Գլխավոր » Politics, Արևմտյան Հայաստան, Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Ով է թուրքը, Տարածաշրջան, Ցեղասպանություն, Քաղաքականություն

Սերժ Սարգսյանը France 24-ի եթերում կոշտ քննադատության է ենթարկել Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը

Մարտ 23, 2015թ. 12:02
Սերժ Սարգսյան

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ֆրանսիական առաջատար France 24 հեռուստաալիքին տրված հարցազրույցում կոշտ քննադատության է ենթարկել Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայի վարած ժխտողական քաղաքականությունը:

Անդրադառնալով Թուրքիայի նախագահի ընդունած որոշմանը` Հայոց ցեղասպանության որգեկոչման արարողության օրը տոնելու Գալիպոլիի ճակատամարտի տարելիցը, նախագահ Սարգսյանն այդ որոշումն անվանել է «ժխտողականության ցինիկ դրսևորում»:

«Ցավոք, մենք կրկին ականատես ենք լինում ժխտողականության, ներողություն բառիս համար, ցինիկ դրսևորման: Ակնհայտ է, որ Գալիպոլիի ճակատամարտը չի սկսվել ապրիլի 24-ին և ոչ էլ ավարտվել է ապրիլի 24-ին: Սա մի կողմից իր մեջ վիրավորանք է պարունակում, իսկ մյուս կողմից փորձ է խանգարելու ապրիլի 24-ի միջոցառումներին»,- նշել է Սերժ Սարգսյանը:

Խոսելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի մասին` նախագահ Սարգսյանն ասել է, որ այն մեծ խորհուրդ և կարևորություն ունի հայ ժողովրդի համար և այս տարի ապրիլի 24-ին ցեղասպանության զոհերի հուշահամալիրում հայ ժողովրդի կողքին են լինելու պետությունների ղեկավարներ, հայտնի քաղաքական գործիչներ, մշակութային աշխարհահռչակ գործիչներ և պարզապես սովորական մարդիկ, ովքեր չեն կարող անտարբեր լինել այս ոճրագործության նկատմամբ:

«Մենք չենք պատրաստվում այդ միջոցառումները վերածել հակաթուրքական հիստերիայի, մեր նպատակն է համայն մարդկությանը կոչ անել համատեղ պայքարել ցեղասպանությունների դեմ»,- ընդգծել է նախագահ Սարգսյանը:

Անդրադառնալով Թուրքիայի նախագահին` ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությանը հրավիրելուն, Սերժ Սարգսյանը նշել է, որ հայկական կողմի նպատակն է եղել այդ կերպ թուրք ժողովրդի հետ ոգեկոչել Հայոց ցեղասպանության հարյուրամյակը:

Խոսելով Թուրքիայի նախագահի կողմից նախորդ տարի` ապրլի 24-ին, ցեղասպանության զոհերի ժառանգներին ուղղված ցավակցության մասին` նախագահ Սարգսյանն ավելացրել է, որ այդ քայլի հիմնական պատճառը հայ ժողովրդի համար խորհրդանշական համարվող 100-րդ տարելիցին ընդառաջ Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման միջազգային գործընթացի համար խոչընդոտներ ստեղծելն էր:

«Կարծում եմ` մենք գործ ունենք մարդու հետ, ում համար միջազգային հանրության կարծիքը էական նշանակություն չունի: Մենք գործ ունենք մարդու հետ, ով ի վիճակի չէ հաղորդակից լինել ուրիշի տառապանքին: Կոնկրետ Էրդողանը կամ նրա հարազատները չեն մասնակցել ցեղասպանության իրագործմանը, բայց ժխտել ցեղասպանությունը` նշանակում է շարունակել հանցագործությունը»,- նշել է Սերժ Սարգսյանը:

Անդրադառնալով լրագրողի այն դիտարկմանը, որ աշխարհում և հետխորհրդային երկրներում որոշակի լարվածության ֆոնին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ապրիլի 24-ին ներկա է գտնվելու Երևանում` Սերժ Սարգսյանն ասել է. «Ես համարում եմ, որ Պուտինի չգալն անհասկանալի կլիներ, գալը շատ տրամաբանական է: Ռուսաստանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, և եթե ապրիլի 24-ին Ռուսաստանի ղեկավարը հայ ժողովրդի հետ չլինի, անհնար կլինի դա հասկանալը»:

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Politics, Արևմտյան Հայաստան, Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Ով է թուրքը, Տարածաշրջան, Ցեղասպանություն, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն