Գլխավոր » Politics, Ադրբեջան, Թուրքիա, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Հարցազրույցներ, Տարածաշրջան, Ցեղասպանություն, Քաղաքականություն

Հայաստանը երբեք չի գնա Թուրքիայի կողմից առաջ քաշվող նախապայմանների բավարարման ճանապարհով

Փետրվար 27, 2015թ. 12:22
Սամվել Նիկոյան

Հարցազրույց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆԻ հետ

Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Բաքվում կայացած հանդիպման ժամանակ չշրջանցվեց ԼՂ հիմնահարցը. Չավուշօղլուն ասել է, թե Թուրքիայի արտաքին գերատեսչության գերակա ուղղությունն է Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանումը: Ապա միջազգային հանրության ականջին հասցրել բազմիցս ասվածը, թե ԼՂ հիմնախնդիը սպառնում է վտանգել տարածաշրջանի անվտանգությունը: Թուրքական նման հայտարությունները բնավ նորություն չեն, բայց թուրք ղեկավարները հենց այնպես չեն կրկնվում, արդյոք, ինչ-որ փուլում դրանք չե՞ն կարող ունենալ վտանգավոր հետևանքներ:

– Այն, ինչ ասում են Թուրքիայի ղեկավարները, այդ թվում և Չավուշօղլուն, այո, ամենևին նորություն չէ, ոչ միայն մեր, այլև միջազգային հանրության համար: Բանն այն է, որ Ադրբեջանը վայելում է Թուրքիայի անվերապահ աջակցությունը՝ տնտեսական հարցերից սկսած, մինչև ռազմական, միջազգային բոլոր կազմակերպություններում իր թիկունքին զգում է Թուրքիայի պաշտպանությունը:

Սակայն համաձայն եմ նաև ձեր այն դիտակմանը, թե դրանք կարող են ինչ-որ պահի նաև վտանգավոր հետևանքներ ունենալ: Այդ մտավախության համար հիմք կա այնքանով, որքանով թուրքական կրկնությունների մեջ կան շանտաժի տարրեր: Այսինքն, Թուրքիան այսօր անվերջ կրկնելով այդ մտքերը ուզում է ասել, եթե տարածաշրջանում երբևէ իրավիճակը դառնա պայթյունավտանգ, ապա դրա մեղավորը հայերն են: Եվ այս առումով, կրկնում եմ, կա մտահոգություն:

Տեսեք, Թուրքիան հայտարարում է, թե իրենք ևս ուզում ենք, որ ԼՂ հիմնահարցը խաղաղ լուծում ստանա, սակայն միանգամից էլ վրա են բերում՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության սահմաններում: Սա ոչ կառուցողական մոտեցում է: Թուրքիան մշտապես խոսում է այն մասին, որ ԼՂ հակամարտությունը վտանգում է տարածաշրջանը, նպատակն այն է, որ սևացնի Մինսկի խմբի գործընթացն ու փորձի հիմնախնդրի լուծման հարթակ դարձնել ՄԱԿ-ն ու ԵԱՀԿ-ն: Սա էլ հասկանալի է, նպատակ ունեն այս հարթակներում շրջանցել ազգերի ինքնորոշման դրույթն ու խնդիրը քննարկել բացառապես տարածքային ամբողջականության սկզբունքի շրջանակներում: Բարեբախտաբար, թե ՄԱԿ-ը, թե ԵԱՀԿ-ն, չեն արձագանքել թուրքական ցանկություններին: Ես էլ այժմ առիթը բաց չթողնելով ասեմ, որ տարածքային ամբողջականության դրույթը վերաբերվում է ԵԱՀԿ-ի կամ ՄԱԿ-ի կողմից ճանաչված պետությունների միջև փոխհարաբերություններին: Այսինքն, խոսքը պետությունների սահմանների անխախտելիության մասին է, այդ դրույթը շարադրված է շատ հստակ. <Մասնակից պետությունները միմյանց սահմանները համարում են անխախտելի ….>: Երբեք հայկական կողմը Ադրբեջանի տարածքների նկատմամբ որևէ ոտնձգություն չի կատարել, ի տարբերություն Ադրբեջանի:

Ինչ վերաբերում է ազգերի ինքնորոշման սկզբունքին, ապա Արցախի ժողովուրդն իր ինքնորոշման իրավունքն իրականացրել է անթերի, Հելսինկյան եզրափակիչ ակտում ազգերի ինքնորշման իրավունքին վերապահված բոլոր դրույթների համաձայն:

Այն, ինչ Թուրքիայի, Ադրբեջանի ղեկավաներն այսօր ասում են՝ ելնելով իրենց կրոնական, գենետիկ ընդհանրություններից, պանթուրքիզմի գաղափարախոսությունն առաջ մղելու մտադրությունից, հավատացեք, որ աշխարհը, Արևմուտքը այլևս դա շատ լավ են հասկանում: Կարևորն այն է, որ բոլորը հստակ ընկալում են, որ Հայաստանը երբեք չի գնացել կրոնական բախումների ու այսօր ունի մեկ խնդիր՝ դա ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքի պաշտպանությունն է, ինչը լիովին ընկալելի է Արևմուտքի կողմից, քանի որ մենք խոսում ենք նրանց համար հասկանալի լեզվով՝ միջազգային սկզբունքներին համապատասխան:

-Թուրքիան, այնուհանդերձ, շարունակում է խաղարկել. հաշվի առնելով Արևմուտքի շահագրգռվածությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում Չավուշողլուն ասել է, թե Ցյուրիխյան արձանագրությունները կյանքի կկոչվեն, Հայաստանին կներգրավենք տարածաշրջանային ծրագրերի մեջ, եթե Ադրբեջանին հանձնվեն <օկուպացված տարածքները>: Արևմուտքը որպես շահագրգիռ կողմ կարող է՞ Հայաստանին պարտադրել գնալ զիջումների:

-Ոչ: Բացատրեմ, թե ինչո՞ւ: Արևմուտք ասելով, տվյալ դեպքում, հասկանում ենք ԱՄՆ-ին, Շվեյցարիային ու Ռուսաստանին, քանի որ ցյուրիխյան արձանագությունների թիկունքում կանգնած են այս երեք երկրները, հիմնականում՝ ԱՄՆ-ը: Սակայն ԱՄՆ-ը բազմիցս հայտարարել է, որ արձանագրությունների հիմքում որևէ նախապայման դրված չի եղել, որ Թուրքիայի կողմից ինչ-որ պայմանների առաջ քաշումը նշանակում է պայմանավորվածությունների խախտում: ԱՄՆ-ը ամենաբարձր մակարդակով հայտարարել է, որ Թուրքիան կեղծում է, ստում:

Չնայած այդ ամենը հստակ ասվեց և՛ Հայաստանի նախագահի, և՛ ԱՄՆ-ի ու Շվեյցարիայի բարձրաստիճան ղեկավարության կողմից, բայց միևնույն է, Թուրքիան շարունակում է պարբերաբար կրկնել նույն մտքեր, որոնք ոչ աշխարհը, ոչ Հայաստանը երբեք չեն կարող լուրջ համարել:

Մյուս կողմից, բոլորի համար հասկանալի է, որ Հայաստանը երբեք չի գնա Թուրքիայի կողմից առաջ քաշվող որևէ նախապայմանի բավարարման ճանապարհով: Տեսեք, Հայաստանն ունի բազմաթիվ հարցեր, որոնք կարող է դնել Թուրքիայի առաջ որպես նախապայմաններ, բայց չգնաց այդ ճանապարհով, կնշանակի Թուրքիան որևէ իրավունք չունի խոսել նախապայմանների լեզվով:

-Նախագահ Սարգսյանի՝ արձանագրությունները խորհրդարանից հետ կանչելու որոշումը համարվեց ճիշտ ու ժամանակին արված, սակայն առաջին քայլ, որին պետք է հաջորդի երկրորդը, այսինքն՝ արձանագրություններից Հայաստանի ստորագրության հետկանչը: Ի՞նչ կասեք այս առնչությամբ:

– Միջազգային հանրությունը լրջագույն ջանքեր գործադրեց հասնելու այդ արձանագրությունների ստորագրմանը, ԱՄՆ-ը իր հեղինակությունը դրեց դրա իրականացման համար: Նա խիստ շահագրգռված էր, որ կարգավորվեին հայ-թուրքական հարաբերությունները, սակայն ԱՄՆ-ը նաև հասկացավ, որ Թուրքիան ոչ կառուցողական դիրքորոշում ունի ու որքան էլ փորձեց նրան բերել կառուցողական դաշտ՝ չստացվեց: Թուրքիան մնաց Ադրբեջանի շահերի պաշտպանի դիրքերում, ինչն անընդունելի է և՛ ԱՄՆ-ի, և Շվեցարիայի համար: Հայաստանի նախագահի կողմից արձանագրությունները խորհրդարանից հետ կանչելու որոշումը հետևյալ նպատակն ուներ, այդ կերպ Հայոց ցեղասպանության 100- ամյակի նախօրեին հստակ արտահայտվեց մեր դիրքորոշումը, ասվեց՝ Թուրքիան ցեղասպան պետություն է՝ Օսմանյան կայսության ժառանգորդը:
Սակայն, մյուս կողմից էլ Հայաստանը հարգելով միջազգային հանրության այդ ուղղությամբ գործադրած ջանքերը, նախընտրեց մինչև վերջ մերժողական կեցվածք չընդունել: Ու արձանագրություններից հետ չկանչելով ստրագությունները միջազգային հանրությանն ասաց՝ մենք հարգում ենք ձեր ջանքերը, և չենք ուզում այդ կամուրջն ամբողջովին այրել: Փաստորեն դա վերաբերունք էր ուղղված միջազգային հանրության ջանքերին:

Այն, որ ԱՄՆ փոխպետքարտուղար Նուլանդն առաջարկեց մարդասիրական ժեստ կատարել ու Ադրբեջանին վերադարձնել դիվերսանտներին, դրանում չկա՞ մեր մեղքի բաժինը, որ անհրաժեշտ չափով չենք ներկայացրել, թե ովքե՞ր են դիվեսանտները: Իսկ նրանք ոչ թե գերիներ են, այլ ծանր հանցագործություն կատարած անձինք, որոնց հանդեպ ԼՂՀ-ն արդեն իսկ մարդասիրություն է դրսևորել՝ իրականացնելով քաղաքակիրթ երկրին վայել դատավարություն:

-Կարծում եմ, մենք անհրաժեշտ հնարավորությունն ունեցել ենք այդ տեղեկատվությունը փոխանցելու, և դա արվել է: Այլ բան է, թե այն որքանո՞վ է հետաքրքրել միջազգային հանրությանը, ի՞նչ չափոց են ցանկացել օգտվել այդ տեղեկատվությունից: Բացի այդ, յուրաքանչյուր երկրի դիվանագետ այցելելով տարածաշրջան փորձում է ինչ-որ խնդիր լուծել: Նուլանդը նման հայտարարություն արեց հրապարակավ՝ ասուլիսում, բայց ես կարծում եմ, որ Հայաստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ նա նման խնդիր ամենևին չի բարձրացրել՝ լավ հասկանալով ադրբեջանական կողմի առաջարկած անհեթեթությունը:

-Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը հայության միասնությունն արտահայտող բացառիկ փաստաթուղթ է: Այս առումով, ինչպե՞ս կմեկնաբանեք Լևոն Տեր-Պետրոսյանի հրապարակավ արտահայտած քամահրական վերաբերմունքը փաստաթղթի հանդեպ:

-Հռչակագիրը, իրոք բացառիկ է, դրա կազմմանը մասնակցել են հայկական բոլոր կառույցները՝ Հայաստանից մինչև Արցախ ու Սփյուռք, աշխարհիկից մինչև հոգևոր:

Ես նորմալ կհամարեի, եթե առաջին նախագահը փորձեր իր տեսակետներն արտահայտել, ներկայացնել մինչև փաստաթղթի հրապարակումը, ու դա շատ լավ կլիներ: Սակայն նման կարևոր փաստաթղթի ընդունումից հետո հրապարակավ բացասական կարծիք հայտելը ոչ միայն անիմաստ էր, այլև վնասակար: Նախագահ Սարգսյանն իր պատասխան նամակում Տեր-Պետրոսյանին շատ պարզ բացատրեց այն ճանապարհը, որով անցել է հռչակագիրը մինչև ընդունումը ու կտրականապես մերժեց նրա որակումները:

Նաև ասաց, որ սրանից հետո բազմաթիվ տեսակետներ, կարծիքներ են հնչելու, որոնք պետք է հաշվի առնվեն: Տեր-Պետրոսյանի առաջարկները ևս համարեց քննարկվող, նաև ընդունեց դեն առ դեմ հանդիպման առաջարկը: Մինչդեռ Տեր-Պետրոսյանը այն մերժեց :

Այս ամենը փաստեցին, որ Լևոն Տեր-Պետրոսյանի նպատակը ընդամենը մեկն էր՝ հրապարակավ մրոտել այդ կարևոր փաստաթուղթը, և ուրիշ ոչինչ: Ինչն անթույլատրելի է:Կատարվածը դարձյալ ապացուցեց, որ առաջին նախագահը մեր համազգային խնդիրների շուրջ անընդունակ է որևէ կառուցողական մոտեցում ցուցաբերել: Ես դա ցավով եմ փաստում, մինչդեռ շատ կուզենայի, որ իմ երկրի բոլոր նախագահները մնային Հայաստանի Հանրապետության նախագահի բարձր կոչմանը հավատարիմ ու որևէ ներքաղաքական կամ ինչ-ինչ անձնական հաշվարկներ վեր չդասեին այդ կոչումից:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Politics, Ադրբեջան, Թուրքիա, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Հարցազրույցներ, Տարածաշրջան, Ցեղասպանություն, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն