Գլխավոր » Regions, Թուրքիա, Լրահոս, Տարածաշրջան, Ցեղասպանություն

Ճանաչեք Հայոց ցեղասպանությունն ու նեղացրեք Թուրքիային. «Los Angeles Times»

Ապրիլ 24, 2017թ. 14:57
Փիթեր Բալլաքյան

  Ընթերցողի ուշադրությանն ենք ներկայացնում Քոլգեյթի համալսարանի հումանիտար գիտությունների պրոֆեսոր Փիթեր Բալլաքյանի «Los Angeles Times»-ում հրապարակված հոդվածը՝ կրճատումներով:

 

Մի անգամ ընկերս ինձ Սուրբ Ծննդյան բացիկ ուղարկեց, որում գրված էր. «Թող այս տոնական սեզոնին ճանաչվի ձեր ցեղասպանությունը»: Մինչեւ հիմա այդ բացիկն ինձ ստիպում է բարձրաձայն ծիծաղել, քանի որ մատնանշում է Թուրքիայի եւ հայ ժողովրդի միջեւ գոյություն ունեցող անհեթեթ փակուղին:

100 տարի առաջ ապրիլին Օսմանյան կայսրությունը կյանքի կոչեց հայ բնակչության կանոնավոր կոտորածի իր ծրագիրը: Թուրքական կառավարությունը, սակայն, չի ընդունում այդ փաստը: Ամեն տարի այն մի ամբողջ կարողություն է վատնում, որպեսզի խափանի Հայոց ցեղասպանության թեմայով գիտական ու մշակութային միջոցառումները: Այն ավելի հեռուն է գնում, եւ ամեն տարի 1 մլն դոլար է վճարում նախկին սենատոր Ռիչարդ Ջեֆարդին պատկանող «Gephardt Group» ընկերությանը՝ Կոնգրեսում քննակվող Հայոց ցեղասպանության շուրջ բանաձեւերը խափանելու համար: Միացյալ Նահանգներն այդ գրաքննության փորձերի միակ թիրախը չէ:

«Հրեաներ» բառը փոխարինեք «հայեր»-ով, իսկ «գերմանական կառավարությունը»՝ «թուրքական կառավարությամբ», եւ կկարողանաք պատկերացնել դրանից բխող բարոյական վիրավորանքը: Հայ համայնքը 100 տարի շարունակ սպասում է, որպեսզի միջազգային հանրությունը ոտքի ելնի Թուրքիայի դեմ:

«Ճանաչում» բառը սավառնում է Հայոց ցեղասպանության պատմության վրա: Ճանաչման հարցն աբսրակցիա կամ հռետորական խաղ չէ: «Ճանաչում» բառը վերաբերում է պատասխանատվությանը, սոցիալական արդարության վերականգնմանը մի հանցագործության, որը կարեւոր դեր խաղաց Ռաֆայել Լեմկինի կողմից «ցեղասպանություն» եզրույթի եւ հասկացության ստեղծման համար:

Ցեղասպանության ժխտումն ամփոփիչ փուլն է, քանի որ դրա նպատակն է սպանել այդ իրադարձությունների մասին հիշողությունը, սեւացնել զոհերին եւ վերակենդանացնել հանցագործներին:

Օբաման մյուս բոլոր նախագահներից առաջ անցավ թուրքական առաջնորդներին դիմակայելու հարցում՝ նրանց խնդրելով ազնվորեն վերանայել 1915 թվականի իրադարձությունները: Բայց նա պետք է անսա իր սեփական իմաստությանն ու դադարեցնի ինքնագրաքննությունը: Նախագահը հստակ կերպով հասկանում է, որ այն, ինչ տեղի է ունեցել հայերի հետ, ցեղասպանություն է: 2008 թվականին՝ մինչեւ իր ընտրվելը, նա հայտարարեց. «Իմ անխախտ համոզմունքն է, որ Հայոց ցեղասպանությունը մերկապարանոց պնդում, անձնական կարծիք կամ տեսակետ չէ, այլ լայնորեն փաստաթղթավորված փաստ՝ ամրապնդված հսկայական քանակությամբ պատմական ապացույցներով»: Նախագահը պետք է հետեւի Հռոմի Պապի օրինակին, որը, ճանաչելով Հայոց ցեղասպանության պատմական նշանակությունը, չտրվեց թուրքական կառավարության պայմաններին:

Թուրքիայի կառավարությունն իր կողմից պետք է դադարեցնի խափանել մշակութային միջոցառումներն ու միջամտել ժողովրդավարական հասարակությունների մտավոր ազատությանը: Այն պետք է ունկնդիր լինի իր բազմաթիվ քաղաքացիներին, որոնք համառորեն աշխատում են Թուրքիայում արդարության օգտին: Թուրք հայտնի գիտնական եւ լրագրող Չենգիզ Աքթարն իր բազմաթիվ համաքաղաքացիների անունից էլ խոսում, երբ գրում էր. «Հայոց ցեղասպանությունն Անատոլիայի մեծագույն աղետն է եւ այդ հողի բոլոր տաբուների մայրը: Դրա անեծքը մեզ կհետապնդի այնքան ժամանակ, քանի դեռ մենք հրաժարվում ենք խոսել այդ մասին, ճանաչել, հասկանալ եւ մաքրել հաշիվները դրա հետ»: Անեծքը հանելու համար մոգության կարիք չկա: Այն ամենը, ինչ անհրաժեշտ է, բարոյական ուժն է:

armarLur.com

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Regions, Թուրքիա, Լրահոս, Տարածաշրջան, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն