Գլխավոր » TOP, Արևմտյան Հայաստան, Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Հարցազրույցներ, Ով է թուրքը, Ցեղասպանություն, Քաղաքականություն

Թուրքիայի տնտեսությունը զարգանում է նաև հայերից բռնազավթված ունեցվածքի հաշվին. Արմեն Մարուքյան

Մայիս 4, 2015թ. 23:18
Արմեն մարուքյան

Այսօր Թուրքիայի տնտեսությունը զարգանում է նաև հայերից բռնազավթված ունեցվածքի հաշվին, իսկ ցեղասպանված ժողովրդի ունեցվածքին տեր կանգնելը նույնպես հանցագործություն է, ինչպես օրինակ սպանված մարդու դրամապանակը գողանալը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Ցեղասպանության պատմության բաժնի վարիչ Արմեն Մարուքյանը՝ ավելացնելով, որ Հայոց ցեղասպանության հետևանքով ոչ միայն մարդկային, այլ նաև նյութական կորուստներ են եղել, ունեզրկում է տեղի ունեցել:

«Մենք` խնդրի վերջնական լուծման համար ունենք հանգրվանային մոտեցում: Մինչև հանցագործ կողմը չի ճանաչել կատարված փաստը, խոսել պահանջատիրությունից դեռևս վաղ է: Այսինքն՝ առաջնահերթ պետք է հասնենք նրան, որ Թուրքիայի Հանրապետությունն ընդունի կատարված հանցագործությունը»,- ասաց նա և նկատեց, որ, ըստ էության, Թուրքիան հենց դրանից էլ խուսափում է, քանի որ գիտի, որ այդ ճանաչումը հանգեցնելու է հետևանքների հաղթահարմանը:

Ինչ վերաբերում է պահանջատիրությանը, ապա Արմեն Մարուքյանն ակնհայտ համարեց, որ խնդիրը պետք է տեղափոխվի իրավական հարթություն` միջազգային դատական ատյան: «Հարցը նրանումն է, որ սփյուռքը չի կարող դիմել ՄԱԿ-ի միջազգային դատարան, որովհետև չի հանդիսանում միջազգային իրավունքի սուբյեկտ»,-ասաց նա և նշեց, որ նրանք անհատական մակարդակով կարող են դիմել թուրքական դատարաններ, իսկ մերժվելու դեպքում` եվրոպական դատարան:

«Սակայն դրանք անհատական պահանջներ են, հավաքական համազգային պահանջ սփյուռքը իրավասու չէ ներկայացնելու: Ի վերջո` համազգային պահանջը պետք է ներկայացնի հայկական պետությունը»,-ասաց նա:

Արմեն Մարուքյանն անդրադարձավ նաև մեր պահանջատիրության խնդրի ձևակերպմանը և նկատեց.«Խոսքը ոչ թե թուրքական հանրապետությանը տարածքային պահանջ ներկայացնելուն է վերաբերում, այլ հայ ժողովրդի իրավունքների վերականգնմանը իր հայրենիքի նկատմամբ: Երբ ասում ես, որ տարածքային պահանջ ունես, դա միջազգային հանրության կողմից դիտվում է որպես ագրեսիվ քայլ, սակայն մենք Թուրքիայից տարածք չենք պահանջում, այլ պահանջում ենք այն իրավունքի վերականգնումը այն հայրենիքի նկատմամբ, որը Թուրքիային չի պատկանում»:

Նրա խոսքով՝ հայերն առաջին հաջողություններն ունեն և հանգրվանային ձևով հերթականությամբ բոլոր հարցերը պետք է լուծվեն: «Վերջին տեսլականը` Հայոց ցեղասպանության հետևանքների ամբողջական վերականգնումն է, եթե մենք դա չունենք, ցեղասպանության հետևանքները հաղթահարված համարել չենք կարող»,- ասաց նա:

Մասնավորապես Սիսի նստավայրի պահանջը նա դրական և շատ կարևոր հարց համարեց.«Արամ Առաջինը մեկ անգամ չէ, որ ասել է, թե դա եկեղեցապատկան գույքի նկատմամբ պահանջ է, ինչն, անշուշտ, մերժվելու է Թուրքիայի ՍԴ-ի կողմից, սակայն հնարավորություն կա մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմել և հասնել Թուրքիայի ՍԴ-ի ընդունած որոշման բեկանմանը: Եթե մենք այս կարևոր դատական գործողության մեջ ունենանք առաջին հաջողությունը, սա շատ լավ նախադեպային հիմք կլինի, որ կարողանանք այլ առումներով ընթացք տալ մեր պահանջներին»:

Արմեն Մարուքյանը կարևոր համարեց նաև այն հանգամանքը, որ Հայոց ցեղասպանությանը զուգահեռ բնաջնջվել են նաև այլ ազգի ներկայացուցիչներ, ինչը ցույց է տալիս` Թուրքիայի ցեղասպան պետություն լինելու հանգամանքը և պայքարի արդյունավետությունը բարձրացնում է: «Այսինքն` ստեղծվում է ավելի մեծ ճակատ` օսմանյան կայսրության և Թուրքիայի կողմից ցեղասպանված և տուժած ժողովուրդների, որոնք համագործակցության շնորհիվ ավելի մեծ շանսեր ունեն առաջ գնալու, քան միայնակ»,- ասաց նա:

Ըստ նրա` Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախօրեին մեր պետական կառույցները քաղաքական կամք արտահայտեցին Ցեղասպանության ճանաչման հարցում` բեկում մտցնելու առումով:

«Հարյուրերորդ տարելիցի բեկումը համարում ենք այն, որ հստակ արձանագրում ենք հեռահար մեր նպատակը` պահանջատիրությունը, հատուցման խնդիրը: Բեկումն այն է, որ մենք ազգովի եկել ենք հանգրվանի, որ վերջնական նպատակը միջազգային ճանաչումը և դատապարտումը չէ, այլ հետևանքների վերացումն է: Ես կարծում եմ, որ այսուհետ զարգացումները պետք է շատ ավելի արագ տեղի ունենան, քան մինչ այդ, որովհետև մինչ 91 թվականը` այս հարցը ոչ թե պետությունն էր առաջ մղում, այլ սփյուռքը: Հիմա արդեն տասնապատկված հնարավորություններ կան»,-ասաց նա և ավելացրեց, որ նկատի ունի արցախյան հերոսամարտում հաղթած կողմ լինելը, անկախ երկու պետություն, միջազգային բարենպաստ ֆոն ունենալը, ինչը պետք է օգտագործել:

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Արևմտյան Հայաստան, Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Հարցազրույցներ, Ով է թուրքը, Ցեղասպանություն, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն