Գլխավոր » Լրահոս, Հոգևոր

Տեառնընդառաջի տոնը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Փետրվար 14, 2015թ. 14:22
Էջմիածին

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ 40-օրյա մանուկ Հիսուսի` տաճարին ընծայման տոնի սկիզբն ազդարարվել էր երեկ` փետրվարի 13-ի Երեկոյան ժամերգությանը: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Մայր Տաճարում կատարվել է նախատոնակ, տեղի է ունեցել նաև այս տարվա անդրանիկ անդաստանի կարգը, որի ժամանակ օրհնվել են աշխարհի չորս կողմերը:

Այնուհետև հոգեզմայլ «Քրիստոս փառաց» տաղի ներքո Մայր Տաճարի Իջման Ս. Սեղանից Ամենայն Հայոց Հայրապետի ձեռամբ վառված մոմը հանդիսավոր թափորով առաջնորդվել է դեպի Գևորգյան հոգևոր ճեմարանի շրջափակ, ուր վառվել է աստվածային լույսը խորհրդանշող մեծ խարույկը: Մայր Աթոռի միաբանների և Գևորգյան Հոգևոր ճեմարանի սաների կողմից կատարվել է տոնին նվիրված շարականներ ու ազգային երգեր, իսկ արարողությանը ներկա հավատավոր ժողովուրդը խարույկից վառված ճրագները տարել են իրենց օջախները:

Այսօր Մայր Տաճարում մատուցվել է սուրբ և անմահ Պատարագ: Պատարագիչն է եղել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տ. Զաքարիա վարդապետ Բաղումյանը:

Հայր Սուրբն իր քարոզում հանգամանորեն անդրադարձել է Տեառնընդառաջի խորհրդին` մասնավորապես ընդգծելով, որ այն յուրաքանչյուրի համար ներքին վերափոխման ու այլակերպման առիթ պետք է դառնա: «Առաքելահաստատ այս տոնը լույսի, հույսի և Աստծուն ընդառաջ գնալու հրավեր է, որը մեր սրտերն ու հոգիները լցնում է սիրով և ջերմությամբ` ևս մեկ անգամ մեզ հիշեցնելով Տիրոջ հետ հանդիպման, Նրանով մեր կյանքն արժևորելու և Տիրոջ անմար լույսը մեր մեջ ունենալու անհրաժեշտությունը: Այսօր առավել քան երբևէ կարիքն ունենք Աստծու այդ լույսի, որպեսզի ցրվի անգիտության խավարը, և մեր կյանքը պայծառակերպվի և իմաստավորվի Քրիստոսով: Հետևաբար, կրողը լինենք ոչ միայն Տիրոջ լույսի, այլև ինքներս լույս լինենք մեր շրջապատում` մեր օրինակով ցույց տալով քրիստոնյա և Եկեղեցու անդամ լինելու քաղցրությունը», – նշել է Զաքարիա վարդապետը:

Սուրբ Պատարագի ավարտին Մայր Տաճարում Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի նախագահությամբ կատարվել է նորապսակ զույգերի օրհնության արարողություն, որին մասնակցեցին նաև նորապսակ միաբան սարկավագները:

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Լրահոս, Հոգևոր բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն