Գլխավոր » TOP, WestArmenia, Արևմտյան Հայաստան, Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Ով է թուրքը, Վերլուծական, Տարածաշրջան, Ցեղասպանություն, Քաղաքականություն

Հռոմի պապը հասկացրեց Թուրքիային` հեռո’ւ մնա մերժողական կեցվածքից ու ապաշխարի’ր

Ապրիլ 14, 2015թ. 21:40
Վատիկան պատարագ-1

Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի կողմից Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագի մատուցումը` Ցեղասպանության միջազգային ճանաչման, թուրքական ժխտողականության դեմ պայքարի այս դժվարին փուլում պատմական իրադարձություն է հայության համար: Պատարագ մատուցելով, կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդն առաջին անգամ հայտարարեց. ՙԱնցած դարում մարդկային մեր ընտանիքը վերապրել է զանգվածային և աննախադեպ երեք ողբերգություն։ Դրանցից առաջինը, որը մեծապես համարվում է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը, հարվածել է հայ ժողովրդին՚: Հռոմի պապի պատմական այս խոսքերը վայրկյաններ անց հայտնվեցին աշխարհի ուշադրության կենտրոնում` դառնալով հայտնի լրատվամիջոցների առաջին էջերի կարևորագույն լուրն ու քննարկման առարկան` թե հոգևոր, թե քաղաքական հարթություններում:

100 տարի շարունակ իր արդար դատը դժվարությամբ ու միայնակ առաջ մղող հայությունն այսօր տպավորված է, ցնցված կաթողիկ աշխարհի առաջնորդի արդարամիտ քայլից, քանզի երբեք Ցեղասպանության ճանաչման ու դատապարտման պահանջը այսքան համահունչ չէր եղել մեր քրիստոնեական ինքնությանը: Բոլորին է հայտնի, որ Ֆրանցիսկոս պապը դեռ կարդինալության շրջանում է ճանաչել ու դատապարտել Հայոց ցեղասպանությունը: Ուրեմն, այն ինչ կատարվեց ապրիլի 12-ին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հռոմի Պապի ձեռքով` սեփական համոզմունքների վերհաստատումն էր:

Վատիկանի գլուխը նման հայտարարությամբ ձեռնոց նետեց այն քաղաքական կառույցներին ու երկրներին, որոնք առ այսօր բառախաղ են անում ու չեն համարձակվում ընդունել Հայոց ցեղասպանությունը. ասում է ՀԱՅՐ ԿՈՄԻՏԱՍԸ, կաթոլիկ եկեղեցու առաջնորդի խոսքը համարելով ամբողջ Արևմուտին ուղղված զորավար քայլ` համաշխարհային առումով:

<Արևմտյան երկրները պետք է հասկանան, որքան էլ քաղաքականությունը շահերի թաթերաբեմ է, բայց վերջապես 21-րդ դար թևակոխած մարդկությունը պետք է կարողանա նաև արդարության ջահակիրն ու պաշտպանը լինել, որ պետք չէ հանուն շահերիկ ոտնահարել արդարությունը>

Նման պատմական քայլը արգասիքը չէ՞ր արդյոք Հայաստանի Հանրապետության որդեգրած քաղաքականության, որը դրսևորվեց հայ դատի իրական էությունը` պահանաջատիրությունն ամրագրող Հռչակագրում, իբրև հակահարված թուրքական կեղծարարության.ՙՄիանգամայն ճիշտ եք, դա հետևանք է մեր պետական քաղաքականության արմատական փոփոխության, որը որոշակիացավ հունվարի 29-ի Հռչակագրով և հայ-թուրքական արձանագրությունները ՀՀ խորհրդարանից հետ կանչելով՚, – նկատեց պատմության ինստիտուտի տնօրեն ԱՇՈՏ ՄԵԼՔՈՆՅԱՆԸ: Պատմաբանն հիշեցնում է, որ Հայոց ցեղասպանության հարցում, ցավոք, 90-ականների սկզբին վարվում էր չափազանց զգուշավոր, պարտվողական քաղաքականություն, բարեբախտաբար, այն այսօր փոխվել է և լալկանության, օտարների գութը շարժելու գործելակեպից վերածվել արժանապատիվ կեցվածքով մեր ողբերգության, մեր ազգային խնդիրների մասին խոսելու մոտեցման:

Հայաստանն այսօր պետական մակարդակով հայտարարում է` տե’ր ենք մեր պահանջատիրությանը, տե’ր ենք Ցեղասպանության միջազգային դատապարտմանը: Ուրեմն, հասունացել է պահը, աշխարհը ոչ միայն պետք է հիշի հայության դեմ իրականացված մարդկային ոճրի, հայրենազրկման մասին, այլև Հայաստանին նեցուկ լինի հատուցման արդար պահանջում:

Թուրքական իշխանությունները հույս ունեին, թե կկարողանան իրենց հայտնի շանտաժը գործի դնել ու ստիպել Հռոմի պապին լռել, սակայն անկարող եղան իրենց նենգ ու խարդախ լծակները բանեցնել Վատիկանի դեմ: Ահա թե ինչու պաշտոնական Անկարան այսօր շփոթված աղմկում է ու հոխորտում, թե`ՙվստահության կորստի պատճառ դարձած զարգացմանն անպայման պատասխան ենք տալու՚: Սակայն բանն այն է, որ նույնքան անլուրջ ու անիմաստ են դարձել նաև Թուրքիայի աշխարհին ուղղված հոխորտանքներն ու սպառնալիքները, թե Հայոց ցեղասպանության հարցում իր ժխտողական քաղաքականությանը դեմ գնացող երկրների հետ կխզի դիվանագիտական, տնտեսական հարաբերությունները:

Նախադեպերը ևս հաստատում են, որ թուրքական պարզունակ խաղաքարտերը սկսել են չգործել: Այս առումով, Աշոտ Մելքոնյանը հիշեցրեց Շվեդիայի խորհրդարանի կողմից հայերի ու ասորիների ցեղասպանության բանաձևի ընդունման, ինչպես նաև Ֆրանսիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի ընդունման շրջանը.ՙԹուրքիան այդ ժամանակ էլ իր հերթական վայնասունը բարձրացրեց, բայց դրանից այն կողմ նրա քայլերը չանցան՚: Պատմաբանը համոզված է, որ այսօր ևս թուրքական հերթական վայնասունը տեղի կտա ու հետ կանչված թուրք դեսպանը կվերադառնա Վատիկան:

<ՙԹուրքիան պարզապես անզոր է այս անգամ ինչ-որ բան անել, քանի որ գործ ունի հսկա կաթոլիկ աշխարհի և առաքինի, բարոյական բարձր կեցվածքով բացառիկ հեղինակություն վայելող Հռոմի պապի հետ: Նորին Սրբությանն ուղղակի պաշտում են աշխարհում, պատահական չէ, որ նրա համար բարոյականը վեր է ամեն ինչից, ինչի ապացույցը Հայոց ցեղասպանության պատարագի մատուցումն էր ու ՙցեղասպանություն՚ բառն արտաբերելը>:

Վատիկանում կատարվածը նաև մեկ այլ բան է փաստում` աշխարհը փոխվում է. պատմաբանը համոզված է, որ այս փոփոխվող իրավիճակում Հայաստանի ղեկավարությունն ու համայն հայությունը առավել քան պետք է խոսեն Հայոց ցեղասպանության մասին, քանզի դա միակ հնարավարությունն է, որ մեր երկիրը թուրքական ագրեսիայից առավել ապահով ու պաշտպանված լինի:

<Բարձրաձայնելով աշխարհին իրազեկում ենք, որ գործ ունենք ցեղասպան երկրի իրավահաջորդի հետ, որն այսօր էլ շարունակում է իր մերժողական ընթացքը, այսինքն` շարունակում է մնալ պոտենցիալ ցեղասպան երկիր: Իսկ մեղքի կոծկումը, հերքումը, ժխտումը ինքնին ենթադրում է մեղք, դա այն է, ինչ անում է Թուրքիան: Եվ Հռոմի Պապի խոսքը նրա քայլերի դեմ էր ուղղված: Պապն իր խոսքով թուրքերին ասաց` պետք է հասկանաք, եթե արյունահոսող վերք կա ու դու փորձում ես այն աննկատ թողնել, ապա ավելի շատ է արյունահոսելու, որի հետևանքը կարող է առավել ցավոտ լինել: Հասկացրեց Թուրքիային, որ նման մերժողական կեցվածքից պետք է հեռու մնա ու ապաշխարի>:

Ի լուր մեկ միլիարդանոց կաթոլիկ համայնքի և ողջ աշխարհի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին պատարագի մատուցումն ու ՙցեղասպանություն՚ բառի արտասանումը կաթոլիկ առաջնորդի կողմից ոչ միայն խթան է Ցեղասպանության միջազգային ճանաչման, այլև մեզ համար ստանում է մեկ այլ կարևոր նշանակություն ևս. <Սրանով ավարտվեց ճանաչման գործընթացը, դրվեց վերջակետ: Սկսվում է նոր ճանապարհ, դա հատուցումն է>:

Եվ ուրեմն, ո՞րն է լինելու մեր հաջորդ քայլը, իրավական թղթածրարով իրավական դաշտ մտնե՞լը: Ըստ Մելքոնյանի, նման պարզունակ ձևով չի կարելի գործել, քանի որ այն կարող է բումերանգի էֆեկտ ունենալ: <Ոմանք կարծում են, թե վաղը մենք մի փաթեթ ենք կազմելու ու գնանք Հաագայի դատարան: Այդպես չէ, գնալուց առաջ նախ պետք է հայեցակարգային առումով լուծում տալ, միջազգային իրավունքը բարելավել, հետ նոր միայն հասեն հատուցման պահանջին>:

Իսկ մեր քայլերում չսխալվելու համար կարծում է որ պետք է վերցնել հրեաների փորձը: Այսինքն, մինչև հատուցման խնդիրը օրակարգ մտցնելը նախ միջազգային իրավունքում ստեղծել համապատասխան հիմք, ինչպես արեց Լեմկինը.<1943-ին արդեն նա ավարտել էր այդ բանաձևի ձևակերպումը, որը տեղ գտավ 1948-ին ՄԱԿ-ի ընդունած բանաձևում` հատուցման վերաբերյալ: Բայց դրանում խոսքը հայրենիքով հատուցման մասին չէր, քանի որ հրեական կողմը նման խնդիր չուներ, ցեղասպանության արդյունքում նրանք հայրենիք չեն կորցրել: Իսկ մեր պարագայում կա հայրենազրկում>:

Ասել է, թե մենք պետք է միջազգային իրավունքը բարելավենք ՙհայրենազրկում՚ բառը ներմուծելով: Իսկ սա նշանակում է` <Կարևոր աշխատանք ունենք անելու և ուրախակի է, որ մեր Հռչակագիրը հենց հայրենազրկման մասին է խոսում, որը մեր հարցերի հարցն է՚>:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, WestArmenia, Արևմտյան Հայաստան, Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Ով է թուրքը, Վերլուծական, Տարածաշրջան, Ցեղասպանություն, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն