Գլխավոր » Culture-Hogevor, Լրահոս, Մշակույթ

Երևանյան միջազգային կիթառի 2-րդ փառատոնը մեկնարկեց ճանաչված Հյուբերթ Քեփփելի ելույթով

Հունիս 30, 2016թ. 20:28
կիթառ

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հունիսի 28-ին մեկնարկեց Երևանյան միջազգային կիթառի 2-րդ փառատոնը: Երկրորդ տարին անցկացվող փառատոնը հայ կիթառահարներին ժամանակակից դասական կիթառի միջազգային դպրոցին ծանոթանալու, կիթառի սիրահարներին յուրօրինակ երաժշտություն ունկնդրելու և վարպետության դասերի մասնակցելու հնարավորություն կընձեռի: Երաժշտական տոնը մեկնարկեց ճանաչված կիթառահար Հյուբերթ Քեփփելի (Գերմանիա) ելույթով, ով տպավորված էր հայ հանդիսատեսի ընդունելությունից: «Առաջին անգամ եմ Հայաստանում: Փառատոնի գեղարվեստական ղեկավար Ժորա Սարգսյանն ընկերս է, եղել է իմ ուսանողը: Նա կազմակերպեց փառատոնը և հրավիրեց ինձ: Ես ուրախ եմ, որ առաջին անգամ այստեղ եմ: Շատ լավ հանդիսատես է»,-ասաց Հյուբերթ Քեփփելը` նշելով, որ շատ կարևոր է, որ փառատոնը պարբերական բնույթ կրի:

Քեփփելն իր սերնդի ամենաազդեցիկ ուսուցիչներից և կիթառահարներից է, վարպետության դասեր է անցկացնում բազմաթիվ միջազգային փառատոնների ընթացքում, ինչպես նաև երաժշտական մրցույթներում հանդես է գալիս որպես ժյուրիի անդամ: Նա ժամանակակից դասական կիթառի տեխնիկայի հիմնադիրն է, որն այժմ օգտագործվում է ամբողջ աշխարհում: Հիմնադրել է Koblenz International Guitar Academy-ն (Կոբլենցի միջազգային կիթառի ակադեմիա): Երևանյան միջազգային կիթառի 2-րդ փառատոնի բացմանը Քեփփելը կատարեց Լ. Բրաուերի, Լ.Դե Միլանի, Հ.Վ.Հենցի, Օ.Հանթի և այլ կոմպոզիտորների ստեղծագործությունները:

Երկրորդ փառատոնը, որին կմասնակցեն ճանաչված երաժիշտներ տարբեր երկրներից, Երևանում տեղի կունենա հունիսի 28-ից հուլիսի 1-ը: Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը փառատոնային երկրորդ համերգին հունիսի 29-ին ելույթ ունեցավ կիթառահար Դմիտրի Մուրինը (Ռուսաստան): Նա բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր է, ինչպես նաև Մոսկվայում անցկացվող Ալեքսանդր Ֆրաուչիի անվան կիթառահարների միջազգային մրցույթ-փառատոնի տնօրենը: Դասավանդում է Ռուսաստանի Գնեսինի անվան երաժշտական ակադեմիայում:

Փակման երեկոյին հուլիսի 1-ին հանդես կգա հայտնի կիթառահար Դավիթ Դյակովը (Բուլղարիա): «Նախորդ տարի մասնակցել եմ Երևանյան միջազգային կիթառի 1-ին փառատոնին: Գիտեմ, թե որքան դժվար է փառատոն կազմակերպելը: Ես նվագել եմ անցյալ տարվա փառատոնի բացմանը: Ինձ բախտ է վիճակվել մասնակցել այս նոր փառատոնի ծնունդին: Կարծում եմ, որ այն երկար տարիներ կուրախացնի մեզ: Այս անգամ եկել եմ, որպեսզի ելույթ ունենամ փառատոնի փակմանը: Անսահման երջանիկ եմ, որ Ժորա Սարգսյանն ինձ հրավիրել է, հաճելի է նրա հետ աշխատել»,-նշեց Դավիթ Դյակովը: Ճանաչված կիթառահարը, վերհիշելով իր հայաստանյան նախորդ վարպետության դասը, շեշտեց, որ մեր երկրում շատ տաղանդավոր երիտասարդ երաժիշտներ կան, և նրանց անհրաժեշտ է աջակցել: Երաժշտական տոնը կազմակերպել են Երևանի կիթառահարների և Գերմանիայի Վուպպերտալի կիթառահարների միջազգային ասոցիացիաները: Փառատոնի գեղարվեստական ղեկավարն է Երևանի կիթառահարների ասոցիացիայի նախագահ, Գերմանիայի Վուպպերտալի կիթառահարների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ, միջազգային մրցույթների դափնեկիր, արվեստագիտության դոկտոր Ժորա Սարգսյանը:

Փառատոնի աջակիցներն են ՀՀ մշակույթի նախարարությունը, «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացաման համահայկական հիմնադրամը, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) և YerazArt հիմնադրամը: Ինֆորմացիոն հովանավորներն են արտասահմանյան մի շարք հայտնի ԶԼՄ-ներ:

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Culture-Hogevor, Լրահոս, Մշակույթ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն