Գլխավոր » TOP, Լրահոս

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց անհնազանդության ակցիաները դադարեցնելու և խորհրդարանում հանդիպումներ սկսելու մասին.Tert.am

Ապրիլ 29, 2018թ. 19:08
Նիկոլ+

Ժամանակագրական կարգով ներկայացնում է tert.am կայքը

 

21։00

Ավարտվեց «Իմ քայլը» նախաձեռնության հանրահավաքը Հանրապետության հրապարակում։

20։45

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ իրենք զարգացնելու են Հայաստանի հարաբերությունները բոլոր ուղղություններով՝ Եվրամիության, ԱՄՆ-ի, Չինաստանի, երկու անմիջական հարևաններ Վրաստանի և Իրանի հետ:

«Դրա համար կան բոլոր նախադրյալները, որովհետև դուք՝ բոլորդ, վերջին տասը օրվա ընթացքում ՀՀ-ի միջազգային կշիռը, հեղինակությունը կրկնապատկել եք, եռապատկել, քառապատկել եք»,- ասաց նա:

Նա հայտարարություն արեց նաև վաղվա անելիքների մասին՝ նշելով, որ վերջին երեսուն օրը օրվա 90 տոկոսն անց է կացրել փողոցներում, դաշտերում, անտառներում, հրապարակներում, և ահա այդ ամենի արդյունքում եկել է մի պահ, որ ծայրահեղ անհրաժեշտություն է գոնե որոշ ժամանակ, գոնե օրվա կեսն անցկացնել գրասենյակային պայմաններում:

«Վաղը առավոտից ես շատ կարևոր աշխատանք ունեմ Ազգային ժողովում: Պետք է հանդիպումներ ունենամ խորհրդարանական բոլոր խմբակցությունների ներկայացուցիչների հետ, որպեսզի այդ քննարկումների արդյունքում օրվա վերջում Ձեզ կարողանամ տեղեկատվություն տալ, որ ձեր առաջադրած վարչապետի թեկնածուի ընտրությունը մայիսի մեկին երաշխավորված է»,- ասաց նա:

Նա նշեց, որ չի կարողանա գրասենյակային պայմաններում հանգիստ աշխատել՝ իմանալով, որ տարբեր վայրերում քաղաքացիական անհնազանդության ակցիաներ են անում, իսկ ինքը սենյակում տարբեր քննարկումների է մասնակցում և խնդրեց վաղը դադարեցնել ակցիաները և քաղաքացիական անհնազանդության ոչ մի գործողություն չիրականացնել. «Որպեսզի մենք կարողանանք մեր թիմով Ազգային ժողովում՝ մեր գրասենյակում, քաղաքական աշխատանքը ավարտին հասցնել՝ մեր դե ֆակտո հաղթանակը դե յուրե արձանագրելու համար»։

Նիկոլ Փաշինյանը կոչ արեց նաև դադարեցնել հանրապետական պատգամավորների հետ զանգերի, նամակների միջոցով կոնտակտի դուրս գալը և նրանց առջև պահանջ դնելը: «Նախնական պայմանավորվածության համաձայն՝ ձեր անունից ես հանդիպելու եմ նրանց հետ՝ որպես վարչապետի թեկնածու, որպեսզի մեր առաջարկած օրակարգը նրանց ներկայացնենք և իրականություն դարձնենք»,- ասաց նա:

Նա կոչ արեց որևէ գործողություն չիրականացնել հանրահավաքի ավարտից սկսած և ասաց, որ վաղը 17:00-ից ինքը լինելու է Գարեգին Նժդեհի հրապարակում, որտեղից քայլերթով շարժվելու են Հանրապետության հրապարակ, որտեղ էլ հանրահավաքի ժամանակ միասին քննարկելու են հաջորդ օրվա իրենց անելիքները:

«Ամեն դեպքում, մյուս օրը՝ ժամը ութից, բոլոր մարզերից հավաքում ենք Հանրապետության հրապարակում: Մենք այդ օրը ինչպես կանցկացնենք, որտեղ կանցկացնենք՝ կախված կլինի այդ առավոտը ստեղծված քաղաքական իրավիճակից»,- ասաց նա:

ԱԺ ընդդիմադիր պատգամավորը հայտարարեց, որ ուզում է շատ հստակ պատասխանել «օդում կախված» մի հարցի: «Եվ ես ուզում եմ ուղիղ, շատ հստակ, ձեր բոլորի աչքերի մեջ նայելով՝ ամենայն վստահությամբ հայտարարել, որ այո՛, պատրաստ եմ պատասխանատու ձևով ստանձնել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը, որովհետև ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը, ծառայում եմ Հայաստանի ժողովրդին։ Եվ ուրեմն կեցցե՛ ազատությունը, կեցցե՛ ազատությունը»,- ասաց նա՝ Հանրապետության հրապարակում հավաքվածների հետ՝ վանկարկելով՝ «հաղ-թա-նակ»:

 

20։30

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ տասնյակ տարիներ Հայաստանում բյուջետային միջոցներ էին նախատեսվում, հոլովակներ էին պատրաստվում աշխարհում Հայաստանի իմիջը բարձրացնելու համար, մինչդեռ դիտորդների օգնությամբ այսօր Նիկոլ Փաշինյանն արձանագրել է, որ երևի, վերջին 20-25 տարիներին, միջազգային մամուլում «Հայաստան» անունն այնքան չի արծարծվել, որքան վերջին 15 օրվա ընթացքում: Եվ, ըստ որում, միայն դրական երանգների ներքո:

«Որովհետև աշխարհը զարմացած է, թե ինչպես այս փոքրիկ հետխորհրդային երկրում հնարավոր եղավ այս ողջ գործընթացը կազմակերպել այսքան բարձր մակարդակով, առանց մի կրակոցի, առանց մի կաթիլ արյան: Բայց ես ուզում եմ հիշեցնել, որ այս պատմությունը դեռ չի ավարտվել, մենք չպետք է կորցնենք մեր զգոնությունը: Եվ ուզում եմ հիշեցնել, որ վերջին օրերին մեր այս շարժումը պետք է լինի շատ ավելի կարգապահ, հանդուրժող, շատ ավելի սիրո հեղափոխություն, քան մինչ այսօր էր»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Հրապարակը այս խոսքերը ողջունեց «այո»-ներով:

Նա ավելացրեց, որ լարված քաղաքական պայքարը քայլ առ քայլ վերածվում է տոնի և տոնակատարության: Եվ բոլորի պատասխանատվությունն է, որ այս տոնն ու տոնակատարությունը նույնիսկ մի փոքրիկ, տհաճ միջադեպով չնսեմանա:

Նա տեղեկացրեց, որ այսօր նաև շատ արդյունավետ հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության Պետական Դումայի պատվիրակության հետ, և այն անցել է շատ ջերմ մթնոլորտում: Ավելին՝ բաժանվել են որպես բարեկամներ՝ արձանագրելով, որ քաղաքական այս գործընթացը հայ-ռուսական բարեկամությանը ոչ միայն ոչ մի բանով չի սպառնա, այլ առաջիկայում դրանք իրապես զարգանալու, խորանալու են:

 

20։26

Նիկոլ Փաշինյանն իր ելույթը սկսեց արձանագրումով՝ վերջին երկու օրերին Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հաջողվեց վերջնականորեն և անշրջելիորեն բեկել ներքաղաքական իրավիճակը Հայաստանում:

«Այն, ինչ տեղի ունեցավ նախորդ օրը դեպի Գյումրի՝ մեր ավտոերթի ընթացքում և երեկ՝ դեպի Իջևան, հետո՝ Վանաձոր, հետո՝ Ապարան և Երևան, ակնհայտ դարձրեց, որ Հայաստանի Հանրապետությունում թավշյա, ժողովրդական հեղափոխության հաղթանակը անշրջելիորեն անշրջելի է»,- ասաց նա:

Նա մատնանշեց, որ ճանապարհներին իրենք ստիպված էին մի քանի տասնյակ անգամ կանգ առնել, որովհետև ճանապարհի բնակավայրերի քաղաքացիները փակել էին ճանապարհը՝ տոնելու ՀՀ քաղաքացիների հաղթանակը:

«Այն հաղթանակը, որ քաղաքացիները՝ ձեզնից յուրաքանչյուրը, սեփական ձեռքերով է կերտել: Եվ այս հաղթանակի արդյունքները անշրջելիորեն ճանաչվելու են»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ ԱԺ երեք խմբակցությունները՝ «Հայ Յեղափոխական Դաշնակցությունը», «Ծառուկյանը», «Ելքը» հայտարարել են, որ մայիսի 1-ին տեղի ունենալիք վարչապետի ընտրություններում քվեարկելու են ժողովրդի թեկնածուի օգտին: Հետո նա հավելեց, որ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցությունն էլ որոշել է ընդհանրապես վարչապետի թեկնածու չառաջադրել. «Ինչը նշանակում է, որ այդ խմբակցության առնվազն մի մասը նույնպես կքվեարկի ՀՀ վարչապետի ձեր նախընտրած թեկնածուի օգտին։ Ինչը նշանակում է, որ մայիսի մեկին ունենք հնարավորություն մեր դե ֆակտո արձանագրած հաղթանակը արձանագրել նաև դե յուրե, ինչը նշանակում է, որ ձեր առաջադրած թեկնածուն կընտրվի Հայաստանի Հանրապետության վարչապետ»:

20։15

Դերասան Հայկ Մարությանն էլ նշեց, որ երբ իրենք վերջին օրերին այցելեցին Գյումրի, Վանաձոր, Իջևան, Ապարան, ամբողջ աշխարհը համացանցով տեսավ, որ սա իրոք համահայկական, համահայաստանյան գործընթաց է: Նրա խոսքով՝ ինքը հաճախ է պտտվել Հայաստանի տարբեր մարզերով, եղել տարբեր բնակավայրերում, տեսել է, որ մարդիկ շատ տխուր են:

«Այս երկու օրվա ընթացքում ես տեսել եմ միայն ժպիտով, ուրախ, հավատով երջանիկ մարդկանց: Մարդիկ հասկացել են, որ սա պատմական այն պահն է, երբ մենք սկսում ենք շարժվել դեպի վերև»,- ասաց նա:

Հայկ Մարությանը նշեց, որ մարզերից ինքը երևանցիներին բերել է բարևներ և խոստում, որ այնտեղի մարդիկ մայիսի 1-ին գալու են Երևան:

«Մայիսի 1-ը դառնալու է մեր ազգի ուրախության և երջանկության օրը»,- ասաց նա՝ կոչ անելով վանկարկել «ազա՛տ, ուրա՛խ Հայաստան»:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի քարտուղար Տիգրան Ավինյանն էլ իր ելույթում հայտարարեց. «Մեզ շարունակում են լուրեր հասնել հանրապետության տարբեր քաղաքներից, մարզերից, որ մարդկանց փորձում են ահաբեկել, սպառնալ: Հարգելինե՛րս, սթափվե՛ք, ամեն ինչ ավարտված է»:

20։12

«Քաղաքացիական պայմանագիր»-ը ոչ միայն վենդետաներ չի իրականացնելու, այլ պահելու է ստորին, միջին և բարձր օղակներում բոլոր պրոֆեսիոնալ մասնագետներին: Ավելին՝ մասնագետներ է հրավիրելու նաև դրսից:

Այս մասին հանրահավաքին հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Արարատ Միրզոյանը։

«Բարև ազա՛տ մարդիկ, սիրելինե՛րս։ Այն, ինչ արեցինք այս վերջին օրերի, շաբաթների ընթացքում, այն ինչ շարունակում ենք անել, դա մի մեծ խենթություն է, դա մի մեծ երազանք է, բայց ողջ մարդկության զարգացման պատմությունը, բոլորը նվաճումները, աշխարհագրական, հասարակական, գիտական տրանսֆորմացիաները, առաջընթացը պայմանավորված են եղել խենթություններով և երազանքներով: Եվ, ինչպես միշտ, բոլոր ոլորտներում հինը դիմադրում է, հինը հակադրվում է, խոչընդոտում է այդ երազանքին, առաջընթացին: Այդպես մեզ մոտ էլ եղավ, և այդ դիմադրության մեջ մենք հասանք մի հանգրվանի, կետի, երբ հնի՝ այդ սիստեմի, այդ մարդկանց դիմադրությունը մեր երազանքին, մեր կամքին սկսում է վնասել մեր պետությանը, մեր պետականությանը: Հենց դա նկատի ուներ Նիկոլը, երբ ասում էր, որ ինձնից բացի այլ վարչապետ չպետք է լինի, դա է ճիշտ հանգուցալուծումը՝ ժամանակավոր կառավարության համար: Հենց դա նկատի ունեի ես՝ ասելով, որ Նիկոլից բացի այլ թեկնածությանը քվեարկելը հարվածելու է պետականությանը և գուցե  հավասարեցվի դավաճանությանը»,-հայտարարեց նա։

Արարատ Միրզոյանը հավելեց, որ ողջունում է Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերի խոհեմությունն ու պատրաստակամությունը՝ ենթարկվելու ժողովրդի կամքին ու պետականությանը չվնասելուն, պատրաստակամությունը՝ քվեարկելու Նիկոլ Փաշինյանի վարչապետության համար, կամ չառաջադրելու այլ թեկնածու:

Արարատ Միրզոյանը կրկին հղեց ուղերձը, որ քաղաքական վենդետաներ չեն լինելու, գնալու են համերաշխության ճանապարհով. «Մենք նոր էջ ենք բացելու Հայաստանի պատմության մեջ, ձեր հետ և նրանց հետ»։

ՔՊ անդամը նշեց, որ ունենալու են համապատասխան խումբ, որին պետք է բոլորը ներկայացնեն իրենց առաջարկները:

«Ինչ ենք անելու մենք ինքներս. մենք ապահովելու ենք, չեմ վախենում այդ բառից, այդ պրոցեսի քաղաքական առաջնորդությունը, ցուցաբերելու ենք քաղաքական կամք, որը բացակայել է այս ընթացքում: Մենք ցուցաբերելու ենք քաղաքական կամքը՝ կերտելու մեր երազանքների Հայաստանը»,-Արարատ Միրզոյանի այս հայտարարությունը հրապարակը, հատկապես մեծ ոգևորությամբ ընդունեց:

19։43

Երևանի քաղաքապետարանի «Ելք» խմբակցության ավագանու անդամ Զառա Բաթոյանն էլ նշեց, որ շատերն են հարցնում, թե ինչ են պատրաստվում անել այսուհետ: Նա ասաց, որ ժամանակավոր կառավարությունից հետո, երբ բոլոր պայմանները ստեղծվեն ազատ և արդար ընտրություններ անցկացնելու համար, պետք է բոլորը միահամուռ գնան ընտրությունների:

«Ինչու՞: Որպեսզի փակենք այն մարդկանց բերանները, ովքեր կասկածում են մեր իրավագիտակցությանը, ովքեր կասկածում են, որ մենք կարող ենք մեր Սահմանադրությանը և օրենսդրությանը համապատասխան ընտրություն կատարել և մեր ձայնը տալ մեր ընտրած թեկնածուին»,- ասաց նա:

Զառա Բաթոյանը կոչ արեց միամիտ չլինել և չհավատալ, որ մարդիկ շատ հեշտ հրաժարվելու են իրենց արատավոր վարքից: «Չմտածեք, որ նրանք շատ հեշտ հրաժարվելու են ընտրակաշառքներից, ճնշումներից, խաբեություններից: Միշտ հիշեք, որ դուռը պետք է փակեք նրանց վրա, ովքեր բռնանալու են ձեր կամքին, ովքեր որևէ կերպ գալու են և փորձելու ճնշում գործադրել ձեզ վրա»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ երբ հայտարարվի ընտրությունների օրը, պետք է հիշել բոլոր քաղաքական ուժերի արարքները, խոստումները, հետո գնալ ընտրության: «Անկախ նրանից՝ այդ օրը հիվանդ կլինեք, դժվար կլինեք, տրամադրություն չեք ունենա, գնացեք ընտրության և հիշեք, մեկ քաղաքացուց են կախված ընտրությունները: Եվ այդ քաղաքացին ո՞վ է: Դուք եք»,- ասաց նա:

19։33

Ելույթ ունեցավ նաև Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը: Նա նկատեց, որ այս օրերին հաճախ խոսվում է այն մասին, որ այս տարիների ընթացքում շատ մարդիկ վատ բաներ են արել Հայաստանում:

«Ես ցանկանում են նորից հիշեցնել, որ մենք քաղաքական վենդետաներով չենք զբաղվելու: Բայց ես ուզում եմ, որ նրանք բոլորը հիշեն, որ եթե նրանցից որևէ մեկը փորձի օրենք խախտել, կպատժվեն օրենքի ամբողջ խստությամբ»,- ասաց նա:

Նա, դիմելով հավաքվածներին, նշեց, որ ցանկանում է, բոլորը տարիներ հետո հիշեն, որ սա իրենց հաղթանակն է: «Եվ նման հաղթանակներ շատ են դեռ լինելու»,- հայտարարեց նա:

19։31

«Իմ քայլը» շարժման հավաքած հրապարակում չկան և չեն կարող լինել հակառուսական տրամադրություններ, ի հակառակ նրա, որ ՀՀԿ-ական իշխանության քաղաքականության արդյունքում որոշ սոցիալական խմբերում կարող էին առաջանալ հակառուսական տրամադրություններ: Ժողովրդի իշխանության դեպքում դա ուղղակի բացառվելու է:

Այս մասին այսօր հայտարարեց ելույթով հանդես եկած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Էդուարդ Աղաջանյանը:

«Վերջին շրջանում ականատեսն ենք լինում մի աննախադեպ տեղեկատվական պատերազմի, հիմնականում սոցիալական ցանցերում, որը հայտարարվել է մեզ մերձհանրապետական ֆեյքերի կողմից՝  «թողեք ես ընտրեմ» hashtag-ով։ Որևէ մեկը ձեր ընտրության իրավունքը չի խաթարելու: Հակառակը՝ սա վերջին 20 տարիների ընթացքում այն հնարավորությունն է, որ բոլորը՝ անկախ կուսակցական պատկանելությունից, հնարավորություն են ունենալու կատարել իրոք ազատ և անկախ ընտրություն»:

19։20

Հանրապետության հրապարակում մեկնարկած ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հանրահավաքին առաջինը ելույթ ունեցավ ակտիվիստ Արեն Մկրտչյանը:

Նա հայտարարեց, որ կարողացել են բաց ձեռքերով հասնել հաղթանակի և իրենք կառուցելու են իրենց երկիրը: Նրա խոսքով՝ վերջին տասը տարում քայլելով Երևանի փողոցներում, մարզերում՝ ժողովրդի դեմքին տեսել է տխրություն, հուսահատություն:

«Հաղթո՛ղ ժողովուրդ, դու ժպիտ ես բերել Հայաստանին»,- ասաց նա:

Ակտիվիստը կոչ արեց ԱԺ-ում ներկայացված բոլոր խմբակցություններին մայիսի 1-ին «չզբաղվել արկածախնդրությամբ, չխաբել ժողովրդին»: Ըստ նրա, միևնույն է՝ իրենք ժամանակը ծախսելու են իրենց հաղթանակը նվաճելու համար:

19։00

ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հայտարարած հանրահավաքը Հանրապետության հրապարակում մեկնարկել է:

Հանրահավաքին նախորդել էին Երևանի տարբեր հատվածներում ընթացող քաղաքացիական անհնազանդության գործողություններ. ժամը 12-ին փակվել էին փողոցներ, իսկ ժամը 16-ին հայտարարվեց դրանք բացելու մասին, որ քաղաքացիները կարողանան գալ Հանրապետության հրապարակ:

Հիշեցնենք, որ նախորդ օրը նախաձեռնության անդամները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ավտոերթով մեկնել էին Վանաձոր, որտեղ տեղի էր ունեցել հանրահավաք։  Դրա նախորդ օրը ավտոերթ էր տեղի ունեցել դեպի Գյումրի և կազմակերպվել հանրահավաք Գյումրու կենտրոնական հրապարակում։

Հիշեցնենք, որ ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության ցույցերը և երթերը հանրապետությունում մեկնարկել էին ապրիլի 13-ին, որի արդյունքում վերջինս օրեր անց հրաժարական ներկայացրեց։

Նախօրեին «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցությունը հայտարարել է, որ ՀՀ վարչապետի թեկնածու չեն առաջադրելու, իսկ այսօր էլ ՀՀԿ խմբակցության ղեկավարն ասաց, որ չեն խոչընդոտելու ՀՀ-ում վարչապետի ընտրությանը, քվորում են ապահովելու։

ԱԺ «Ծառուկյան» խմբակցությունը երեկ հայտարարել էր «ժողովրդի թեկնածուին» աջակցելու պատրաստակամության մասին։ Իսկ այսօր «Հայ Յեղափոխական Դաշնակցության» Գերագույն մարմինը հանդես է եկել հայտարարությամբ, որում նշված է, որ կուսակցությունը որոշել է սատարել Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը՝ որպես ՀՀ վարչապետ:

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն