Գլխավոր » TOP, Լրահոս, Քաղաքականություն

Մեզանում դաշինքների ստեղծումը ուժի ցուցադրման անուղղակի PR է 

Փետրվար 15, 2017թ. 21:45
Դաշինքներ

Հարցազրույց քաղտեխնոլոգ ԱՐՄԵՆ ԲԱԴԱԼՅԱՆԻ հետ

-Օհանյան-Օսկանյան-Դալլաքյան-Սարգսյան հնարավոր դաշինքը փլուզվեց. Կատարվածին տարբեր մեկնաբանություններ տրվեցին, հիմնադիրներից երկուսը խոսեցին պայմանավորվածությունների չհարգման, ստվերային գործընթացների մասին: Կարծում եք դա՞ է եղել չձևավորված դաշինքի փլուզման պատճառը:
-Ոչ, փլվեց, քանի որ տեղի ունեցավ դաշինքների ձևավորման սկզբունքների խախտում: Իսկ այդ կարևորագույն սկզբունքներն են. առաջին, բովանդակության հստակեցումը: Համախմբում պետք է լինի նախ բովանդակության կամ ծրագրի շուրջ: Պետք է հստակ լինի, թե միավորվող ուժերն ի՞նչ են ասելու:

Երկրորդ, դաշինքներ ձևավորվում են նույն կամ մոտ ծրագրեր ունեցող ուժերի միջև: Մինչդեռ, Օհանյան- Օսկանյան նախկին դաշինքում կար մեկ կուսակացություն, հանձին Դեմկուսի, որը մշտապես հանդես է եկել Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ հաստատելու օգտին, բայց նրա կողքին հայտնվեց մեկ այլ ուժ, որն ընդհանրապես մերժում էր ռուսական բոլոր ինտեգրացիոն ծրագրերն ու կողմ է արևմտյանին: Փաստորեն, ձևավորվում էր մի դաշինք, որն աշխարհաքաղաքական կողմնորոշման առումով խիստ տարբեր գաղափարախոսություն կրող էր:

Երրորդ, այդ դաշինքի ղեկավար կազմում պետք է լինեին մարդիկ, որոնք ընդամենը երկու, երեք ամիս առաջ եղել են իշխող ուժի քաղաքականության իրականացնողներ, ու ստեղծվող դաշինքով պետք է պայքարեին այդ քաղաքականության դեմ: Խոսքս նախկին ՊՆ նախարար Օհանյանի և նախագահի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Դալլաքյանի մասին է: Այսպիսով՝ ոչ թե ծրագրի շուրջ էր ստեղծվում դաշինքը, այլ ընդամենը փորձ էր արվում տարբեր ուժերից ստեղծել մի կոնգլոմերատ,  նպատակն էր ուժի ցուցադրումը, թե տեսեք, մենք այնքան լավն ենք, որ բոլորը գալիս են մեզ միանալու:

Չորրորդ, դաշինքները պետք է ձևավորեն այն ուժերը, որոնք ունեն հավասար ռեսուրսներ: ՙՙՀամախմբում՚՚-ն ԱԺ-ում ունի խմբակցություն, ունի իրեն աջակցող մեդիա ռեսուրս, նաև մարդկային ռեսուրս ու տարբեր մարզերում կառուցներ ունի: Բայց ՙՙՀամախմբմանն՚՚ ուզում էին միանալ ուժեր, որոնք մարդ-կուսակցություններ են: Այսինքն՝ ՙՙՀամախմբում՚՚ -ը դաշինք ձևավորելու սկզբնական փուլում կատարեց սխալ, կոպտագույն քայլ՝ հակասության մեջ մտնելով դաշինքների ձևավորման սկզբունքերին:

Քաղտեխնոլոգիան ունի իր սկզբունքներն ու օրենքները, ու քանի որ խափանվեցին հենց դրանք՝ խափանվեց նաև գործընթացը և տեղի ունեցավ այն, ինչ տեսանք:
Այսինքն, փլուզվելու պատճառը Դալլաքյանի ակնարկած ստվերային գործընթացները չե՞ն, Սամվել Բաբայանի ներկայացրած ցուցակը չէ՞, ինչը փաստորեն ջրի երես հանեց ՙՙդավադրությունը՚՚:
-Երբ դաշինքները ձևավորելու սկզբունքները խախտվում են, մնացածը ՝ ցուցակը, թիկունքից արված ստվերային քայլերը դառնում են երկրորդական: Կան քաղաքական օրենքներ, որոնք անկախ որևէ մեկի ցանկությունից աշխատում են, ու եթե դուք այն խախտում եք՝ ուրիշ գործոններ են սկսում աշխատել: Տվյալ դեպքում, այո, նաև ստվերային գործողություններն արեցին իրենց գործը: Եթե պահպանվեին թվածս սկզբունքները, որքան էլ կուլիսների հետևում ինչ-որ գործողություններ ծավալվեին՝ դաշինքը չէր քայքայվի: Չի կարելի դաշինք ձևավորել գլխաքանակ լրացնելու համար, քաղաքականության օրենքները դա թույլ չեն տալիս:
-Իսկ ի՞նչ ճակատագիր է սպասվում նորին՝ Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքին, արդյոք այստեղ պահպանվա՞ծ են ձեր նշած սկզբունքները: Ի դեպ, Օհանյանը միայն իր անձով է ներկայանում, նրա թիկունքում չկա կուսակցական ռեսուրս՝ ի տարբերություն մյուս երկուսի, սա կարո՞ղ է ֆորս-մաժորային իրավիճակ ստեղծել ու դաշինքի ձախողման պատճառ դառնալ:
-Սա իրականում երկու ուժերի՝ ՙՀամախմբում՚-ՙԺառանգություն՚ կուսակցությունների դաշինք է: Օհանյանը հանդես է գալիս որպես անհատ գործիչ, որը փորձում է մտնել քաղաքականություն, նա կառույցի ղեկավար չէ: Հետևաբար, դաշինքն անվանել Օհանյան–Րաֆֆի-Օսկանյան ճիշտ չէ: Իսկ ինչո՞ւ այն Ժառանգություն-Համախմբում չկոչեցին, քանի որ դա ընտրողների ենթագիտակցության մեջ կնեղացներ դաշինքի ընկալումը , դրա համար կցեցին Օհանյանի անունը, հասկանալ տալով, թե Օհանյանն է ղեկավարելու դաշինքը:

Ի՞նչ հաջողություն կունենան՝ դժվար է ասել: Այս դաշինքը կարող է չկայանալ, քանի որ չունի իր ուրույն դեմքը: Ճիշտ է, դաշինքի ձևավորման պահին ստորագրվեց ՙՙՆոր օրակարգ՚՚ անունը կրող ծրագիր, բայց այնտեղ յուրահատուկ ոչինչ չկա, որով կտարաբերվի այլ ուժերից: Նույն արտահայտություններն են, որ ասվել են 25 տարի շարունակ քարոզարշավների ժամանակ: Այս ուժը դեռ չի կարողանում ստեղծել այն ցանկալի կերպարը, որով մարդիկ կհասկանան, թե ինչո՞ւ ձայն պետք է տան իրենց և ոչ, ասենք, ԲՀԿ-ին:
Մեզանում դաշինքների ստեղծումը ես կանվանեմ ուժի ցուցադրման անուղղակի PR: Իմաստը հետևյալն է. Սեյրան Օհանյանի շուրջ ստեղծել մի մեծ դաշինք ու ցույց տալու, թե նա մեծ գործիչ է և նրա շուրջ հավաքված դաշինքը ևս մեծ ուժ ունի, որը դուրս է գալիս իշխանության դեմ: Կոպիտ սխալ եմ համարում նաև նրանց այդ արտահայտությունը:

Մեր քաղաքական ուժերը չեն գիտակցում, որ ընտրություններն իշխանություն- ընդդիմություն պայքար չէ, այլ ընտրական գործընթացին մասնակցող քաղաքական ուժերի պայքար է ընտրողների ձայները ստանալու համար: Սրանք տարբեր հասկացողություններ են: Դրա համար էլ տարբեր ուժերի ներկայացուցիչներից հաճախ կլսենք՝ մեր նպատակն է ստեղծել մեծ միասնական դաշինք: Ախր, միասնական դաշինք ստեղծելով չէ, որ կկարողանաք հաղթել իշխող ուժին, նախ բովանդակությամբ պետք է հաղթել, իսկ եթե այդպիսին չունես՝ ո՞նց ես հաղթելու: Նման դաշինքներն արհեստական են, մեռելածին է:

Մեր քաղաքական գործիչներին թվում է, որ եթե պատգամավոր են, ուրեմն հասկանում են քաղաքական գործընթացի կանոնները, այդպես չէ, կարող ես լինել լավ պատգամավոր, լավ նախարար, բայց ոչինչ չիմանալ քաղաքական տեխնոլոգիաներից, ինչը մասնագիություն է:
ԲՀԿ-ն, կարծես թ,ե նախընտրել է միայնակ մասնակցությունը. փաստորեն, ազատվեց մի շարք փոքր կուսակցությունների հետ դաշինք կազմելու բեռից, արդյոք, դա ի նպաստ ԲՀԿ-ի չեղա՞վ:

-Իհարկե, որովհետև այդ փոքր ուժերն ընդամենը ավելորդ ուտող բերաններ են և ուրիշ ոչինչ: Դուրս եկեք փողոց ու հարցրեք, լսե՞լ են մարդիկ վերակազմավորված կամ սոցիալ դեմոկրատական հնչակների կամ ՀՌԱԿ-ի մասին, հավատացեք, կասեն՝ ոչ: Փոքր կուսացություններն ընդամենը բեռ են մեծերի համար: ԲՀԿ-ին փորձում էին միանալ մարդ- կուսակցություններ, դա չեղավ, մի քանիսն արդեն հայտարարեցին, որ չեն մասնակցելու ընտրություներին: Այսինքն՝ փոքր ուժերի նպատակն էր ԲՀԿ-ի միջոցով մտնել խորհրդարան ու նստել մեծ ուժի ուսերին: Դաշինքներն այդպես չեն ձևավորվում: Հայաստանյան քաղաքական ուժերը փոխարենը բովանդակության շուրջ գան համաձայնության գլխաքանակ են լրացնում:

Այնպես որ, շատ նորմալ է, որ ԲՀԿ-ն միայնակ է գնում ընտրությունների, հակառակ դեպքում այն կլիներ հերթական արհեստական դաշիքը:
-Խոսենք ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի մասին. ՀԱԿ-ը, որ անցած ընտրություններին իր շուրջ էր հավաքել մեկ տասնյակից ավելի կուսակցությունների, այս անգամ, սակայն ոչ մի ուժ չկամեցավ նրա դաշնակիցը դառնալ, ու դաշինքային ամբիցիաներով տառապող ՀԱԿ-ը նախընտրեց կողքին գոնե մեկին ունենալ ու այդ միակը ՀԺԿ-ն էր:
-Դաշինքային ամբիցիան էլ վնասելու է ՀԱԿ-ին: Ես՝ ՀԱԿ-ՀԺԿ դաշինքը կանվանեմ աբսուրդային: Նախ չմոռանանք, որ կուսակցությունները հաղթահարելու են 5 տոկոսի շեմը, իսկ դաշինքները՝ 7: Այսինքն, դաշինք ստեղծելով ՀԱԿ-ը երկու տոկոսով բարդացնում է իր մուտքը խորհրդարան: Հարց է առաջանում, ինչո՞ւ ՀԱԿ-ը դաշինք ձևավորեց ՀԺԿ-ի հետ, որի ղեկավարը չի կարող ՀԱԿ-ին փոխհատուցել այդ երկու տոկոսը, քանի որ Ստեփան Դեմիրճյանը չունի այն վարկանիշը ինչ ուներ 14 տարի առաջ:  Ուրեմն, ինչո՞ւ դաշինք կազմել մի գործիչի հետ, որը 5 տարի խորհրդարանում միայն կոճակ սեղմեց ու իշխանական կոճակ սեղմողներից տարբերվեց միայն նրանով, որ ընդդիմության կոճակն է սեղմում:

Քաղաքականության մեջ ամեն մի քայլ պետք է լինի տրամաբանված, իմաստավորված, որպեսզի լինի օգտակար: Իսկ ՀԱԿ-ը ձևավորեց դաշինք, որը վնասելու է իրեն: ՀԱԿ-ը ճիշտ կաներ ասեր, քանի որ ոչ մի քաղաքական ուժ ինձ հետ դաշինք չկնքեց, այն ուժը, որը ուզում է ինձ հետ մտնել խորհրդարան, պետք է լինի իմ ցուցակում, որպեսզի դաշինք չլինի ու իմ առաջ չկանգնի 7 տոկոսանոց արգելքը հաղթահարելու խնդիրը, և հաջողություն ասեր ՀԺԿ-ին: Բայց ՀԱԿ-ը դարձավ քաղաքավարության զոհ՝ մտածելով, ՀԺԿ-ն 5 տարի մեզ հետ է եղել, դե թող հիմա էլ լինի:

-ՙՙԵլք՚՚-ի մասին ի՞նչ կասեք, այստեղ ջրերը, կարծես, հանգիստ են հոսում, հա՞:
-Զուտ տեխնոլոգիական տեսակետից սկզբուների պահպանման առումով, նրանք ճիշտ են գործում: Դաշինքում կան երեք ուժեր, որոնք քիչ, թե շատ հավասար ռեսուրսներ ունեն, տեխնոլոգիական տեսակետից ամեն ինչ ճիշտ է կատարվել: Բայց քաղաքականության մեջ միայն տեխնոլոգիան բավարար չէ, հարկավոր է ճիշտ քայլեր անել նաև ստրատեգիայի առումով:

Այս հարցում Ելք-ում խնդիր կա, դա հետևյալն է. Ելք-ի մեջ մտնող ուժերը ԼՀ-ն ու Հանրապետությունը ներկայանում են որպես արևմտամետ ուժեր, իսկ երբ միացավ ՔՊ-ին ու ընդունեցին հռչակագիր, պարզվեց նրանում ոչ մի արևմտյան կողմնորոշում էլ չկա : Ստացվում է, որ եթե այդ դաշինքը, որը կարող էր լինել արևմտյան դիրքորոշում ունեցող և իր շուրջը հավաքեր արևմտյան արժեքներ կրող ընտրողների, այլևս չի կարող հավակնել նրանց ձայներին: Այսինքն Ելք-ը, եթե տեխնոլոգիապես ամեն ինչ ճիշտ արեց, ստրատեգիապես՝ սխալվեց: Ու եթե հիմա թվում է, թե ամեն ինչ նրանց մոտ լավ է, հաջողություն են ունենալու, դա արտաքին կողմն է: Ես կասկածում եմ նրանց հաջողությանը, ինչը ես հասկանում եմ ԱԺ-ում բավականին ազդեցիկ խմբակցություն ունենալը: Իսկ եթե պետք է ընդամենը երեք պատգամավորով մտնեն՝ դա այլևս պարտություն է:
Ամփոփենք՝ ի՞նչ սկզբունքներով պետք է գոնե քարոզարշավի փուլում առաջնորդվեն եղած դաշինքները, որպեսզի կարողանան շահած դուրս գալ:
-Մարտի 5-ին կսկսվի քարոզարշավը. Նրանք պետք է լավ իմանան, որ այդ 25 օրն իրենց չի տրվում նրա համար, որ սեփական ծրագիրը ներկացնեն ընտրողներին ու ձայներ ստանան: Այդ 25 օրը տրվում, որպեսզի ներկայացնեն անցած 5 տարիների հաշվետվությունը: Իսկ եթե չես կատարել նորմալ աշխատանք, ուրեմն 25 օրվա ընթաքում ոչինչ չես կարող ներկայացնել:
-Կնշանակի շատերն են տանուլ տալու:
-Այո, որովհետև 5 տարի ոչինչ չեն արել: Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիչներին կծու հարցեր տալը, մամուլի ակումբներում խոսելը, հարցազրույցներ տալը քաղաքական գործունեության մեկ տոկոսն է, իսկ մնացած 99 տոկոսը գործ է, ինչը շատերը չեն արել այս 5 տարում: Ուրեմն, համոզված եղեք, որ այս 25 օրում ոչին չեն կարող անել: Մեր դիտակումներն էլ ցույց են տալիս, որ հասարակությանն ավելի շատ սպասում է ընտակաշառքի, քան կուսակցությունների կողմից առաջադրվելիք ծրագրեին: Ու քննարկվող թեման կլինի ընտարակաշառքի թիվը՝ այն կլինի 50, թե՞ 60 հազար: Այսինքն, այս ընտրությունները բովանդակային առումով շատ թույլ են լինելու, դրա համար էլ գլուխ կբարձրացնի ընտրակաշառքը:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն