Գլխավոր » Society, Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Տարածաշրջան, Ցեղասպանություն, Քաղաքականություն

Փո՞ղ եք ուզում աշխատել, գնացեք պոռնկություն, մուրացկանություն արեք, բայց էսպիսի բան մեզ մի մատուցեք». irates.am

Մարտ 24, 2015թ. 22:35
VLUU L110, M110  / Samsung L110, M110

Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ երբեմն աններելի սխալներ են թույլ տրվում: Համահեղինակությամբ հրատարակվել է «Նեմեսիս» գործողությունը. Սողոմոն Թեհլերյան» գիրքը՝ փաստերի աղավաղումներով և թարգմանական խայտառակ սխալներով: Ի դեպ, գրքի հրատարակմանն աջակցել է Հայաստանի մշակույթի նախարարությունը:

Երեկ «Իրատես de facto» ակումբում հյուրընկալված պատմաբաններն ու գրքի բովանդակությանը լավատեղյակ անձինք, մեղմ ասած, «աղբ» որակեցին այն: «Նախ՝ գիրք գրողը պետք է լավ ծանոթ լինի Սողոմոն Թեհլերյանի կենսագրությանը: Ազգանունը գրքում սխալ է գրված:

Գրքում քարտեզ է տպագրվել, որը վերնագրված է` հանցագործության վայրը և զենքը: Ի՞նչ է սա նշանակում. մենք սրբացնում ենք մեր նեմեսիսյան հերոսներին, որոնք հանցագործնե՞ր են: Սա խայտառակություն է: Բավական է սա ընկնի թուրք Փերինչեքի ձեռքը, կասի` խնդրեմ, իրենք են գրում, որ հանցագործ են»,- ասաց «Վան-Վասպուրական» հասարակական միության նախագահ ՌՈՄԻԿ ՀՈՎՆԱՆՅԱՆԸ, ով նաև «Նեմեսիսը» գործողության մեջ» գրքի հեղինակն է: Վկայակոչելով բազմաթիվ անուններ, տեղանունների սխալ թարգմանություններ, Հովնանյանը փաստեց, որ գրքում Թեհլերյանի սխրանքը որակվում է «արյան վրեժ»:

«Բա այդպիսի բա՞ն են գրում, ուրեմն Սողոմոն Թեհլերյանն արյան վրե՞ժ էր լուծում, բա կորցրած հայրենի՞քը: Արյան վրեժ եղավ մի քանի օր առաջ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դիմաց, սա արյան վրեժ չի կարող լինել: Պատմական փաստերից անտեղյակ է հեղինակը»,- պարզաբանեց ակումբի հյուրը` այլ կոպիտ սխալներ ևս թվարկելով ու առաջարկելով գիրքը վերախմբագրել, հեղինակներին էլ հորդորեց ներողություն խնդրել հայ ժողովրդից: «100-րդ տարելիցին ընդառաջ սա պարզապես խայտառակություն է»,- ասաց Հովնանյանը` չբացառելով, որ սա կարող է թուրքական դիվանագիտության սքողված «գործ» լինել:

Պատմաբան ԳԱԳԻԿ ՍԱՖԱՐՅԱՆՆ էլ մատնանշեց գրքում զետեղված քարտեզներում եղած աղաղակող սխալները: Ըստ պատմաբանի, նման գիրք կարող է տպագրվել երեք պատճառով` ոչ արհեստավարժ թարգմանություն, մասնագիտական անիրազեկություն, անգրագիտություն և կամայականություն կամ միտումնավորություն: Չնայած գրքի հեղինակները նշել են, որ օգտվել են արխիվային փաստաթղթերից, պատմաբանը դրան համամիտ չէ: «Գիրքը ոչ մի նորություն չի պարունակում, արխիվային նյութեր օգտագործված չեն:

«Նեմեսիսը» մեր ազատագրական սրբագույն պայքարի լավագույն օրինակներից մեկն է, մինչդեռ գրքում գրված է, որ Բեռլինում Թեհլերյանին կցում են ահաբեկչական զինված խմբի մի անդամի: Նման բան գրողին պետք է ենթարկել քրեական պատասխանատվության»,- ընդգծեց բանախոսը, շեշտելով, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ սա Թուրքիայի գաղափարախոսության ջրաղացին ջուր լցնել է նշանակում:

Ակումբի մյուս հյուրը` պատմաբան ԳԵՎՈՐԳ ՅԱԶԸՃՅԱՆԸ, ով առավել մանրամասնորեն է ուսումնասիրել գիրքը, բազում սխալներ էր գրի առել, որոնք կարող էին փոքրիկ գրքույկ դառնալ: Նա զայրույթով նշեց, որ եթե պատմական իրողություններին չես տիրապետում, նման գործ չպետք է ձեռնարկես: «Եթե դու գլխավոր ոճրագործների անունները չգիտես, պիտի գրքին չմոտենաս, արգելված է: Եթե տգետ ես, ուրեմն մի մոտեցիր այս խնդրին: Եթե ես բժշկությունից չեմ հասկանում, չեմ կարող ատամնաբուժությամբ զբաղվել: Չի կարելի էս աստիճանի ինքնագործունեություն թույլ տալ, այն էլ՝ պետական աջակցությամբ»,- վրդովմունքով ասաց ակումբի հյուրը` նկատելով, որ գիրքը լեցուն է նաև իմաստային, տրամաբանական և լեզվական սխալներով: Ի դեպ, գիրքը զերծ չէ նաև զավեշտալի դրվագներից, օրինակ, գրքում Թիֆլիսի հայոց ազգային խորհուրդը նշված է որպես Հայաստանի Ազգային ժողով: «Է՜, լեզուն չգիտեք, պատմությունը չգիտեք, ինչո՞ւ եք նախաձեռնել այս գործը: Փո՞ղ եք ուզում աշխատել, գնացեք պոռնկություն, մուրացկանություն արեք, բայց էսպիսի բան մեզ մի մատուցեք»,- ասաց Գևորգ Յազըճյանը:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Society, Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Տարածաշրջան, Ցեղասպանություն, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն