Գլխավոր » Society, Առողջապահություն, Լրահոս, Հասարակություն, Օրվա Կարևոր Լուրեր

Ստոմատոլոգիական ծառայությունները՝ արքայական հաճույք

Փետրվար 9, 2015թ. 22:27
ատամնաբույժ

Երեկ ստոմատոլոգների միջազգային օրն էր, ինչի առնչությամբ որոշեցինք պարզել, թե մեզանում այդ ոլորտի ի՞նչ խնդիրներ ու ձեռքբերումներ կան և որքանո՞վ են ստոմատոլոգիական ծառայությունները հասանելի հասարակությանը:
Պարզվում է` սա այն ոլոտն է, որտեղ վերջին մի քանի տարիներին պարբերեբար ծառայությունների գներ են վերանայվում` տարեցտարի ատամնաբուժական միջամտությունները թանկարժեք հաճույքի վերածելով սոցիալական ցածր և միջին խավերի համար: Իսկ գների թանկացման համար առանձնապես առիթներ հորինել հարկավոր չէ. եթե կառավարությունն ինքը դրանք չի ստեղծում` օրինակ արտոնագրային վճարների մասին օրենքով, ապա միջազգային շուկայում կատարված փոփոխությունները բավական են, որպեսզի ստոմատոլոգները թարմացնեն իրենց գնացուցակները:

Առողջապահության նախարարության գլխավոր ստոմատոլոգ ԼԱԶԱՐ ԵՍԱՅԱՆԻ տեղեկացմամբ` այս տարի միջազգային շուկայում ատամնաբուժական սարքերի ու նյութերի 20-25 տոկոս գնաճով պայմանավորված` Հայաստանում ատամնաբուժական ծառայությունները գրեթե նույնքան թանկացել են: Դա կարծես քիչ էր` տարեվերջին տարադրամի փոխարժեքի տատանումը նոր գնային քաղաքականություն պարտադրեց բժիշկներին. քանի որ ատամնաբուժական սարքերն ու նյութերը ներմուծվում են հիմնականում Եվրոպայից ու ԱՄՆ-ից, հետևաբար եվրոյով ու դոլարով, ուստի տարադրամի արժեվորումը չէր կարող չանդրադառնալ դրանց դրամային արժեքի վրա: Բայց սա դեռ ստոմատոլոգիական ոլորտում գնաճի վրա ունեցած ազդեցությունների ամբողջական ցանկը չէ: Լազեր Եսայանի հավաստմամբ ԵԱՏՄ անդամակցությունն այնքան էլ նպաստավոր չէր ոլորտի ծառայությունների գները կայունացնելու և հասարակության համար այդ ծառայությունները քիչ թե շատ մատչելի պահելու նկատառումով. ՙԵԱՏՄ կառույցին անդամակցելուց հետո ընդհարացված հարկային դաշտով պայմանավորված փոփոխություններ եղան, որոնց համաձայն երրորդ երկրներից ներկրված ապրանքներն ավելի թանկ գներով են մաքսազերծվում սահմանին: Իսկ մեր ոլորտի սարքավորումները, նյութերը գրեթե ամբողջությամն հենց երրորդ երկրներից են` ԱՄՆ, Եվրոպա, Չինաստան: ԵԱՏՄ անդամակցող երկրներից շատ քիչ նյութեր ենք բերում: Պատճառն այն է, որ դրանք անհրաժեշտ որակ չեն ապահովում, պահանջարկ չունեն ատամնաբույժների շրջանում, քանի որ նրանք իրենց աշխատանքի որակը չեն կարող երաշխավորել նման նյութերով ու սարքերով աշխատելու դեպքում: Այլապես դրանք շատ ավելի էժան գնով են մաքսազերծվում և բնականաբար առավել շահեկան կլիներ ռուսական շուկայից օգտվելը՚:

Հայաստանի ստոմատոլոգների ասոցիացիայի նախագահ ԱՇՈՏ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ կարծիքով թանկացումների միակ մեղավորը ստոմատոլոգիական նյութեր ու պարագաների ներմուծող ընկերություններն են, որոնք ըստ նրա` կամայականորեն են բարձրացրել իրենց ապրանքների գները.ՙՀայաստանում որևէ ստոմատոլոգիական նյութ, սարք կամ պարագա չի արտադրվում, ամբողջը ներմուծվում է: Այդ առիթից օգտվելով` ներմուծող տնտեսավարողները կամայականորեն թանկացրել են իրենց ապրանքները` ազդելով ստոմատոլոգիական ծառայություների գների վրա, ըստ էության թելադրելով այդ գները: Եթե նախկինում ամսական գոնե 100-200 դրամով էին իրենց ապրանքը թանկացնում, տարեվերջին ամեն ինչի գներն անխտիր 40-50 տոկոսով բարձրացան՚:

Ասոցիացիայի նախագահը չի բացառում, որ տնտեսավարողներին նման քայլի կարող է դրդած լինել տարադրամի փոխարժեքի տատանումը, սակայն չնայած նրան, որ տարեսկզբին տարադրամը որոշակիորեն կայունացավ, տնտեսավարողներն այլևս չցանկացած իրենց ապրանքներն էժանացնել` նախընտրելով գերաշահոյթներ ստանալը: Սա արդեն վկայում է նրանց անբարեխղճության և տարադրամի շուկայում ստեղծված վիճակը պարզապես իրենց օգտին շահարկելու մասին: Աշոտ Գևորգյանը համոզված է, որ ապրանքի գինը որոշելիս գործարարի քմահաճույքը երբեք առանջնային չէր լինի, եթե պետական լուրջ վերահսկողություն սահմանվեր տնտեսավարողների գործունեության վրա:

Ըստ ասոցիացիայի նախագահի` ոլորտում անվերահսկելի շատ բաներ կան: Օրինակ` պատշաճ որակի ախտահանման ու հիգիենայի կանոների պահպանման անհրաժեշտությունը: Աշոտ Գևորգյանի տեղեկացմամբ համաճարակային ծառայությանն օրենքով չի արտոնվում, որպեսզի այն պարբերաբար ստուգումներ իրականացնի ատամնաբուժական կլինիկաներում` կանխելու համար վարակների տարածումը հիվանդների շրջանում: Այնինչ ատամնաբուժությունն այն ոլորտն է, որտեղ տարատեսակ ու վտանգավոր հիվանդություններով վարակվելու հավանականությունը մեծ է, այդ առումով ոլորտը ռիսկային է: Սակայն միայն լուրջ վարակի դեպք լինելուց ու դրա հանրային հնչեղություն ստանալուց հետո է համաճարակային ծառայությունն իրավասու տվյալ կլինիկայում անհրաժեշտ ստուգումներ իրականացնել. ՙԱնպայման պետք է Քաջարանի դեպք լինի, որ համաճարակային վերահսկողություն իրականացնող կառույցը ստուգումներ կատարի թերացած կլինիկայում: Այդ կառույցի գործառույթը վարակների տարածումը կանխարգելելն է, կլինիկաներում անհրաժեշտ հիգիենայի կանոնների պահպանոմը վերահսկելը, այլ ոչ թե քննություն կատարելը: Իսկ եթե ժամանակ առ ժամանակ առողջապահության նախարարության իրավասու կառույցը որևէ ստուգում է կատարում կլնիկաներում` նախապես զգուշացնում է այդ մասին: Իհարկե դրանից հետո կլինիկան ամեն ինչ կանեի հնարավորինս անխոցելի ներկայանալու համար: Դա արդեն վերահսկողություն չէ, խեղկատակություն է՚:

Լազար Եսայանը համակարծիք չէ Աշոտ Գևորգյանի հետ: Նրա պնդում է, որ հատկապես վերջին տարիներին լիցենզավորված կլինիկաներում խստորեն հետևում են հիգիենայի կանոններին` նվազեցնելով համաճարակային ռիսկերը. ՙԿլինիկաների լիցենզավորման նոր կարգի սահմանումը նպաստել է, որպեսզի հատուկ ուշադրություն դարձվեն ատամնաբուժական սենյակների, սարքավորումների, բժշկական պարագաների ախտահանմանը: Քաջարանի հիվանդանոցի դեպքերից հետո պետք է ավելի սթափվել և ավելի բարձր մակարդակով սպասարկում իրականացնել: Ես չեմ կասկածում, որ ատամնաբուժական կլինիկաներոմ հնարավորինս զգոն են այդ առումով: Գոնե թե մայրաքաղաքում՚:
Աշոտ Գևորգյանը մտահոգիչ է համարում նաև բժիշկներին լիցենզավորման անհրաժեշտությունից ազատելու նոր կարգը, որն ըստ նրա` խթանում է ատամնաբուժության մեջ թերուսների ու սիրողական գործ անողների հայտնվելը: Գործող օրենքով լիցենզավորվում են միայն իրավաբանական անձինք, այսինքն` կլնիկաները, որտեղ աշխատանքի կարող են անցնել ինչպես գործի մասնագետները, արհեստավարժները, այնպես էլ սկսնակ ու անփորձ, գործից անտեղյակ ատամնաբույժները, որոնց մեջ այսպես կոչված ՙփինաչիներ՚ հաճախ են պատահում: Ահա ինչու Հայաստանի ստոմատոլոգների ասոցիացիան առողջապահության նախարարությանը առաջարկ է ներկայացրել վերականգնել բժիշկների ատեստավորումը: Առաջարկն այժմ Ազգային ժողովում է և սպասում է քննարկման հերթին:

ՙԵրբ մեր բժիշկներն այստեղից գնում եմ ԱՄՆ աշխատելու, 3-4 տարի տքնաջան սովորում են, որից հետո քննություն են հանձնում և նոր միայն աշխատելու թույլտվություն ստանում: Այստեղ բժշկական համալսարանն ավարտելուց հետո գրագետ, անգրագետ, ով ասես կարող է աշխատանք ստանալ, նրա մասնագիտական կարողություններն ու հմտությունները ոչ ոք չի ստուգում, ատեստավորում չի կատարում և նա արհեստավարժին հավասար գործ է անում: Ուստի թացը խառնվում է չորի հետ, արդյունքում վատ բժշկի մոտ հայտնված հիվանդները ոչ միայն չեն բուժվում, այլև տուժում են թե ֆինանսապես և թե առողջությամբ: Մեր առաջարկն է վերականգնել ատեստավորումը` ըստ առաջին, երկրորդ, բարձրագույն կատեգորիաների: Այդ դեպքում շատ բան իր տեղը կընկնի` լավագույն մասնագետի ծառայությունները որակին համապատասխան կտարբերվեն նաև իրենց գնով: Այսինքն` գնային ու որակական տարանջատում կլինի: Միայն թե ատեստավորումը չպետք է զուտ թղթաբանական, ձևական լինի` ինչպես նախկինում: Դրա համար վերահսկող ու ատեստավորումն իրականացնող անկախ կառույց պետք է գործի: Արտասահմանյան երկրներում այդ պարտավորությունը դրված է ազգային ասոցիացիաների վրա և բավական արդյունավետ է իրականացվում: Հայաստանում պետք է փորձել կիրառել այդ փորձը՚,- ասում է ասոցիացիայի նախագահը:

Ի դեպ, Հայաստանն այն երկիրն է, որտեղ ատամնաբույժների այսպես ասած ավելցուկ կա` 10 հազար բնակչին առավելագույն թվով ստոմատոլոգ է բաժին ընկնում: Եթե Գերմանիայում 10 հազար բնակչին բաժին է ընկնում 7,5 ատամնաբույժ, Ֆրանսիայում` 6, Իսպանիայում` 5,5, Ռուսաստանում` 5,3, ապա Հայաստանում այդ թիվը հասնում է 18-ի: Եվ սա այն դեպքում, երբ շատ հայ ստոմատոլոգներ պարզապես արտագաղթել են երկրից` լավագույն աշխատանք գտնելու հետքերով և այժմ աշխատում են ամերիկյան կամ եվրոպական կլինիկաներում: Աշոտ Գևորգյանի ներկայացրած վիճակագրական տվյալներով 2013թ-ից Հայաստանում աշխատելու թույլտվություն է տրվել 82 կլինիկայի, 35-ը փակվել են, 16-ի աշխատանքը կասեցվել է, շատերն էլ դիմել են հակային մարմիններին ու հրաժարվել աշխատելուց: Բայց դա փաստորեն երկրում ստոմատոլոգների դեֆիցիտի չի հանգեցրել` քանակական առումով: Փոխարենը որակն է տուժել, քանի որ լավագույնները հեռացել են երկրից` նախընտրելով աշխատել արտասահմանում, որտեղ ատամնաբուժական ծառայությունները, հետևաբար բժշկի շահույթը անհամեմատ ավելի բարձր է: Համեմատության համար ասենք, որ Հայաստանում 20-30 հազար դրամ արժեցող ծառայությունը արտերկրում գնահատվում է 500-1000 եվրո: Բացի դա` այնտեղի հսկայական շուկան ու պահանջարկ ունեցող ծառայությունների տեսակն անգամ համեմատության եզրեր չունի հայկական շուկայի ու պահանջարկի հետ: Այնպես որ դրսի շուկան գրավիչ է, իսկ տեղականում ամեն պայման ստեղծվում է բժշկին անգործ թողնելու համար: Որքան ստոմատոլոգիական ծառայությունների գները բարձրանան, այնքան հայերս կնախընտրենք անատամ ապրելը, իսկ ատամնաբուժական ծառայություները գնաճի մերօրյա միտումը պահպանելու դեպքում կվերածվեն բարձրաշխարհիկ հաճույքի:

ԹԱԳՈՒՀԻ ԱՍԼԱՆՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Society, Առողջապահություն, Լրահոս, Հասարակություն, Օրվա Կարևոր Լուրեր բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն