Գլխավոր » Զինված ուժեր, Լրահոս, Հասարակություն, Հոգևոր

Վարդան Խաչատրյան. Եթե ժողովուրդն իր պատմությանը դեմ գնաց, նա մնալու է մանկամիտ

Նոյեմբեր 8, 2014թ. 21:42
հայք-աղանդ 1

Դրսից ֆինանսավորվող տարբեր կառույցներ հստակ պահանջ են դնում ԿԳ նախարարության առաջ՝ հանել դպրոցներից Հայ եկեղեցու պատմություն առարկայի պարտադիր դասավանդումը և աշխարհիկ հիմքերի վրա դասընթացներ կազմակերպել, իսկ թե ինչ դասընթացների մասին է խոսքը դեռ չի որոշակիացվում: Փորձում են սա հիմնավորել՝ ասելով, որ իբր այսօրվա դասագրքերում խեղվում է կրոնի ազատությունը, իբր թե այլ կրոնների մասին խոսք չկա: Բայց իրականում դասագրքերում կան տարբեր կրոնների մասին նյութեր:

Աստվածաբան Վարդան Խաչատրյանն այսօրվա քննարկման ժամանակ փորձեց պարզաբանել, թե ի՞նչ կա այս պահանջի ենթատեքստում. «Մարդը պետք է ունենա ազատ ընտրության հնարավորություն՝ բարու և չարի իմացությամբ: Այսինքն՝ ազատությունը, որպես այդպիսին, յուրաքանչյուր բարին և չարը չճանաչողի համար կարող է վերածվել հասարակական գերագույն արատի դրսևորման: Չեմ կարող ասել, թե դասագիրքը բացարձակ է, որովհետև որևէ բացարձակ դասագիրք գոյություն չունի: Յուրաքանչյուր դասագիրք պետք է միտված լինի գոյություն ունեցող դրական արժեքների սերմանմանը հասարակության մեջ: Իսկ այդ սերմերը չպետք է իրենց մեջ կրեն խորը չարի տարրեր: Եթե մենք Հայ Առաքելական սուրբ եկեղեցուն երկրորդայնացնելու ենք որևէ ոլորտում, դա ունենալու է ծանրագույն հետևանքներ՝ հայկական ինքնության պահպանման և վերարտադրման հարցում, որովհետև պատմականորեն այդ կառույցի, նրա տեսական զանգվածի մեջ մենք կրում են անցյալից եկող բյուրեղացած դրականը: Եթե ժողովուրդն իր պատմությանը դեմ գնաց, նա մնալու է մանկամիտ»,- ասաց նա:

Աստվածաբանը նկատեց, որ միջազգային ճնշումների ներքո մենք բացեցինք մի դուռ, որն անթուլատրելի էր բացել, այսինքն ՝ թույլ տալ խուսափել բանակում ծառայելուց. «Դա շատ բացասական երևույթ էր, որովհետև մենք այդպիսի շռայլության հնարավորություն չունենք»:

Այս կազմակերպություններն անընդհատ հղում են անում ՄԱԿ-ին, բայց տարբեր երկրներում, օրինակ՝ Իսպանիա, Իսրայել չի արգելվում ազգային եկեղեցու պատմության առարկայի դասավանդումը: Թե ինչպե՞ս է լինում, որ ՄԱԿ-ը նրանցից չի պահանջում դպրոցներից հանել այդ դասաժամը, բայց Հայաստանից դա պահանջվում է այս կառույցների միջոցով, փորձեց պարզաբանել ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը, որն ասաց, որ մեր երկրում բարոյական ու հայրենասիրական դաստիարակության պակասն ակնհայտ է. «Կա հստակ մարտահրավեր և պետք է լինի դա վերացնելու ուղղությամբ մշակված ծրագիր: Նայելով միջազգային բոլոր փաստաթղթերը չպետք է մոռանանք նաև մեր ազգային իրավունքը:

Ո՞վ է ասել, որ Հայ եկեղեցու պատմություն առարկան պետք է լինի փոքրիկ դասընթացների ձևով, այն պետք է լինի ի սկզբանե, քանի որ մենք մեր պատմությունից տեսել ենք, որ մեր եկեղեցու ներսում է եղել դպրոցը: Քանի որ արդեն իսկ Սահմանադրությամբ թույլ ենք տվել աղանդների մուտքը Հայաստան և թույլ ենք տվել, որ գրանցվի 67 կրոնական կազմակերպություն, որոնց գիտենք ու հայտնի չէ, թե ինչքանն էլ չգիտենք, հետևաբար պետք է դրան էլ համապատասխան մեր պետական քաղաքականությունը, մեր մնացած քայլերը պետք է տանենք այդ ամենին համապատասխան, ինչը որ առկա է: Ես կարծում եմ, որ և՛ բանակում, և՛ դպրոցում, և՛ հասարակական բոլոր կառույցներում եկեղեցու և քահանայի ներկայությունը պարտադիր է»,- ասաց նա:

168.am

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Զինված ուժեր, Լրահոս, Հասարակություն, Հոգևոր բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն