Գլխավոր » TOP, Արևմտյան Հայաստան, Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Ով է թուրքը, Վերլուծական, Տարածաշրջան, Ցեղասպանություն, Քաղաքականություն

Թուրքիան չի կարողանալու այս անգամ ճողոպրել

Ապրիլ 2, 2015թ. 22:35
Հայոց Ցեղասպանություն-1

Տարիներ առաջ մեկը մյուսի հետևից տարբեր երկրներում` ԱՄՆ-ում, Փարիզում, բացվեցին “Արևմտյան Հայաստանի խորհուրդ”,”Արևմտյան Հայաստանի կառավարություն”, “Արևմտյան Հայաստանի ազգային ժողով” հավակնոտ անվանումներով ինչ-որ կազմակերպություններ, որոնք ներկայացան նույնքան հավակնոտ պաշտոնատար անձանցով` Արևմտյան Հայաստանի “նախագահ”, “վարչապետ”, “Ազգային ժողովի նախագահ”, և այսպես, մի ողջ ստվերային կառավարություն:

Ու բնականաբար, հարց առաջացավ` ովքե՞ր են այդ կառույցների ստեղծողները, ո՞րն է նրանց նպատակը, նպաստո՞ւմ, թե՞ վտանգում են մեր ազգային գործին, ազնի՞վ են, թե՞ փորձում են խաղալ մեր ազգային նուրբ զգացումների վրա ինչ-ինչ նպատակների հասնելու համար:

Որոշ ժամանակ անց նրանց քայլերի ու գործերի արդյունքում իրականությունը երևաց պարզ ու թափանցիկ, և հասկանալի դարձավ, որ հավակնոտ անվանումներն ընդամենը ՙտանիք՚ են կասկածելի վարքագիծ ունեցող այդ անձանց համար, ովքեր իրականում շոումեններ են, ազգային շահերը սեփական բիզնես “ՙպրոյեկտներին” ծառայեցնող աճպարարներ: Բայց առավել ցավալին այն էր, երբ նկատեցինք, որ այդ կառույցներում կան նաև ազգային գաղափարներով տոգորված, ազնիվ հայեր ևս, ովքեր ակամա դարձել են այդ աճպարարների ձեռքի գործիքը, անգամ չգիտակցելով, որ օգտագործվում են:

Եթե ուզում ես ազգային որևէ վեհ գաղափար ոչնչացնել, սկսիր այն նախ վարկաբեկելուց. սա տարբեր երկրների հետախուզական ծառայությունների կողմից օգտագործվող հայտնի մեխանիզմներից է: Եվ ուրեմն, արդյոք այդ խամաճիկային կազմակերպությունները, ներկայանալով հավակնորտ անվանումներով ու պաշտոններով, միտումավոր չե՞ն ծիծաղելի իրավիճակ ստեղծում` ինքնաբերաբար ոչնչացնելով և’ գաղափարը, և’ նպատակը: Այս մտահոգություններն առավել սրվել են Հայոց ցեղասպանության 100-րդ ամյակի նախաշեմին, ու թեման դարձել առավել զգայուն:

Օրերս էլ Ֆրանսիայի մայրաքաղաքից լուր ստացանք, թե տեղի է ունեցել Արեւմտահայոց ազգային 4-րդ համագումարը:Հայոց ցեղասպանության վերաբերյալ պատմական փաստերի քննարկումն ու վերլուծությունը թեմայով: Մասնակիցները երկու օր քննարկել են հայկական պահանջատիրության նյութական մասը վերադարձնելու իրավական մեխանիզմները ու իրենց աշխատանքներն ավարտել հռչակագրի ընդունմամբ՝ ուղղված թուրք ժողովրդին և Թուրքիայի նախագահին: Այդ մասին քիչ անց, իսկ մինչ այդ հասկանանք, թե ովքե՞ր են այս կառույցը ներկայացնողներն ու նման պատասխանատու համագումարի կազմակերպիչները:

ՄԵԶ ՉՀԱՄԵՄԱՏԵՔ ՇԱՌԼԱՏԱՆՆԵՐԻ ՀԵՏ

“Մեզ չհամեմատեք “Արևմտյան Հայաստանի խորհուրդ”, “Արևմտյան Հայաստանի կառավարություն” անուններ կրողների հետ, նրանց կողքին մեր անունը հնչեցնելը վիրավորական է մեզ համար, որովհետև նրանք շոուներ կազմակերպողներ են”,- մեզ հետ զրույցում ասաց Արևմտահայերի ազգային համագումարի քարտուղար ՍԵՎԱԿ ԱՐԾՐՈՒՆԻՆ, հավելելով, որ իրենց կազմակերպությունը, ի տարբերություն ինքնահռչակ “կառավարությունների”, հասարակական է, ոչ կառավարական, ոչ շահութաբեր, ոչ քաղաքական ու այդպիսին դառնալու որևէ հավակնություններ չունի:

Փարիզյան 4-րդ համագումարին հրավիրված պատվիրակների շարքում եղել է նաև ՀՀԿ-ական պատգամավոր, պատմաբան ՇԻՐԱԿ ԹՈՐՈՍՅԱՆԸ: Մեզ հետ զրույցում Թորոսյանը նախ ներկայացրեց Արևմտահայերի ազգային համագումարի պատմական ակունքները, հիշեցնելով, որ առաջին անգամ Արևմտահայերի ազգային համագումար է հրավիրվել 1917-ին մայիսին` Երևանում, որի ղեկավարն էր արևմտահայ ազգային գործիչ Վահան Փափազյանը, իսկ ռազմական բաժնի պետը զորավար Անդրանիկ Օզանյանը: Առաջին Հանրապետության հռչակումից հետո` 1919-ին, կազմակեպվում է 2-րդ համագումարը, որն իր գործողությունը շարունակում Փարիզում` Պողոս Նուբար փաշայի ղեկավարությամբ:

Եվ ահա այսօր, արևմտահայության իրավունքների պաշտպանության հարցը քաղաքական սեղանին վերստին դնելու ակնկալիքով, մի խումբ անձինք դեռ 2010-ին ձեռնամուխ են լինում “Արևմտահայերի ազգային համագումար” միջազգային հասարակական կազմակերպության ստեղծմանը, իսկ 2011-ին Փարիզի Սեվր արվարձանում կազմակերպվում է Արևմտահայերի 3-րդ համագումարը: Նկատենք, որ պատմական անվանման վերականգնումն ու համագումարի անցկացման վայրը չփոխելը եղել է նպատակային`”պատմական փաստի շարունակականության ապահովան համար”:

Կազմակերպության նախագահ է ընտրվում միջազգային իրավունքի մասնագետ Սուրեն Սերայտարյանը, ով եղել է ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյա, ուր ներկայացրել է Ֆրանսիան: Ինչպես ասացինք, օրեր առաջ Փարիզում կայացավ Արեւմտահայոց ազգային 4-րդ համագումարը: Սակայն խնդիրն այն է, թե Հայոց հարցի լուծման, արևմտահայերի ոտնահարված իրավունքների պաշտպանության տեսանկյունից ի՞նչ նոր ու գործնական քայլեր, գաղափարներ է առաջարկում այս կազմակերպությունը` հաջորդաբար հրավիրվող համագումարներով:

Իհարկե գրավիչ է, որ փարիզյան վերջին համագումարը, ինչպես ներկաներն են փաստում, եղել է ներկայացուցչական, մասնակցել են 150-200 պատվիրակներ` ներկայացնելով աշխարհի տարբեր մայրցամաքներում բնակվող հայությանը: Սակայն ներկայացվածությունը որևէ արժեք չի ունենա, եթե զերծ լինի գործնականությունից:

“Ես շատ տպավորված եմ, այս ակտիվ կառույց Եղեռնի 100-րդ ամյակի նախաշեմին ոչ միայն հրավիրեց նման ներկայացուցչական համագումար, այլև Թուրքիայի սեղանին դրեց բավական հետաքրքիր հուշագիր”,- ասում է Շիրակ Թորոսյանը: Իսկ Սևակ Արծրունու գնահատամամբ իրավական արժեք ունեցեղ այդ հուշագիրը արևմտահայության իրավունքների պաշտպանության իրավական ու իրատեսական պահանջների փաթեթի հիմքն է լինելու:

Հուշագիրն ուղղվել է Թուրքիայի իշխանություններին ու Թուրքիայում բնակվող ժողովուրդներին. հիշեցնելով Օսմանյան Կայսրության ազգությամբ հայ քաղաքացիների կոտորածների, բռնի տեղահանման, բռնի ձուլման ու կրոնափոխության, ինչպես նաև, մեր մշակութային ժառանգության ոչնչացման մասին, Թուրքիայի իշխանություններից պահանջում է ցեղասպանության ենթարկված, տեղահանված հայերի ժառանգներին թույլ տալ իրացնել հայրենիք վերադառնալու իրենց անվիճարկելի իրավունքը, վերադարձնել համայնքների սեփականությունը` եկեղեցիներ, դպրոցներ, նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգությունը, տրամադրել արխիվներից` այդ թվում կադաստրային և քաղաքացիական կացության վերաբերյալ պետական արխիվներց, օգտվելու հնարավորություն, որոնք պարունակում են տեղեկատվություն հայերի կրած բարոյական և նյութական վնասների մասին:

Ի դեպ, սա ի պատասխան Էրդողանի կոչին` ուղղված հայկական սփյուռքին, թե. “Սփյո՛ւռք, Հայաստանի ղեկավարություն, մեր փաստերն այստեղ են: Դուք էլ, ինչ փաստեր ունեք, հանեք դրանք”,- կոչ անելով` գալ, ուսումնասիրել թուրքական արխիվները:

Հուշագիրը պահանջում է վերականգնել արևմտահայոց ժողովրդագրական և քաղաքակրթական ներկայությունը պատմական հայրենիքում և
փաստում` արևտմահայերը հաստատակամ են իրենց պահանջներում:

Շիրակ Թորոսյանի գնահատամամբ` համագումարի պատվիրակները, որ լուրջ մարդիկ էին, արևմտահայերի ժառանգներ ու ձգտում են հասնել արդար հատուցման, կարողացան կազմել գործնական, իրատեսական առաջարկ պարունակող փաստաթուղթ ու ներկայացնել Թուրքիային:
Պարզվեց, որ փաստաթղթի վրա աշխատել են հայաստանի միջազգային իրավունքի լավագույն մասնագետները` խորհրդակցելով այս կառույցի անդամ եվրապահայ հայտնի իրավաբանների ու միջազգայնագետների հետ: Արդյունքում ստացվել է “իրավական տեսանկյունից կուռ փաստաթուղթ` իրավական հստակ հիմնավարումներով”:

Իր հերթին ներկայացնելով հուշագիրը Սևակ Արծրունին նկատեց. այն պարունակում է երկու կարևոր շեշտադրում, նախ, որ արևմտահայությունը չի քննարկում իր հայրնիքում ապրելու հարցը` “դա ուշ, թե շուտ լինելու է”, երկրորդ, նշում է մեր նպատակին հասնելու տարբերակներ` մեկը իրավական պահանջն է, որ ներկայացվում է Թուրքիային, մյուսը` երկխոսության առաջարկը: Ի դեպ, այս առումով հետաքրքիր է առանց նախապայմանների Հայաստանի Հանրապետության հետ թուրքական սահմանի բացման պահանջը ևս:

Քիչ առաջ տեղեկացանք, որ չնայած հուշագիրը միայն վաղն է պաշտոնապես տարածվելու տարբեր լեզուներով, սակայն թուրքական 4 լրատվամիջոցներ արդեն իսկ շրջանառում են այն: Մասնավորաբար, “Զամանը” գրել է, թե Էրդողանը, որ հայտարարում էր թուրքական արխիվները բացելու մասին, հիմա ճիշտ ժամանակն է դրանք բացելու, որպեսզի թուրքերն էլ տեսնեն, թե ի՞նչ կորուստներ են ունենալու այդ արխիվների բացվելուց հետո:
Սևակ Արծրունին նկատում է` հուշագիրն արդեն իր ճամփան է հարթում Թուրքիայում. “Մեր ձեռնարկած քայլերն այնքան իրատեսական են, որ Թուրքիան չի կարողանալու այս անգամ ճողոպրել”:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Արևմտյան Հայաստան, Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Ով է թուրքը, Վերլուծական, Տարածաշրջան, Ցեղասպանություն, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն