Գլխավոր » Culture-Hogevor, Լրահոս, Հոգևոր, Մեր մեծերը

Հռոմի պապը Գրիգոր Նարեկացուն «Եկեղեցու դոկտոր» է հռչակել

Փետրվար 24, 2015թ. 13:04
Գրիգոր Նարեկացի

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հոգևորական, աստվածաբան, բանաստեղծ, փիլիսոփա Գրիգոր Նարեկացուն հռչակել է «Եկեղեցու ուսուցիչ», հայտնում է La Stampa թերթը:
«Եկեղեցու ուսուցիչ» տիտղոսը շնորհվում է Հռոմի պապի կողմից միջնադարից ի վեր աստվածաբաններին՝ եկեղեցուն առանձնահատուկ ծառայություններ մատուցելու կամ սրբության համար: Օրինակ, 1295 թ. եկեղեցու դոկտորներ են ճանաչվել Գրիգորիս Առաջին Մեծը, Ամբրոսիոս Մեդիոլանացին:

Հռոմի պապը Վատիկանի Սրբերի միաբանության ղեկավար, կարդինալ Անգելո Ամատոնիի հետ հանդիպման ժամանակ հաստատել է 10-րդ դարի հայ սրբին համընդհանուր եկեղեցու տիտղոս շնորհելու Սրբերի միաբանության ժողովի ժամանակ ներկայացված առաջարկը:
Փետրվարի 27-ին Գրիգոր Նարեկացու անունը կընդգրկվի Հռոմի մարտիրոսագրության մեջ՝ որպես կուսակրոն, ուսուցիչ, որը հայտնի է իր ուսմունքով և գիտական աշխատություններով:

Հայ միջնադարյան հոգևորական, քրիստոնյա աստվածաբան, բանաստեղծ, երաժիշտ և փիլիսոփա Գրիգոր Նարեկացին համարվում է հայ գրականության վերածնության հիմնադիր, Հայ վերածնության փիլիսոփայական մտքի գագաթը։ Գրիգոր Նարեկացու ստեղծագործություններից հատկապես հայտնի է և մեծ ժողովրդայնություն է վայելում «Մատյան ողբերգության» («Մատեան ողբերգութեան», ժողովրդի մեջ տարածում է ստացել երկի՝ «Նարեկ» անվանումը) չափածո աղոթքների ժողովածուն։Նա մանուկ հասակից կապված էր Ռշտունյաց աշխարհի Նարեկ գյուղի վանքի հետ, որտեղ էլ եղբոր հետ կրթվում և դաստիարակվում է ժամանակի ամենազարգացած մարդկանցից մեկի՝ Անանիա Նարեկացու մոտ, որը նաև Գրիգորի մոր հորեղբայրն էր։ Յուրացնելով դպրոցի մատենադարանի թարգմանական և ինքնուրույն ձեռագիր կրոնափիլիսոփայական գրականությունը՝ Գրիգոր Նարեկացին հետագայում դարձել է ուսման այդ կենտրոնի սյուներից մեկը։
Ուսումը ստանալուց հետո Գրիգորը վարդապետ է ձեռնադրվում նույն Նարեկա վանքում և ստանում է Նարեկացի անունը։ Իր հարուստ գիտելիքների և անբասիր վարքի շնորհիվ Նարեկացին շուտով մեծ համբավ է վաստակում։ Նրա մասին հյուսվում են զանազան ավանդություններ, որոնց մի մասը բանավոր կամ գրական մշակմամբ մեզ է հասել։Գրիգոր Նարեկացին վախճանվել է 1003 թվականին և թաղվել է Նարեկա վանքում։ Նրա գերեզմանը երկար ժամանակ ուխտատեղի է եղել շրջակա հայ բնակչության համար։

Գրիգոր Նարեկացին գրականության մեջ մնաց անգերազանցելի՝ բովանդակության համապատասխան ոտանավորի տարբեր չափեր ստեղծելու և օգտագործելու, ռիթմի ու երաժշտականության անկրկնելի արդյունքների հասնելու հարցում։ Մ. Մեծարենցը ճիշտ է նկատել, թե Նարեկացին «գիտեր ծովաձայն հնչեցնել բառերը»։
Նարեկացին, որպես երաժիշտ, նոր շունչ ու կյանք է հաղորդել հայ միջնադարյան մասնագիտացված երգարվեստին։ հատկապես իր տաղերի երաժշտական բաղադրիչներում հաղթահարված են շարականների հին, ութ-ձայնի դրությանը կապված եղանակների կազմության՝ տվյալ պատմաշրջանի համար արդեն քարացած ձևերը։
«Մատյան Ողբերգության» պոեմը, ամբողջական կամ մասնակի, թարգմանվել է աշխարհի շուրջ 30 լեզուներով:

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Culture-Hogevor, Լրահոս, Հոգևոր, Մեր մեծերը բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն