Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

Երևանում և մարզերում ընթանում են քաղաքացիական անհնազանդության ակցիաներ.tert.am

Մայիս 2, 2018թ. 15:00
ցույց 2

14:35

Մի խումբ փաստաբաններ ցանկանում են մուտք գործել Արդարադատության նախարարություն, սակայն նրանց թույլ չեն տալիս, և փաստաբանները ցանկանում են իմանալ, թե ինչու թույլ չեն տալիս:

Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ ակցիա են կազմակերպել՝ պարզելու, թե Արդարադատության նախարարության մուտքի մոտ գործո՞ւմ է արդարադատություն, թե ոչ: «Ոստիկանության գործողությունները՝ արդարադատության նախարարության մուտքը փակելուն ուղղված, ոչ օրինաչափ են»,-ասաց Նիկոլայ Բաղդասարյանը:

Արդարադատության նախարարությունից դուրս եկավ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը և նշեց, թե տեղյակ է, որ առավոտյան մուտքը փակվել էր և աշխատողների ազատ տեղաշարժը խափանվել էր:

«Արձանագրություն կազմողը Արդարադատության նախարարությունը չէ, և մենք չենք արձանագրել, թե ոստիկանությունը ինչ գործողություններ է կատարել, և դրա իրավաչափության հետ կապված մենք չէ, որ պետք է պատասխան տանք:

Դուք կարող եք ոստիկանության ղեկավարությանը դիմել, եթե գտնում եք, որ ոստիկանության ծառայողների գործողություններում գեթ մեկ խախտում տեղի է ունեցել»,-ասաց նա փաստաբաններին:
14:30

Հրազդան քաղաքում վաղ առավոտյանից քաղաքացիները բողոքի ակցիա են իրականացնում Հրազդանի քաղաքապետարանի դիմաց: Հրազդանի բնակիչները պահանջում են ՀՀԿ-ական քաղաքապետ Արամ Դանիելյանի հրաժարականը:

13:30

Մի խումբ դերասաններ միացել են գործադուլին և իրենց բողոքի ձայնն են բարձրացրել Մշակույթի նախարարության շենքի մոտ: Նրանք նշեցին, որ նկարահանումները կասեցվել են և կոչ արեցին միանալ իրենց:

Հարցին, թե չեն վախենում աշխատանքը կորցնելուց, նրանք ասացին, որ վաղուց ոչնչից չեն վախենում և հայրենիքից ավելի ոչինչ հնարավոր չէ կորցնել: Դերասաններն իրենց միանալու կոչ արեցին նաև Շուշան Պետրոսյանին, ինչպես նաև բոլոր պետական գործիչներին ու նախարարներին:

Մշակույթի նախարարի պաշտոնակատար Արմեն Ամիրյանը համաձայնեց հանդիպել դերասանների հետ, սակայն դերասանները պահանջեցին Արմեն Ամիրյանին միանալ իրենց:
13։13

Միջազգային լրատվամիջոցների տվյալներով՝ Երևան մտնող բոլոր ճանապարհները փակ են. այս մասին քայլերթի ընթացքում «Ազատության» հետ զրույցում ասաց ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը:

Հարցին, թե ակցիաները տանո՞ւմ են վարչապետի արտահերթ ընտրություն, թե՞ մինչ այդ այլ հանգուցալուծում կլինի, Փաշինյանն ասաց, որ դե յուրե վարչապետի նոր ընտրություն պետք է տեղի ունենա, իսկ վարչապետ չընտրվելու դեպքում պետք է լինեն խորհրդարանական ընտրություններ:

«Վերլուծում ենք սցենարները և համաժողովրդական շարժումը չի կարող չհաղթել: Տեսնում եք, թե ինչ է կատարվում, և ժողովուրդը, որը զգացել է հաղթանակի շունչը, այդ ժողովուրդը հաղթանակը բաց չի թողնի»,-ասաց Փաշինյանը:

Նա նշեց, որ էական չէ, թե ինչ է տեղի ունենում ՀՀԿ-ականների աշխատասենյակներում. «Էական այն է, որ իշխանություն-ժողովուրդ հին հարաբերությունները չեն լինելու, էական չի՝ ե՞ս կլինեմ, թե ուրիշը: Եվ այն, որ դպրոցականներն են մասնակցում այս պրոցեսին, սա երաշխիք է, որ ոչ թե տասը տարի կամ քսան տարի, այլ հարյուր տարի այդպես չի լինելու: Այսինքն՝ Հայաստանի ժողովրդավարական ապագային որևէ բան չի սպառնում, ես դրանում համոզված եմ: Մենք յուրաքանչյուր սցենարի պատրաստ ենք»:

Ինչ վերաբերում է ՀՀԿ-ական Ֆելիքս Ցոլակյանի «կողմ» քվեին վարչապետի ընտրության ժամանակ, Փաշինյանն ասաց, որ երեկ ճիշտ բան են գրել. «Ասում են՝ այն, որ Ազգային անվտանգության գեներալ-լեյտենանտը կողմ է քվեարկել իմ թեկնածությանը, դրանով տալիս է բոլոր իբր այն մտահոգությունների պատասխանները, թե իմ վարչապետ ընտրվելը ՀՀ անվտանգությանը սպառնալիք է ստեղծում: ԱԱԾ գեներալ-լեյտենանտը այդպես չի մտածում, բա ո՞վ է այդպես մտածում, Շարմազանո՞վը: Ես բարձր եմ գնահատում Ցոլակյանի քայլը»:

12:50

Գյումրի-Երևան գնացքն այսօր չի գործում։ Այս մասին «Ազատության»-ը փոխանցել են «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության տեղեկատուից: Երկաթուղու մուտքը արգելափակել են քաղաքացիական անհնազանդություն իրականացնող քաղաքացիները:

Հիշեցնենք, որ Գյումրիում արգելափակված է նաև քաղաքապետարանի, մարզպետարանի շենքը:

Հիշեցնենք, որ այլ համայնքներում ևս մայրաքաղաքին զուգընթաց ընթանում են քաղաքացիական  անհնազանդության  գործողություններ:

Փակ է Արմավիր-Երևան ճանապարհը: Այն փակվել է Մրգաշատ Հայանիստ, գյուղերի  բնակիչների  կողմից: Ակցիային միացել են նաև համայնքների դպրոցների ուսուցիչները:

12։21

Գործարար Խաչատուր Սուքիասյանը Հանրապետության հրապարակում Factor.am-ի հետ զրույցում նշեց, որ երեկ Ազգային ժողովում վարչապետի քվեարկությունը «հուսահատեցրել էր» իրեն:

«Այս իրավիճակը պետք է հանգուցալուծում ունենա»,- ասաց նա՝ նշելով, որ կարևոր էր խորհրդարանում բուռն քննարկումը, նախադեպ էր, բայց ինքը դժգոհ է քվեարկության արդյունքներից։

Թե ինչպես պետք է լինի հանգուցալուծումը, գործարարը պատասխանեց. «Պետք է կոնսենսուս լինի: Աշխարհում եղել են դեպքեր, երբ իշխանությունը հանձնել են,բայց մինչև իշխանությունների հանձնումը պետք է շահագրգիռ կողմերը հանդիպեն, նստեն, քննարկեն առաջնորդի հետ: Սա է իրական լուծումը, այլ ֆորմուլա չկա»,- ասաց նա:

12:07

Վանաձորում ևս իրականացվում են քաղաքացիական անհնազանդության գործողություններ, քաղաքացիական ակտիվիստների խոսքով՝ դասադուլ է իրականացվում բոլոր դպրոցներում:

Քաղաքացիները շարժվում են դեպի «Հայքի» հրապարակ: Այս պահին արգելափակված են քաղաքապետարանի և մարզպետարանի շենքերի մուտքերը։ Վանաձորի բնակիչները ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանից պահանջում են վայր դնել մանդատը:

11:29

Գյումրիում քաղաքացիական անհնազանդության մասնակիցները շրջափակել են քաղաքապետարանի շենքը՝ պահանջելով որպեսզի քաղաքապետը և աշխատակիցները գործադուլ իրականացնեն, միանան անհնազանդության գործողություններին: Քաղաքացիական ակտիվիստ Կարեն Պետրոսյանը նշեց, որ Գյումրիում քաղաքապետին շուրջ կես ժամ ժամանակ են տալիս, որպեսզի լքի ՀՀԿ-ՔԴԿ դաշինքը, որով քաղաքապետն է ընտրվել, այլապես կպահանաջեն նրա հարժարականը:

Շիրակի մարզապետարանի շենքը ևս այս պահին փակ է:

11:20

Քաղաքացիական  անհնազանդությունների ակցիաներին միացել են նաև  Երևանի Մետրոպոլիտենի աշխատակիցները, նրանք  գործադուլ են հայտարարել:

«Իմ քայլը» շարժման  առաջնորդ Նիկոլ  Փաշինյանը  խնդրանքով դիմեց քաղաքացիներին, որպեսզի  Շտապօգնության, Արտակարգ իրավիճակի և Պաշտպանության նախարարության մեքենաների համար ճանապարհները չփակվեն, չխոչընդոտվեն Արցախ պաշտպանության բանակին մատակարարող երկու ճանապարհները:

Փաշինյանը նաև հայտարարեց, որ  այսուհետ էլ չեն լինելու ժողովուրդ-իշխանություն հին հարաբերությունները, որոնք մինչ այժմ եղել են, անկախ նրանից՝ ինքը կլինի վարչապետ, թե ոչ, Հայաստանի ժողովրդավարական ապագային որևէ բան չի սպառնում:

Անդրադառնալով  հետագա անելիքներին՝ Աժ  պատգամավորն ասաց, որ բոլոր սցենարներին պատրաստ են, ունեն գործողությունների ծրագիր:

«Եթե պրոցեսն այս ծավալով է տեղի ունենում, մենք ամեն օր իրավիճակի փոփոխություն ենք ունենալու, վերջին 15 օրվա ընթացքում հանրապետությունում անընդհատ իրավիճակը փոխվում է: Իսկ մեր մարտավարությունը՝ մինչև իշխանափոխություն մեծացնել ճնշումը»,-ասել է նա:

10:40

Արշակունյանց  փողոցի սկզբնամասում գործողություններին միացավ  «Իմ քայլը» շարժման  առաջանորդ, ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Դիմելով քաղաքացիներին՝ Նիկոլ  Փաշինյանը ասաց, որ փողոցները  պետք է  փակ մնան միչև 17:00-ն որից հետո  քաղաքացիները  պետք հնարավորություն ունեն գալ  Հանրապետության  հրապարակ:

«Ուրիշ տարբերակ չկա, հանրապետականները պետք է հանձնվեն, շնորհակալ եմ, հպարտանում եմ բոլորովդ: Ժողովրդական շարժումը չի կարող չհաղթել, ժողվուրդը, որ զգացել է  հաղթանակի շունչը, այն  չի կարող  ձեռքերից բաց թողնել»,-շեշտեց նա:
10:21
Այսօր վաղ առավոտից վերսկսվել են քաղաքացիական անհնազանդության գործողությունները Երևանի և մարզերի մի շարք ավտոճանապարհներին:

Մի խումբ քաղաքացիներ, այդ թվում փաստաբաններ, փակել են ՀՀ արդարադատության նախարարության մուտքը: Չի գործում մետրոպոլիտենը:

Գործադուլի և դասադուլի ակցիաներ են իրականացվում Հանրապետության տարբեր բնակավայրերում:

Հիշեցնենք, որ երեկ ԱԺ հատուկ նիստի ընթացքում քննարկվել էր վարչապետի ընտրության հարցը: Միակ թեկնածուն «Ելք» խմբակցության կողմից առաջադրված Նիկոլ Փաշինյանը չէր ընտրվել վարչապետի պաշտոնում: Նրա օգտին քվեարկել էին 45 պատգամավորներ՝  «Ելք», «Ծառուկյան», ՀՅԴ խմբակցություններից: Դեմ էին քվեարկել ՀՀԿ-ն ներկայացնող 56 պատգամավորներ:

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն