Գլխավոր » TOP, Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հասարակություն, Վերլուծական, Տարածաշրջան, Քաղաքականություն

Ուղեղներ լվանալու մեծ վարպետ Լեւոն Տեր-Պետրոսյանը

Մարտ 23, 2017թ. 17:29
ԼՏՊ

Այն, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը ուղեղներ լվանալու մեծ վարպետ է՝ նորություն չէ։ Բայց որ անհուսալիորեն խճճվել է Ղարաբաղի հարցից ու Ղարաբաղից օր առաջ եւ ցանկացած գնով ազատվելու թեզն իբր հիմնավորող սին փաստարկների մեջ, նույնպես կասկած չի հարուցում։
Իսկ հիմնավորումները դարձյալ նույնն են՝ 1997-ին իր սկ թեթեւ ձեռքով շրջանառության մեջ դրված, ադրբեջանական կողմի քարոզչական հիմնադրույթները մեկին մեկ կրկնող նույն սպառնալիքները, առ այն, որ վայրկյան առաջ խաղաղության համաձայնագիր կնքելու (իմա՝ խաղաղության, նույնիսկ ոչ կարգավիճակի դիմաց հողեր հանձնելու) այլընտրանքը պատերազմն է եւ մեր տնտեսության վերահաս փլուզումը։
Միակ նորությունն այն է, որ այս անգամ չի խոսում միջազգային պատժամիջոցների մասին, քանզի ստեղծված իրավիճակում, երբ Ադրբեջանն ինքն է իր սուլթանապետական նկրտումների պատճառով աստիճանաբար հայտնվում միջազգային մեկուսացման մեջ, դա ուղղակի անհեթեթ կլիներ։ Փոխարենը հիշատակում է Ադրբեջանի ապրիլյան ավանտյուրան՝ «դեռ ինչե՜ր են լինելու, քանի՜ այդպիսի ապրիլներ ենք ունենալու» տրամաբանության շրջանակներում։ Որպես ապացույց, որ ինքը միշտ ճիշտ է։
Եվ եթե 97-ին Տեր-Պետրոսյանի «ֆիրմային» թեզը՝ որ միայն իզուր ժամանակ ենք կորցնում հարցը չլուծելով, որովհետեւ Ադրբեջանն իր նավթալին ռեսուրսներն օգտագործելով՝ հզորանալու է, բազմապատկելու է իր սպառազինությունը, մենք թուլանալու ենք եւ զրկվելու զորավոր թշնամուն դիմակայելու նվազագույն հնարավորություններից, դեռ ինչ-որ տեղ կարելի էր հասկանալ, հիմա այդ փաստարկն առհասարակ որեւէ քննադատության չի դիմանում։
Պետք չէ շատ խորաթափանց լինել՝ արձանագրելու համար, որ ճիշտ հակառակը. Ադրբեջանն այս ընթացքում «բարով-խերով» սպառել է իր նավթային ռեսուրսները եւ նավթի գների կատաստրոֆիկ անկման պայմաններում հայտնվել ուղղակի ողբալի վիճակում՝ ոչ մի կերպ չի կարողանում լցնել բյուջեի ճեղքվածքը, եւ խիստ սակավ ռեսուրսներ ունի՝ ավելացնելու իր ռազմական պոտենցիալը։ Դրա համար էլ շտապում է՝ շատ է շտապում ապրլիյան պատերազմներով ահաբեկել մեզ եւ ստիպել գնալու միակողմանի զիջումների։
Եվ օբյեկտիվորեն այնպես է ստացվում, որ Տեր-Պետրոսյանը հանդես է գալիս Ալիեւի խոսնակի դերում՝ սպառնալով մեզ նոր պատերազմներով, կոչ անելով խելքի գալ եւ անհեռատեսորեն չընդդիմանալ բանակցային սեղանին դրված փաստաթղթի՝ մադրիդյան սկզբունքների հենքի վրա համապարփակ համաձայնագրի ստորագրմանը։ Որին, նկատենք, հայկական կողմն առանձնապես չի էլ հակադրվում՝ բազմիցս պաշտոնապես ասվել է, որ Հայաստանը պատրաստ է ստորագրել դրա տակ, եւ Ադրբեջանն է, որ լսել անգամ չի ուզում այդ մասին, քանզի այնտեղ լավ թե վատ ամրագրված է ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման դրույթը։
Տեր-Պետրոսյանը խորամանկում է՝ ներկայացնելով այնպես, թե Ալիեւը նույնպես դրան պատրաստ է, ուղղակի հրապարակավ չի հայտարարում այդ մասին։ Մի բան, որին դպրոցականն էլ չի հավատա։
Հ.գ.- ԼՏՊ-ն նաեւ գլուխ է գովում, թե ժամանակին հմտորեն թիակների վրա է իջեցրել հայր Ալիեւին. Մինսկի խմբի համանախագահներին ասել է՝ տվեք ձեր կազմած համաձայնագիրը, հենց հիմա ստորագրեմ, ու Ալիեւին տասով զրո հաղթել է։ Բայց չի ասում՝ ինչու այդքանից հետո մենակ մնաց միջազգային հանրության դեմ-հանդիման, եւ ստիպված եղավ վետո դնել ԵԱՀԿ Լիսաբոնյան գագաթաժողովում ներկայացված բացահայտ ադրբեջանանպաստ բանաձեւի վրա, որտեղ նշված էր, որ հարցը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, Ղարաբաղին ԼՂԻՄ սահմաններում ինքնավարություն «շնորհելու» տարբերակով։
Եվս մի դիտարկում. ցանկացած փաստաթուղթ ստորագրելու Տեր-պետրոսյանի պատրաստակամությունը հաշվի առնելով էր, որ Ազգային Ժողովը որոշում կայացրեց, ըստ որի՝ Հայաստանը իրավունք չունի իր ստորագրությունը դնել որեւէ փաստաթղթի տակ, որին իր համաձայնությունը չի տվել Լեռնային Ղարաբաղը, ի դեմս իր իշխանությունների։ Եվ այստեղ է, որ առաջ է գալիս հարցերի հարցը՝ իսկ ՀՏՊ-ն ու իր ֆանատները հարցրե՞լ են ԼՂ ժողովրդի կարծիքը իրենց պատկերացրած «խաղաղության» քարոզն սկսելուց առաջ։

ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հասարակություն, Վերլուծական, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն