Գլխավոր » Society, Ազգային գաղափարախոսություն, Լրահոս, Կրթություն

Անհրաժեշտ է համակարգից վերացնել մաֆիոզ մոտեցումը

Սեպտեմբեր 8, 2015թ. 11:53
դասագիրք

Վերջերս կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն, անդրադառնալով դպրոցներում կրթության որակին, նշել է, որ հատկապես դասագրքերի խնդիրն աքիլլեսյան գարշապար է մեզ համար: Իսկ պատճառն այն է, որ մինչ օրս լուծված չէ դպրոցներին որակյալ ու սահմանված չափորոշիչներն ամբողջությամբ բավարարող դասագրքերով ապահովելու հարատև խնդիրը: Որքան էլ ամեն տարի բարձրաձայնվում է դպրոցները բարձրորակ կրթություն ապահովող դասագրքերով ապահովելու մասին և որքան էլ ամեն տարի այդ գրքերը վերանայվում ու փոփոխվում են, միևնույն է հարցը մնում է արդիական, քանի որ նախարարի մեկնաբանմամբ` մենք դեռևս չունենք դասագիրք գրելու կայացած մշակույթ: Բացի դա, ըստ նրա` գրքերն ավելի կատարյալ կդառնան, եթե վերանայվի նախևառաջ դպրոցական կրթական ծրագիրը, որը զրկվել է անհրաժեշտ կուռ կառուցվածքից և տրամաբանությունից: Հետևաբար նման ծրագրին հարմարեցված դասագրքերը չեն կարող համապատասխանել բարձրորակ կրթության պահանջներին:

Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն ԱՆԱՀԻՏ ԲԱԽՇՅԱՆԸ համամիտ է նախարարի հետ և նշում է, որ Հայաստանում դպրոցական կրթության ոլորտը լուրջ վերլուծության և բարեփոխումների կարիք ունի. ՙՄեր օրերում Հայաստանում հանրակրթական կրթությունը լուրջ մարտահրավերների առաջ է կանգնած: Նախորդ մի քանի տարիների կառավարության կրթական ծրագիրը չի մեկնարկել այնպես, ինչպես ծրագրվել էր, և այսօր մենք բազմաթիվ խնդիրներ ունենք` կապված կրթության որակի հետ: Ընդորում կրթության ոլորտի խնդիրները կապված են ինչպես ավագ դպրոցի չկայացած ինստիտուտի, այնպես էլ չհստակեցված դպրոցական ծրագրի ու անորակ դասագրքերի, բարձրորակ ուսուցիչների փոքր թվի հետ: Հիմա մեզ համար հրամայական է լուծել բոլոր այս մարտահրավերները, մասնավորապես լավ դասագրքերի հարցը, քանի որ դպրոցական կրթության հիմքում դասագրքերն են: Դասագրքերի որակի հարցում վերջին մի քանի տարվա ընթացքում որոշակի դրական փոփոխություն է նկատվել, սակայն դժգոհություններ էլի կան, որոնք առանձին դասագրքերի հետ են կապված՚:
Անահիտ Բախշյանը հիշում է, որ Խորհրդային Միության ժամանակ բոլոր դասագրքերը մշակվում էին հատուկ գիտահետազոտական ինստիտուտներում, հետո փորձարկվում հատուկ նորարարական դպրոցներում, ստանում Մոսկվայի համաձայնությունը և նոր դրվում շրջանառության մեջ: Իսկ մեր օրերում այդ ոլորտում իսկական քաոս է: Չգիտես ինչու հիմա դասագրքերը գրում են մարդիկ, ովքեր որևէ գաղափար չունեն դպրոցի ու աշակերտների հոգեբանությունից: Շատ դեպքերում այդ դասագրքերի հեղինակները կամ սիրողական մակարդակով դասագիրք գրելու արվեստին տիրապետող մարդիկ են և կամ գիտնականներ, ում գրած դասագրքերը բավական խրթին են, դժվարամատչելի, հետևաբար անպիտան ուսուցման համար: Դասագրքերի զգալի մասը չափից ավելի գիտականացված է, ծանրաբեռնված դժվարամարս և հաճախ արհեստածին բառային նորաստեղծություններով:

Ինչ վերաբերում է դրանց փորձաքննություն անցնելուն, կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրենը հավաստիացնում է, որ այդ գործընթացը կիսատ-պռատ է իրականացվում: Գրքերը փորձարկում են անցնում որոշ փորձարարական դպրոցներում, որտեղ ուսուցիչներն անգամ այդ դասագրքերի մասին իրենց եզրակացություններն ու դատողությունները գրել չգիտեն: Երբեմն այնպես է պատահում, որ տվյալ դասագիրքը փորձարքննության է տրվում հենց այդ գրքի հեղինակին: Նման զավեշտալի պայմաններում պարզ է, որ այդ գործընթացի վրա հույս դնելն անիմաստ է:
Անահիտ Բախշյանը դրական միտում է տեսնում կրթության նախարարի այն հայտարարության մեջ, որ դպրոցական ծրագիրը և ընդհանրապես դրան ներկայացվող չափորոշիչները վերափոխման կարիք ունեն և որ նախարարությունը լծվելու է այդ գործի իրականացմանը: ՙԲայց պետք է այնպես անենք, որ պետական կրթական չափորոշիչը, որն ամրագրված է օրենքով, երեխայի կարողություններին հարմարեցված ծրագիր սահմանի, ինչի հիման վրա էլ կստեղծվեն դասագրքերը, դասավանդման մեթոդաբանությունը և այլն: Եթե հաշվի առնենք այն, որ ՙՀանրակրթության մասին՚ օրենքի վերջին փոփոխությունը, որ ընդունել է ԱԺ-ն, շատ խելացի ու աշակերտի և մեր երկրի շահերից բխող մեխանիզմներ է նախատեսում, ապա այս գործընթացը խոստումնալից է: Այդ պետական չափորոշիչը պարտադրում է թե ծրագրի, թե դասագրքի և թե ուսումնական նյութի համապատասխանեցում յուրաքանչյուր երեխայի կարողություններին: Եվ եթե մենք կարողանանք այդ չափորոշին համապատասխան ծրագիր ստեղծել և դնել դպրոցերի ուսուցման հիմքում, ապա իսկապես կունենանք որակյալ կրթություն՚,- ասում է Անահիտ Բախշյանը` ավելացնելով, որ այդ ծրագիրը գրողներն այս անգամ պետք է ուրիշ մարդիկ լինեն, ովքեր կոռուպցիոն մեխանիզմներով չեն ընտրվի:

Եվ ոչ միայն ծրագիրը, այլև դասագրքերի հեղինակները նույնպես, ըստ Անահիտ Բախշյանի` պետք է բոլորովին այլ մարդիկ լինեն, ովքեր դասագրքերի մրցույթին մասնակցում են ոչ թե վերևներում ունեցած իրենց կապերի ու լծակների շնորհիվ, այլ սեփական խելքի և կարողությունների. ՙԱնհրաժեշտ է համակարգից վերացնել ՙմաֆիոզ՚ մոտեցումը, որի համաձայն` այս կամ այն դասագիրքը պետք է գրի այսինչ մարդը, որովհետև ճանաչված է քաղաքական իշխանության կողմից: Այլ դասագիրք գրելու հանձնառությունը պետք է վերցնի այն մարդը, ով շատ լավ հասկացել է նախորդի սխալները, բացթողումները և պատրաստ է ավելի լավ դասագիրք ստեղծել` համագործակցելով իրավասու մասնագետների հետ: Իսկ մեր հեղինակները շատ անգամ այնքան հավակնոտ են լինում, որ ապավինելով միայն սեփական փորձին չոր գիտական գիրք են գրում, որը ամենևին կիրառական չէ: Մինչդեռ ես չեմ պատկերացնում, թե ինչպես կարելի է երեխաների համար դասագիրք գրել` առանց մանկավարժների ու դպրոցին մոտ կանգնած մասնագետների հետ համատեղ աշխատանքի՚:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՌՈՒԶԱՆՆԱ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ կարծիքով այսօրվա դասագրքերը նորանկախ Հայաստանի առաջին ծիծեռնակնեն են, և դա արդեն ձեռքբերում է: Իսկ դրա նկատմամբ մենք պետք է հոգատար լինենք ու այդ դասագրքերին ուղղված անխնա քննադատությունը փոխարինենք կառուցողական առաջարկներով.ՙԶուտ քննադատելու փոխարեն գուցե մատնացույց անենք, թե ինչ փոփոխությունների անհրաժեշտություն կա այս կամ այն դասագրքում: Մինչդեռ դասագրքերը տարիներ շարունակ ենթարկվել են միայն քննադատությունների: Այնուհանդերձ պետք է իրատես լինել և խոստովանել, որ այսօր ունենք բավական լավ դասագրքեր, որոնք ամբողջովին հենված են չափորոշիչների վրա: Միայն դրանց փոքր մասն է, որ ինչ-որ չափով չի համապատասխանում չափորոշիչներին և վերափոխման կարիք ունի: Ես չեմ թաքցնում, որ դասագրքերում կան բարդ ձևակերպումներ, մատչելիության պակաս, մեր արժեհամակարգից շեղվող բովանդակության նյութեր: Սրանց մասին բազմիցս է խոսվել թե փորձագետների և թե կրթության և գիտության նախարարի կողմից: Ես ուրախ եմ, որ այժմ նախարարությունը նախաձեռնել է կրթական ոլորտում լուրջ բարեփոխումներ անել և այդ նպատակով անգամ բյուջեով որոշակի գումար է նախատեսված: Իսկ ամենակարևորը նոր չափորոշիչների մշակումն է, որը նույնպես նախատեսվում է իրականացնել դասագրքերի վերանայման գործընթացին զուգահեռ: Միջազգային փորձը ցույց է տալիս, որ չափորոշիչը պետք է լինի այն հիմնարար փաստաթուղթը, որի վրա պետք է հենվի կրթական ծրագիրը և դասագիրքը: Այս համապատասխանության վրա պետք է կենտրոնացնենք մեր ուշադրությունը՚:

Մեր այն հարցին, թե ովքե՞ր են այսօր դասագրքեր գրում և արդյոք այդ մարդիկ ի վիճակի՞ են բավարարել դասագրքաստեղծման պահանջները, պատգամավորը նշեց, որ հարցն ավելի ընդգրկուն է: Բանն այն է, որ դասագրքաստեղծման գործընթացում շատ կարևոր է ներգրավել մանկավարժներին, ինչը մեզանում չի արվում: Իսկ դա էլ հիմնականում դպրոցներում ոչ կիրառական գրքերի հայտնվելու գլխավոր պատճառներից է. ՙՊետք է խրախուսել, որպեսզի դասագրքերի ստեղծմանը մասնակցեն գործող ուսուցիչները: Նրանք պետք է ներգրավվեն հեղինակային խմբում, որի կողմից էլ գրվում են դասագրքերը: Գիտնականը կարող է ապահովել գրքի գիտական բովանդակությունը, իսկ կիրառական կողմի պատասխանատուն պետք է մանկավարժը դառնա: փորձը ցույց է տվել, որ առանց ոլորտին գիտակ ու պրակտիկ մասնագետի մասնակցության գրված գրքերը շատ դժվարամարս են լինում դպրոցականների համար: Այս փորձը հիմք ընդունելով՝ պետք է մեզանում աշխուժացնենք դասագրքերի ստեղծման այն գործընթացը, որը կար խորհրդային տարիներին: Այն ժամանակ գրքերը մի քանի հոգու հեղինակությամբ էին ստեղծվում և այդ հեղինակներից յուրաքանչյուրն այն մշակում էր իր մասնագիտական տեսանկյունից: Կարծում եմ, եթե մեր օրերում էլ մանկավարժին պասիվ դիտողից ու գիրքը կիրառողից վերածենք ակտիվ նախաձեռնողի ու գրքաստեղծման գործընթացի մասնակցի, մենք ավելի որակյալ գրքեր կունենանք՚:

 

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Society, Ազգային գաղափարախոսություն, Լրահոս, Կրթություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն