Գլխավոր » Տնտեսություն

Ժպտացեք, պարոնայք ժպտացեք

Մարտ 5, 2016թ. 00:24
John Singleton Copley (American, 1738 - 1815 ), Watson and the Shark, 1778, oil on canvas, Ferdinand Lammot Belin Fund

Լուրջ դեմքը դեռ խելքի նշան չէ

Տարանջատման ու փոխադարձ սահմանազատման գործընթաց մեր հասարակության մեջ նախկինում էլ էր ընթանում, բայց Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկումների մեկնարկի հետ այն սպառնում է ձեռք բերել կրոնական պառակտման հատկանիշներ։

Տարբեր հայացքների տեր մարդիկ միմյանց չեն հաղորդակցվում ո՛չ ուտելիս, ո՛չ խմելիս, ո՛չ աղոթելիս։ Իսկ եթե անգամ շփվում են, ապա թերեւս միայն փոխադարձ մեղադրանքների ոճով, ինչն առանձնապես չի նպաստում նույնիսկ ոչ թե ճշմարտության բացահայտմանը, այլեւ գոնե նվազագույն փոխադարձ հարգանքի պահպանմանը։

Թեպետ ո՞վ է հիշում հարգանքի մասին, երբ խոսքը վերաբերում է ավարտական Արմագեդոնին եւ հերետիկոսների, Աստծո թշնամիների ոչնչացմանը։
Կրոնական պայքարում տեղի ունեցող անձի անխուսափելի կարծրացման դիտարկումը ցույց է տալիս, որ այդ կածրացման ամենից ակներեւ դրսեւորումը հումորի զգացման իսպառ կորուստն է։ Մարդիկ, որոնց մոտ նախկինում էլ այդ զգացումը թույլ էր կամ ընդհանրապես բացակայում էր. nomina sunt odiosa, մտնում են առավելագույն ռիսկի խմբի մեջ։ Հենց այդպիսի մարդկանց մասին են վհատված ասում. «N-ը լրիվ խելքը թռցրել է»։

Ըստ որում՝ այդօրինակ գազանային լրջությունը դրսեւորվում է ոչ միայն բացարձակ նվիրական ու սրբազան առարկաների եւ գաղափարների նկատմամբ, երբ կատակի նույնիսկ թեթեւ երանգն ընկալվում է որպես ծայրահեղ սրբապղծություն։

Պայքարի գաղափարը անմնացորդ ոչնչացնում է նաեւ ոչ այնքան լուրջ վերաբերմունքը ծայրամասային իրադարձությունների ու երեւույթների նկատմամբ։ Այսինքն՝ փիլիսոփայության հիմնական հարցի հետ բոլորովին չկապված, կամ եթե անգամ կապված, ապա բավական անուղղակիորեն։ «Ի՞նչ կատակներ, երբ կենաց ու մահու պայքար է ընթանում»։
Այնպես է ստացվել, որ մեզանում միայն պայքար է։ Ցանկացած առիթով։ Ինչպե՞ս կարելի է կատակել, երբ աշխարհը փլուզվում է, եւ երբ սա մեր վերջին ու վճռական մարտն է։ Ոչ մի դեպքում չի կարելի։

Իսկ երբ կատակել չի կարելի եւ ամեն ինչում պետք է տիրի մահացու մարտի գազանային լրջությունը, ապա այդժամ մարտիկը զրկվում է հումորի միջոցով նաեւ ընդհանուր անկատարությունը գիտակցելու հնարավորությունից։ Ի՞նչ անկատարություն կարող է լինել ուղղահավատ-արդարակյացների պարագայում։

Կարծում ենք, մեզ համար այսօր ճիշտ ժամանակն է հիշել կոչը «Այն նույն Մյունհաուզենը» ֆիլմից. «Ես հասկացա, թե որն է ձեր դժբախտությունը. դուք չափազանց լուրջ եք։ Լուրջ դեմքը դեռ խելքի նշան չէ, պարոնայք։ Բոլոր հիմարությունները երկրի վրա արվում են դեմքի հենց այդ արտահայտությամբ։ Ժպտացե՛ք, պարոնայք։ Ժպտացե՛ք»։

<<Հայոց Աշխարհ>>

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն