Գլխավոր » Տնտեսություն

Տարերային PR-ի կարիք չունենք, մեզ պետք է իրական աշխատենք

Հունիս 7, 2017թ. 22:15

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը՝ նախագահ Արմեն Աշոտյանի ղեկավարությամբ, հանդես է եկել բացառիկ նախաձեռնությամբ. ստեղծվել է խորհրդատվական մարմին որպիսին երբևէ չենք ունեցել: Խոսքը ՙԱնալիտիկ խորհուրդ՚ կոչվող (անվանումը փոխվելու է) աշխատանքային խմբի մասին է: 5 տարի ժամկետով ստեղծված խմբի կազմում ընդգրկված են ԱԺ ներկա ու նախկին պատգամավորներ, նախկին պաշտոնյաներ, հայտնի վերլուծաբաններ ու քաղաքական գործիչներ։ Երեկ տեղի ունեցավ խորհրդի հետ համագործակցել ցանկացող փորձագիտական հանրույթի անվանի ներկայացուցիչների առաջին հանդիպումը։
Ակնհայտ է, որ խորհրդարանական դիվանագիտությունն ունի մասնագիտական, փորձագիտական կարողությունների ուժեղացման անհրաժեշտություն, խմբի ստեղծումը հենց դրան է միտված: Հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հայտարարեց, որ այս խմբում համագործակցությունը պայմանավորված է իրենց ՙէգոիստական՚ շահերով.ՙԵթե միասին աշխատենք, ապա ամեն պատնեշ հաղթահարելի կլինի։ Տարերային PR-ի կարիք չունենք, մեզ համար պետք է աշխատենք, այլ ոչ թե` ինչ արձագանք այն կունենա, դրա համար ՙօֆ դը ռեքորդ՚ պետք է աշխատենք։ ՙՆյու վասյուկի՚ չենք խաղալու։ Միամտություն կլինի կարծել, որ դուք ինչ ասեք պատգամավորներն անելու են: Բայց դուք մեզ պետք է հուշեք՝ ի՞նչ պետք է անել, ինչպե՞ս, պետք է անել, և ի՞նչ չպետք է անել: Մեր դրդապատճառը շատ պարզ է ՝ ՝ առաջին, հանուն մեր երկրի, երկրորդ, որ մեր խորհրդարանը զարգանա ու լավ աշխատի, երրորդը, որ փորձագետներդ գրեք ոչ միայն թղթի ու դարակի, գրադարանի համար, այլև այդ աշխատանքի արդյունքները տեսնենք: Այսպիսով, ուզում ենք գծային խորհրդարանական դիվանագիտությունից վերածվել տարածականի, ուր բացի օրենսդիր ու գործադիր հարթությունից լինեք նաև դուք՝ վերլուծական հարթությունը՚:
Քաղաքական գործիչ ԴԱՎԻԹ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԸ նկատեց, թե մեզանում մշտապես թերագնահատված է եղել խորհրդարանական դիվանագիտության արդյունավետությունը մինչդեռ այդտեղ կա և՜ հսկայական ներուժ, և՜ շատ ավելի լայն գործունության շրջանակ, քան ունի գործադիր իշխանությունը: Հետևաբար, կարծում է, որ խորհուրդն իր տեսակետները պետք է հայտնի ոչ միայն միջազգային տարբեր հարթակներում աշխատող պատգամավորներին, այլև խորհրդի անդամներն իրնեք պետք է օգտագործեն իրենց անձնական կապերը ի շահ Հայաստանի:
ԱԺ նախկին խոսնակ Տիգրան Թորոսյանը ողջունելով խմբի ստեղծումը կարևորեց տարբեր որոշումների կայացման ժամանակ մասնագիտական կարծիքի ընդունումը: Չնայած մասնագիտական կառույցները ևս կայանալու տեղ ունեն, այնուհանդերձ շատ ավելի օգտակար է ոչ միայն յուրաքանչյուր մասնագետի առանձին արված գործը, այլև դրանց համատեղումը: ՙԵս չեմ մտածում, որ վաղը կարթնանանք ու կտեսնենք, որ ԱԺ պատվիրակությունների աշխատանքների արդյունավետությունը կտրուկ բարձրացել է: Դրա համար տևական աշխատանք է պետք: Իսկ հիմքերը պետք է դնել այսօր՚: Թորոսյանն առաջարկեց ոչ միայն խոսել, քննարկել, այլև հանդես գալ գրավոր առաջարկներով:
Արտաքին քաղաքական հարցերում խիստ տարբեր հայացքներ ունեցող մարդկանց միատեղումը ու նման ընդգրկուն հարթակի ստեղծումը քաղաքագետ Արամ Սաֆարյանը համարեց առաջին լուրջ փորձը.ՙԵրբ ԱԳՆ-ն ու որևէ երկրի դեսպանություն պասսիվ են ու մեղքը իրար վրա են գցում՝ լուրջ խնդիրներ են իհայտ գալիս: Իսկ մենք ուժեղ ենք այնտեղ, որտեղ իրար օգնում ենք, լրացնում ենք դեսպանության ու նախարարության աշխատակիցներին՚:
Հարց առաջացավ, իսկ խորհրդատվական մարմինն ի՞նչ հարաբերություններ պետք է ունենա ԱԳՆ-ի հետ:ՙԴրանք լինելու են այնպիսին, ինչպիսին են կառավարություն-ԱԺ փոխհարաբերությունները: Սակայն ամենից ճիշտ տարբերակը մոտեցումների համադրումն է, այսինքն՝ չգնալ հակադրման ճանապարհով, հատկապես, երբ ակադեմիական միջավայրում չկա բացարձակ ճշմարտություն՚,-առաջարկեց Աշոտյանը: Փոքր-ինչ այլ կարծիքի էր ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանը: Նա նկատեց, թե միշտ չէ, որ արտաքին գերատեսչությունը բոլոր երևույթների հետ կապված ունի իր կարծիքը, միշտ չէ, որ վելուծում են աշխարհի կարևոր հարցերը.ՙԱԳՆ-ն տարբեր հարցերի առնչությամբ կարծիք առհասարակ չի հայտնում, ասելով, թե ցանկացած կարծիք կարող է վնասել Հայաստանին: Իհարկե, պետք է լինել զգույշ, բայց ոչինչ չասելը ճիշտ չէ: Եթե դու տեսակետ չունես, քեզ ընդհանրապես հաշվի չեն առնում՚: Առաջարկեց՝ խորհրդարանը չլինի գործադիրի շարունակությունը, այլ հայտնի իր տարբերվող կարծիքը:
ՀՀ առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը հիշեցրեց, որ դեռ Գերագույն խորհուրդի տարիներին գործել է Արցախի հարցով հատուկ փորձագիտական հանձնաժողով, որի կազմած փորձագիտական փաթեթը 4 տարի շարունակ տարածվում էր աշխարհով մեկ, այն փոխանցվել է տարբեր պատվիրակությունների, չնայած չէր արտահայտում երկրի պաշտոնական կարծիքը: ՙԱյսօր էլ Հայաստանի փորձագիտական համայնքն ունի նման խնդիր, որ տարածվի ոչ պաշտոնական, այլ փորձագիտական կարծիք ու այն անպայման չէ, որ համընկնի այդ պահին վարվող քաղաքականության հետ՚: Ասել է, թե պաշտոնականից դուրս ձևավորվի այլընտրանքային կարծիք ու Հայաստանից գնացող ազդակները միայն իշխանական կառույցներում չձևավորվեն:
Արմեն Աշոտյանն ասաց, որ նպաստելու են այս մարմնի ազատությանը, իսկ ազատությունը գալիս է կոմպետենտությունից. ՙցանկացած հարցում մարդ կարող է իր վրա վերցնել պատասխանատվություն, եթե գիտակ է ու իր ասածի տակից, կներեք, դուրս կգա: Եթե դուրս չես գալիս, ուրեմն կառչում ես տվյալ պարագայում՝ ԱԳՆ-ի ասածներից: Իսկ եթե ուզում ես օգտակար լինել երկրիդ, ուրեմն, կարող ես այլընտրանք տալ՚: Ասաց, թե ամենևին գովելի չէ, երբ պատգամավորը վերցնում է պատրաստի տեքստն ու սկսում կարդալ, շատերը դեռ այդ փուլում են, մինչդեռ միջազգային հարթակներում շատ հաճախ ՙէքսպրոմտի՚ անհրաժեշտություն է լինում՝ ի պատասխան հնչած կոնկրետ հարցի կամ ելույթի:
ՈՉ ԷՆՏՈՒԶԻԱԶՄ Է ՊԵՏՔ, ՈՉ ԷԼ ԴՈՆՈՐՆԵՐԻ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔԸ ԿԱ
Իսկ ինչպե՞ս պետք է աշխատի ստեղծվող կառույցը՝ էնտուզիազմո՞վ, թե՞ այն կլինի վճարովի: ՙԵկեք ինչքներս մեզ չխաբենք, էնտուզիազմը մի օր կարող է սպառվել, որպեսզի գնա արդյունավետ աշխատանք, մարմինը պետք է դառնա ինստիտուցիոնալ կառույց, պետք է կատարվի իրական աշխատանք՚. անկեղծ խոսակցություն սկսեց քաղաքագետ Թեւան Պողոսյանը: Նաև զգուշացրեց, դոնորների հետ գործ չունենալ, նրանց ներգրավումը գործին չի կարող մեզ համար լինել շահեկան.ՙԴոնորների միջոցով չենք կարող պաշտպանել մեր շահերը, քանի որ նրանք ամեն ինչ անելու են ելնելով սեփական շահերից: Եթե սա մեր ինստիտուտն է և մեր շահերն է սպասարկելու, ուրեմն, այն պետք է սեփական գումարներով աշխատի՚: Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն էլ տեղից վեր թռավ, թե.ՙԷնտուզիազմով տուն չեն պահում, Էնտուզիազմով չես կարող մեկ տարի գնալ, նստել ուսումնասիրություն անել: Պետք է լինի շահագրգռվածություն՚:
Որպեսզի իր խոսքը սառը ցնցուղի ՙէֆեկտ՚ ունենա, քաղաքագետ Մանվել Սարգսյանը նախընտրեց իշխանության ներկայացուցչի հետ խոսել ավելի ՙկոշտ՚. առաջին հարցն էր.ՙԻնչի՞ համար ես պիտի գամ ձեզ օգնեմ: Մենք բոլորս ունենք մեր գործը, շատ լավ իրար ճանաչում ենք, երբ պետք է՝ շփվում ենք, սեմինարների ենք հրավիրում, չենք ուզում՝ չենք շփվում: Հիմա դուք որպես պետական ծառայողներ, մեզ դիմում եք՝ եկեք մի բան ասեք, օգնեք: Ինձ համար պարզ չէ՝ ինչի՞ պիտի ձեզ օգնեմ: Ես այնքան հոդվածներ եմ գրում, ինչո՞ւ չեք կարդում, կամ եթե կարդում եք, ի՞նչ եք մեզնից ուզում: Այստեղ է, որ պետք է պարզություն մտցնենք՚: Ուրեմն, ըստ Սարգսյանի, նախ պետք է մեխանիզմ ստեղծել: Երկրորդ հարցն էլ այն էր, թե.ՙՄտածեք՝ ինչո՞վ եք հատուցելու այս մարդկանց: Դե հա, շնորհակալ ենք, կներեք, փող չկա, հանուն ազգի…էդ էլ է համոզիչ, բայց մեխանիզմ է պետք: Էնտուզիազմը պետք է դեն շպրտել, եթե էնտուզիազմ եղավ՝ հարթակը վերանալու է: Հարց ունենք կոնկրետ, կանչեք՝ կգամ: Ես միլիոն բան գիտեմ, կասեմ, եթե հետաքրքրում է՚:
Իշխանության ներկայացուցչի արձագանքը հստակ էր՝ այս պահին փող չկա, բայց ակնարկեց՝ կլինեն որոշակի հնարավորություններ ու.ՙՓոքր քայլերով հնարավոր կլինի էնտուզիազմը վերածել ինստիտուտի: Չնայած, էնտուզիազմը միևնույն է պետք է մնա, քանի որ , եթե չկա միտք, չկա ցանկություն, ապա ինստիտուտները վերածվում են բյուրոկրատիայի՚:
Արձանագրելով որ չնայած հնչած քննադատություններին, այնուհանդերձ բոլորը կողմ են խորհրդատվական մարմինի ստեղծմանը, Արմեն Աշոտյանը պայմանավորվեց խորհուրդի անդրանիկ բուն հավաքը անցկացնել մեկ ամիս անց, իսկ օրակարագային թեման կլինի խորհրդարանական դիվանագիտությունն ու խորհրդանի դերը միջազգային հարաբերություններում, ու թե ինչպե՞ս օգտագործել խորհրդարանական հաղորդակցության խողովակները բարձրացնելու Հայաստանի դերը ու լուծել մեր երկրի առաջ ծառացած արտաքին մարտահրավերները:
Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն