր արձանագրությունները վկայում են, որ Երևանն աշխարհի հնագույն քաղաքներից է։ Հնագիտական պեղումներով պարզվել է, որ մարդն այստեղ բնակվել է տասնյակ հազարավոր տարիներ առաջ։ Իսկ ավելի կոնկրետ` Երևանը կառուցվել է Քրիստոսից առաջ 782 թվականին:
Այսպիսով, ստանում ենք վերանշյալ հարցի պատասխանը. Հռոմը հիմնվել է Քրիստոսից առաջ 753 թվականին, իսկ Երևանը` Քրիստոսից առաջ 782 թվականին: Այսինքն, Երևանը հիմնվել է Հռոմից 29 տարի ավելի վաղ:

Ցավոք ուշացումով, բայց ի վերջո, աշխարհն այսօր ընդունում է այս պատմական ճշմարտությունը` հայտարարելով Երևանը աշխարհի ամենահին քաղաքաներից է, ու հին է նաև Հռոմից:

Վերջերս բրիտանական The Telegraph պարբերականը ֆոտոշարք էր ներկայացրել Եվրոպայի ամենահին 16 քաղաքների մասին ու ընթերցողներին խորհուրդ տվել` գեթ մեկ անգամ լինել այդ քաղաքաներում:

Այստեղ, մեզ` հայերիս համար ուշագրավն այն էր, որ բրիտանական պարբերականը Եվրոպայի հնագույն քաղաքների ցանկում ներառել է նաև մեր սիրելի մայրաքաղաքը` 2798-ամյա Երևանը: Ահա թե ինչ է գրում Երևանի մասին հեղինակավոր այդ պարբերականը.

«Հռոմի հիմնադրումից 30 տարի առաջ Հայաստանի ներկայիս մայրաքաղաքն Ասիայից դեպի Եվրոպա ընկած ճանապարհին կարևոր առևտրային կանգառ է եղել։ Այն ենթարկվել է հռոմեացիների, բյուզանդացիների, պարսիկների, արաբների, սելջուկների, մոնղոլների ու թուրքերի, իսկ ավելի ուշ` 1920թ.-ին, խորհրդային Կարմիր բանակի ներխուժումներին։Խորհրդային միության փլուզումից հետո Երևանում նկատվեց մշակութային օջախների ավելացման միտում (քաղաքն ուղղակի ապշեցնում է թանգարանների առատությամբ): Ինչ վերաբերում է զբոսաշրջությանը, ապա այն դանդաղ, բայց հաստատուն կերպով զարգանում է»։

Ցանկում ընդգրկված են նաև այնպիսի քաղաքաներ, ինչպիսին են՝ Զադար (Խորվաթիա), Մցխեթ (Վրաստան), Կադիս (Իսպանիա), Միթիլինի (Հունաստան), Լիսաբոն (Պորտուգալիա), Խալկիս (Հունաստան), Լառնակա (Կիպրոս),  Քութաիսի (Վրաստան), Թեբե (Հունաստան), Տրիկալա (Հունաստան), Պատրա (Հունաստան), Խանյա (Կրետե), Պլովդիվ (Բուլղարիա), Աթենք (Հունաստան), Արգոս (Հունաստան):

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Culture-Hogevor, TOP, Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն