- ԱրմԱր Լուրեր | Armenia News | Հայաստան և Արցախ - https://armarlur.com -

ՊՆ ներկայացրած նախագիծը 1000-ական դրամ վճարելու վերաբերյալ մի քայլ մոտեցնում է մեզանում ազգային տուրքի գաղափարի ձևավորմանը

ՊՆ ներկայացրած նախագիծը 1000-ական դրամ վճարելու վերաբերյալ բազում քննարկումների տեղիք տվեց։ Անկախ այդ գումարի գանձման կերպերից, բաշխման սկզբունքներից և նախագծի հետ կապված այլ մանրամասներից և միգուցե, ըստ ոմանց, խոցելի կամ թերի կողմերից, նախաձեռնությունը ողջունելի է և կարծես մեզ մի քայլ մոտեցնում է մեզանում ազգային տուրքի գաղափարի ձևավորմանը և արմատավորմանը՝ յուրաքանչյուրին առիթ տալով այս ճանապարհով ևս մասնակից դառնալու հայրենաշինության սրբազան գործին։

  Պետք է անպայման զորակցել նախագծի իրագործմանը։ Սա նվազագույնն է, որ յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի կարող է անել Հայոց բանակի ու նրա քաջարի զինվորների, Հայրենիքի և հատկապես ինքն իրեն համար։ Մի՞թե հանուն մեզ զոհաբերվող կյանքը և հեղվող արյունը… Արդյո՞ք մեր ընտանիքների խաղաղ քունը և Հայրենիքի անդորրը չարժեն այդ զորակցության 1000 դրամը։

   Այստեղ, ըստ իս, կարևոր է գիտակցության, համընդհանուր սոցիալական պատասխանատվության մշակույթի ձևավորումը։ Շնորհակալ եմ, որ կարող եմ գեթ այսպես զորավիգ լինել Հայոց բանակին, նաև աշխատանքովս փաստել երախտագիտությունս, բերել խոնարհումս:

Վահրամ քահանա Մելիքյան