Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

Մենք այսօր նոր հանրապետության ծննդի ականատեսն ենք. Լևոն Շիրինյան

Ապրիլ 21, 2018թ. 15:24
Լևոն Շիրինյան

Քաղաքագետ ԼԵՎՈՆ ՇԻՐԻՆՅԱՆ

-Կարո՞ղ է կայանալ ընդդիմություն-իշխանություն երկխոսությունը:

-Այս անգամ փողոցի պայքարը հստակ առաջնորդ ունի՝ Նիկոլ Փաշինյանն է, բայց նա էլ Արմեն Սարգսյանի լեգիտիմությունը կասկածի տակ է դրել, ասելով, թե Սարգսյանը նախ իր քաղաքացիության հարցը պետք է պարզի որպեսզի մենք իրեն ընդունենք որպես ՀՀ նախագահ: Սա նշանակում է, որ Արմեն Սարգսյանը չի կարող լինել միջնորդ, քանի դեռ չի ներկայացրել տեղեկանք, որ ինքը ՀՀ քաղացի է: Հետևաբար,  երկխոսության նրա առաջարկի ընդունումը  դուրս է գալիս օրակարգից, իմ ու ձեր ցանկությունն այլևս ոչ մի նշանակություն չունի, քանի որ երկխոսության գնացողը Նիկոլն է:

Կարծում եմ, այն ինչ տեղի է ունենում հրապարակում,  մի գործընթաց է, որն այլևս հետընթաց չունի, սա ապրիլյան պատերազմի արձագանքն է: Մեր երիտասարդները , որոնք 2016-ի ապրիլին  հաղթեցին թշնամուն այսօր փողոց են դուրս եկել ու պահանջում են իշխանափոխություն, որովհետև ուզում են արդար երկիր ունենալ:

Հետևաբար, քաղաքական օրակարգի թեման կարող է լինել միայն մեկը՝ Ազգային ժողովի նոր ընտրությունները, միայն  այս հարցի շուրջ կարող է լինել երկխոսությունը: Սակայն այդ ընտրությունները պետք է լինեն արդար ու թափանցիկ և յուրաքանչյուր ընտրակեղծարարություն պետք է դիտվի որպես պետական դավաճանություն:

Իշխանությունն ի՞նչ կոնկրետ քայլերի, զիջումների կարող է գնալ այս պահին իրավիճակը հանդարտացնելու համար:

-Իշխանությունն ունի մեկ տարբերակ՝ ընդառաջ գնալ երիտասարդության պահանջներին, այն է՝ իշխանափոխություն, ինչը  կարող է լինել ԱԺ նոր ընտրություններով: Սա իշխանափոխության գոծընթաց է ու դա պետք է գիտակցեն իշխանությունները: Ռեժիմի մեքենան փչացել է, որքան գործող իշխանությունը դա շուտ հասկանա,  այնքան կլինի ի շահ պետության: Եկել է ժամանակը Հայաստանի Չորրոդ  Հանրապետության հռչակման, այլ կերպ չի կարող լինել:

Հռչակելով թավշյա հեղափոխության, Փաշինյանը քանդեց երրորդ հանրապետության հիմքերը: Ու մենք այսօր նոր հանրապետության ծննդի ականատեսն ենք, և այդ  ծնունդը բացառիկ է իր տեսակի մեջ: Այստեղ չկան  աղբանոց նետված կուսակցություններն ու նրանց նախկին լիդերները, սա քաղաքացիական շարժում է, որն արվում է  նոր տեխնոլոգիաներով: Երրորդ հանրապետությունը մեռած է, ընդամենը ժամանակի հարց է:

Այնպես որ ճիշտը կլոր սեղանն է, թող նստեն, խոսեն, թե ե՞րբ են նոր ԱԺ ընտրություններ նշանակում:

Տարածաշրջանը լարված վիճակում է, Ադրբեջանը արագացրեց ու ավարտեց նախագահական ընտրությունները, նույնն է պատրաստվում անել նաև Թուրքիան: Եվ սա փաստում է այն մասին, որ տարածաշրջանային երկրները  շտապում են լուծել ներքաղաքական խնդիրները, որպեսզի պատրաստ լինել արտաքին մարտահրավերներին: Մինչդեռ մենք  ուզում եք մեր երկիրը նորի՞ց մղել  նախընտրական գործընթացների մեջ ու ստեղծել ներքին անկայունությո՞ւն:

– Այո, Թուրքիան արագացրել է նախագահական ընտրությունների  օրվա նշանակումը, Ադրբեջանն ավարտել է դրանք, մենք կարող ենք արտաքին հարաբերություններում հայտնվել  ֆորս մաժորում, եթե ուշացնենք: Դրա համար պետք է  շտապ  ձևավորվի նոր Ազգային ժողով, նոր ընտրություններ ու նոր իշխանություն: Ժամանակավոր կառավարություն պետք է ստեղծվի, ուրիշ ճանապարհ չկա: Հասարակությունը երկպառակտված է, երիտասարդությունը, որը ռազմաճակատ գնացողն է, այլևս այս իշխանությանը չի հավատում, սա լեգիտիմությունը կորցրած իշխանություն է:

Հայաստանի չորրորդ  հանրապետությունը պետք է հռչակվի, որը պետք է լինի արդար երկիր, մենք ուրիշ ճանապարհ չունենք:

armarLur.com

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն