Գլխավոր » Regions, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Հարցազրույցներ, Ռուսաստան, Տարածաշրջան, Քաղաքականություն

Հայաստանը հարկ եղած դեպքում կդիմի վետոի իրավունքի իրացմանը

Հունիս 16, 2015թ. 22:17
Արտակ Զաքարյան

Հարցազրույց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆԻ հետ

Ասիական մի շարք զարգացող երկրներ ակնհայտորեն հետաքրքրված են ԵԱՏՄ-ի հետ և’ անդամակցմամբ, և ազատ առևտրի համաձայնագրի շրջանակներում համագործակցությամբ: Սա նշանակում է, որ ԵԱՏՄ-ն ընդլայնվում է, ու դա ինքնին դրական գործընթաց է: Սակայն այստեղ մեկ այլ հարց է իհայտ գալիս. ընդլայնման գործընթացում որքանո՞վ են հաշվի առնվում անդամ երկրների կարծիքներն ու շահերը:

– ԵԱՏՄ բարձրագույն խոհրդում քաղաքական ու տնտեսական, մասնավորաբար, միության ընդլայնման մասին որոշումները կայացվում են կոնսենսուսով: Ինչը նշանակում է` բոլոր անդամ պետությունների պաշտոնական համաձայնություն: Կարծում եմ, որ ԵԱՏՄ ընդլայնումը դրական գործընթաց է մեզ համար, եթե իհարկե, ներգրավվում են այն պետությունները, որոնց հետ մենք չունենք հակամարտ դիրքորոշումներ ու մոտեցումներ:
Այսօր աշխարհում ընթանում է նոր շուկաների ձեռքբերման պայքար: Ու Հայաստանը, թեկուզև առանձնապես մեծ շուկա չի ներկայացնում, շատ բան չունի տալու համաշխարհային շուկային, բայց խնդիր ունի դուրս գալ տնտեսական և աշխարհագրական առումով ստեղծված այս նեղ իրավիճակից: Հետևաբար, մեր արտադրանքը պետք է լինի մրցունակ, գրավիչ, այդ դեպքում մենք առավել մեծ հնարավորություն կունենանք մեր բիզնեսը կողմնորոշել այս կամ այն ուղղությամբ: Կան դեռևս շուկաներ, ուր հայկական ապրանքը դժվարությամբ է մուտք գործում և դա զուտ պայմանավորված է տվյալ պետության կողմից վարվող տնտեսական կամ մաքսային քաղաքականությամբ: Ուրեմն, ԵԱՏՄ շրջանակների ընդլայնումը մեզ համար կբացի ապրանքների, ծառայությունների, աշխատանքի ազատ տեղաշարժի հնարավարություն, հայաստանյան գործարար միջավայրը ավելի լայն ընտրության հնարավարություն կունենա, ինչն էլ նշանակում է համադրել, համեմատել ու երկարատև համատեղ ծրագրեր մշակել: Հայաստան պետության խնդիրն է իր կողմից վարվող արտաքին քաղաքականության միջոցով տալ բիզնեսին զարգանալու, ընդլայնվելու հնարավորություն: ԵԱՏՄ-ին անդամակցման մեր հիմնական նպատակը սա է:

Ազգային ժողովում նախօրեին քննարկվեց Ղրղըզստանի Եվրասիական միությանն անդամակցության վերաբերյալ արձանագրությունը վավերացնելու հարցը, ու եղան դժգոհողներ, թե Հայաստանը մանրամասնորեն տեղեկացված չէ` տվյալ երկրի մուտքը բխո՞ւմ մեր երկրի շահերից, ձեռնտո՞ւ է մեզ համար, թե՞ ոչ: Անգամ չգիտենք, թե այդ երկիրը ի՞նչ դիրքորոշում ունի ԼՂ հարցում:

-Նախ ասեմ, որ մենք երբեք ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացը ԵԱՏՄ-ի շրջանակներում չենք դիտարկել ու չենք դիտարկում: Դրանք մեկը մյուսի հետ կապ չունեցող գործընթացներ են: Նաև պետք է նկատի ունենալ հետևյալը. միշտ չէ, որ ԵԱՏՄ անդամ երկրները Հայաստանի հետ համակարծիք են լինելու Ղարաբաղյան հարցում: Եվ մենք այդ ուղղությամբ ամենևին որևէ ակնկալիք չունենք, ինչպես և չենք ակնկալում, որ ԼՂ կարգավարումը կարող է տեղի ունենալ ԵԱՏՄ ձևաչաձում: Չկա նման մոտեցում նույնիսկ տեսական առումով: Ինչ վերաբերում է Ղրղըզստանի հարցին, մեզ համար այդ երկրի հետ համագործակցության ձեռնտու լինել-չլինելը պարզ կլինի հետագայում և այդ մասին կասեն մեր գործարար դաշտի ներկայացուցիչները: ԵԱՏՄ-ն կոնկրետ կանոնների վրա կառուցված ինտեգրացիոն գործընթաց է, ու այսօր խոսել այն մասին, թե Ղրղըզստանի անդամակցումը ԵԱՏՄ-ին ինչ-որ բան կտա՞, կամ չի տա, անգամ տեսականորեն հնարավոր չէ այդ հարցերին պատասխանելը: Դրանք կարող են միայն լինել ենթադրություններ:

Միանալով ԵԱՏՄ-ին մենք համոզված էինք, որ միությունը պետք է ավելի ընդլայնվի, ավելի շատ պետություններ իրենց տնտեսական ռեսուրսներով կներգրավեն այստեղ: Եվ մենք մտածում էինք, որ պետք է կարողանանք ի նպաստ մեր տնտեսության զարգացման օգտագործել այդ հնարավորությունը:
Թե որքանո՞վ դա մեզ կհաջողվի, որքանո՞վ կկարողանանք ակտիվ տնտեսական կապեր ունենալ Բելոռուսի, Ռուսաստանի, Ղազախստանի ու մյուսների հետ, կախված է մեր տնտեսական կարողություններից, մեր կողմից վարվող ներքին տնտեսական քաղաքականությունից: Բացի այդ, մեր տնտեսության համար շատ կարևոր է, թե որքանո՞վ կկարողանանք մեր առևտրային ու տնտեսական կապերը շարունակել զարգացնել ԵՄ երկրների հետ: Այսինքն, սրանք համալիր խնդիրներ են, որ մենք պետք է հաջողությամբ լուծել:

– Հայաստանը որպես ԵԱՏՄ լիիրավ անդամ ունի վետոի իրավունք այդ կառույցում կայացվելիք որոշումների դեմ: Հայաստանը կօգտվի՞ դրանից ու կկարողանա՞ արտահայտել իր վերաբերմունքը մեզ համար ոչ ցանկալի երկրների ԵԱՏՄ անդամակցման հարցում:

-ԵԱՏՄ-ում որոշումները պատահականորեն չեն կայացվում, ոչ էլ այդ գործընթացները տեղի են ունենում համպատրաստից: Անդամ պետությունները անցկացնում են նախնական խորհրդակցություններ, քննարկումներ, ուսումնասիրություններ` մասնագիտական, քաղաքական և հանրային դաշտում: Ու դրանից հետո միայն կայացնում համապատասխան որոշում: Այսինքն, այնպես չի լինի, որ Հայաստանը հանկարծ մի օր պարզի, որ կանգնել է վետոի իրավունքի կիրառման անհրաժեշտության առաջ: Գործընկերային հարաբերությունները տնտեսական ինտեգրացիոն գործընթացներում ինքնին ենթադրում են, որ նախապես պետք է հաշվի առնվեն անդամ պետությունների դիրքորոշումներն ու կարծիքները: Բայց եթե հանկարծ ստացվի այնպես, որ Հայաստանի համար խիստ կարևոր կենսական հարցերը ԵԱՏՄ գործընկեր պետությունների կողմից շարունակաբար հաշվի չառնվեն, իհարկե, Հայաստանը կդիմի նաև իր իրավունքի իրացմանը: Բայց համաշխարհային փորձը ցույց է տալիս որպես կանոն աշխարհում շատ քիչ են լինում դեպքերը, երբ այս կամ այն պետության կողմից անհրաժեշտություն է առաջանում կոնսենսուսի դիմել:

– Բոլոռուսը, Ղազախստանն ու Ռուսաստանը լրջորեն զբաղված են Ադրբեջանին ԵԱՏՄ շրջանակ ներքաշելով: Ադրբեջանի նախագահն էլ իր հերթին ասել է՝ լուծեք ԼՂ հարցը և Ադրբեջանը կդառնամ ԵԱՏՄ անդամ: Այսինքն`խնդիրը կա ու դրա առաջ աչք փակել չենք կարող: Հակառակը, սա նշանակում է, որ Հայաստանը պետք է պատրաստ լինի նման զարգացումների:

-Նախ դարձյալ պետք է կրկնեմ, որ Ղարաբաղյան խնդիրը չի կարելի կապել ԵԱՏՄ-ին: Ադրբեջանը ցանկանում է լինել ԵԱՏՄ անդամ, թե չի ցանկանում, նախապայմաններով է խոսում, թե ոչ, իրողությունն այն է, որ պաշտոնական մակարդակում նման հայտարություններ դեռևս չեն հնչել: Ասել է, թե պաշտոնական օրակարգում այսօր նման հարց չկա: Իհարկե, ԵԱՏՄ ընդլայնման փուլերում, ինչ-որ պահի կարող է քննարկվել Ադրբեջանի անդամակցման հարցը, այսինքն, մենք հարցի նկատմամբ չենք կարող ունենալ լոյալ վերաբերմունք: Իսկ այդ վերաբերմունքը կդրսևորվի հետևյալում. չկարգավորված հակամարտության պարագայում ինչպե՞ս է հնարավոր ազատ առևտրի, ապրանքների ծառայությունների ազատ տեղաշարժ հարևան պետության հետ, այն դեպքում, երբ վերջինս շարունակաբար սադրանքներ, ոտնձգություններ է իրականացնում հարևան պետության սահմաններին:
ԼՂ կարգավորման գործընթացը Հայաստանի համար օրակարգային թիվ մեկ խնդիր է, և տարբեր պետություններ, միջազգային կազմակերպություններ դա շատ լավ գիտեն, նաև շատ լավ տեղեկացված են մեր դիրքորոշումներին: Գիտեն նաև, որ ԼՂՀ-ն ինքնուրույն պետք է տնօրինի իր ճակատագիրը: Որոշողը պաշտոնական Ստեփանակերտն է: Հետևաբար հիմահարցը չի կարող ԵԱՏՄ շրջանակներում դառնալ քննարկման առարկա, այսինքն, գործընթացը պետք է շարունակի իր ճանապարհը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում, որտեղ Ռուսաստանն ակտիվորեն ներգրավված է և իր միջնորդական ջանքերը գործադրում է ի նպաստ խաղաղ կարգավորման:

-Ի՞նչ կասեք հետևյալ դիտարկման առնչությամբ. եթե ստեղծվի իրավիճակ, երբ դրվի Ադրբեջանի, նաև Թուրքիայի ԵԱՏՄ անդամակցման հարցը, ապա Հայաստանը կարող է ոչ թե հակադրվել, այլ հակառակը` ԵԱՏՄ-ն ծառայեցնել որպես հակագործակցության նպաստավոր հարթակ, ուր թե’ ԼՂ խնդրի լուծումը, թե՛ հայ -թուրքական փակուղի մտած երկխոսությունը կարող են հայտնվել կառուցողական դաշտում: Բերվում է հետևյալ օրինակը, Հայաստանն ու Թուրքիան կարող են համագործակցել աբխազական երկաթուղու բացման հարցում, քանի որ այդտեղ երկու երկրների շահերը համընկնում են: Նման ընթացքն իրատեսական համարո՞ւմ եք:

-ԵԱՏՄ-ի գաղափարն է` ապրանքների, ծառայությունների ու աշխատուժի ազատ տեղաշարժի իրականացում: Այն երկրների հետ, ուր չկան այս գաղափարին խոչընդոտող խնդիրներ, հնարավոր է գտնվել միևնույն տնտեսական միության մեջ: Սակայն ես դժվար եմ պատկերացնել, թե ինչպե՞ս կարող ենք ԵԱՏՄ-ում խոսել Ադրբեջանի հետ տնտեսական հարաբերությունների մասին, երբ Հայաստանի ու Ադրբեջանի միջև կա չլուծված հակամարտություն: Ինչպե՞ս խոսել թափանցիկ սահմանների ու տնտեսական առևտրային շրջանառության մասին, երբ Ադրբեջանը շարունակաբար ոտնձգություններ է կատարում սահմանին: Թուրքիայի պարագայում ևս դժվարանում եմ նման համագործակցություն պատկերացնել`պայմանավորված այդ երկրի հետ փակ սահմաններով: Ցավոք, սա ԵԱՏՄ գաղափարին հակասող իրավիճակ է: Հետևաբար, իրատեսությունը նահանջում է, այսինքն, նման դատողությունները իրատեսական չեմ համարում:

– Ադրբեջանը` Արևմուտքի ու Արևելքի, Հյուսիս, թե Հարավի հետ իր բոլոր գործարքների հիմքում դնում է ԼՂ հարցի լուծումը՝ բնականաբար, ի նպաստ իրեն: Այս տեսանկյունից վերջին շրջանում նկատվող Բաքու-Մոսկվա մերձեցումը որքանո՞վ կարող է վճռորոշ ազդեցություն ունենալ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վրա:

-Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների մերձացումը ես չեմ կարծում, որ կարող է լինել ի հաշիվ հայ-ռուսական ռազմավարական գործընկերային, բարեկամական հարաբերությունների: Այնպես, ինչպես հայ-ռուսական հարաբերությունները երբեք չեն կարող լինել ի հաշիվ Հայաստան-ԵՄ համագործակցության:

-Այսինքն, շրջանառվող այն տեղեկությունները, թե Հայաստանի թիկունքում ամեն պահ կարող է ռուս-ադրբեջանական համաձայնություն ձեռքբերվել, այսպես կոչված <օկուպացված տարածքները> Ադրբեջանին հանձնելու մասին, քաղաքական տարբեր շահերով պայմանավորված զրույցներ են:

-Ռուսաստանը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետություն` ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի հետ իր տարածած 5 համատեղ հայտարություններում երբեք նման ձևակերպում չի օգտագործել` այսպես կոչված` <օկուպացված տարածքների> մասին: Մենք գործ ունենք մի յուրօրինակ հակամարտության հետ, որն ունի կարգավորման իր տրամաբանությունը, այն է`նախ պետք է հասնել ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման լիարժեք մեխանիզմներին, ապահովել ԼՂՀ բնակչության անվտանգությունը, տալ համապատասխան երաշխիքներ, այնուհետ միայն քննարկել մնացյալ խնդիրները, որոնք ավելի հեշտ ու տրամաբանական լուծում կարող են ունենալ:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Regions, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Հարցազրույցներ, Ռուսաստան, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն