Գլխավոր » Politics, Արևմտյան Հայաստան, Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Հարցազրույցներ, Տարածաշրջան, Ցեղասպանություն, Քաղաքականություն

Հայոց պահանջատիրության կենտրոնը պետք է լինի Երևանը

Ապրիլ 9, 2015թ. 23:07
Էդուարդ շարմազանով

Հարցազրույց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ

Դեռևս 1915-ին Անտանտի երկրները քննադատել են Թուրքիային` հայերի դեմ իրականացրած հանցագործության համար, ԱՄՆ-ը 1951-ին ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, մեր ձեռքի տակ է վիլսոնյան Իրավարար վճռի պես կարևորագույն փաստաթուղթը, սակայն ունենալով նման ծանրակշիռ փաստեր հայությանը չկարողացավ 100 տարում հասնել Ցեղասպանության լիարժեք ճանաչման, դատապարտման ու հատուցման: Սա չի՞ փաստում այն մասին, որ քաղաքական իրավիճակը մեզ համար շարունակում է մնալ ոչ նպաստավոր, որ հայության ու գերտերությունների շահերը դեռևս չեն համատեղվում:

-Մենք այդքան միամիտ չենք, որ կարծենք, թե քաղաքական ու տնտեսական շահերը կարևոր դեր չունեն երկրների համար: Սակայն փաստն այն է, որ այն երկրների խորհրդարաններում, ուր քննակվում է Հայոց ցեղասպանությունը, որևէ մեկը չի ժխտում այդ փաստը: Այն, որ ԱՄՆ նախագահ Օբաման ցեղասպանություն բառի փոխարեն ասում է Մեծ Եղեռն, կամ որևէ երկրի ներկայացուցիչ օգտագործում է կոտորած, բռնություն, ողբերգություն բառերը, դրանից բովանդակությունը չի փոխվում, դա չի նշանակում, որ նրանք ժխտում են 1,5 միլիոն հայերի կոտորածը, ամենևին: Ձեր հարցադրման մեջ ճիշտ նշեցիք, որ հենց 1915-ին` աշխարհի գերհզորներ, հիմնական խաղացող երկրները` Անգլիան, Ֆրանսիան ու Ռուսաստանը ապրիլի 24-ից ոչ թե 100 տարի, այլ ընդամենը մեկ ամիս անց` մայիսի 24-ին, Օսմանյան Թուրքիայի կողմից հայ ժողովրդի նկատմամբ իրականցրած ոճրագործություններն ու բռնությունները որակեցին որպես մարդկության ու քաղաքակրթության նկատմամբ կատարված հանցագործություն: Այսինքն, 1915-ին Անտանտի երկրները տվել են այս խիստ գնահատականը: Այն, որ կատարվածը ուղղված չէր մի առանձին ազգի դեմ, որ այն մարդկության հանդեպ իրականացված Ցեղասպանություն է, արդեն իսկ 1915-ին աշխարհի գերհզորները գիտակցել են ու կարևորել այս հանգամանքը: Ուրեմն, ո՞րն է այսօր մեր խնդիրը. կարողանալ աշխարհին ներկայացնել, որ սա Երևանի օրակարգը չէ, այլ դեռ 100 տարի առաջ այդ մասին փաստել են գերհզորները:
Բացի Անտանտի երկրներից, նաև խոսել է առաջադեմ մարդկությունը. մեջբերեմ Չերչիլի խոսքը, որ հայության բնաջնջման նպատակը կովկասյան թաթարների ու անատոլիական Թուրքիայի միացումն է: ԱՄՆ նախագահ Ռուզվելտը ևս ասել է, որ Առաջին աշխարհամարտի ամենամեծ հանցագործությունները հայերի նկատմամբ իրականացված կոտորածներն են: Անգլիայի պրեմիեր մինիստր Լլոյդ Ջորջն է ասել` միլիոնից ավելի հայեր են սպանվել: Սրանք կոնկրետ փաստեր են, հայությունն իր դեմ կատարված ոճրագորոծությունն ապացուցելու խնդիր չունի: Հայոց Ցեղասպանության փաստերն այնքան ակնհայտ են, որքան արևի առկայությունը երկնքում: Երբ Թուրքիայի նախագահ Էրդողանը խոսում է փաստերից, ապա այնքան փաստեր կարող են լցվել նրա գլխին, որոնց ծանրությունից Թուրքիան ուղղակի կարող է ճկռել: Այնպես որ, խնդիրը ոչ այնքան փաստերի մեջ է, որքան երկակի ստանդարտների: Եթե դրանք չլինեին ու փոխարենը լիներ քաղաքական կամք Հայոց ցեղասպանությունը ոչ թե 22 երկրներ կընդունեին և ժխտողականության դեմ կպայքարեին ընդամենը 4-ը, այլև 100-ավոր երկրներ: Քաղաքականությունը ռեալ պոլիտիկ է, կան տարբեր շահեր, հետևաբար, կա նաև այդ շահերի համադրման խնդիր: Մենք գիտակցում ենք, որ մեր դեմ կանգնած է հզոր պետություն Թուրքիան` իր ֆինանսական, տնտեսական ռեսուրսներով, իր ուլտիմատումներով: Բայց մենք նաև գիտակցում ենք, որ հաջողության հասնելու համար մեզ երկարատև պայքար է սպասվում:

-Ցեղասպանության արդյունքում բռնազավթվեց հայության հայրենիքը, կրեցինք մշակութային, նյութական առհելի կորուստներ, նաև ենթարկվեցինք լեզվական ցեղասպանության: Եվ ուրեմն` ո՞րն է մեր պահանաջատիրությունը, ձևակերպե՞լ ենք պահանջատիրության մեր ծրագիրը, թե ի՞նչ ենք ուզում Թուրքիայից:

-Իսկ ո՞վ ասաց, որ չենք հստակեցրել մեր պահանջատիրությունը: Ի՞նչ է համահայկական Հռչակագիրը, եթե ոչ պահանջատիրություն: Երբ ես խորհրդարանի ամբիոնից հայտարարում եմ, որ Հռչակագիրը պատմական փաստաթուղթ է, ես գիտակցում եմ իմ ասածի ողջ լրջությունը, վերջին 500-600 տարվա մեջ հայ ժողովուրդը չի ունեցել նման պատմական փաստաթուղթ, ուր մեր ժողովրդի բոլոր հատվածները` մեր եկեղեցու նվիրապետական աթոռները, սփյուռքյան կառույցները, կուսակցությունները, իշխանությունն ու ընդդիմությունը հանդես գան նման համատեղ Հռչակագրով: Սա մի փաստաթուղթ է, որում հղում է արվում ՄԱԿ-ի բանաձևերին, կոնվենցիային, Սևրի դաշնագրին, Վիլսոնի Իրավարար վճռին: Հռչակագիրը մեր ճանապարհային քարտեզն է, ծրագիրը:

-Հստակեցնենք` Թուրքիայի կողմից բռնազավթված մեր հայրենիքի պահանջատիրության ծրագի՞րը:

-Իհարկե: Եվ պահանջատիրության կենտրոնը պետք է լինի Երևանը: Ու դրա վկայումն է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում բոլոր քաղաքական ուժերի, սփյուռքյան ու հայաստանյան կառույցների, մեր երկու կաթողիկոսների ներկայությամբ Հանրապետության նախագահի կողմից հրապարակված Հռչակագիրը: Այսօր մենք ունենք պետություն և մեր ազգային կարևորագույն հարցերում սփյուռքը մեզ հետ պետք է համակարգված աշխատի:

-Հիմա կարո՞ղ ենք ասել, որ Հայոց Ցեղասպանության միայն ճանաչման շրջան ավարտված է ու հայությունը թևակոխում է պահանջատիրության փուլ:

– 100-րդ տարելիցով մենք չենք ավարտում մեր պայքարը, այլև սկսում ենք նորը, ավելի վճռական, հասուն փուլը, ուր լուրջ տեղ ունի և’ պահանջատիրությունը, և ժխտողականության դեմ պայքարը: Սակայն որպեսզի մենք հաջողենք, դրա համար պետք է նաև ունենալ մինիմում ու մաքսիմում ծրագրեր: Մեր մինիմում ծրագրերից մեկը տեղ գտավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի վերաբերյալ ԱԺ հայտարարության նախագծում, որով Հայաստանի խորհրդարանը կոչ է անում աշխարհի խորհրդարաններին` ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Սակայն դա չի նշանակում անելիքի ավարտ. ճանաչած երկրները պետք է դատապարտեն ժխտողականությունը: Եվ այստեղ մենք շատ աշխատելու տեղ ունեք:

-Ի դեպ, խորհրդարանի հայտարարությունը լակմուսի թղթի դեր կատարեց, պարզվեց, որ ԱԺ-ում կա մի ուժ` երկու հոգանոց ՀԱԿ-ը ու ևս մեկ պատգամավոր` Տեր-Պետրոսյանի վարչապետ Հրանտ Բագրատյանը, որ դեմ են հայոց պահանջատիրությանը: Բարեբախտաբար, նրանց պարտվողական գաղափարախոսությունը մերժվեց խորհրդարանական մյուս ուժերի կողմից, ավելին համարվեց սնանկ:

-Անկեղծ ասած, ես այդ մարդկանցից այլ բան չէի էլ սպասում: Խստորեն դատապարտելի է այն մոտեցումը, թե Ցեղասպանության ճանաչմամբ միայն սփյուռքը պետք է զբաղվի, սա Տեր-Պետրոսյանի մոտեցումն է, ինչը հակապետական է, պարտվողական: Ի՞նչ սպասել մի մարդուց, ով ազգային գաղափարախոսությունը համարում է կեղծ կատեգորիա: Եվ նրա պահվածքը նորություն չէ: Ինչպես բուրբոնների մասին էին ասում, նույն պետք է ասել Տեր-Պետրոսյանի ու իր թիմի մասին` նրանք ոչինչ չեն մոռացել ու ոչինչ էլ չեն սովորել, որովհետև տարիներ շարունակ կրկնում են նույնը: Բացի Տեր-Պետրոսյանից նման միտք հնչեցնում են թուրքերը, Էրդողանը չէ՞ր, որ հայտարարեց, թե սփյուռքը խանգարում է, որ մենք Հայաստանի հետ լավ հարաբերությունների մեջ մտնենք:

ՀԱԿ-ն ասում է, թե նմա հայտարարությամբ կվտանգվի ղարաբաղյան հարցի լուծումը, և դա ասում է մի ուժ, որի ղեկավարը` Տեր-Պետրոսյանն իր հոդվածում հայ- թուրքական արձանագրությունները փոխկապակցել է ԼՂ հիմնախնդրի հետ: Այդ նույնն անում է նաև Էրդողանը: Բարեբախտաբար, հայաստանյան գրեթե բոլոր քաղաքական ուժերը, մեր հասարակության ճնշող մեծամանսությունը դեմ է նման մոտեցմանը: Եվ դա ցույց է տալիս, որ 1997-ից` Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նախագահական շրջանում իրականացվող Հայոց ցեղասպանության ճանաչման քաղաքականությունը իրեն արդարացրել է, դրա ապացույցը 22 երկրներն են, որ ճանաչել են Ցեղասպանությունը, մինչդեռ Տեր Պետրոսյանի նախագահության տարիներին այդ երկրների թիվը ընդամենը 4-ն էր:

Ի տարբերություն ՀԱԿ-ի հակապետական մոտեցման, մենք ասում ենք` տեր ենք մեր պահանջատիրությանը, տեր ենք Ցեղասպանության միջազգային դատապարտմանը: Այո’, Հայոց երրորդ Հանրապետության արտաքին քաղաքականության ամենառանցքային խնդիրներից մեկը ցեղասպանության միջազգային դատապարտումն է: Եվ այս հայտարարությամբ մենք ի լուր աշխարհի ասում ենք, որ Հայաստանի օրենսդիր մարմինը տեր է պահանջատիրությանը: Եվ մենք պետք է օգտագործենք բոլոր հարթակները, որպեսզի աշխարհի մեր գործընկեր պետությունները ճանաչեն ու դատապարտեն Ցեղասպանությունը:

-Թուրքիան իր խեղկատակությամբ կարողացավ աշխարհը դնել երկընտրանքի առաջ` ապրիլի 24-ին լինել Երևանո՞ւմ, թե՞ Անկարայում: Գուցե իրոք հայերը պետք է ամոթի պատ կառուցեն` գրելով թուրքական խարդավանքին մասնակից երկրների անունները: Ձեր գնահատականը նման պետությունների քայլին:

-Հասկանալով Գալիպոլիի ողջ բլեֆը, այնուհանդերձ, կարծում եմ, որ մենք պետք է լինենք ճկուն, կյանքը շարունակվում է ու մենք պետք է վաղը նաև աշխատենք այդ պետությունների հետ: Ես կարծում եմ, որ նման պետությունները ապրիլի 24-ին կունենան ներկայացուցիչներ և’ Երևանում, և’ Անկարայում: Սա մեծ քաղաքականություն է, և քաղաքականությամբ զբաղվող մարդը չպետք է տրվի միայն զգացմունքներին: Մենք մեր կարծիքն ասել ենք, որ Գալիպոլիի ճակատամարտի տոնակատարությունն ամբողջությամբ ֆարս է, որ այն չի սկսվել ու չի ավարտվել ապրիլի 24-ին: Ի դեպ, ես ուզում եմ Թուրքիային, նրա նախագահին, որ այդքան հպարտանում է Գալիպոլիով հիշեցնել հետևյալը. իմացե’ք, ձեր հաղթանակը մինչև Սարդարապատ էր, ուր թուրքական բանակը խայտառակ պարտություն կրեց հայոց բանակից: Եվ սա իր խորհուրդն ունի, վստահ եմ, որ Թուրքիայի քայլերը ևս վաղ թե ուշ Գալիպոլիի <հաղթանակի> ճակատագրին կարժանանան: Թուրքական ժխտողաանությունը վաղ թե պարտվելու է:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Politics, Արևմտյան Հայաստան, Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Հարցազրույցներ, Տարածաշրջան, Ցեղասպանություն, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն