Գլխավոր » Լրահոս, Հասարակություն, Հոգևոր

Մենք գաղափարական պատերազմ ենք հայտարարում Եհովայի վկաների դեմ

Փետրվար 1, 2015թ. 13:38

«Մենք գաղափարական պատերազմ ենք հայտարարում Եհովայի վկաների դեմ: Ունենք մի քանի կետերից բաղկացած ծրագիր և արդեն գիտենք՝ ինչ քայլերով ենք առաջ գնալու, որպեսզի կանխենք Եհովայի վկաների քարոզչությունը հասարակական վայրերում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Ազգային արժեքների պահպանման ճակատ» ՀԿ-ի նախագահ Սևան Աղաջանյանը:

Վերջինս շեշտել է, որ Եհովայի վկաները վտանգ են մեր պետականության համար. «Նրանք չեն ընդունում պետական դրոշը, զինանշանը, օրհներգը և այն ամենը, ինչ վերաբերում է պետականությանը: Այսինքն՝ նրանք նախ Եհովայի վկա են, հետո նոր Հայաստանի քաղաքացի, նրանք չեն էլ ընդունում, որ հայ են, «հայ» հասկացությունը չկա նրանց մեջ: Դրանով նրանք քայքայում են մեր պետականությունը»:

Ասուլիսի մասնակից Սոցիալիստական շարժման ղեկավար Ռոբերտ Ահարոնյանն էլ հավելել է. «Հայաստանում կատարվում է մի այլանդակ բան, այն է՝ հակաառաքելական եկեղեցու քարոզչություն: Բայց մենք առաջին հերթին քրիստոնյա ենք և ոչ մի դեպքում թույլ չենք տա, որ մեր միասնությունն առաքելական եկեղեցու շուրջ պառակտվի»:

Ստեղծված իրավիճակի համար նա մեղադրել է իշխող կուսակցությանը, Ազգային ժողովին, Արդարադատության նախարարությանը, քանի որ չեն արգելել դրսից ֆինանսավորվող հասարակական կազմակերպությունների գործունեությունը, որոնք ստանալով գրանտներ պառակտիչ աշխատանք են կատարում Հայաստանում: «Նման կազմակերպությունների գործունեությունը պետք է արգելվի: Մարդու իրավունքների կեղծ պաշտպանները հիմա գուցե կասեն՝ Ահարոնյանը ստալինիզմի կողմնակից է: Այո, ստալինիզմի կողմնակից եմ ու գտնում եմ, որ ամենախիստ ձևով պետք է արգելվեն ոչ միայն Եհովայի վկաները, այլև Հայաստանում պառակտման տանող հասարակական և քաղաքական բոլոր կազմակերպությունները»:

Ապա կոչ են արել մի շարք հասարակական կազմակերպությունների միանալ իրենց պայքարին:

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Լրահոս, Հասարակություն, Հոգևոր բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն