Գլխավոր » TOP, Իրավական փաստաթղթեր, Լրահոս, Հասարակություն, Հարցազրույցներ, Քաղաքականություն

Ժողովրդավարություն ապահովող կարևոր գործիքներից մեկը Ընտրական օրենսգիրքն է

Հունվար 15, 2016թ. 22:21

Հարցազրույց ԳԽ և ԱԺ նախկին պատգամավոր ԱԶԱՏ ԱՐՇԱԿՅԱՆԻ հետ

Ընտրական օրենսգրքի բարեփոխման հարցը մշտապես եղել է հայաստանյան բոլոր ժամանակների քաղաքական ուժերի պահանջը, որոնք տարբեր պահերին մշակել ու առաջարկել են Ընտրական օրենսգրքերի սեփական տարբերակները: Իսկ այսօր ի՞նչ հասկանալ Ընտրական Օրենսգրքի փոփոխություն ասելով, որն այլևս կառավարման համակարգ փոփոխող` կիսանախագահականից խորհրդարանականի անցումն ապահովող, Սահմանադրության պահանջ է:

-Ընտրական օրենսգիրքը և ընտրությունների ամբողջ գործընթացը պետք է ապահովի Հայաստանի քաղաքացիների կամարտահայտությունը, պետք է սպասարկի, տա հնարավորություն որպեսզի ժողովուրդն ազատորեն կատարի իր ընտրությունը: Այսինքն, այդ օրենքը պետք է ապահովի իշխանափոխություն: Ժողովրդավարությունը բացի խղճի, խոսքի ազատությունից, նախ և առաջ ենթադրում է խաղաղ իշխանափոխություն, որը տեղի կունենան առանց գիլիոտինի, առանց ՙիպատևյան ներքնահարկի՚ գնդակահարությունների: Այսպիսով, նոր Ընտրական օրենսգիրքը պետք է ապահովի գործող իշխանության հեռացումն ու նորի գալը` ժողովրդի կամքով: Սա որպես նախաբան:

Իսկ մեր երկրում շատ կարևոր փոփոխություն է կատարվել. եթե մենք նախկին ընտրություններում ընտրում էինք կիսանախագահական կառավարման երկիր, հիմա ընտրելու ենք խորհրդարանական կառավարման պետություն: Առաջիկա երեք տարիների ընթացքում ինստիտուցիոնալ բազմաթիվ փոփոխություններ են տեղի ունենալու: Այսօր կարևոր քայլ է Ընտրական օրենքի փոփոխությունը, այն անպայմանորեն պետք է համապատասխանեցվի նոր պետության տրամաբանությանը` նոր ինստիտուտների համար անհրաժեշտ կադրեր ապահովելով:

Ուզում եմ երկու կարևոր խնդիր վրա կենտրոնալ: Հայաստանի քաղաքացիները դեռ 1990-ին գերազանց քննություն հանձնեցին, երբ Խորհրդային միության ընտրությունների մասին օրենքով Հայաստանում ընտրեցին օրենսդիր իշխանություն, (ի դեպ, հաշվի առեք, որ այդ ժամանակ խորհրդային պետությունը խորհրդարանական էր, վարչապետին նշանակում էր խորհրդարանը` Գերագույն Սովետը): Իսկ ԽՍՀՄ այդ օրենքը ընտրությունները ազատ չանցկացնելու դասական նմուշ էին, և մեր քաղաքացիները հենց ա’յդ օրենքով ընտրեցին մի իշխանություն, որը Հայաստանի Հանրապետությունը միաձայն հայտարարեց անկախ, ժողովրդավարական, քաղաքական ազատությունների, բազմակուսակցական, բազմակարծիք պետություն:

Ասելիքս այն է, որ մեր ժողովուրդը պատրաստ է նույնիսկ վատ, անկատար Ընտրական օրենսգրքով իրականացնել դեմոկրատական ընտրություն: Այսօր ևս մենք դրան պատրաստ ենք:
Երկրորդը քաղաքական կամքն է: Ի դեպ, մեզանում քաղաքական կամք ասելով հասկանում են իշխանության կամքը, ես այդ մտքի հետ համաձայն չեմ, ես կարևորում եմ մեր քաղաքացիների քաղաքական կամքը, որի առկայությամբ Հայաստանում հնարավոր է անցկացնել ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ, այնպես, ինչպես եղավ 1990-ին: Խորհրդային Հայաստանի քաղաքացիները քաղաքական կամք դրսևորեցին ու հեղաշրջում իրականացրին: Ուրեմն, եթե կա քաղաքացիների քաղաքական կամք, ապա ցանկացած օրենքով, անգամ առանց օրենքի, հայ ժողովուրդը կարող է ընտրել իր իշխանությունը: Հետևաբար, Հայաստանում նախ պետք է լինի այն քաղաքական օրակարգը, որը կմոբիլիզացնի, մեր քաղաքացիներին և նրանք թե’ ընտրական հանձնաժողովներում, թե’ որպես դիտորդներ կամ պարզապես գործընթացին հետևող սովորական քաղաքացիրները թույլ չեն տա, որ Հայաստանում տեղի ունենա կողոպուտ, թույլ չեն տա, որ գողանան իրենց քաղաքական ձայնը: Այսպիսով, եթե կա քաղաքացիների քաղաքական կամք և կա նման օրակարգ, ապա ցանկացած օրենսգրքով էլ Հայաստանում կարելի է անցկացնել լավ ընտրություններ:

Խոսեցիք քաղաքացիների քաղաքական կամքի մասին, համոզված եք, որ այն կա, որ մեր ժողովուրդը պատրաստ է, բայց համաձայնեք` ընտրական գործընթացներում ճիշտ չէ երկրորդել իշխանության քաղաքական կամքի կարևորությունը: Այստեղ հուսախափ լինելու առիթ չե՞նք ունենա:

-Ես հույս ունեմ, որ մինչև 2017-ի ընտրությունները ՀՀ քաղաքական կյանքում տեղի կունենան այնպիսի լուրջ փոփոխություններ, որոնք մեզ թույլ կտան այս հարցում լինել լավատես: Իսկ դա տեղի կունենա այսպես. Հայաստանի Հանրապետության քաղաքացիների քաղաքական կամքը կպարտադրի քաղաքական ուժերին, ինչպես նաև գործող իշխանությանը դրսևորել քաղաքական կամքը և տեղավորվել օրենքի շրջանակներում: Հույս ունեմ, որ այս տարի մեր ներքաղաքական դաշտում դրական փոփոխություններ են լինելու:

Ի դեպ, մեկ միջանկյալ հարց. ինչպե՞ս եք վերաբերվում բոյկոտին, ինչը որոշ քաղաքական ուժերի համար դարձել է ՙսկզբունքային դիրքորոշում՚, թերևս սովորույթի ուժով որոշ ուժեր սահմանադրական բարեփոխումներից հետո հիմա էլ ԸՕ-ի մշակման գործընթացն են ուզում բոյկոտել:

-Ես բոյկոտի կողմնակից չեմ, ես չեմ ուզում, որ Հայաստանում ծավալվող ցանկացած քաղաքական գործընթացի շուրջ բոյկոտ իրականացվի: Բոյկոտ նշանակում է վետո, այսինքն` գործընթացի դադարեցում: Եթե կգա մի ուժ, որը կարող է սկսված գործընթացը դադարեցնել, ուրեմն այդ ուժը կարող է իրեն թույլ տալ բոյկոտ հայտարարելու: Իսկ եթե բոյկոտում են, որպեսզի չմասնակցեն օրակարգային գործընթացին, ես դա պարզապես անգործություն եմ համարում: Այնպես որ, եթե ես ունենամ հնարավորություն, ասապարեզ լինի, ապա անպայման ակտիվորեն կմասնակցեմ ընտրությունների մասին օրենքի մշակմանն ու ծավալվող քննարկմանը:

-Անկախացումից հետո մեր երկիրն անցել է մի քանի խորհրդարանական ու նախագահական ընտրությունների միջով, սա բավարար ժամանակահատված է համոզվելու, թե ի՞նչ մեխանիզմներ, ի՞նչ գործիքակազմեր են հարկավոր, կամ որո՞նք պետք է սրբագրվեն, որպեսզի ԸՕ-ն իրապես նպաստի ընտրական գործընթացների որակով կազմակերպմանը, քաղաքական ուժերի վստահության ամրապնդմանը: Ի՞նչ բնույթի փոփոխություններ դուք կառաջարկեք:

-Ժողովրդավարություն ապահովող կարևոր գործիքներից մեկը Ընտրական օրենսգիրքն է: Կամքը, ինքնաբուխ ժողովրդավարությունը, ազատամտությունը շատ կարևոր են, բայց նաև գործիքներ պետք է լինեն: Եվ այդ առումով Ընտրական օրենսգիրքը պետք է ներառի մի քանի, իմ կարծիքով, կարևոր դրույթներ:
Առաջին, պետք է սահմանի պատասխանատվություն. ընտրությունների արդյունքները չեն տրվում որպես պարգև, այլ մարդուն ընտրում են ծառայելու համար: Նա, ով իշխանության մեջ լինելու հայտ է ներկայացնում պետք է գիտակցի, որ գնում է ոչ թե տեր դառնալու, այլ ծառա լինելու համար: Իսկ եթե ծառան լավ չի ծառայում նրան հարկավոր է արագ հետ կանչել, վռնդել իր պաշտոնից: Ուրեմն, ԸՕ-ն պետք է անպայմանորեն ենթադրի հետկանչի մեխանիզմ` սկսած գյուղապետից, քաղաքապետից, մինչև պատգամավոր ու վարչապետ: Նրանք վատ աշխատանքի համար պետք է հեռացվեն աշխատանքից` ժողովրդի պահանջով:

Երկրորդ, պետք է սահմանափակվի պաշտոնյայի երկու անգամից ոչ ավել, չեմ ասում անընդմեջ, ընտրվելու իրավունքը: Երկու անգամ ընտրվելուց հետո թող հեռանան, թող համալրեն մեր նոմենկլատուրայի ռեզերվը, թող գնան ու զբաղվեն իրենց դասախոսությամբ, բժշկությամբ, բիզնեսով: Ես անպայմանորեն առաջարկելու եմ ԸՕ-ում նման կետ ամրագրել: Թող մեր իրավաբանները գտնեն ձևն ու սա հարմարեցնեն նոր Սահմանադրությանը:

Երրորդ, ԸՕ-ն պետք է ՙճնշում գործադրի՚ ՙԿուսակցությունների մասին՚ օրենքի վրա, որպեսզի վերջիններս դառնան երկրի մանրակերտը, այսինքն կուսակցության ղեկավար մարմինների վրա ևս պետք է տարածվի հետկանչի մեխանիզմը: Եվ այդ պահանջը պետք է գա ներքին օղակներից, կուսակցական մասնաճյուղերը պետք է կարողանան հետ կանչել վատ ղեկավարող, ձախողված կուսակցական առաջնորդին ու նրան փոխարինեն ժողովրդավարական ճանապարհով ընտրված գործունյա առաջնորդով: Սա շատ կարևոր է, այն կնպաստի, որ կուսակցություններում պետության համար անհրաժեշտ կադրեր աճեն:

-Սահմանադրության 89 հոդվածն արձանագրում է` Ազգային ժողովն ընտրվում է համամասնական ընտրակարգով. այս հարցում դեռ շատ առաջարկներ են լինելու, ի՞նչ կարսեք ռեյտինգային քվեարկությամբ համամասնական ցուցակի կազմման մասին:

-Այդ քվեարկությամբ յուրաքանչյուր պատգամավորի թեկնածու ստանում է անվանական ձայներ և հենց այդ ձայների քանակով նրան կարելի է հետ կանչել: Այսինքն, ռեյտինգային քվեարկությունը հնարավորություն է տալիս թերացող, իր կոչմանը չհամապատասխանող պատգամավորին հետ կանչել այն նույն ձայների քանակով, որով ինքն ընտրվել է: Ես լիովին կողմ եմ ռեյտինգային քվեարկությանը:

-Արդեն իսկ շրջանառվող որոշ առաջարկներում կարևոր տեղ է զբաղեցնում ընդդիմության տարիների պնդումը` ընտրություններից հետո հրապարակել ցուցակները, բոլորին հասանելի դարձնել ընտրության մասնակցածների ցանկը:

-Դա ինձ համար ամենից անկարևոր պահանջն է: Ես այն համարում եմ պարապ ժամանակվա զբաղմունք` ուրիշ ոչինչ:

-Այն դեպքում, երբ շատերը դա համարում են ընտրական գործընթացների նկատմամբ հանրության կողմից պատշաճ վերահսկողության իրականացման մեխանի՞զմ:

– Գիտեք, եթե անցկացվել է վստահելի, թափանցիկ, ազատ ընտրություններ, էլ ի՞նչ կարիք կա ընտրողների ցուցակները տպել: Դրանք տպել–չտպելը ես տասներորդական հարց եմ համարում, սա ոստիկանության, դատախազության խնդիրն է և պետք է դնել ուժային մարմինների վրա: Նրանք պետք է լինեն հետևողական, թե արդյոք խախտվե՞լ է օրենքը, պետք է ստուգեն ցուցակները, ու եթե կլինեն ընտրակեղծարարներ` պատժեն: Այնպես որ, ես ընտրացուցակները հրապարակելու չարչրկված հարցը համարում եմ ոչ քաղաքական, այն իրավական խնդիր է: Իսկ հանրության կողմից պատշաճ վերահսկողության իրականացում կլինի հետկանչի մեխանիզմի ներդրմամբ:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Իրավական փաստաթղթեր, Լրահոս, Հասարակություն, Հարցազրույցներ, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն