Գլխավոր » Politics, Արևմտյան Հայաստան, Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Վերլուծական, Տարածաշրջան, Ցեղասպանություն, Քաղաքականություն

Սուրբ պատարագ, որ ցնցեց ողջ աշխարհը

Ապրիլ 14, 2015թ. 21:34
Վատիկանի  պատարագը

Ապրիլի 12-ին Վատիկանի Սուրբ Պետրոսի մայր տաճարում Հռոմի պապ Ֆրանցիսկոսի արտասանած ընդամենը մեկ բառը այնպիսի հզոր ցնցում է առաջացրել ոչ միայն համաշխարհային մեդիա դաշտում, այլեւ ողջ Արեւմուտքի ու Թուրքիայի հարաբերություններում, որ նրա «տեկտոնիկ հետեւանքները» շուտով իրենց զգացնել են տալու նաեւ մեր տարածաշրջանում։

Հասկանալի է, որ այդ «կախարդական» բառը «ցեղասպանությունն» էր, որը Ֆրանցիսկոս պապը գործածեց արտաքուստ որոշակի զգուշավորությամբ, ինչը իրականում յուրահատուկ բանալի է տեղի ունեցածը հասկանալու եւ զարգացումների հետագա ընթացքը ճիշտ կանխատեսելու համար։
Պատճառն այն է, որ Ֆրանցիսկոս պապը, նույն ինքը՝ Բուենոս Այրեսի նախկին կարդինալ Բերգոլիոն, երբեք էլ Հայոց ցեղասպանությունը ճանաչել-չճանաչելու խնդիր չի ունեցել, քանզի դա տեղի է ունեցել նրա նախորդների օրոք։

Խնդիրն այստեղ ճանաչման իրողությանը այնպիսի միջազգային-քաղաքական երանգ հաղորդելն է, որը «20-րդ դարի առաջին ցեղասպանությունը» բառակապակցության միջոցով տվյալ հասկացությունը դարձրեց դարի երեք ամենամեծ չարիքներից մեկը՝ հիտլերիզմից ու ստալինիզմից հետո։

Երբ Ֆրանցիսկոս պապը Սուրբ Պետրոսի տաճարի բեմից Թուրքիայի կատարած հանցագործությունը` ցեղասպանությունը, դասում է հիտլերիզմի ու ստալինիզմի հանցագործությունների շարքում, իր գնահատականին հավելելով «համարվում է» հաստատագրումը, դրանով հանդես է գալիս ոչ թե պարզ մեղադրողի կամ, ընդհակառակը, սեփական պնդումը այլոց (տվյալ պարագայում՝ Թուրքիայի) տեսակետին հակադրողի, այլ որոշակի արժեհամակարգով առաջնորդվող ողջ արեւմտյան աշխարհի համար անվիճարկելի նման «եռամիասնությունը» դատապարտողի դերում։
Կաթոլիկ եկեղեցու համակարգում Հռոմի պապի խոսքի վերաբերյալ դարերով հաստատված ավանդական պատկերացումների շրջագծում դա հավասարազոր է այնպիսի ճշմարտության արձանագրման, որը ենթակա չէ վիճարկման։ Հենց դրա համար է, որ Սուրբ Պետրոսի մայր տաճարում ապրիլի 12-ին տեղի ունեցած պատարագի ժամանակ Ֆրանցիսկոս պապը, հիմնավորելով նման գնահատականը, արտասանեց հետեւյալ խոսքերը. «Անհրաժեշտություն եւ պարտք է պատվել նրանց հիշողությունը, քանզի երբ հիշողությունը մարում է, դա նշանակում է, որ «չարը թույլ է տալիս, որ վերքերը թարախակալեն»։

Սա նշանակում է, որ ի դեմս կաթոլիկ եկեղեցու հովվապետի արտասանած խոսքի՝ գործ ունենք Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման միջոցով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը հասնելու նոր բանաձեւի առաջադրման հետ։

Ապրիլի 24-ի նախօրեին Թուրքիայի առջեւ դրվող այդ բանաձեւը, լինելով վերջին շաբաթներին արձանագրված ճանաչումների «առաջին ալիքի» ամփոփումը, իր խորքում պարունակում է ստալին-հիտլերյան տանդեմում հայտնվելու կամ ապաշխարելու եւ մինչեւ ապրիլի 24-ը Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված վճռական քայլ կատարելու խորքային պահանջը։

Մեր կարծիքով՝ հենց նման պահանջի առկայությունն է պատճառը, որ չնայած մինչեւ ապրիլի 12-ը թուրքական դիվանագիտության գործադրած համառ ջանքերին եւ դրանց վերաբերյալ հանգստացնող հայտարարություններին, այդ օրը Հռոմում ողջ կաթոլիկ աշխարհի քահանայապետի ձեռքով տեղի ունեցավ 2009 թվականի հոկտեմբերի 10-ի հայ-թուրքական արձանագրությունների միջոցով Արեւմուտքի կողմից առաջադրված կարգավորման նախորդ բանաձեւի յուրահատուկ՝ «հուղարկավորության արարողությունը»։ Սրանից հետո հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը լինելու է զոհի ու հանցագործի հարաբերությունների՝ միջազգային իրավունքի վրա հիմնված հետաքննության հարց։ Հենց սա է ապրիլի 12-ին տեղի ունեցածի հիմնական խորհուրդը։

Հռոմի կաթոլիկ եկեղեցու հովվապետի ձեռնարկած քայլը իր խորքում ունի, մի կողմից, ողջ Արեւմուտքի եւ առաջին հերթին ԱՄՆ-ի քաղաքական օրակարգի հետ համաձայնեցված որոշակի աշխարհաքաղաքական ենթատեքստ, մյուս կողմից՝ դրա հիմնավորմանն ուղղված հստակ արժեքային-քաղաքակրթական լուծումներ։

Առաջինի առկայության մասին է վկայում Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման՝ Թուրքիային ուղղված մեսիջի զուգորդումը Ղարաբաղում խաղաղության պահպանման խնդրի հետ։ Իր՝ որպես ցեղասպանի կարգավիճակի նման ամրագրման պայմաններում Թուրքիան մինչեւ ապրիլի 24-ը զրկվել է խուսանավելու հնարավորությունից, նրան մնացել է երկու տարբերակ։ Կա՛մ գնալ Հայաստանի հետ հարաբերություններում նոր էջ բացելու եւ դրանով օբյեկտիվորեն, բայց նաեւ անխուսափելիորեն Ադրբեջանին «նեղացնելու» քայլին, կա՛մ էլ, ընդհակառակը, սադրել իր «փոքր եղբորը» եւ նրան մղելով ռազմական արկածախնդրության՝ նորից հիմնավորել 1993 թվականին Քելբաջարի գործողության ժամանակ գործի դրված հնարքը։

Վերջին պարագայում կարող է ստեղծվել հարաբերությունների կարգավորումից խուսափելու պատրանքային հնարավորություն, որի առկայության մասին են վկայում Հռոմում մատուցված Սուրբ Պատարագին զուգահեռ Թուրքիայի զինված ուժերի հետախուզական վարչության ղեկավարի Ադրբեջանում հայտնվելու եւ նախագահ Ռ.Էրդողանի Ղազախստան մեկնելու իրողությունները։ Ուստի չի բացառվում, որ Ղազախստանի միջնորդությամբ առաջիկայում Թուրքիան ու Ադրբեջանը կարող են դիմել Արեւմուտքից երես թեքելու միասնական շանտաժին։
Սակայն քանի որ Ղարաբաղում խաղաղության պահպանման մասին Ֆրանցիսկոս պապի հորդորը զուգորդվել է Ռուսաստանի արտգործնախարարի հստակ նախազգուշացման հետ, ապա խիստ դժվարացել է հակաարեւմտյան շանտաժը Ղարաբաղում պատերազմի վերսկսումով առարկայացնելու հնարավորության իրականացումը։ Բայց դա չի նշանակում, որ մոտ ապագայում Թուրքիայի համար նման հնարավորությունը իսպառ վերանալու է։

Արեւմուտքի կողմից Հռոմի պապի բերանով Թուրքիայի առջեւ դրվող՝ Հայաստանի հետ հարաբերություններում վճռական ճեղքում արձանագրելու խորքային պահանջի հետնախորքում ակնհայտորեն առկա է մեր երկրի արեւմտյան «շնչափողը» բացելու առաջադրանքը։
Դրա լրացուցիչ վկայությունն են դառնում Սուրբ Պատարագի ընթացքում տեղի ունեցած՝ Հայաստանյայց Առաքելական եկեղեցու հիմնադիր Գրիգոր Լուսավորչի Իտալիա տեղափոխված մասունքների բացահայտումը եւ նրա ակնառու վարդապետներից մեկին՝ Սբ Գրիգոր Նարեկացուն, Տիեզերական եկեղեցու 35 սուրբ վարդապետների շարքը դասելով, 36-րդը դարձնելու արարողությունը։ Սրանով Հայոց ինքնության հիմքը՝ Հայ Եկեղեցին ու նրա դավանանքը, դիտվում են իբրեւ արեւմտյան արժեհամակարգի շարունակությունն արեւելքում։

Ապրիլի 12-ին Վատիկանի Սուրբ Պետրոսի մայր տաճարում Հռոմի պապի մատուցած Սուրբ Պատարագը առաջիկայում խոստանում է դառնալ հզոր ազդակ այն աշխարհաքաղաքական վերադասավորումների համար, որոնք Հայաստանին ու հայ ժողովրդին վաղուց հայտնի են՝ սկսած Հին Հռոմի ու Պարսկաստանի դիմակայության ժամանակներից։

Ուստի հարկավոր է ունենալ մեծագույն իմաստնություն մեր առջեւ բացվող նոր հնարավորությունների ու միաժամանակ նոր մարտահրավերների դաշտում ճիշտ կողմնորոշվելու համար։

ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Politics, Արևմտյան Հայաստան, Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Վերլուծական, Տարածաշրջան, Ցեղասպանություն, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն