Գլխավոր » Interview, Արևմտյան Հայաստան, Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Հարցազրույցներ, Ով է թուրքը, Տարածաշրջան, Ցեղասպանություն, Քաղաքականություն

Եվրոպան պետք է համարժեք պատասխան տա Թուրքիայի հոխորտանքներին

Ապրիլ 14, 2015թ. 22:05
Արմեն մարուքյան

Հարցազրույց պատմաբան ԱՐՄԵՆ ՄԱՐՈՒՔՅԱՆԻ հետ

-Հռոմի պապն իր մատուցած պատարագով ու հնչեցրած հայտարարությամբ փաստեց, որ անկախ քաղաքական հանգամանքներից մարդկության պարտքն է ճանաչել և դատապարտել 20-րդ դարի առաջին` Հայոց ցեղասպանությունը: Ի՞նչ սահման գծեց կաթոլիկ եկեղեցու առաջնորդն իր հայտարարությամբ, ի՞նչ նոր գործընթացների ականատես ենք լինելու հետայսու:

-Առաջին անգամ չէր, որ կաթոլիկ եկեղեցու բարձրաստիճան հոգևոր առաջնորդը նման հայտարարություն է անում: Ի դեպ, մեր երկու կաթողիկոսները` Գարեգին Բ-ն ու Արամ Ա-ն Վատիկանում հնչեցրած իրենց ելույթներում հիշատակեցին այն մասին, որ դեռևս 1915թ. Հռոմի պապ Բենեդիկտոս XV-ը նամակ է հղել թուրք սուլթան Մեհմեդ V-ին, որով կոչ է արել դադարեցնել հայերի զանգվածային կոտորածները: Հովհաննես Պողոս Բ պապը ևս 2001-ին ճանաչել ու դատապարտել է Հայոց ցեղասպանությունը: Եվ ահա, 100-րդ տարելիցի նախաշեմին դարձյալ հնչեց կաթոլիկ եկեղեցու քահանայապետի ձայնը. Ֆրանցիսկո պապը հայտարարեց` Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է, ասվածը 100-ամյա ապրիլ 24-ին ընդառաջ աննախադեպ է, այն ուղերձ է հարսցեագրված եվրոպական այն երկրներին, որոնք պայմանավորված Թուրքիայի հետ ունեցած տարբեր կապերով, այդ թվում տնտեսական, երկմտում են կատարված ողբերգությունն իր անունով կոչելու:

Վատիկանում հնչած հայտարարությունը ոչ թե նորի սկիզբ է, այլև շարունակությունն է այն ճանապարհի, որը Հայաստանը դրեց դեռ այս տարվա սկզբին` հունվարի 29-ին ընդունված Համահայկական հռչակագրով: Ինչը ես համարում եմ որակական նոր քայլ:

Իսկ այն, ինչ տեղի ունեցավ Վատիկանում Հայաստանի դիվանագիտության, մեր սփյուռքյան կառույցների, մեր հոգևոր դասի, նաև Մխիթարյանների միաբանության ջանքերի շնորհիվ էր: Կարողացանք բոլոր հնարավորություններն օգտագործել ու արձանագրել այս հաջողությունը:

-Չե՞ք կարծում, որ Պապի հայտարարությունից հետո այլևս լուրջ չէ, որ հայությունը շարունակի Հայոց ցեղասպանության զուտ ճանաչման գործընթացը, քանզի սկսվում է մի նոր փուլ` հատուցման, պահանաջատիրության փուլը:

-Նոր փուլը Հռոմի պապի պատարագով ու հայտարարությամբ չսկսվեց, այն, ինչպես արդեն ասացի, սկսվել է այս տարվա սկզբին ընդունված Հռչակագրով, որում մենք ազգովի արձանագրել ենք, որ հետայսու մեր պայքարն ուղղվելու ենք ոչ միայն ու ոչ այնքան Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը, որքան այդ հանցագործության հետևանքների հաղթահարմանը, այսինքն` պահանջատիրությանը: Իսկ Պապի պատարագն ու խոսքը տեղավորվում է Հայաստանի կողմից հայտարարված նոր փուլի տրամաբանության մեջ: Հայաստանի խորհրդարանի ընդունած ասորիների ու հույների ցեղասպանության մասին բանաձևը դարձյալ նույն տրամաբանության, ռազմավարության մեջ է տեղավորվում: Մենք դրանով փաստում ենք, որ Օսմանյան կայսրությունն ու նրա իրավահաջորդ Թուրքիայի Հանրապետությունն իր բնույթով ցեղասպան պետություն են և նման գործողություններ իրականացրել են ոչ միայն հայ ժողովրդի, այլև մյուս տեղաբնակ ժողովուրդների նկատմամբ: Սա կարևոր շեշտադրում է, դրանով մենք արևմտյան երկրներին հասկացնում ենք, որ ի դեմս Թուրքիայի գործ ունենք ցեղասպան պետության հետ, որը ոչ միայն հայերի նկատմամբ է ցեղասպանություն իրականացրել, այլև հույների, ասորիների, այսինքն խնդիրը համամարդկային է: Ուրեմն, Թուրքիայի Հանրապետությունը պետք է պատասախանատվության կանչվի որպես մարդկության դեմ հանցագործություն իրականացրած պետություն:

-Հայերս հաճախ հույսեր ենք փայփայում, թե Թուրքիայում տեղի են ունենում դրական տեղաշարժեր, որ այդ երկիրը վերափոխվում է, հետևաբար, կգիտակցի, կհրաժարվի իր ժխտողական քաղաքականությունից, ճանաչելով Հայոց ցեղասպանությունը կազատվի ցեղասպան անցյալից: Սակայն, Թուրքիայի ջղաձիգ արձագանքները ապացուցեցին ճիշտ հակառակի մասին:

-Մինչ Վատիկանում հայտնի պատարագի մատուցումը թուրքերը դիմել էին տարբեր ճնշումների` կանխելու Պապի քայլը, անգամ Ադրբեջանի նախագահ Ալիևն էր գորգ նվիրել Հռոմի պապին: Բայց այդ բոլոր ճնշումները փաստորեն ի դերև եղան, կարծում ,եմ այդ ճնշումներն անգամ բումերանգի էֆեկտ ունեցան, դրանք ավելի ամրապնդեցին պապի կամքը:
Իսկ Հռոմի պապի հայտարարությունից հետո թուրքական կողմի ջղաձգումներն ու էմոցիոնալ հայտարարությունները խոսում են այն մասին, որ թուրք վերնախավի որդեգրած ռազմավարությունը տալիս է իր առաջին ճաքերը: Կան նաև նախանշաններ, որ Գալիպոլլիի միջոցառումը ևս կիսաձախողված է, որովհետև սպասվելիք արդյունքը չի լինելու ու այլընտրանք ստեղծել չի հաջողվելու: Այս ամենը խոսում են այն մասին, որ քարոզչական, տեղեկատվական պատերազմում թուրքական կողմը կրում է իր առաջին պարտությունը, ու պետք է մտածի նոր մարտավարական քայլերի մասին, որպեսզի կարողանա խուսափել իր իմիջը վնասող կորուստներից: Թուրքական ջղաձգումները նաև նշանակում են, որ մենք ճիշտ նշանակետին ենք խփում, որ ճիշտ ճանապարհի վրա ենք, բայց չպետք է բավարարվենք ձեռքբերածով, ինչպես նաև շատ չոգևորվենք այս հաջողություններով, այլ ավելի համառորեն շարունակենք մեր պայքարը:

-Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է.<Դիմում եմ Պապին, և քրիստոնյա համայնքին, եթե մենք սկսենք պատմական բանավեճերը, իմացեք ամոթալի փաստեր կլինեն հենց Եվրոպայի պատմությունից>: Սա ի՞նչ է` Եվրոպային ուղղված մարտահրավե՞ր:

-Դա ընդամենը նշանակում է, որ թուրքական իշխանություններն իրականացնում են շանտաժի, սպառնալիքի նույն գործելաոճը: Եվ այժմ Եվրոպան պետք է որոշի` ենթարկվել Թուրքիային ու նորից դառնալ թուրքական շանտաժի խաղալիքը՞, թե՞ Հռոմի պապի նման համարձակություն ունենալ և արժանի պատասխան տալ մի երկրի, որը որևէ կապ չունենալով ժողովրդավարական արժեքների հետ փորձում է դասեր տալ առաջատար երկրներին: Եվրոպան Թուրքիայի վարչապետի հոխորտանքին պետք է համարժեք պատասխան տա, ինչը պետք է արտահայտվի ոչ միայն համապատասխան բանաձևերի ընդունմամբ, այլև հայ ժողովրդին` իր արդար պահանջատիրության հարցում սատարելով:

Այն, ինչի ականատեսն ենք 100 ամյակին ընդառաջ, թո՞ւյլ է տալիս մեզ եզրահանգելու, որ աշխարհի քաղաքական իրավիճակը նպաստավոր է դառնում հայության համար:

-Պետք չէ ընկնել ծայրահեղության գիրկը: Իհարկե, 100-րդ տարելիցը կարևոր խորհրդանշական փուլ է, և այն պետք է լինի բեկումնային ոչ թե ճանաչման, այլ հետևանքների հաղթահարման գործընթացում: 100-րդ տարելիցը հարմար պահ է եղանակ փոխելու համար, ինչի ուղղությամբ աշխատանքներ են տարվում: Բայց ասել, թե արդեն բարենպաստ իրավիճակ է ստեղծվել իրավական պահանջներ ներկայացնելու համար, որ համաշխարհային քաղաքականության բոլոր ակտիվ դերակատարները միանշանակորեն ողջունում են ու պատրաստ են սատարել մեր քայլերը` այդպես չէ:

Կա Մեծ Բրիտանիայի նման երկիր, որի թագավորական ընտանիքը պատրաստակամություն է հայտնել մասնակցելու Գալիպոլիի միջոցառմանը` ի ամոթ այդ երկրի, որովհետև այդ ճակատամարտում զոհվել են բրիտանացի զինվորներ: ԱՄՆ-ում ևս կան ուժեր, որոնք թուրքական տարբեր կառույցների հետ համագործակցելով լուրջ հակազդեցություն են իրականացնում: Այսինքն, մենք դեռևս բավականին անելիք ունենք, որպեսզի կարողանանք ստանալ մեզ համար բարենպաստ աշխարհաքաղաքական իրավիճակ: Թուրքիան կամավոր չի ուզում հարցին լուծում տալ, ու նման իրավիճակում մեր հարցը միայն միջազգային իրավական գործընթացի միջոցով կարող է լուծվել: Մինդեռ այսօր չկա այն բավարար քաղաքական ռեսուրսը, որը թույլ կտա դատարանին խուսափելու Թուրքիայի ու իր համախոհների ճնշումներից:

-Մինչ Հայաստանը քայլ առ քայլ առաջ է գնում Հայ Դատի` մեր պահանջատիրության հարցում, կա մի ուժ, որը առիթը բաց չի թողնում կատարվողը քննադատելու, ժողովրդին հուսահատեցնելու, անգամ վախ ներշնչելու, թե մեր պահանջատիրության արդյունքում տանուլ ենք տալու` արժանանալով թուրքական բարկությանը: Ի՞նչ անուն տալ ՀՀՇ-ՀԱԿ-ական այս խեղկատակությանը:

-90-ականների սկզբին էլ էր այդ քաղաքական ուժը առաջին պլան մղում թուրքական սպառնալիքը, նրանք դեմ էին, որ հռչակագրի տեքստում Հայոց ցեղասպանության մասին հիշատակում լինի: Սակայն, ի պատիվ Գերագույն խորհրդի պատգամավորների, Հռչակագրի 11-րդ կետով այն ամրագրվեց: Գիտեք, անընդհատ սպառնալիքի, վախի մթնոլորտ ստեղծելով ոչ թե օգուտ ես տալիս, այլև հակառակը: Մեր ժողովուրդը հազիվհազ ցանկանում է դուրս գալ ցեղասպանված ժողովրդի բարդույթից ու մտնել պահանջատիրոջ կերպարի մեջ, իսկ վախի մթնոլորտ սերմանողները նպատակ ունեն խոչընդոտել այս գործընթացին:

Համահայկական հռչակագրից հետո կա որոշակի կենսոլիդացիա, քայլերը կատարվում են համակարգված, տրամաբանված, կա ռազմավարություն: Ուրեմն, ցանկացած այլ քայլ, որով փորձ կարվի ձախողել կատարվող քայլերի հաջորդականությունը` կնշանակի ծառայություն մատուցել Թուրքիային:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Interview, Արևմտյան Հայաստան, Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Հարցազրույցներ, Ով է թուրքը, Տարածաշրջան, Ցեղասպանություն, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն