Գլխավոր » TOP, Իրավական փաստաթղթեր, Լրահոս, Հասարակություն, Հարցազրույցներ

Քաղաքացու հետ պետք է լինել ազնիվ և երբեք չկեղծել

Հունվար 12, 2016թ. 22:27
Արփինե Հովհաննիսյան

Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեից հետո առաջնահերթություն է դարձել գործող օրենսդրության համապատասխանեցումը կառավարման նոր` խորհրդարանական համակարգի տրամաբանությանը: Այդ առումով, 2016-ը հայաստանյան օրենսդրական դաշտի վերափոխման, վերամշակման կարևոր տարի է լինելու: Իսկ այդ հսկայածավալ աշխատանքի հիմնական ծանրությունն իր ուսերին կկրի Արդարադատության նախարարությունը:

Նախարար Արփինե Հովհաննիսյանի աշխատասեղանին արդեն իսկ Ընտրական օրենսգիրքն է, որը բարեփոխվող օրենքների շարքում առաջին տեղում է: Երիտասարդ նախարարը, չնայած հսկայական աշխատանքին, համոզված է` և’ ներուժը կա, և’ պատասխանատվության գիտակցումը, ուրեմն, գործը հաջող ընթացք է ունենալու:

<ՙՀայոց Աշխարհ>-ի զրուցակիցն է ՀՀ Արդարադատության նախարար ԱՐՓԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

-Տարվերջյան ձեր ասուլիսում հետևյալ միտքն էիք ասել, թե Հայաստանի Հանրապետությունում կա արդարադատություն, բայց այդ արդարադատությունը շատ խնդիրներ ունի. ասվածից կարո՞ղ ենք ենթադրել, որ իր պաշտոնավարման 100-րդ օրը նոր-նոր բոլորած երիտասարդ նախարարը բավականին լուրջ խնդիրներ է տեսնում իր իսկ ղեկավարած ոլորտում:

-Իմ խոսքից պետք է հասկանալ հետևյալը. ցանկացած ոլորտում կան ամենատարբեր բնույթի խնդիրներ: Ընդհանրապես, այնտեղ, ուր կա աշխատանք, ուր գործ է արվում, դժվար է խուսափել և’ սխալներից և’ դժվար է բացառել խնդիրների առկայությունը: Իսկ խնդիրներ կարող են առաջանալ օրենքների ոչ ճիշտ կարգավորման, կիրառման, նաև սխալ մեկնաբանության հետևանքով: Մի մասի առաջացման պատճառ կարող է դառնալ նաև մարդկանց մտածողությունը, ընկալումները: Այդ առումով կարելի է ասել, որ արդարադատությունը ամենախոցելի, ամենացավոտ, բոլորին հուզող, բոլորի շահերին առնչվող ոլորտներից մեկն է: Ի տարբերություն այլ որոտների, արդարադատության ոլորտում առկա ցանկացած թերացում մարդկանց կողմից ավելի սուր հակազդեցության է արժանանում, և դա բնական է: Ի վերջո արդարադատությունն այն ոլորտն է, ուր գործ ունենք մարդկանց ճակատագրերի հետ, նրանց կենսական շահերին առնչվող հարցերի հետ: Շատ կարևոր է մարդկանց մոտ արդարության զգացողության սերմանումն ու ամրապնդումը. արդարություն ասելով մարդը պատկերացնում է հավասար հնարավորությունների ապահովում, իրավունքի գերակայություն եւ արդար կառավարում:

Ուրեմն, ասել, թե ոլորտում ամեն ինչ իդեալական է` սխալ կլինի, բայց նաև չտեսնել, անտեսել արված լավն ու դրականը, ևս ճիշտ չեմ համարում: Հետևաբար, ես իրավիճակը իրատեսորեն գնահատելու կողմնակից եմ, քանի որ միայն այդ դեպքում կկարողանանք արդյունավետ ընթացքով առաջ գնալ: Եվ իմ խոսքերը հենց այդ նպատակով են ասվել:

-Նաև նշել էիք, թե արդարադատության կերտման համար պատասխանատու է մեզնից յուրաքանչյուրը. ուրեմն ինչի՞ց սկսել, չէ՞, որ մեզանում մարդիկ ոչ այնքան ու ոչ այնչափ սոցիալական իրավիճակից են դժգոհ, որքան արդարության պակասից, իրենց իրավունքների ոտնահարումից:

– Այն, որ արդարադատության կերտման համար մեզնից յուրաքանչյուրն է պատասխանատու` դա իմ համոզմունքն է: Սա այն է հանուն ինչի մենք տարիներ շարունակ պայքարում ենք, այն է, ինչ ասում են միջազգային կառույցների նեկայացուցիչները: Մեզանից յուրաքանչյուրն իր տեղում պետք է իր գործն անի: Իրականում մենք լավ պետություն կկարողանանք կառուցել այն ժամանակ , եթե մեր երկրում յուրաքանչյուրը պատասխանատվություն կրի իր իսկ պարտականությունների համար: Արդարադատության գաղափարի կերտումը սկսվում է նախ քաղաքացու իրավագիտակցությունից ու ավարտվում պաշտոնատար անձի կողմից իր լիազորությունների պատշաճ կատարմամբ. բոլորը` դատական համակարգը, արդարադատությունը, Ազգային ժողովը յուրաքանչյուրն իր տեղում, իր լիրազորությունների շրջանակում պետք է կերտի այդ արդարությունը, միայն այդ դեպքում մենք կարող ենք հաջողել:

Ես ուզում եմ նաև ասել հետևյալը. ոմանք կարծում են, թե արդարադատության գաղափարի կերտման պատասխանատուն միայն Արդարադատության նախարարն է, ոչ, այդպես չէ: Մարդիկ արդարություն են փնտրում դատարաններում, բայց գալիս ու այն պահանջում են Արդարադատության նախարարից: Արդյունքում ստացվում է մի իրավիճակ, երբ արդարադատության իրականացման հիմնական պատասխանատու դիտվում է միայն Արդարադատության նախարարը: Այդպես չէ, Արդարադատության նախարարը օրենքով որևէ լիազորություն չունի միջամտելու դատական իշխանության գործառույթներին: Երբ որևէ մեկն ինձանից պահանջում է մի բան, ինչն իմ իրավասությունների, լիազորությունների սահմաններում չէ, դա նշանակում է այդ քաղաքացին նաև սխալ սպասումներ և ոչ ճիշտ ակնկալիքներ ունի: Իսկ դրա հետրևանքը կարող է լինել այն, որ մարդիկ կարող են ինձ մեղադրել ինչ-որ չարված գործերի համար ու հասարակության մեջ առաջանա հիասթափություն: Հետևաբար, ես գերադասում եմ լինել ազնիվ ու քաղաքացուն ասել ճշմարտությունը, որ ես այս, այս հարցերում իրավասու չեմ, որպեսզի մարդկանց մոտ կեղծ սպասումներ, ակնկալիքներ չստեղծեմ: Մեր քաղաքացու հետ պետք է լինել ազնիվ, ես սա շատ եմ կարևորում, անգամ եթե ասածս նրա ականջի համար ոչ այնքան հաճելի է, անգամ եթե դրա համար կարող եմ քննադատվել, ոմանք կարող են նաև այդ պահին ինձ չհասկանալ, բայց միևնույն է, պետք չէ կեղծել, ազնվությունը վեր է ամեն ինչից: Ի վերջո հասարակությունը վաղ թե ուշ համոզվելու է, որ դու իր հանդեպ ազնիվ ես եղել ու գնահատելու է այդ ազնվությունը:

Սահմանադրական բարեփոխումների ընդունումից հետո իշխանության համար նոր և ոչ պակաս պատասխանատու փուլ է սկսվում. բազմաթիվ օրենքներ պետք է համապատասխանեցվեն նոր Սահմանադրությանը: Հիմնական աշխատանքները պետք է իրականացնի Արդարադատության նախարարությանը: Ի՞նչ փոփոխություններ սպասենք:

-Այո~, դրանք բազմաթիվ են: Սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ պետք է մշակվեն շուրջ 100 իրավական ակտեր: Որպեսզի պարզ լինի ծավալը` թվեմ մի քանիսը. ՙԿուսակցությունների մասին՚ օրենքը, ՙՎարչական իրավախախտումների վերաբերյալ՚ օրենսգիրքը, նոր Քրեական, Քրեական դատավարության, Քրեակատարողական Քաղաքացիական, Դատական օրենսգրքերը, ՙԱզգային ժողովի կանոնակարգ՚ օրենքը, ՙՆախագահի մասին՚ օրենքը և այսպես շարունակ: Սահմանադրական բարեփոխումներից հետո, մեզ անկասկած ահռելի աշխատանք է սպասվում, պետք է կարողանանք նոր Սահմանադրության գաղափարախոսությանը պատշաճ օրենսդրական դաշտ ստեղծել: Արդարադատության նախարարությունը բնականաբար այս հարցում լուրջ դերակատարում պետք է ստանձնի, քանի որ օրենքների կեսից ավելին մեր նախարարության պատասխանատվության տակ է գտնվում: Ի դեպ, հանրաքվեի արդյունների պաշտոնական հայտարարումից հետո մենք անմիջապես սկսեցինք այդ աշխատանքները: Սպասվում է իրոք ահռելի աշխատանք: Իսկ արդյունեները տարվա ընթացքում տեսանելի կլինեն:

-Իրապես աննախադեպ իրավիճակ է, ի վերջո, ամեն տարի Սահմանադրություն չի փոփոխվում և օրենքներն էլ նման հախուռն վերափոխման չեն ենթարկվում. նախարարությունն ունի՞ անհրաժեշտ ներուժը այդ պատասխանատու ու լայնածավալ աշխատանքն արդյունավետորեն իրականացնելու համար:

– Իրավիճակն իրոք աննախադեպ է, որովհետև օրենսդրական դաշտի որակական փոփոխության հետ գործ ունենք, մայր օրենքներ պետք է մշակվեն: Սա ահռելի ծավալ է, մանավանդ երբ այն գումարվում է նախարարության տարվա կտրվածքով իրականացվող աշխատանքներն` օրենքների փորձաքննությանն ու մշակմանը: Արդարադատության նախարարությունը ունի բավարար ներուժ, ու ինչպես ասացի, մարդիկ արդեն իսկ լծված են այդ կարևոր աշխատանքի իրականացմանը: Մենք նաև մեր գոծընկերների` միջազգային կառույցների հետ համագործակցության շրջանակներում բանակցություն ենք վարում լրացուցիչ ուժերի ներգրավման համար: Եվ ես հուսով եմ, որ ուժերի կենտրոնացման ու ջանքերի համախմբման արդյունքում, այսինքն` բոլորի աջակցությամբ մենք կհաջողենք այս կարևոր գործը:
Օրինաստեղծ աշխատանքների հիմնական մասը, կարծում եմ, կավարտվի մինչև 2017 թվականը, նաև դրանից հետո աշխատանքները կշարունակվեն, սակայն առյուծի բաժինը վերապահված է 2016-ին:

– Փոփոխվող օրենքների ցանկում առաջին տեղում Ընտրական օրենսգիրքն է: Անցումը խորհրդարանական կառավարման համակարգի անշուշտ իր արտացոլումը պետք է գտնի նոր օրենսգրքում: Իսկ այն, որ առջևում 2017-ի խորհրդարանական ընտրություններն են, նշանակում է 2016-ին նոր ԸՕ-ն պետք է ամբողջությամբ պատրաստ լինի: Ի՞նչ եք անում այդ ուղղությամբ:

-Իրավացի եք, Սահմանադրության անցումային դրույթներում ևս ամրագրված է, որ առաջինը պետք է ուժի մեջ մտնի հենց Ընտրական օրենսգիրքը, որը նաև սահմանադրական օրենք է, այսինքն պահանջելու է ԱԺ-ում բարձր կոնսենսուսի ապահովում: Այս պահին և’ մեր նախարարությունը, և’ բոլոր համապատասխան մարմինները ձեռնամուխ են եղել ԸՕ-ի մշակման աշխատանքներին: Սահմանաված ժամկետներում մենք կներկայացնենք այն հանրության դատին, այնուհետ կսկսվի քննարկումների փուլը: Համոզված եմ, որ համատեղ ուժերով, պետական համակարգն իր ողջ ներուժի օգտագործմամբ հանրության դատին կներկայացնի մի փաստաթուղթ, որը կհամապատասխանի սահմանադրական բարեփոխումների տրամաբանությանը:

-Քաղաքական մեծամասնությունը հայտարարում է, թե նորաստեղծ ԸՕ-ում պետք է ամրագրվեն այնպիսի մոտեցումներ, մեխանիզմներ, գործիքակազմ, որոնք հնարավորություն կտան հետագայում ընտրական գործընթացներն ավելի կազմակերպված անցկացնել: Կհաջողվի՞ ստեղծել նման փաստաթուղթ, որը համահունչ լինի քաղաքական ուժերի պատկերացումներին:

-Ընտրական օրենսգրքերն ունեն իրենց առաքելությունը, և դրա հաջող կատարումը պայմանավորված է մի քանի հանգամանքներով. առաջինն այն է, թե ինչ գործիքակազմ է ներդրվում ԸՕ-ում: Այս առւմով միշտ էլ կա կատարելագործման անհրաժեշտություն: Հատկապես, երբ փոխվել է կառավարման համակարգ մենք իրապես կարիք ունենք ԸՕ-ն նոր Սահմանադրությանը համապատասխանեցնելու և զուգահեռաբար ավելի հաջող մեխանիզմներ, նոր գործիքակազմ ներդնելու, նաև սպառվածներից ազատվելու: Երկրոդը, վերաբերում է ԸՕ-ի կիրառմանն ու նոր փաստաթղթի հանդեպ վստահության սերմանմանը: Գործիքակազմը ստեղծում է անհրաժեշտ բազա, նախադրյալներ, որպեսզի ընտրական գործընթացի նկատմամբ լինի բարձր վստահություն և այն արժանանա քաղաքական դաշտի դերակատարների` քաղաքական ուժերի հավանությանը:

Գիտեք, ցանկացած փաստաթուղթ կարելի է քննադատել, մանավանդ երբ խոսքը քաղաքական դաշտում կենսական նշանակություն ունեցող օրենքի մասին է: Դա է պատճառը, որ բոլոր ուժերն ուզում են իրենց պատկերացումներին համահունչ փաստաթուղթ տեսնել, և սա բավականին բարդացնում է իրավիճակը: Աշխարհի տարբեր երկրներ ընտրական գործընթացների կարգավորման իրենց մեխանիզմներն են մշակել, մենք պետք է կրողանանք այնպես հարթել սուր անկյունները, որ նոր օրենսգիրքը հնարավորինս բոլորի համար լինի ընկալելի և սա կնպաստի վստահության ամրապնդմանը:

-Անցած տարվա ավարտին ստեղծվեց Անչափահասների արդարադատության խորհուրդը, իմ տեղեկություններով նոր համակագրի ստեղծումը ձեր անձնական նախաձեռնությունն է: Ինչո՞վ եք այն կարևորում:

-Այո, դա նոր համակարգ է, չնայած այն ամբողջությամբ ներդրվեց իմ պաշտոնավարման օրոք, բայց ես զերծ կմնամ ասել, թե դա իմ անձնական նախաձեռնությունն է, քանի որ մեկնարկը տրվել է դեռ 2015-ի մայիսին: Ես հուսով եմ, որ մենք դեռ շատ գործեր ունենք իրականացնելու այս ոլորտում:
Իսկ այս խորհուրդը ստեղծել ենք ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ: Շատ եմ կարևորում անչափահասներին տրամադրվող օգնությունը: Անչափահասները հասարակության խոցելի խմբերից են ու այդ հանգամանքը մեզ ստիպեց ստեղծել մի խորհուրդ, ուր բոլոր պետական մարմիները, որոնք այս կամ այն կերպ առնչվում են կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաների հետ , կարողանան պատշատ իրավական բազա ստեղծել և աշխատել համակարգված: Միայն այդ դեպքում կարող է լինել աշխատանքն արդյունավետ: Հետևաբար, խորհրդի ստեղծման նպատակը տարբեր պետական մարմիների ջանքերի համախմբումն էր ու նաև միասնական առաջարկներ ներկայացնելը:

Նաև ասեմ, որ երեկվանից ուժի մեջ մտավ <Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին> ՀՀ օրենքը և օրենքին կից ներկայացված օրենքների փաթեթը: Իր վերջնափուլին ենք հասցրել նաև <Պրոբացիայի մասին> ՀՀ օրենքի մշակումը, սա ևս մեր անցած տարվա ձեռքբերումն է: Առաջիկայում այն կներակայացնենք Կառավարությանը, ապա Ազգային Ժողովին: Շատ կարևորում եմ պրոբացիայի ծառայության ստեղծումը, այն հնարավորություն կտա քրեկատարողական հիմնակներ կառուցելու այդ թանկ միջոցից բացի նաև այլ եղանակներով մարդկանց վերաինտերգրել հասարակությանը:

Ես այն կարծիքին չեմ, որ անձին` հասարակությունից մեկուսացնելով ազատությունից զրկել լավագույն ձևն է: Պրոբացիոն ինստիտուտի ներդրումը իր դրական արդյունքը կտա հատկապես ոչ մեծ ու միջին ծանրության հանցագործությունների դեպքում:

Հասարակություն վերաինտեգրման ամենակարեւոր ուղիղներից մեկը պրոբացիայի ինստիտուտի ներդրումն է, այն հնարավորություն կտա, որ անձը մնա որպես հասարակության լիարժեք անդամ ու բնականաբար գիտակցի իր կատարած արաքի հետևաքները, հասկանա, որ պետք է որոշակի քայլեր իրականացնի ավելի պատշաճ կենսակերպ վարելու համար, ու վերադառնա հասարակական հարաբերությունների բնականոն ընթացք, որի անքակտելի բաղկացուցիչը ընտանիքն է:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Իրավական փաստաթղթեր, Լրահոս, Հասարակություն, Հարցազրույցներ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն