Գլխավոր » Արևմտյան Հայաստան, Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Հարցազրույցներ, Տարածաշրջան, Ցեղասպանություն

Վիրահայոց թեմի առաջնորդը Հռոմի պապին երախտագիտություն է հայտնում քրիստոնեական ազնվության համար

Ապրիլ 14, 2015թ. 18:09
Վիրահայոց թեմ

Վիրահայոց թեմը ևս աշխարհասփյուռ մյուս հայերի նման շունչը պահած հետևում էր Հռոմի պապի մատուցած պատարագին. Tert.am-ի հետ զրույցում ասաց Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը ի մասնավորի անդրադառնալով Գրիգոր Նարեկացու`Տիեզերական վարդապետ հռչակվելուն: «Կարծում եմ մի նոր ազդակ կլինի մեր ժողովրդին` վերցնել Սուրբ Գրիգոր Նարեկացու գոնե «Մատյան ողբերգությանը» և կրկին ընթերցել, ինչպես մեր Հայրապետներն իրենց խոսքում ասացին` խոսել Նարեկացու միջոցով Աստծու հետ և ոչ թե Աստծո մասին»,- ասաց եպիսկոպոսը: Նա նաև տեղեկացրեց, որ վրացահայ համայնքը Թբիլիսիի, Բաթումի, Քոբուլեթիի քաղաքապետներին և հայաշատ այլ շրջանների ՏԻ մարմիններին նամակով է դիմել` պահանջելով ապրիլի 24-ը դարձնել Հայոց ցեղասպանության հիշատակի օր:

– Հռոմի պապ Ֆրանցիսկոսի պատարագը դարձավ համաշխարհային ու պատմական նշանակության միջոցառում։ Ինչպե՞ս այն ընդունվեց Վիրահայոց թեմում:

– Առաջին հերթին ասեմ, որ Վրաստանի հայությունը կիրակի օրը շունչը պահած հետևում էր Վատիկանում այդ մեծ իրադարձությանը և կարող ենք երկու բան նշել: Առաջինը` նախ երախտագիտություն Հռոմի պապին և կաթոլիկ եկեղեցուն` նման պատասխանատու քայլ կատարելու ու նման քրիստոնեական ազնվության ու քրիստոնեական բարության համար: Երկրորդ, բնականաբար, վրացահայությունը աշխարհի մյուս հայերի հետ միասին ունի իր հպարտության զգացումը, որ նման բարձր մակարդակով տեղի ունեցավ պատարագը` Ամենայն հայոց կաթողիկոսը և Մեծի տանն Կիլիկիո հայրապետը իրենց փայլուն ելույթներով ոգեշնչեցին և մեկ անգամ ևս հայության խնդիրները բարձրացրեցին ի լուր աշխարհի: Եվ վրացահայությունը կիսում է այդ ամբողջ զգացումները: Եվ երրորդ. այս ամբողջն իր դրական ազդեցությունն ունեցավ նաև Վրաստանի լրատվական դաշտի վրա, որը եթե մինչ այդ լուռ էր, այս երկու օրերին Վրաստանի լրատվական գործակալությունները բավական մեծ ռեպորտաժներով անդրադարձան այս նյութին, և մեկ անգամ ևս լայնորեն խոսվեց Հայոց ցեղասպանության իրողության մասին:

-Գրիգոր Նարեկացին տիեզերական վարդապետ հռչակվեց:

-Միայն ու միայն ներքին հոգևոր ուրախության և հպարտության զգացում է ավելանում այդ ամբողջի մեջ, բնականաբար: Եվ կարծում եմ` մի նոր ազդակ կլինի մեր ժողովրդին` վերցնել Սուրբ Գրիգոր Նարեկացու գոնե «Մատյան ողբերգությանը» և կրկին ընթերցել, ինչպես մեր Հայրապետներն իրենց խոսքում ասացին` «խոսել Նարեկացու միջոցով Աստծու հետ և ոչ թե Աստծո մասին»:

– Վիրահայոց թեմից պատվիրակություն չի՞ ուղարկվել Վատիկան:

-Մենք այդ օրը չէինք կարող պատվիրակություն ուղարկել, որովհետև մենք էլ այստեղ էինք գերծանրաբեռնված. նույն այդ օրը` ապրիլի 12-ին, Բաթումի Սուրբ Փրկիչ եկեղեցու բակում, որը հին քաղաքի կարևոր հատվածում է գտնվում, ի տես ժողովրդի դրվեց խաչքար` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Գիտե՞ք սա ինչ կարևոր իրադարձություն է` հաշվի առնելով Բաթումիում թուրքական գործոնի ազդեցությունը: Այնպես որ, վրացահայությունը և՛ հոգևորապես հաղորդակից եղավ Վատիկանում մատուցված պատարագին, և՛ գործնականում միացավ հայության արդար պահանջին։

-Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին թեմն ինչպե՞ս է նախապատրաստվում, ի՞նչ միջոցառումներ են նախատեսված:

-Մենք շատ մեծ ծրագրեր ունենք, արդեն մեկ տարի է` ձևավորված է և գործում է տարածաշրջանային հանձնախումբը, որի նախագահն ինքս եմ, և որի անդամներն են մեր շատ հարգարժան հասարակական, պետական գործիչներ` Թբիլիսիից, Բաթումից, Ջավախքից: Եվ այդ ծրագրերը բազմաբնույթ են. խաչքարերի տեղադրում, գրքերի տպագրություն, տարբեր ցուցահանդեսների կազմակերպում, այլ եկեղեցիներում հիշատակի աղոթքների բարձրացում: Այնպես որ, այդ միջոցառումները շատ են և պիտի ասեմ,որ վրացահայություն ուշի ուշով հետևում է այս ամբողջին: Եվ դրա հետ միասին Վրաստանի մեր հայ պատգամավորները իրենց ձայնն են բարձրացնում Վրաստանի խորհրդարանում, որպեսզի Վրաստանի իշխանությունները ընդունեն Հայոց ցեղասպանությունը և դատապարտեն: Նույնը` նամակով պատրաստվում է դիմել նաև Վրաստանի հայությունը` իշխանություններին, որպեսզի ապրիլի 24-ը ճանաչվի Հայոց ցեղասպանության հիշատակի օր: Հանձնախումբն էլ նամակով դիմել է Սամցխե Ջավախքի, Քվեմո Քվարթլիի, տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին` Թբիլիսիի, Քոբուլեթիի, Բաթումի քաղաքապետներին, որպեսզի ապրիլի 24-ը հռչակվի Հայոց ցեղասպանության հիշատակի օր: Իհարկե, որևէ մի տեղից առայժմ պատասխան չունենք, բայց մենք շարունակելու ենք մեր ճանաչման գործընթացը:

-Այսինքն` ոչ աշխատանքային օր համայն Վրաստանո՞ւմ:

-Ոչ թե համայն Վրաստանում, այլ` որտեղ որ հայերն ապրում են համախմբած, որպեսզի այդ վայրերի իշխանություններն այդ օրը ճանաչեն որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր:

-Հաշվի առնելով թուրքերի, ադրբեջանցիների առկայությունը, նրանց լոբբինգը, իրենց տնտեսական ներկայացվածությունը տարբեր էներգետիկ ծրագրերում, որքանո՞վ է հավանական, որ Վրաստանի խորհրդարանը կընդունի նման նախագիծ, բանաձև:

-Վրաստանի հայությունը 2001 թվականից ամեն տարի այդ հարցը բարձրացնում է: Բնական է, որ տարբեր կերպով են լինում պատասխանները` կամ լռությամբ, կամ գոնե չեն խոչընդոտում մեր միջոցառումները: Թե ինչպես կլինի… իհարկե մենք հասկանում ենք, որ այս պահին իրական չէ, բայց չի բացառվում, որ գա օրը և դա տեղի ունենա: Մենք մեր պարտքն ենք համարում, լինելով այստեղի քաղաքացիներ և վրացահպատակ հայություն, մեր իշխանություններին տեղում այդ մասին միշտ հիշեցնել, իրազեկել և պահանջել: Իհարկե, կա թուրք-ադրբեջանական գործոնը, բայց, ճիշտն ասած, մինչև այս պահը նրանցից մեր ծրագրած միջոցառումներին որևէ հակաքայլ չենք կարող արձանագրել:

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Արևմտյան Հայաստան, Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Հարցազրույցներ, Տարածաշրջան, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն