Գլխավոր » Culture-Hogevor, Արևմտյան Հայաստան, Լրահոս, Հասարակություն, Հոգևոր, Մշակույթ

Նուբար Ասլանյան. «Ես ուզում եմ, որ աշխարհը լսի այս գործը»

Փետրվար 20, 2015թ. 21:47
Նուբար Ասլանյան

Կոմպոզիտոր Նուբար Ասլանյանի` Հայոց ցեղասպանության 90-րդ տարելիցին նվիրված «Սիփանա քաջեր» կոնցերտ-պոեմի համաշխարհային պրեմիերան տեղի ունեցավ 10 տարի անց միայն՝ նվիրվելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Ստեղծագործությունը կատարեցին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը և շեփորահար Ռամ Օրենը, ով Իսրայելի ֆիլհարմոնիկ նվագախմբի թիվ մեկ փողհարն է, մի երկիր, որը չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը։

«ԱՌԿԱ Style»-ի զրուցակիցը «Սիփանա քաջեր» կոնցերտ-պոեմի հեղինակ Նուբար Ասլանյանն է:

– Պարոն Ասլանյան, 2005-ին գրված «Սիփանա քաջեր» կոնցերտ-պոեմն ինչու՞ հնչեց 10 տարի անց միայն:

– Ճակատագրի կոչ էր, ճակատագրի խաղ էր: Կոնցերտ-պոեմն ավարտել եմ 2005-ի ապրիլի 24-ին: Կատարումը պետք է տեղի ունենար 2007-ի հունիսի 15-ին, բայց որոշակի բյուրոկրատական քաշքշուկների պատճառով եկանք-հասանք այսօրվան: Անկեղծ ասած՝ չեմ ուզում անդրադառնալ այն պատճառներին, որոնք 10 տարի խոչընդոտեցին կոնցերտ-պոեմի ներկայացմանը … Այս ստեղծագործության հետ բացարձակ կապ չունի կոմպոզիտորների միությունը (Ռ.Ամիրխանյանի օրոք), ընդհանրապես իմ մեջքին չկանգնեց: Ես շատ ծանր օրեր տարա: Հիմա արդեն հաշտվել եմ բոլորի հետ:

Ինչո՞ւ «Սիփանա քաջեր», արդյոք այն առնչություն ունի՞ Կոմիտասի նույնանուն ստեղծագործության հետ:

– Իմ պրոֆեսոր Գրիգոր Եղիազարյանն ասում էր` երբ ձեռքդ ես վերցնում մատիտը, արդեն վերջին նոտան պետք է տեսնես, ոչ թե փնտրես: «Սիփանա քաջեր» կոնցերտ-պոեմի վերջին նոտան և բովանդակությունը ես տեսել էի: Եվ, իհարկե, պատահաբար չէ, որ ստեղծագործությունը կոչել եմ «Սիփանա քաջեր»: Այն եռամաս ծրագրային ստեղծագործություն է, որի ընթացքում զգացվում է ժողովրդական, կոմիտասյան երաժշտության շունչը: Օգտագործել եմ «Տէր, ողորմեա»-ն՝ առաջին մասում (Կոմիտասի Պատարագից), իսկ երրորդ մասում մեջբերում եմ Կոմիտասի «Սիփանա քաջեր» հերոսական խմբերգից: Ստեղծագործության ընթացքում հնչում են նաև դարձվածքներ «Ադանայի ողբը», «Մայր Արաքսի ափերով» երգերից: Ես խոսում եմ Հայոց ցեղասպանության, հայոց ողբի մասին, բայց գործն ավարտում եմ հույս ու հավատ ներշնչող, գալիք սերնդին պատգամ թողնող հաղթական քայլերգով:

– Ձե՞ր ցանկությունն էր, որպեսզի ստեղծագործությունը կատարի իսրայելցի երաժիշտը:

– Ռամը երկրորդ հրեան է, որին ես բերում եմ Հայաստան: Տրոմբոնի կոնցերտը ևս կատարում էր իսրայելցի երաժիշտ: Իսրայելի հանրահայտ ֆիլհարմոնիկ նվագախմբի թիվ մեկ փողհար Ռամ Օրենը տարիներ առաջ ցանկություն հայտնեց նվագել իմ Կոնցերտինը: Դա ինձ համար մեծ պատիվ էր: Ռամն այն կատարեց չորս անգամ` տարբեր համերգների ընթացքում: Այդպես մենք մտերմացանք: Այդ ընթացքում ինձ տեղեկացրին, որ «Սիփանա քաջեր» կոնցերտ-պոեմը պետք է վերջապես կատարվի Հայաստանում: Ես Ռամին ներկայացրեցի այս գործն ու նրան առաջարկեցի կատարել կոնցերտ-պոեմը: Իհարկե, կարող էի երևանաբնակի էլ ասել, որ կատարեր «Սիփանա քաջերը»:

Բայց մեծ միտք կար իմ ընտրության մեջ: Ես Երևան էի բերում միջազգային ճանաչում ստացած հրեա կատարողի, որի հարազատ պետությունը չի ուզում ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Շատ լավ իմանալով, որ իր երկիրը չի ընդունում Հայոց ցեղասպանությունը` Ռամը հանձն առավ այս գործը կատարել: Պարտիտուրի վերևում գրված է, որ նվիրվում է Հայոց ցեղասպանությանը, Ֆրանց Վերֆելի և ծնողներիս հիշատակին: Ես բացատրեցի, թե ով է Ֆրանց Վերֆելը և ինչ 40 օրվա մասին է խոսքը: Ռամը գտավ «Մուսա լեռան 40 օրը» վեպի բնօրինակը, կարդաց, որ իմանա, թե ինչի մասին պետք է նվագի: Իսկ երբ եկանք Երևան, ես նրան տարա Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որպեսզի նա տպավորվի: Ռամը մեծ զգացմունքով ու հուզմունքով կատարեց «Սիփանա քաջերը»:

Ձեր կարծիքով` այդ ստեղծագործությունը կկատարվի՞ Իսրայելում:

– Հոլոքոսթի զոհերի հիշատակի միջազգային օրվա կապակցությամբ ՄԱԿ-ում կայացած միջոցառման ժամանակ ելույթ ունեցավ Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը, ով խոսեց նաև Հայոց ցեղասպանության մասին: Նա ասաց, որ հարկավոր է ընդունել Հայոց ցեղասպանության փաստը: Կարծում եմ` նրա ելույթին նպաստող մի կաթիլ ներդրում ունեմ ես:

Մինչ նախագահ դառնալը նա բոլորին համոզում էր ընդունել Հայոց ցեղասպանությունը: Ու երբ դարձավ նախագահ, ես նրան նվիրեցի իմ պարտիտուրը: Սակայն հետո պարզվեց, որ նա` որպես Իսրայելի նախագահ, հրաժարվում է ընդունել Հայոց ցեղասպանությունը, քանի որ Իսրայելի շահերը դա չեն պահանջում: Ես նրան նամակ գրեցի ու ընդգծեցի, որ Իսրայելն ուզում է, որ աշխարհում լինի մեկ հոլոքոստ, այդ պատճառով էլ հրաժարվում է ընդունել Հայոց ցեղասպանությունը:

Ու խնդրեցի վերադարձնել իմ պարտիտուրը: Նա ինձ չպատասխանեց: Այդ պատճառով վստահ եմ` Իսրայելում ոչ ոք չի համարձակվի կատարել այս գործը: Եվ ոչ միայն Իսրայելում: Երբ ես աշխատում էի այս գործի վրա, շատ լավ գիտեի, որ այն մեկ անգամ է կատարվելու, այն էլ` Հայաստանում: Ես ուզում եմ, որ աշխարհը լսի այս գործը, բայց… Աշխարհահռչակ հայերին` Ջորջ Փահլևանյանին, Վահագն Պապյանին առաջարկեցի կատարել այս գործը: Նրանք լռեցին։ Եթե հայերը չեն կատարում, ես ինչպե՞ս կարող եմ նեղանալ հրեայից:

Լիլիթ Հովհաննիսյան

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Culture-Hogevor, Արևմտյան Հայաստան, Լրահոս, Հասարակություն, Հոգևոր, Մշակույթ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն