Գլխավոր » Ադրբեջան, Արևմտյան Հայաստան, Թուրքիա, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Ով է թուրքը, Տարածաշրջան, Ցեղասպանություն, Քաղաքականություն

Թուրքիան շարունակում է իր ապակառուցողական ուղեգիծը

Փետրվար 26, 2015թ. 17:18

Թուրքագետ Արտակ Շաքարյանը Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլու՝ Բաքվում արած այսօրվա հայտարարությունը Tert.am-ի հետ զրույցում որակեց իբրև դեռևս 1990-ական թվականներից որդեգրած ռազմավարության շարունակություն, այն է՝ հայ-թուրքական հարաբերությունների պայմանավորումը երրորդ երկրի խնդրով:

«Դեռևս 1990-ականների սկզբներից Թուրքիան Ղարաբաղի խնդիրն էր առաջ բերում, իսկ Հայաստանը միշտ ասում էր՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունները չպետք է պայմանավորվեն որևէ երրորդ երկրի հետ: Հայաստանը երբեք պայման չի դրել, որ Թուրքիան Հյուսիսային Կիպրոսից դուրս բերի իր զորքերը և դա չի դարձրել որպես հայ-թուրքական հարաբերությունների նախապայման»,– ասաց նա:

«Մենք միշտ պատրաստ ենք եղել առանց նախապայմանների հարաբերություններ սկսելուն, բայց տեսանք, որ նույնիսկ հայ-թուրքական արձանգրությունների առկայության դեպքում Թուրքիան հետ չի կանգնում իր նախապայմաններից, ուստի հարաբերությունների տապալման միակ մեղավորը Թուրքիան է»,-ընդգծեց թուրքագետը:

Հիշեցնենք, որ այսօր Բաքվում Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, թե «Հայաստանը չկարողացավ անցնել անկեղծության թեստը», այդ պատճառով էլ նախորդ շաբաթ ՀՀ ԱԺ–ից արձանագրությունների հետկանչը որևէ նշանակություն չունի: Նա նաև նշել էր Ցյուրիխում ստորագրված արձանագրությունների կյանքի կոչման համար Թուրքիան նախապայման է դնում. «Հայաստանը պետք է ազատի Ադրբեջանի տարածքները»:

Թուրքագետը նշեց նաև, որ գնդակը Թուրքիայի դաշտում է, ինչի ապացույցն է թեկուզ միայն այն, որ թուրքական խորհրդարանը մինչ օրս կյանքի չի կոչել արձանագրությունները:

«Նրանց համար արձանագրությունների ստորագրումը սկզբունքորեն էական չէր, դրանց առկայությունն էր կարևոր: Թուրքական կողմն ամեն ինչ անում էր արձանագրությունները սեղանի վրա պահելու համար և Հայաստանի խորհրդարանից հետ կանչումը նյարդայնացնում է նրանց»,- ասաց նա և ընդգծեց, որ Թուրքիան ամեն ինչ անելու է հայ-թուրքական արձանագրությունները կենդանի պահելու ուղղությամբ:

Թուրքագետ Լևոն Հովսեփյանը Tert.am–ի հետ զրույցում ասաց, որ Թուրքիան իր այս տարիների քաղաքականությամբ հայ–թուրքական մերձեցման գործընթացը տարել է տապալման և հիմա փորձում է ցույց տալ աշխարհին, որ Հայաստանն է հետ քայլ կատարում:

«Այս ողջ գործընթացի ձախողումը բացառապես Թուրքիայի պատճառով է, որովհետև այս վեց տարիների նրանց գործունեությունը ուղղված էր հենց տապալելուն, Թուրքիան դա ապացուցեց գործով: Նրանց ներկայումս այլ բան չի մնում, քան աշխարհին նմանատիպ հայտարարություններով ցույց տալ, թե իրենք պատրաստ են շարունակել գործընթացը»,– ասաց նա:

Թուրքագետն ընդգծեց, որ այս տարիների ընթացքում հայ-թուրքական արձանագրություններին ուղղված որևէ կառուցողական քայլ Թուրքիան չի արել: Ավելին՝ հենց սկզբից միշտ խոսել է նախապայմանների լեզվով:

«Պետք է նշել միաժամանակ, որ Թուրքիայի համար հայկական կողմի որոշումը անակնկալ չէր, բայց այս հանգամանքը իրենք դեռ երկար կշահարկեն՝ ցույց տալով, թե գնդակը Հայաստանի դաշտում է: Մի բան միանշանակ է. Թուրքիան ցույց է տվել՝ որն է իր քաղաքականությունը և իրական մտադրությունները, դրանք են՝ շատնաժի լեզվով խոսելը և ճնշումների մեխանիզմների բանեցումը»,-ասաց նա:

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Ադրբեջան, Արևմտյան Հայաստան, Թուրքիա, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Ով է թուրքը, Տարածաշրջան, Ցեղասպանություն, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն