Գլխավոր » Արևմտյան Հայաստան, Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Վերլուծական, Տարածաշրջան, Ցեղասպանություն, Քաղաքականություն

Պատգամավորի ինքնագլխության պատասխանը. չի բացառվում՝ Թուրքիան ուղղորդում է թուրք <անկեղծ> գործիչներին

Մայիս 2, 2015թ. 11:08
Արագած Ախոյան

Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ պատգամավոր Արագած Ախոյանը Հայաստան էր հրավիրել մի քանի թուրք «անկեղծ» գործիչների: Թե որքանով էին նրանք անկեղծ, պարզ դարձավ նրանցից մեկի` Ուֆուկ Ուրասի` «Իրավունք»-ին տված հարցազրույցից ու մամլո ասուլիսից: Մասնավորապես, «բարեկամ» թուրք Ուֆուկ Ուրասը հրաժարվում էր Արեւմտյան Հայաստանը համարել հայերի պատմական հայրենիքը` այն համարելով ընդհանուր հայրենիք, քանի որ Արեւմտյան Հայաստանի բնակչության կազմը փոխվել է: Իսկ թե ինչու է փոխվել բնակչության կազմը եւ ում մեղքով, թուրք «բարեկամին», կարծես թե, ձեռնտու չէ խորանալ այս հարցերի մեջ:

Ու ցավալին այն է, որ այսքանից հետո նախկին ԲՀԿ-ական գործարար պատգամավորը անհանգստանում էր վերոնշյալ «բարեկամների» համար, որոնք, բացի մի քանի գեղեցիկ ու շողոքորթ «հայամետ» հայտարարություններից, հայոց պահանջատիրությանն առնչվող այլ խնդիրների մասին ուղղակի չեն խոսում:
Սակայն պարզվում է պատգամավոր, «Արեւմտահայոց ազգային համագումար» կազմակերպության ազգային խորհրդի անդամ Արագած Ախոյանն ըստ էության ինքնագլուխ է հրավիրել Հայաստան մի քանի թուրք գործիչների: Այդ մասին պարզեց «Իրավունքը» Արեւմտահայոց ազգային համագումար» կազմակերպության ազգային խորհրդի քարտուղար Սեւակ Արծրունուց: «Ես չգիտեմ` ովքեր են եկել` բացի Ուֆուկ Ուրասից: «Արեւմտահայոց ազգային համագումար» կազմակերպությունը կապ չունի այդ հրավերների հետ: Արեւմտահայոց ազգային համագումար» կազմակերպությունը հստակ հայտարարել է` չի մասնակցելու 100-ամյակի միջոցառումներին»,- ասաց Արծրունին:

Ինչ վերաբերում է Ուֆուկ Ուրասի` «օսմանյան հայերի թոռներ» եւ «Արեւմտյան Հայաստանը մեր ընդհանուր հայրենիքին է» արտահայտություններին, Արծրունին չցանկացավ դրանք մեկնաբանել, քանի որ բարդ հարցեր են. «Միայն կասեմ, որ ապրիլի 24-ի միջոցառումները այդ ձեւաչափով չպետք է անցնեին: Պետք է պահանջատիրությունը որպես ամբողջական խնդիր դիտարկվեր ապրիլի 24-ին»:
ԳԱԱ հայկական հարցի եւ Հայոց ցեղասպանության բաժնի վարիչ Արմեն Մարուքյանը եւս տեղյակ չէր` կոնկրետ ովքեր են եկել Հայաստան: «Ես ծանոթ չեմ այդ հարցազրույցներին, բայց պետք է հիշել Թուրքիայի 301-րդ հոդվածի մասին, ըստ որի` թրքությունը վիրավորելու համար սահմանվում է պատասխանատվություն: Այնպես որ, եթե նրանք Հայաստանում ինչ-որ բան չասեն, կարող են պատասխանատվության կանչվել: Հետեւաբար, թուրք գործչի խոսքերը այդ լույսի ներքո պետք է դիտարկել»,- հիշեցնում է ԳԱԱ բաժնի վարիչը:

Անդրադառնալով Հայաստան եկող թուրքերին ու նրանց «հայամետ» հայտարարություններին` Արմեն Մարուքյանի խոսքով` չի բացառվում, որ թուրքական իշխանությունների պատվերը կատարող կամ նրանց պատվերը կատարող քայլերի ենք ականատես: «Պետք է հստակ տարանջատել` թուրք մտավորականության որ հատվածի հետ ենք առնչվում: Հատված, որն ուղղորդվում է թուրքական իշխանության կողմից, թե հատված, որ հետապնդումների ենթարկվելով` պատրաստ է իր տեսակետը հայտնել: Դատելով ձեր մեջբերումներից` ակնհայտ է, որ շատ կրավորական արտահայտություններ են, որոնք դժվար են տեղավորվում մեր պահանջատիրության շրջանակներում: «Օսմանյան հայերի թոռներ» արտահայտությունը կա նաեւ Դավութօղլուի հայտարարության մեջ»,- մանրամասնեց Արմեն Մարուքյանը:

«Արեւմտյան Հայաստանն ընդհանուր հայրենիք կարող է լինել, քանի որ Արեւմտյան Հայաստանի բնակչության կազմը փոխվել է» թուրք գործչի այս հայտարարությանը մեր զրուցակիցն այսպես արձագանքեց. «Մենք գիտենք` ինչու փոխվեց Արեւմտյան Հայաստանի բնակչության կազմը: Եթե ցեղասպանությունը չլիներ, Արեւմտյան Հայաստանում բնակչությունը կկազմեր մի քանի միլիոն: Թե՛ Ուրասը, թե՛ մյուս գործիչները փայլուն հասկանում են` որն է Արեւմտյան Հայաստանում ժողովրդագրական պատկերի փոփոխության պատճառը»:

Հ.Գ. Օրեր առաջ` ապրիլի 28-ին, ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանի նախաձեռնած «Վերադարձ» մշակութային բարեգործական հիմնադրամի բացման արարողությունը տեղի ունեցավ: Հիմնադրամի նպատակն է իրականացնել մշակութային ծրագրեր Արևմտյան Հայաստանում: Սակայն մեզ հասած տեղեկություններով` հիմնադրամի բացմանը ներկա գտնվողները մտավախություն ունեն, որ այս հիմնադրամը կարող է սնվել թուրքական իշխանություններից `հաշվի առնելով Ախոյանի կողմից հրավիրված թուրքերի «հայամետ» հայտարարությունները, ինչպես նաեւ տխրահռչակ «Սիվիլիթաս»-ի նախադեպը, երբ մշակութային ծրագրերի շղարշի ներքո երբեմն Հայաստանում պրոթուրքական քարոզչություն է իրականացվում: Հուսանք` այս տեղեկությունները իրականություն չեն դառնա, եվ իրոք հիմնադրամի գործունեությունը կծառայի հայոց պահանջատիրությունը կյանքի կոչելուն:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
iravunk.am

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Արևմտյան Հայաստան, Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Վերլուծական, Տարածաշրջան, Ցեղասպանություն, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն