Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Ով է թուրքը

Տեր-Պետրոսյանի մոտեցումները Ցեղասպանության հարցում փաստում են, որ նա գործում է հայ ժողովրդի իղձերին հակառակ. tert.am

Մարտ 27, 2015թ. 00:12

ՀՀ առաջին Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ միջազգային հանրությանն ուղղված ուղերձում կան հատվածներ, որից տպավորություն է, որ դրանք վերցված են Թուրքիայի արտաքին քաղաքականության դոկտրինից: Իսկ ընդհանուր առմամբ, դրանք բոլորը հակառակ են հայ ժողովրդի իղձերին ու նպատակներին:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

«Միայն թուրքերը կարող են ասել, որ «դադարեք մեզնից պահանջել, որ ճանաչենք Ցեղասպանությունը», դա կապել Եվրամիության անդամակցության հետ, «հարցը թողեք սփյուռքին», «դա Հայաստանի խնդիրը չէ», «զբաղվեք էսօրվա ձեր խնդիրներով և այլն»»,-ասաց Արմեն Ռուստամյանը։

Հիշեցնենք, որ միջազգային հանրությանն ուղղած ուղերձում Լևոն Տեր-Պետրոսյանը նշել էր, որ Հայոց ցեղասպանության միջազգային դատապարտման հարցը Հայաստանը չպետք է դարձնի իր արտաքին քաղաքականության հիմնաքարը, որ պետք չէ Հայկական սփյուռքին թելադրել իր օրակարգը, որովհետև հայ ժողովիդի աշխարհացրիվ զավակները , որպես տարբեր երկրների քաղաքացիներ, հարկատու և ընտրող՝ իրավունք ունեն ճնշում բանեցնելու կառավարությունների վրա և նրանցից պահանջելու ճանաչել և դատապարտել Հայոց ցեղասպանությունը:

«Միջազգային հանրությունը, հակառակը, այս ամենից ստանում է ազդակ, որ հայ ժողովուրդը հարյուր տարի շարունակ չի հրաժարվել իր արդար պահանջներից: Եթե սա բացասական ազդակ է, նշանակում է, որ այդ ուղղությունը ուղղակի ազգի տեսակի վերացմանն ուղղված գաղափարախոսություն է: Եկեք ոչ մեկին չնեղացնենք, բոլորի հետ հարմարվենք՝ մոռանալով մեր տեսակն ու նպատակները: Այս ժամանակ ի՞նչ իմաստ ունի մեր գոյությունը, միգուցե լուծվենք բոլոր ազգերի հետ, ցրվենք և ապրենք այսպես անգո և անտեսակ կարգավիճակով»,-ասաց Արմեն Ռուստամյանը անդրադառնալով Լևոն Տեր Պետրոսյանի այն մտքին, որ 100-րդ տարելիցը լավագույն առիթն է ՝ աշխարհին փոխանցելու ոչ թե բացասական, այլ դրական ազդակներ:

Ամփոփելով՝ Արմեն Ռուստամյանն ասաց, որ իր մոտ տպավորություն է, որ պարոն Տեր-Պետրոսյանը ժամանակի ընթացքում չհետևելով համաշխարհային զարգացումներին, հայ ժողովրդի՝ մշտական պահպանվող իղձերին և նպատակներին, անընդհատ փորձ է անում խոչընդոտել դրանց իրականացումը:

«Երբ ինքը հղում է կատարում Հռչակագրին, դա շատ լավ է, որ հիշում է Հռչակագիրը, բայց մենք էլ հիշում ենք, թե որքան էր ինքը խոչընդոտում, որ այն ընդունվի 90 թվականին: Իսկ այն սկսում է նրանից, որ մենք պետք է հայ ժողովրդի միասնական կամքը իրականացնենք և այդ կամքին հակառակ չգործենք: Ամբողջ իր այդ տեքստն ու մոտեցումները նույն ՝ հին տեսակետներն են, բայց դա իսկապես ևս մեկ անգամ ապացուցում է, որ նա գործում է հայ ժողովրդի իղձերին և նպատակներին հակառակ»,-ասաց ՀՅԴ-ական պատգամավորը:

Նա նկատեց, որ լավ է, որ Տեր Պետրոսյանը մի քիչ փոխել է դիրքորոշումը, քանի որ նախկինում ասում էր, որ Ցեղասպանությունը չի կարող լինել հայաստանյան արտաքին քաղաքական օրակարգում, հիմա ասում է՝ «անկյունաքարը չպետք է լինի»:

Արմեն Ռուստամյանն ասաց, որ իզուր է Տեր-Պետրոսյանը փորձում ապահովագրել ինչ-ինչ վտանգներից, քանի որ «Թուրքիան մշտական վտանգ է, քանի չի ճանաչել Ցեղասպանությունը»:

«Չի հասկացել պարոն Տեր-Պետրոսյանը, որ Հայոց ցեղասպանության հարցը վաղուց արդեն երկկողմ հարաբերությունների հարցից բարձրացել, դարձել է միջազգային օրակարգի հարց: Սա չի ուզում տեսնել: Այնպես, ինչպես դա չի ուզում տեսնել Թուրքիան: Շատ նման են նրանց մոտեցումները: Վաղուց արդեն այս հարցը համարվում է մարդկության դեմ հանցագործություն: Ի՞նչ է նշանակում՝ մոռանանք»,-հարցրեց Արմեն Ռուստամյանը:

Դա, ըստ նրա հակագիտական և հակահայկական մոտեցում է։

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Ով է թուրքը բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն