Գլխավոր » Analitika, TOP, Ազգային գաղափարախոսություն, Լրահոս, Հասարակություն, Վերլուծական, Քաղաքականություն

<<Ո՞վ է պատասխան տալու երկրի ու պետականության, ազգի ու պատմության առջև. irates.am

Մարտ 20, 2018թ. 20:33
Արգամ Այվազյան

Հայագետ Արգամ Այվազյանի հոդվածը հրատարակվել է <<Իրատես>> թերթի 2017 թ․ թիվ 64-67 համարներում։

Այն ներկայացնում ենք ստորև

                 ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑՈՒ ՈՂԲԸ  ԿԱՄ ԱՆՑՅԱԼԻ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԻՑ
Մեր ժամանակների ճանաչված արձակագիր Հրանտ Մաթևոսյանը 1999 թ. նոյեմբերին գրած իր մի փոքրիկ՝ Մեր փրկիչն էլ, թշնամին էլ մեր մեջ են¦ հոդվածում որպես վերջաբան եզրակացրել է. <Հիմա արդեն, վերջապես, կարողացանք տեսնել, որ մեր աղետների և ժամանակակիցն ենք, և գործուն մասնակիցը, և մենք մեզ սիրելի չենք>(<Չորորդ իշխանություն>, 29.12.2010): Անշուշտ, Մաթևոսյանը իրավացի է նման եզրակացություն կատարելու համար: Սակայն միաժամանակ ուզում եմ ընդգծել նաև այն, որ դարեր շարունակ այս գիտակցմանը բազմիցս բարձրաձայնած կամ ցածրաձայնած մեր այլ երևելիների մտահոգություններին ու ահազանգերին ինչ որ չափով հասու լինելն անգամ մեզ դաս ու խրատ չէ, որպեսզի մենք՝ ազգովին ու պետականորեն գիտակցենք-ձեռնամուխ լինենք աշխարհասփյուռ ու տարաբևեռ, երկփեղկված ու անմիաբան մեր ժողովրդին մի ընդհանուր հայկական միջավայրում թե գործելու և թե° պայքարելու ծրագրեր մշակելու:
1600 տարուց ավելի ժամանակաշրջանում մեր ազգային մտքի տիտաններն ու երևելիները ժամանակ առ ժամանակ կոչնակել են երկրի ու պետա¬կանության, ազգի ու լեզվի տագնապներն ու ճակատագրական կործանումների վտանգները: Սակայն դարեր շարունակ էլ՝ տարված լինելով մեր ներքին պայքարներով, զանց ենք առել և այսօր էլ զանց ենք առնում զգոնության կոչերը և գործնականում ոչ մի հետևություն չենք անում: Քանզի, ամեն մի հայ մարդ ՝ իրեն զգալով Տիգրան Մեծ կամ Արշակ Բ արքա, ջանացել և ջանում է տեր դառնալ երկրին, յուրացնել ազգային կարողությունները, ի ցույց դնել իր անձն ու իշխանությունը: Այնպես որ Մաթևոսյանի վերոնշյալ եզրահանգումն այնքան էլ նորություն չէ և ամենքս էլ այս կամ այն չափով §գործուն մասնակցություն¦ ունենք մեր երկրի այսօրինակ իրավիճակի գործում: Սակայն, օրինական հարցադրում է առաջանում, ի վերջո մինչև ու՞ր կամ մինչև ե՞րբ կարող է հասնել այսպիսի հարմարվողականությունն ու ազգային նինջը, անտարբերությունն ու անկարողությունը… Ի վերջո այսպիսի իրավիճակների համար ո՞վ է պատասխանատու երկրի ու պետականության, ազգի ու պատմության առջև:
Այս հարցերի պատասխաններին ինչ որ չափով հասու լինելու համար, ըստ իս, նախևառաջ պետք է դիմենք մեր անցյալի անցուդարձերին ու պատմական փաստերին: Բացի այդ էլ, մատենագիր Եղիշեի խոսքերով ասած՝ §անցյալի մասին հիշողությունը դիտաշտարակ է, որից լավ երևում է ապագան¦: Մի հիշեցում ևս՝ ընթերցողը պիտի նկատի ունենա, որ անցյալը քրքրելու կամ էլ մեր ժողովրդի բազմաթիվ դրական հատկանիշներն անտեսելու համար չէ, որ անդրադառնում եմ այս հարցերին: Խնդիրն այն է, որ մեզանում դարեր շարունակ բույն է դրել 2, իրարամերժ երևույթներ՝ հայը ծնում է թե° հանճարներ ու իրական հայրենասերներ, և թե° այդ ամենը ժամանակ առ ժամանակ տապալող դահիճներ ու դավաճաններ: Քանզի, մեր համար ազգային հիվանդություն է դարձել ուրիշներին ապավինելու սինդրոմը, մեր խնդիրներն ամեն անգամ ի տես դնելը, օգնություն աղերսելու երևույթները: Այնպես որ վերոնշյալ գաղափարները, հայ ժողովրդի բնավորության, վարքագծի ու հոգեբանության նախանշանները, իմ կարծիքով, նախանշվել են դեռևս 5-րդ դարում՝ քերթողահայր, տիեզերահռչակ Մովսես Խորենացու <Հայոց պատմությունու>, մասնավորապես այդ կոթողային աշխատանքի երկրորդ գրքի 68-րդ՝ <Ողբք վասն բառնալոյ թագաւորութեանն Հայոց յազգէն Արշակունեաց, եւ եպիսկոպոսապետութեանն յազգէ սրբոյն Գրիգոր> գլխում: Եվ ահա, դարեր շարունակ, ով այս կամ այն չափով առնչվել է հայ ժողովրդի պատմության, բանասիրության ու ազգագրության, արվեստի ու մշակույթի հետ, անպայմանորեն խորհել ու մտահոգվել է պատմահոր Ողբի ասելիք-փիլիսոփայությամբ:

Այնպես որ՝ եկեք մեկ անգամ էլ Ողբի երկրորդ մասը ուշադրությամբ ընթերցենք ու խորհենք.
<Վարդապետները[ուսուցիչները]՝ տխմար ու ինքնահավան, իրենք իրենցից պատիվ գտած և ոչ աստծուց կոչված, փողով ընտրված և ոչ սուրբ հոգով, ոսկեսեր, նախանձոտ, թողած հեզությունը, որի մեջ աստ-ված է բնակվում, և գայլ դարձած գիշատում են իրենց հոտերը:
Կրոնավորները՝ կեղծավոր, ցուցամոլ, սնափառ, պատվամոլ, քան թե աստվածասեր:
Վիճակավորները՝ հպարտ, դատեր սիրող, դատարկախոս, ծույլ, գիտու-թյուններն ու վարդապետական գրվածքներն ատող, առևտուր և կատակեգություններ սիրող:
Աշակերտները՝ սովորելու մեջ ծույլ, սովորեցնելու մեջ փութաջան, որոնք դեռ չսովորած՝ աստվածաբան են:
Ժողովրդականները՝ ամբարտավան, ստահակ, մեծախոս, աշխատան¬քից խուսափող, արբեցող, վնասակար, ժառանգությունից փախչող:
Զինվորականները՝ անարի, պարծենկոտ, զենք ատող, ծույլ, ցանկասեր, թուլամորթ, կողոպտիչ, գինեմոլ, ելուզակ, ավազակներին համաբարո:
Իշխանները՝ ապստամբ, գողերին գողակից, կաշառակեր, կծծի, ժլատ, ագահ, հափշտակող, աշխարհ ավերող, աղտեղասեր, ստրուկներին համա-խոհ:
Դատավորները՝ տմարդի, սուտ, խաբող, կաշառակեր,իրավունքը չպաշտ-պանող, անհաստատ, հակառակող:
Եվ առհասարակ սերն ու ամոթը ամենքից վերացած:
… Որովհետև մեզ¤ տիրեցին խստասիրտ ու չար թագավորներ, որոնք ծանր, դժվարակիրթ բեռներ են բարձում, անտանելի հրամաններ են տալիս: Կառավարիչները կարգ չեն պահպանում, անողորմ են, սիրելիները դավաճանված են, թշնամիները զորացած. Հավատը ծածվում է այստեղ ունայն կյանքի համար: Ասպատակություններ են գալիս անհատնում, շատ տեղերի վրա, տները գերվում են, ստացվածքները հափշտակվում, գլխավոր մարդիկ կապվում են, հայտնի անձեր բանտարկվում են, դեպի օտարություն են աքսորվում ազնվականները, անթիվ նեղություններ են կրում ռամիկները, առն-վում են քաղաքներ, քանդվում են ամրոցներ, ավերվում են ավաններ, հրդեհվում են շինություններ, անվերջ ստվեր և հիվանդություններ և բազմատեսակ համաճարակներ, Աստվածապաշտությունը մոռացված է, [և կա] դժողքի ակնկալություն>:
Ընդգծեն, որ հայագիտության մեջ հայ և օտար հայագետների ջանքերի շնորհիվ 19-րդ դ. սկզբներից ի վեր, հսկայածավալ հայալեզու և օտարալեզու գիր ու գրականություն է ստեղծվել ոչ միայն Խորենացու պատմության ու նրա ինքնության, ժամանակի ու պատմագրական արժանիքների, այլև նրա Ողբի վերաբերյալ: Խնդիրներ, որոնք բազմաթիվ ու բազմազան քննությունների ու մեկնաբանությունների առարկա են դարձել: Նախ ի նկատի ունենանք, որ հայագիտության մեջ Խորենացու <Պատմություն հայոցի> Մ. Աբեղյանի ու Ս. Հարությունյանի 1919 թ. հրատարակությունից հետո այն վերստին հայագի-տության երկու հսկաների՝ Մանուկ Աբեղյանի ու Ստեփան Մալխասյանի երկարամյա աշխատանքների շնորհիվ՝ մանրամասը ծանոթագրություններով, առաջաբանով ու անհրաժեշտ ուսումնասիրություններով 1983 թ. հրատարակվեց պատմության քննական բնագիրը: Այդ հրատա¬րակությամբ մեծանուն գիտնականները հերքեցին գիտության մեջ մինչ այդ եղած և տարածում գտած կարծիքներն ու տեսակետները:
Անշուշտ, այս հոդվածի թույլատրելի սահմաններում անհնար է անդրադառնալ մեծածավալ, երբեմն էլ իրարամերժ ու տարատեսակ բոլոր կարծիքներին ու մեկնաբանություններին: Մանավանդ, որ անցած դարերը կարծեք թե դեռևս չեն կարողացել այս խնդիրը վերջակետել: Այնուամենայնիվ, այդ բազմազան ու բազմաթիվ կարծիք-մեկնաբանություններից հարկ է անդրադառնալ մի քանիսին: Օրինակ, հայագիտության ակնառու դեմքերից Ներսես Ակինյանը հետևելով գերմանացի հայագետ Ա. Գուդշմիտի <բրիտանական հանրագիտարանում> հայտնած սխալ կարծիքին, նույնիսկ պնդում է, որ Ողբը 5-րդ դ. գործ չէ և չի էլ պատկանում Մ. Խորենացուն: Նա առավելապես հակված է, որ այն 8-րդ դ. պատմիչ Ղևոնդի պատմության վերջին մասն է(Ն. Ակինյան, Մովսես Խորենացու Ողբը Ղևոնդ Երեցի պատմության վերջաբան է, <Հանդէս ամսօրյա>, 1930, թիվ 1-2): Այս տեսակետը, որն անընդունելի է, կրկնել են նաև եվրոպական այլ հայագետներ(Օ. Կարիեր, Յ. Հյուբշման, Ռ. Թոմսոն և այլք), որոնք Խորենացու ապրած ժամանակաշրջանը նույնիսկ, կամայականորեն, տեղաշարժում են մինչև 8-9-րդ դդ. և նրան կեղծագիր վանական համարում: Այս տեսակետի կողմնակից են եղել նաև Գր. Խալաթյանը, Հ. Մանանդյանը:
Այնուամենայնիվ, հայագետների մի ստվար մասը հաստատապես գտնում է, որ Ողբը իրապես պատկանում է Խորենացու գրիչին: Օրինակ, Ստ. Մալխասյանը անդրադատնալով Ողբին և մասնավորապես նրա երկրորդ մասին, ընդգծել է, որ <Ողբի այս վերջին մասը կարդացողը չպետք է գրվածը բառացի ընդունի, իբրև թե հայ ժողովրդի բոլոր դասակարգերը ապականված են եղել ամեն տեսակ մոլություններով և Հայոց աշխարհը լցված է եղել ամենակերպ տարերային աղետներոմ ու չարիքներով…

Ողբի գրության ընթացքում, երբ հեղինակն այնպես սուր կերպով զգացել է հայժողովրդի անիշխա-ությունը և անկախությունից զրկվելը, մեծ՝ անփոխարինելի ուսուցիչների կորուստը և իր կրած անձնական զրկանքները, նա համակվել է խոր, անսփոփ վշտով, ընկել է հուսահատության մեջ, և այս զգացմունքների ազդեցության տակ խտացրել իրական պակասությունները ու չարիքները, մասնավորն ընդհանրացնելով, պատահականին տարերային բնույթ տալով: Նկարագրված բացասական երևույթները ոչ այնքան իրականության պատկերներ են, որքան անկեղծ հայրենասեր հեղինակի վշտահար հոգու>(Մ. Խորենացի, Հայոց պատմություն, Եր., 1981, էջ 396):
Մեկ երրորդ կարծիք՝ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Գ. Սարգսյանը քննության առնելով Ողբի վերաբերյալ առկա տեսակետները, հանդես է եկել Ողբի նոր մեկնաբանությամբ, նշելով, որ <մենք Ողբի երկրորդ մասը պիտի դիտենք ոչ թե որպես նկարագրություն, այլ նախատեսում, կանխազգուշացում: Այդ դեպքում ամեն ինչ իր տեղն է ընկնում: Խորենացին իրապես ազդված և ցնցված է այդ, Լ. Զեքիյանի բառերով ասած, <կրկնակի վերջով>, որը նրան նաև որպես <բացարձակ վերջ>, մշտնջենական, անդառնալի վերջ էր ներկայացնում, անշուշտ կարող էր նախատեսել ողբի սարսափները, և այս արդեն ամենևին չի հակասում նրա <Պատմությանը>:
Այսպիսով, բացատրությունը հետևյալն է: Ողբի այդ երկրորդ մասը, որն սկսում է <Վարդապետք տխմար> բառերով և շարունակվում մինչև գրքի վերջը, ոչ այլ ինչ է, քան մարգարեություն, գուշակություն, և ոչ՝ կոնկրետ իրավիճակի նկարագրություն, ինչպես որ այն ընկալվել և ընկալվում է>(Գ. Սարգսյան, Մովսես Խորենացու Ողբը նոր մեկնաբանությամբ, <ՊԲՀ>, թիվ 1, 1997, էջ 120):
Այստեղ, հարցման ու պատասխանի կարգով նշենք, որ ընդունելի կարելի է համարել թե° Ստ. Մալխասյանի և թե° Գ. Սարգսյսանի մեկնաբանությունները: Նախ այն, որ մարդ կարող է զայրույթի պահին, Մալխասյանի բնորոշմամբ <ընկնել հուսահատության մեջ>:

Հանգամանք, որը շատ մարդկային է և զուտ հայկական երևույթ չէ: Այն բոլոր ժողովուրդներին, մասնավորապես մտավորական խավին բնորոշ հատկանիշ է, որից զուրկ չէր կարող լինել նաև Խորենացին: Մանավանդ որ Ալեքսանդրիայից՝ ուսանողների հետ վերադառնալուց հետո հայրենիքում Խորենացին տգետ հոգևորականության կողմից ենթարկվել է բազմաթիվ հալածանքների ու ծաղրանքների, ծանակումների:

Ղազար Փարփեցի պատմիչը, որը Խորենացու ժամանակակիցն էր, իր հանրահայտ Թղթում այդ մասին շատ հստակորեն ընդգծել է, որ <Երանելի Մովսես փիլիսոփոսը, որ քանի կենդանի էր՝ հրեշտակի նման կյանք ուներ, չէ՞ որ հայոց այդ աբեղայական խումբը նրան տեղից տեղ հալածեց, չէ՞ որ այն լուսավորչեն և նրա տգիտահալած գրքերն իրենց անգիտությամբ կոչում էին փաթաղ իկես(աղճատված, աղավաղված) և ուրիշ շատ բաներով էլ նրան վշտացնելուց հետո՝ ուրիշներից ամաչելով խաբեական եպիսկոպոսությունը նրան տվին իբրև մահադեղ և սրբի ձայնը խեղդեցին… Նա իր կյանքը անչափ անհանգիստ աշխատությունների և գիշեր-ցերեկ հայոց աշխարհը լուսավորող վաստակի վրա դրեց: Նրա ոսկորները գերեզմանից հանել տվին և գետը թափեցին: Հրեշտականման այն Տերին նույն այդ անհանգիստ հալածանքներով մահու հասցրին և դեռ հիմա էլ անհագ քինախնդրությամբ մեռածի հետ են կռիվ տալիս>(Ղ. Փարպեցի, Հայոց պատմություն, Թուղթ Վահան Մամիկոնյանին, Ե., 1982, էջ 483-485):
Խորենացին, ինչպես վկայում են պատմական աղբյուրները, հալածվել է հունաբան լեզվի և քաղկեդոնիկ ուղղությանը շուրջ 30 տարի հետևորդ լինելու համար և միայն մոտ 60 տարեկանում է ձեռնադրվել եպիսկոպոս: Ապա 470-ական թվականներին Սահակ Բագրատունի իշխանի խնդրանքով ձեռնամուխ է եղել <Պատմություն հայոց> կոթողային աշխատանքի շարադրմանը, որն էլ ավարտել է 482 թ. առաջ: Այնպես որ, եթե Ողբի թշվառությունները ու քննադատությունները համեմատենք մեր այսօրվա գաղջ իրականության բազում քննադատական դիրքորոշումների հետ, որին ստորև կծանոթանանք, ապա Խորենացու գրածը շատ անմեղ կթվա:
Մեր պատմության մեջ Մովսես Խորենացին սեփական ժողովրդի ու իշխանական դասի կողմից, անշուշտ, միակ այպանվածը չէ: Դրանց թիվը, բոլոր ժամանակներում՝ այդ թվում նաև մեր օրերում, չափազանց շատ ու շատ են, որոնք հայրենիքում կամ անընդհատ հալածանքների են ենթարկվել, կամ էլ վտարանդվել: Սա կարծեք թե մեր ժողովրդի համար արդեն դարձել է ապրելակերպի նորմ, ազգային սովորություն: Անշուշտ, այսպիսի վարքագիծը ցանկացած ժողովրդի համար արգահատելի է և ժողովրդի առաջընթացի զարգացման և պետական կարգ ու կանոնի ապրապնդման արգելք-արգելանքներ են, որից դարեր շարունակ ոչ մի կերպ ձերբազատվել չենք կարողանում:
Ընդունելի կարելի է համարել նաև ակադեմիկոս Գ. Սարգսյանի մեկնաբանությունը, որ <Մովսես Խորենացին Ողբի երկրորդ եզրափակիչ մասը ոչ թե իր ժամանակի հայ իրականության նկարագրությունն է, նույնիսկ խտացված գույներով, այլ աստվածաշնչական մարգարեներ Երեմիայի ոգեշնչմամբ և Զաքարիայի օրինակով Պատմահոր բերանով արված մարգարեություն-գուշակություն>(Գ. Սարգսյան, նշվ. աշխ., էջ 128): Այս դեպքում, անվարան կարելի է ընդունել, որ նման գուշակություն կատարողը պետք է ունենար ոչ միայն կռահելու ունակություն, այլև խորապես ծանոթ լիներ, ինչպիսին է Խորենացին, հայ ժողովրդի ազգային հոգեբանությանն ու վարքա-գծին, նրա պատմափիլիսոփայության նրբերանգներին ու առանձնահատկություններին: Մի գուշակություն-եզրահանգում, որը հայ ժողովրդի պատմու-թյան մեջ անցած 1600 տարիների ընթացքում ոչ միայն քննության է բռնել, այլև դարձել է պատմական իրողություն, որի անտեսումն անհնար է և այսօր էլ Ողբի ասելիքը իր ենթաշերտերով ցավալիորեն արդիական են: Մեծ քերթողահայրի Ողբում արձանագրվաձ-խարազանված երևույթները 5-րդ դ. մինչև այսօր գրեթե անփոփոխ են մնացել, ժամանակ առ ժամանակ ավելի ցցուն կամ էլ սակավ երևացող են դարձել, ապականել են հայկական իրականության շատ ու շատ բնագավառները, խախտել հայոց պետականության սյուները:
Ի նկատի ունենալով պատմական փաստերը, սխալված չեմ լինի եթե նշեմ, որ հայը ժառանգական պայքարի զինվոր չէ: Քանզի նրա համար պատմական և զգացմունքային հիշողությունը ավելի գնահատելի ու կարևոր են թվում, որի համար էլ նրա ձեռնարկած քաղաքական պայքարները մեծիմասամբ ավարտվում են անարդյունք, տրամաբանական լճացումներով և հիասթափություններով: Ակնհայտ է նաև, որ անցյալի ձախողված փորձերից ու իրադարձություններից մենք ազգովին անհրաժեշտ հետևություններ չենք կատարում և ավելի շատ տարված ենք մեզնից առաջ ունեցածները քննադատելու մարմաջով: Եվ դարեր շարունակ մեր սերունդը սերնդին է ժխտում, անհատն ու իշխանավորը՝ անհատին ու առաջնորդին, համակարգը՝ համակարգին: Ճիշտ և ճիշտ 1920 թ. գրող Դերենիկ Դեմիրճյանի գրած

<Հայի> հետևյալ բնորոշմամբ.
«Թուով ամենափոքր է, տառապանքով ամենամեծը, ժամանակով ամենահինն է, վիճակով՝ ամենից անփոփոխը:
…. Դիվանագիտության մէջ մի բանումն է շատ հոգածու-անկեղծ լինել: Այքան անկեղծ և միամիտ, որ անկասկածելի խորամանկի և կեղծավորի տպաւորութիւն է անում:
…. Քծնում է, ստրկանում օտարի ոտքի տակ… հերոսանում է յանկարծ և ծառանում վիշապի նման:
…. Ամէն մի Հայ մի Հայ ունի, որի հետ թշնամի է մինչեւ մահ: Սա նրա անհրաժեշտությունն է: Անկարգ է և անիշխանական թէ պետութեան և թէ գաղափարների մէջ: Իբրեւ ժողովական՝ անմիաբան է, անտանելի, խռովարար:
…Ուր հեղափոխություն՝ այնտեղ Հայություն: Բայց իբրև §ական¦ ծայրահեղական է: Շահի դեմ, Սուլթանի դեմ, Ցարի դեմ: Ասենք ամեն Հայ մի փոքր Շիրակացի է, Դոն Քիշոտի պես: Կոտորածներից ամենազարհուրելին ինքը տեսավ և ինքն էր, որ չխրատվեց. իր օրիենտացիան բացակայի օրիենտացիան է: Թաթա՞րն է մոտը՝ սպասեց Ռուսին: Ռու՞սը եկավ, աչքը Եվրոպայուն էր: Եկա՞վ Անգլիացին՝ դարձյալ Ռուսին էր սպասում: Ռու՞սն է գալիս՝ չի ընդունում… Ուրեմն, իր պետությունն է ուզում ստեղծել, չի՞ ուզում ստեղծել՝ ի՞նչ իմանաս… Մի ձեռքը ճանկռոտելով հիմնում է այդ պետությունը, մյուս ձեռքը ճիգ է անում հիմքից քանդելու> (<Հայաստանի անկախությու> 02. 08. 1920,andin.am/2015/12/23/հայը-բնագիր):
Եվ այսպես, դեռևս Ագաթանգեղոս պատմիչի վկայությամբ, Հայաստանի նախարարական տներից 15-20-ը իրենց գերդաստաններով, որը կարող էր կազմել մոտ 65-70 հազար մարդ, աքսորվեց երկրից, պետական գանձատունը կողոպտման ենթարկվեց: Այսպիսով, թե° ներքին հակամարտություններից և թե° Հայաստան ասպատակած նվաճողների՝ արաբների ու պարսիկների, թուքերի ու մոնղոլների հալածանքներից տարի առ տարի սկսվեց Հայաստանի իսկական տերերի՝ նախարարական տների ու ազնվական դասի ներկայացուցիչներին, հալածանքների ենթարկելու ու ոչնչացնելու գործընթացը:

Պատմականորեն փաստվում է նաև այն հանգամանքը, որ դարեր շարունակ թշնամու դեմ միասնական ուժերով այս կամ այն կարգի հաղթանակներ տանելուց հետո մենք անբացատրելի կերպով լծվում ենք իրար դեմ պայքարելու-պատերազմելու, երկրի ինչքին ու իշխանական լծակներին տիրանալու գործին: Հանգամանք, որը մշտապես խարխլել է ազգային համախմբվածությունն ու պետության հիմնասյուները: Հիշենք Տիգրան Մեծին վերաբերող դեպքը, երբ հռոմեական զորքերին սատարում էր Արքայից Արքայի որդին՝ Արտավազդը: Կամ միջնադարյան ծաղկուն Անի քաղաքի բերդի բանալիները Վեստ Սարգիսի կողմից դավաճանորեն թշնամուն հանձնելը:

Նույնիսկ այսօր՝ մեր աչքերի առաջ, հայ մարդիկ դավաճանելով Հայրենիքին, անցնում են Ադրբեջան և գործում Հայաստանի դեմ: Մեր բանահյուսության մեջ անգամ, օրինակ, իր արտացոլումն է գտել ժառանգական պայքարից ետ կանգնելու կամ այն արդարացի համարելու փորձերը: Օրինակ, Փոքր Մհերի ժողովրդական-բանահյուսական կերպարը, որն աշխարհի չար լինելու պատրվակով փակվում է քարայրում և խոստանում այդտեղից դուրս գալ այն ժամանակ, երբ աշխարհն ավերվի և նորից շինվի, երբ ցորենը դառնա մասուրի, իսկ գարին՝ ընկույզի չափ: Ճիշտ և ճիշտ այսպես են մտածում նաև մերօրյա Հայաստանից արտագաղթողները, որոնք ինչ որ տեղ սպասում են Հայաստանի վերակառուցմանը, որպեսզի իրենք վերադառնան:
Գաղտնիք չէ, որ մարդը իր միջավայրի արդյունքն է, իր բարոյականն էլ նրա արդյունքը: Մեր ժողովուրդը պատմության ընթացքում հաճախակի և հանկարծակիորեն ենթարկվել է ջարդերի, ապրել ողբերգություններ: Եվ կարծեք թե դարեր շարունակ նա հնարավորություն չի ունեցել որպեսզի կենտրոնանա, խորհի: Այդ իսկ հանգամանքով էլ հայը սովորաբար զգոն է, կասկածամիտ, տխուր ու մելամաղձոտ, տաքարյուն և միաժամանակ վարանոտ ու վեհերոտ: Ունի միանգամայն խորամանկության հասնող ճարպկություն: Այս ամենը դարեդար փոխանցվել է սերնդե սերունդ և մենք կարծեք թե հավերժորեն պատանդ ենք մեր այս հոգեբանական վարքագծին, որը, ցավոք, ժամանակ առ ժամանակ մեզ ուղղորդել է դեպի ինքնակործանման:

Փաստ է նաև այն հանգամանքը, որ մեր պատմության մեջ մեր ժողովրդի հոգեբանության բացասական գծերի ու ցավագին դեպքերի վերաբերյալ բացեիբաց խոսել-ներկայացնելն այնքան էլ ընդունելի չի համարվել, որի պատճառով էլ այս խնդիրները մեծիմասամբ շրջանցվել կամ էլ լռության են մատնվել և ստվերի պես հետապնդում են մեզ: Եթե օտարները մի աննշան դրական կարծիքներ են հայտնել մեր մասին, ապա այն դրոշակ դարձնելով ի ցույց ենք դնում: Ինչ վերաբերում է մեր թերություններին ու բացասական հատկանիշների վերաբերյալ ասվածներին, ապա գերադասում են չտեսնելու տալ և լռել: Սակայն ինքներս մեզ հարց տանք՝ մի՞նչև երբ… Մի՞նչև երբ կարելի է հանցավոր կերպով չխոսել ու չվերացնել մեր թերություններն ու բացասական գծերը: Չէ որ նաև այդ պատճառով է, որ անցյալի սխալներից երբեք դասեր չենք քաղել և մշտապես տուժել ենք:

Բերեմ ընդամենը մեկ օրինակ, որը ժամանակակիցներիս շատ լավ հայտնի է: Դա այն է, որ ԽՍՀՄ տարիներին, որքանով էլ այն անբարենպաստ դիտվի, իր մի շարք թերություններով հանդերձ, այդ վարչակարգը հայաստա¬նաբնակ հայության համար, կարելի է ասել օրհնաբեր տասնամյակներ եղան: Երկիրը վերակառուցվեց ու շենացավ, երկրից դուրս գալու արգելանքները նպաստեցին, որպեսզի ժողովրդագրական տվյալները աճեն և հասնեն ավելի քան 3.5 միլիոնի, որին նպաստեց նաև 1947 թ. և ապա 1970-ական թվականներին իրականացված շուրջ 100 հազար հայության ներգաղթը: Խորհրդային Հայաստանի տարի առ տարի զարգացող գիտությունն ու արդյունաբերությունը, արվեստի ու մշակույթի մի շարք բնագավառները, գյուղատնտեսությունը և այլն մեծ ճանաչման արժանացան ոչ միայն ԽՍՀՄ-ում, այլև աշխարհի շատ ու շատ երկրներում: Այս ամենը, ցավոք, 1990-ական թվականներին ի զորու չեղանք պահել-պահպանելու, այն ամրապնդելու ու զարգացնելու: Շատ ու շատ ազգային հարստություններ ուղղակի փոշիացան ու կողոպտվեցին: Եվ այսօր երկիրը կանգնած է մի անբուժելի ու շատ դժվարին խնդիրի առջև, որի անունն է արտագաղթ: Եթե Հայաստանում՝ օտար իշխանությունների տակ գտնվող ու ջարդերի ենթարկվող հայությունը ստիպված բռնագաղթի էր ենթարկվում, ապա այսօրվա հայաստանաբնակ հայը արտագաղթելով ինքնակամ է լքում Հայրենիքը՝ այսինքը բռնագաղթը ստիպել են օտարները, իսկ արտագաղթը՝ մենք:

Այս երևույթ պարզապես աղետ է Հայաստանի ու հայության համար, որի հեղինակները միմիայն մենք ու մենք ենք: Քանզի հայերը, նախորդ դարերի նման, այսօր էլ սեփական գիտելիքներն ու ունակությունները, իրենզ ազգային տաղանդն ու միտքը ներդնում են աշխարհի շատ ու շատ երկրների զարգացմանը: Հանգամանք, որն աղետալի ու կործանարար է, որովհետև Հայաստանը, փաստորեն, այլ երկրների ու ժողովուրդների համար դարձել է մտքի հարկատու երկիր ու ժողովուրդ, որն ամենևին էլ պարծենալիք չէ:
Ասել է թե բազմաթիվ և բազմազան որոգայթների մեջ գտնվող այսօրվա Հայաստանի իրավիճակը Խորենացու նկարագրած Ողբից չի տարբերվում: Եվ մեր քնած, թմբիրով տարված հիշողության համար է, որ մեր մտավորական խավի ներկայացուցիչները թե° անցած ժամանակներում և թե° հիմա, հաճախակի են կոչնակում, ապագա սերունդներին փոխանցում մեր ժողովրդի առջև ծառացած անցյալի ու ժամանակի տագնապներն ու վտանգները: Սակայն, ինչպես ժողովրդական իմաստուն խոսքն է ասում՝ ասողին լսող է պետք: Քանզի փաստերը ցույց են տալիս, որ մտքառատ հայ ժողովուրդը ծերանում է ոչ թե մտքերի, այլ անելիքների բացակայությունից:

Հետևապես մեծագույն վտանգ է, որ չի կարելի ծերանալ կամ մահանալ ծերությունից կամ մահվանից առաջ: Որովհետև նման իրավիճակների արմատը առաջացած խնդիրների անտեսումն ու դրանց լուծումներ տալու անկարողություններն են: Մեր դարավոր պատմության ընթացքում մեր մասին և՛ լավ, և՛ վատ բազմաթիվ խոսք ու կարծիքներ են արձանագրվել: Ստորև, եկեք ևս մի անգամ աչքի անցկացնենք ոչ հեռու անցյալի մեր երևելիներից մի քանիսի կոչնակած մտահոգություններին, որոնք ոչ միայն չեն տարբերվում քերթողահայր Մովսես Խորենացու Ողբի տագնապներից, այլև ավելի խիստ են և պատասխաններ են պահանջում :
11-12-րդ դ դ. պատմիչ-ժամանկագիր Մատթեոս Ուռհայեցին իր հայտնի <Ժամանակագրությունում> գրել է, որ գնալով <հոգևոր առաջնորդ-ներն ու իշխանները պիտի դառնան կաշառասեր, ստախոս, սուտ երդվող և կաշառք ստանալով՝ պիտի ոտնահարեն աղքատի իրավունքը… Թեմին տիրելով հետևաբար՝ նրանք հովվելու են այն և ժողովրդին դաստիարակելու ոչ Աստծո երկյուղով, ինչպես այդ մասին պատվիրեց սուրբ առաքյալ Պողոսը: Իշխաններն ու դատա-վորները ավելի հեշտասեր, քան թե աստվածասեր են լինելու, նրանք … պիտի հափշտակեն աշխատողի ունեցվածքը և նրանց նկատմամբ անողորմ դատաստան պիտի տեսնեն… Արծաթասի-րության պատճառով ձեռնադրելու են բազում անարժաններ և ամեն մի պիղծ մարդ…>:….
19-րդ դաի կեսերին Ռափայել Պարկանյանը հարց ու պատասխանի կարգով շարա-դրած իր §Վարդապետարան Հայաստանի ազատության¦ ծրագիր-աշխատանքում բազմաթիվ հարցուպատասխանների շարքում գրել է.

<Հ. Ո՞վ է հայի թշնամին և ո՞վ է նրա բարեկամը:
Պ. Հայի թշնամին նա է, ով աշխատում է հայերին հեռացնել Հայաստանից և սուտ արհավիրքներով վհատեցնում է նրան` իր ազգաշեն գործում: Իսկ հայի բարեկամը նա է, որ դյուրացնում է այդ գործը կամ իրենց աշխարհը վերա¬դառնալը, կամ հորդորում է իր աշխարհի մեջ հաստատուն մնալու:
Հ. Որո՞նք են հայկական մոլորությունները:
Պ. Ամենագլխավոր ու ազգակործան հայկական մոլորությունն է.
1) աշխարհաքաղաքացիություն, 2) պանդխտություն, 3) անձնական շահի հա-մար տարաբնույթ խարդախություններ, որով անարգվում է հայ ազգի անունը, 4) շահասիրական ազգասիրություն (կեղծ ազգասիրություն), 5) հայ մեծավորների դէմ ըմբոստություն (դավաճանություն, մատնություն) ու 6) օտարի հետ ամուսնություն:
Հ. Ի՞նչ պատճառով Հայոց անկախությունր չորս անգամ կորսվեց:
Պ. Հայերի անկախութեան չորս անգամ կորչելու պատճառները միևնույնն էին. նախ Հայաստանի հողը պատկանում էր 300-400 մեծամեծների (նախարարների) և ոչ թե իր միլիոնավոր ժողովրդին, և երկրորդ հայերի խելքր չբավարարեց ազգային դրական օրենքներ հորինելու: Հայոց ազգը չուներ ո՛չ սեփական հող և ո՛չ օրենք: Նրա հարևան տերություններին շատ դյուրին էր ընկճել մի ազգ, որ զրկված էր և՛ իրավունքից, և՛ սեփականությունից. իսկ հայ ազգի համար օտարների լուծը ոչնչով ավելի ծանր ու դառը չէր, քան թե համազգի նախարարների լուծը>(naban.am):
Խորենացու ողբից շուրջ 1400 տարի հետո մեծն Կոմիտասը 1907-1909 թթ. ցավով գրում է. <Հոտն անհովիվ՝ մոլոր ու շփոթ, աներևույթ, անզուսպ ալիքներ հախուռն կհուզեն ի խորս մեզ հալածական ու ողբալի կենաց ծովու: անմիտ որսորդներ բոլորած՝ միամիտ ձկներ ցանցած: Մթնոլորտը թույն կտեղա, բուժիչ ուժ չկա: Ավերած, սարսափ ու սանձարձակ կեղեքում մեկ կողմեն, անտարբերություն, օտարամոլություն ու ցեխոտ սրտեր մյուս կողմեն… Փառասիրություն, փութկոտություն մեկ երեսեն, ապիկարություն, տգիտություն մյուս երեսեն: Յուրաքանչյուր ոք իր պաշտոնն զգեցաց է իբր հանդերձ, յուր մերկության մտած ծածկի ի միամիտ աչաց… Ուր է մեր խոհական Խորենացին… մեր նախնիք իրենց պաշտոնին փարած էին անձնահեղձ ությամբ, իսկ մենք կհափշտակենք գործն՝ ընչաքաղցությամբ: Սիրտս փլած է>( Հ. Սարգսյան, <Խաչս տալիս եմ քեզ>,https://www.hayagitaran.am/2014/10/id-4720.html):

Մեծ վիպասան Րաֆֆին իր հանրահայտ <Խերթում> ցավով է գրել, որ. <Ամեն մի հայ, առանձին վերցրած, առյուծ է, ինչպես և խելքով ու դատողությամբ՝ հսկա: Բայց ընկերական ոգու բացակայությունը խմբովին գործելիս ջլատում է նրա ուժերը: Ձգեցեք մենակ հային վտանգների փոթորկի մեջ, նա արժանավորապես կպաշտպանի յուր գլուխը: Բայց խմբեցեք մի քանի հայեր միասին, և նրանք պաշտպանվելու կամ հարձակվելու փոխարեն, կսկսեն խորհել, մտածել, հակաճառել և, վերջապես, թշնամուն թողած, իրար միս ուտել: Այո, անհատականությունը հայի գլխավոր թշնամին է, նա տարածված է մեր բոլոր դասակարգերի ու բոլոր գործերի մեջ: Արդյոք մեր ազգի մտավոր առաջնորդները կկարողանա՞ն մի փոքր հիմարացնել անհատ հային և խելոքացնել ընկերական հային: Եթե այդ եղավ, մենք կարող ենք ապագա ունենալ, եթե ոչ՝ մենք կորած ենք, կամ կապրենք այնպիսի ամոթալի կյանքով, ինչպես ապրել ենք մինչև այսօր>(https://hy-am.facebook.com/Րաֆֆի-424844054270689):
Անշուշտ, երիցս ճիշտ է Րաֆֆին: Դարերի ընթացքում երկար ժամանակ օտարի լծի տակ գտնվելով հայ մարդու մեջ արմատա¬վորվել է զորեղ մի անհատապաշտություն, որը ի ցավ սրտի, միաժամանակ արգելանք ու խոչընդոտություններ է հարուցել ժողովրդի հավաքական ու միասնական լինելու, ազգային ու պետական ծրագրերը իրագործելու գործում: Եվ այդ անհատապաշ-տությունը, ժամանակ առ ժամանակ տարանջատումներով վեր է ածվել¥և այսօր էլ այդպես է¤ զանազան խմբավորումների ու կուսակցությունների: Դարեր շարունակ մենք երազել ենք անմիաբանությունը վերացնելու և միասնականություն ստեղծելու, Մեծն Չարենցի խոսքերով ասած՝ <Ո՜վ հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է>: Ավա՜ղ… Ինչպես ֆրանսիացիներն են ասում՝ <երազելը ձրի է>: Կամ՝ այստեղ անտեղի է հիշել Պարսկաստանի տիրակալ Դարեհ Առաջինի( Ք.ա. 550-486թթ.) այն խոսքերը, որ նկատի ունենալով հայերիս միասնական ուժի անհաղթահարելիությունը, իրավացիորեն նշել է, որ <հայերին անհնար է հաղթել, նրանց կարելի է բաժանել>:
Հավանաբար, Դարեհի այս միտքը մեր թշնամիները դարեր շարունակ մեզնից առավել են սերտել, ուղեցույց ընտրել և հայկական ուժն ու տաղանդը շարունակաբար գործադրում են հենց ներսից քայքայելու, մեր ձեռքերով դրանք չեզոքացնելու ու նսեմացնելու համար:
Ժամանակին մի առիթով Լեոն, գրել է, որ հայերն ազգային դիվանագիտության բնագավառում <երբեք չկարողացան իմանալ ամենագլխավորը. այն, որ եվրոպական դիվանագիտությունը մարդասերների հրամանի տակ չի գտնվում, այլ բորսայի, կապիտալի, բանկերի հրամանի տակ> է:
Հովհաննես Թումանյանն էլ Ավետիք Իսահակյանին հղած իր մի նամակում դառնությամբ արձանագրել է, որ <…Ես չեմ ուզում եւ չեմ կարող երկար ու բարակ գրել մեր երկրից, թեեւ դու հարցնում ես: Կարճ ասեմ՝ մենք թե դրսից, թե ներսից քանդեցինք մեր երկիրը: Գլխավորապես մենք: Մենք եմ ասում, եւ սրա մեջն է ճշմարտությունը:
Մի մասը խանգարող սրիկաներ, մի մասը գողեր ու ավազակներ, մի մասը ապիկար թշվառականներ, եւ չերևաց մի բազմություն, գոնե մի խմբակ, որ վերածնվող շունչն ու բարոյական կարողությունը հայտնաբերեր:
Էսքան աղետների ու պարտությունների մեջ ոչ մի մեղավոր չերեւաց, ոչ ոք ոչ պատասխանատվության կանչվեց, ոչ պատասխան տվեց: Եվ շարունակվում է. այժմ էլ նույն մարդիկը՝ նույն ճանապարհներով…
Եւ ոչ մեկը գոնե անձնասպան չեղավ, որ ապացուցեր, որ գոնե ամոթ ու խղճմտանք կա այս մարդկանց մեջ: Բայց ես ինչ եմ ասում – չկարողացան գոնե վշտանալ կամ վշտացած երեւալ.>(www.louysworld. com/archives/24857):
Նշան Պեշիկթաշլյանը իր <Հայը> ոչ այնքան ծավալուն գործում մատնանշում է, որ <հայուն մէջ երկու հոգի կայ` վախկոտ մը եւ քաջ մը, կամ ստրուկ մը եւ հերոս մը։ Ամէն ազգի մէջ վախկոտը կը կծկուի քաջին ետեւը. ընդհակառակն է Հայուն մէջ. քաջը կը գտնուի վախկոտին տակը։ Ամէն բռնակալ կրնայ իր առաջին հոգին հանել։ Հանե՞ց. սոսկալի է հրաշքը։ Կը ցցուի պահեստի հոգին` խենթի նման։ Ու կը զարնէ։ Եւ իր հարուածը անսխալական է…Պապին պէս։
Երբ վտանգի օրերը անցնին, Հայը կը մեռցնէ իր մէջի հերոսը ու վախկոտին հետ քաջաբար շուկայ կ’իջնէ` գրաւելու՛ համար Ոսկեբերդ մը¦: Պեշիկթաշլյանը անդրադառնալով հայի քաղաքական դիրքորոշման դիմագծին, գրում է, որ §հայը, երբ կուսակցական է, կը ճառէ ազատութենէ, երբ չեզոք է, կը խօսի միութենէ: Իբր մարդ՝ անիշխանական է, իբր Հայ՝ ազգայնական: Անգամ մը, որ տիրանայ իր հայրենիքին, կրկին անիշխանական կը դառնա>( bnaban.am/հայը-2):
Միքայել Նալբանդյանը էլ իր հերթին դառնությամբ փաստում է, որ <Մենք այն ազգն ենք… որ ճշմարիտ խօսողը համարում ենք մեզ թշնամի, այն ազգն ենք, որի կաթողիկոսը եւ աբեղաները Մովսէս Խորենացու պէս մարդուն, որ հայրն էր մեր մատենագրութեան եւ գլխաւոր թարգմանիչ Սուրբ Գրքին, մինչեւ ի մահ հալածելուց յետոյ, ոսկորները եւս հանգիստ չթողեցին գերեզմանի մէջ, այլ հանեցին ու գետը թափեցին… Դեռ չեմ ասում որ վանքից ոտաբոբիկ դուրս քշեցին Ղազար Փարպեցու պէս մարդուն, եւ իրենց յիմար գործունէութեամբ յուսահատութեան մէջ սպանեցին Խոսրովիկը>:
ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դ. Գասպարյանը իր <Անկում> հրապարակախոսական հոդվածում վերոնշյալ խնդիրների հանգամանալից քննարկումներից հետո նշում է.
<Հայաստանը երբեք այսքան վտանգված չի եղել:
Այս ամենը հետևանք է այն բանի, որ հայ մարդը իր բազմաթիվ առավելությունների հետ մեկտեղ, որոնք դրսևորում են ազնիվ միջավայրում, ունի նաև պատմականորեն ձևավորված, պատմական հոգեբանությամբ նստվածք տված, թանձրացած, իրենը դարձրած ակնհայտ թերություններ, որոնցից կառանձնացնեմ հետևյալները:
1. Իր հայրենիքը չի սիրում, փախչում է իր տեսակից, ապրուստի վայր է որոնում, եթե ոչ ինքը, ապա այդ պայմաններն ստեղծում է իր –ժառանգների համար:
2. Օտարամոլ է, շատ արագ կարող է փոխել լեզուն, հատկապես լեզուն, իրեն վերագտնել արևելյան, արևմտյան, ռուսական կենցաղավարության ու դրվածքի մեջ:
3. Օրենքը և օրինականությունը չի հարգում, ամեն կերպ պատրաստ է շրջանցել այն: Եվ դա հատկապես ի°ր երկրում:
4. Սուտ հավատացյալ է, խարդախ է, անազնիվ, ստախոս, վախկոտ, անպահանջկոտ, սնապարծ, թերակշռող, հարմարվող…
5. Շատ անփույթ է մի կողմից իր անցյալի արժեքների, մյուս կողմից՝ իր ապագայի հանդեպ: Ինքն իր ստեղծածի տերը չէ:
6. Մի կողմից կարող է տրվել ազգային սնապարծության, մյուս կողմից՝ ազգային բացասումների: Իրատես չէ՝ կա°մ պետք է գերագնահատի, կա°մ թերագնահատի…
7. Անմիաբան է: Ինչքան հայ, այնքան կարծիք ու տեսակետ: Ազգային միաբանության բարձր գաղափարներն ու խորհրդանշանները կարող են հեշտությամբ տրոհել՝ ո՜վ է Վարդան Մամիկոնյանը, ո՜վ է Անդրանիկը, ո՜վ է Րաֆֆին… և այսպես շարունակ:
Էլի կան, շատ են, չեմ ուզում կուտակել, ասելիքս փաստելու համար այսքանն էլ բավական է>(<Հայոց լեզու և գրականություն>, թիվ 8, 2010 , էջ 43-44):
Եվ այսպես, կարդում ենք այս ամենը, տմբտմբացնում մեր գլուխները և ընկղմվում խորհրդավոր լռությամն մեջ: Քանզի մեզանից շատերի համար՝ աճպարարների շարժումներով պապանձված, մեր լռությունը գին ու հատուցում ունի, որն արտահայտվում է այս կամ այն իշխանական կերակրատաշտակից բաժին, պաշտոն ու կոչում, պարգև ունենալ-կորզելու և այլ հանգամանքներով:

Եղկելի ու դատապարտելի մի արարք, որից ոչ մի կերպ ազատվել չենք կարողանում: Ամենագլխավորը, իմ կարծիքով, վերջին 2 տասնամյակներում մարդկանց մեջ հավատի խեղումն ու անկումն է: Քանզի, այսօր մեզ հավատ չի ներշնչում գրեթե ոչ մի բան: Դա լինի առկա օրենքների կիրարկում, թե պետական պաշտոնյայի խոսք ու գործելաոճը: Վերից վար կարծեք թե վարակվել ենք կեղծիքով ու կասկածամտություններով: Քանզի, մենք մեր ներքին մտամթերքով գրեթե մերկացել ենք և հագուրդ ենք տալիս շահին ու շահամոլությանը:

Ֆրիդրիխ Շիլլերի խոսքերով ասած, ուր չկա հավատ՝ խախուտ է ամեն բան: Այնպես որ պատահական չէ, որ վերջին 15-20 տարում Հայաստանում օր օրի աճում են ինքնասպանություններն ու մարդկային արժանապատվությունների ոտնահարումները, անբարոյականնությունների աստիճանաբար աճն սովորական դառնալու միտումները, դրանց նկատմամբ դրսևորվող հասարակական ու պետական անտարբերություններն ու անտեղի հանդուրժողականությունը: Այստեղ բերեմ պաշտոնական մի փաստարկում։ Դա այն է, որ 2017 թ․ հունվար-հոլիս ամիսներին գրանցվել է ինքնասպանության վերաբերյալ 410 ահազանգ, որից 117 իրագործվել է, 275-ի դեպքում հաջողվել է այն կանխել, իսկ 18-ի դեպքում քաղաքացիները պարզապես սպառնացել են ինքնասպան լինել:

Այս ամենը մարդուն հասցնում են հուսալքության ու ընկճախտի, իշխանությունների ու օրենքների, ապագայի նկատմամբ անհավատության դրսևորումներին, հարազատ երկրից ու հայրենիքից կամովին արտագաղթելուն, նույնիսկ օրինական համարելով պետական դավաճանությունների ուղին ընտրելու կործանարար գործունեությունը: Իսկ սա փոքրաթիվ ժողովուրդների համար կործանարար երևույթ է: Հետևապես մեր պետության գլուխը կանգնած այրերը ի վերջո պետք է շիտակորեն և պատասխանատվության ամենաբարձր զգացումով հաշվի նստեն այս ամենի հետ, կամ էլ կամովին իրենց տեղը զիջեն ավելի կարող ուժերի: Այլապես մեզ և մեր երկրին ամենևին պատիվ չի բերում այսպիսի անկայուն ու ոչինչ չխոստացող իրավիճակն ու ապագան: Հիշեցնեմ հայ գրականության դասական Վահան Տերյանի այն միտքը, որ զգուշանալով վանդալիզմից, իրավացիորեն հուշում էր, որ վանդալիզմի ենթարկված նյութական արժեքները, թերևս, հնարավոր է վերականգնել, բայց հոգևորը՝ երբեք:
Այնպես որ, պետական այրերի ստահոդ ու անհիմն փաստարկումները, ցուցամոլությունները, պետական միջոցների գրեթե անարգելք մսխումները ի վերջո պետությանը մի օր կանգնեցնելու են անելանելի իրավիճակի առջև, որը, մեղմ ասած, պետական դավաճանությանը հավասարազոր երևույթ է: Քանզի, ստեղծվել է մի իրավիճակ, որ մենք մտածում ենք, սակայն գերադասում ենք լռություն պահպանել, գիտակցում ենք՝ կանխարգելիչ միջոցների չենք դիմում:

Միով բանիվ, տեսնում ենք՝ անտեսելու ենք տալիս, խոսում ենք համամարդկային, եվրոպական արժեքներից, սակայն մեր առօրյա գործունեությամբ անօրինականություն ու չարություն ենք սերմանում: Եվ կարծեք թե այսօրվա մեր կյանքում շահամոլություն ու պետական միջոցների աննպատակ ու անպատասխանատվության ծախսումներն ու կողոպուտը պետության առաջին դեմքերի համար դարձել է հավատարմության չափանիշ: Ավելին, այսօրինակ <գաղջ> մթնոլորտի ստեղծման, փտախտի անբուժելի վիրուսներ տարածողների հեղինակներն ամենևին էլ չեն խորշում հանրությանը կերակրել նորանոր կեղծ ու պատիր հայրենասիրական երազանքներով, հույս ու հավատով:

Զորօրինակ, վերջերս հանրապետության նախագահը՝ իր ելույթներից մեկում երկրում առկա խոցելի թերությունների, կոռուպցիայի զանազան դրսևորումների առկայության համար որպես քավության նոխազ ներկայացրեց դատավորներին, որոնք զլանում են արդարադատություն իրականացնել: Մի պահ ընդունենք այս մոտեցումը: Սակայն անմիջապես էլ հարցնենք՝ միթե՞ այդ ամենի համար միայն դատավորները մեղք ունեն:

Արդյո՞ք մեղք ու պատասխանատվություն չունի այն պետական անձը, որը պետական միջոցները քամուն տված ու գրպանած, պետական ծրագրեր ձախողած նախա-րարների, դատավորների և այլ պետական պաշտոնյաների է նշանակել, կամ էլ նրանց գործած մեղքերի համար՝ քրեական պատասխանատվությունների ենթարկելու փորեն, հանգիստ խղճով ստորագրում է նրանց աշխատանքից ազատելու հրամաններն ու կարգադրությունները: Ի վերջո սա ի՞նչ է և ի՞նչ մակարդակի պետական մտածողություն ու աչքակապություն է: Մեկ այլ՝ այսպես ասած, համազգային խնդիր, որին ևս ս/թ. մայիսին անդրադարձավ նախագահը ԱԺ-ի աշխատանքի մեկնարկի նիստում:

Դա այն է, որ նախատեսվում կամ ծրագրվում է 2040 թվականին Հայաստանի բնակչության թվաքանակը հասցնել 4 միլիոնի: Աստված տա… Կամ, ինչպես ժողովրդական խոսքն է ասում՝ <չուզողը զույգ աչքով կուրանա>: Սակայն եկեք անուրջների գիրկը չընկնենք և հարցնենք, ինչպե՞ս, այդ ո՞ր ընդունված ու գործողության մեջ դրված ծրագրերի իրականացմամբ է կատարվելու այդ շատ կարևոր ծրագիրը: Արդյո՞ք Հայաստանը պետականորեն և հոգեբանորեն, գործողության մեջ գտնվող իր առկա ռեսուրսներով ի վիճակի է, կամ պատրաստ է այդպիսի ազգօգուտ ծրագրի իրականացմանը… Արդյո՞ք մեր սփյուռքահայ եղբայրներն ու քույրերն արդեն քարավաններ են կազմել հայրենիք վերադառնալու, իսկ Հայաստանն էլ նոր բնակավայրեր է կառուցում, աշխատատեղեր ստեղծում նրանց գրկաբաց ընդունելու-տեղավորելու համար, կամ էլ երկրում ծնելիության շեշտակի աճ է սպասվու՞մ: Չէ որ առկա փաստերը, ոչ մի կերպ չընդհատվող արտագաղթը, երկրի բարոյահոգեբանական, տնտեսական իրավիճակը ու քիչ թե շատ ապագայի տեսլականը միանգամայն այլ բան են տեսանելի դարձնում: Այնպես որ՝ վախենամ թե այդ ժամանակ Հայաստանի բնակչության թվա-քանակն ավելանալու փոխարեն անկում, և այն էլ խիստ անկում ապրած լինի: Սա ամենևին էլ վատա-եսություն չէ և, կարծում եմ, որ չարժե ինքներս մեզ կերակրենք անհիմն գերադրական լավատեսությամբ:
Այսօրինակ իրավիճակներն ի նկատի ունենալով է, որ հանրահայտ երգիչ, Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը ֆրանսիական <Nouvel-les d’ Arménie> ամսագրին (թիվ 178, 2011) տված իր հարցազրույցում ցավով և ոչ անհիմն նշել է.
< …օր օրի Հայաստանը դատարկվում է: Շատ չի անցնի, երբ Հայաստանը կդառնա մի դատարկ խեցի… Ու՞մ է դա ձեռնտու: Ընդամենը 3 մեծահարուստ ավազակի՞, երեք մաֆիոզի՞… Իսկ հարյուր հազարավոր խեղճ մարդիկ ցրված աշխարհով մեկ… Ես մաֆիոզական պատմություններ գիտեմ, որոնք անտանելի են: Մարդիկ այն վիճակի են հասել, որ գյուղացիները սովամահ են լինում սեփական հողի վրա: Մաֆիայի այդ ներկայացուցիչներին պետք է գնդակահարել, ուրիշ ճար չկա: Ես ցանկանում եմ, որ Հայաստանում որևէ բան արվի իմ ժողովրդի համար, որը կամաց-կամաց մահանում է: Որքա՞ն են նրանք մնացել: Ինձ ասում են՝ 2.3 մլն: Իշխանությունները նշում են 3.6 մլն, բայց սուտ է: Շատ ժամանակ չի անցնի, երբ այդ թիվը կհասնի 1.8 միլիոնի, հետո էլ կհասնենք 1 միլիոնի, այն, ինչ կմնա մաֆիայի ձեռքում: Ու՞մ վրա ենք հույսներս դնելու մեր երկրի բնակեցման հարցում. չինացիների՞> (<Հայկական ժամանակ>, 13.10.2011):
Ցավոք, Ազնավուրի կանխագուշակումները օր օրի` որքանով էլ որ այն անցանկալի լինի, իրականանալու են: Օրինակ, գյուղական բնակչության անընդմեջ պակասելն ՀՀ կառավարությանն այս տարի ստիպեց խոշորացնել հանրապետության գյուղական համայնքները և աշակերտության թվաքանակի սակավության պատճառով էլ` մի քանի գյուղերի համար թողնել մի դպրոց: Եվ ակամայից մարդ հիշում է Ալբերտ Էյնշտեյնի իմաստացած այն խոսքերը, որ < հիմարությունն այն է, երբ մենք կրկնում ենք նույն սխալները` ամեն անգամ սպասելով նոր արդյունքի>;Իրոք, ինչու՞ ենք դարեր շարունակ սխալվում և այդ ամենի նկատմամբ էլ, մեղմ ասած, նենգադավ լռություն պահպանում… Արդյո՞ք մենք չենք տեսնում… Եթե այդպես է, ապա երիցս ճիշտ է Ք.ա.1-ին դարի Հռոմեացի մտածող Պուբլիլիոս Սիրիոսի այն խոսքերը, որ մարդու Աչքը կույր է, երբ միտքն այլ բանով է զբաղված¦: Իրոք, մինչև ե՞րբ չպետք է տեսնենք մեր առջև օր օրի առաջացող-դիզվող վտանգներն ու որոգայթնները, մեր իսկ ընչաքաղցությունն ու անտարբերությունը… և զբաղվենք ազգային արժեքների ու միջոցների մսխելով ու զանազան եղանակներով կողոպտելու գործով…
Ընթերցողի մոտ իրավացիորեն կարող է հարց առաջանալ այն մասին, որ եթե այդքա՞ն բացասական գծեր ունի հայությունը, ապա ինչպես է, որ մարդկության արշալույսից ի վեր հայ ազգը և Հայաստան աշխարհը դիմակայել և գոյատևում է մինչև այժմ: Եվ սա այն դեպքում, երբ հին աշխարհի նրա հարևան՝ Ասորես¬տանն ու Շումերները, Էլամն ու Բաբելոնը և այլ պետություններն անհետացել են պատմության ասպարեզից: Իրոք, դա ինչ ֆենոմեն է, որով էլ հաճախ հպարտանում ու Ո՞րն է հայ Ցեղի հարատևության գաղտնիքը¦ հոդվածում անդրադառնալով Հայաստանի հարևան հին պետություններ կործանման և Հայաստանի հարատևման խնդրին, իրավացիորեն եզրահանգել է, որ Հայաստանը <դիմացել է իր ընդարձակ տարածքների շնորհիվ¦: Քանզի Տիգրան Մեծից հետո ընարձակ հայկական պետությունը այլևս չվերականգնվեց: Իսկ Հայաստանը անընդհատ տարածքային կորուստներ էր ունենում: Վաղ միջնադարից սկսած (IV-V դդ) հայոց արքայական տները (Արշակունիներ, Բագրատունիներ, Զաքարյաններ) սկսեցին բավարարվել միայն Մեծ Հայքի (մոտ 300.000 քառ. կմ) սահմաններում ստեղծված պետության գոյության փաստի հետ:

Պատահական չէ, որ V դարում պատմահայր Մ. Խորենացին ցավով ու տխրությամբ Հայաստանը փոքր երկիր, իսկ հայ ժողովրդին «փոքր ածու» է համարում: Այսօր զարմանում ենք Մովսես Խորենացու այս բնութագրման վրա, քանի որ այսօրվա Հայաստանի համեմատ V դարի Հայաստանը ընդարձակ երկիր էր: Անընդհատ փոքրացող երկրի ու հայրենիքի մասին ցավով նշում է նաև V դարի մեկ այլ պատմիչ՝ Փավստոս Բուզանդը: Խոսելով Հայաստանի առաջին բաժանման մասին (387թ. Բյուզանդիայի և Պարսկաստանի միջև)՝ Փ. Բուզանդը գրում է. «…և այն ժամանակ ու այնուհետև Հայոց թագավորությունը բաժանվեց, ցրվեց, նվազեց, իր նախկին մեծությունից ընկավ» (Փ. Բուզանդ, Պատմություն Հայոց, Եր. 1968, էջ 299):
……Հայաստանը դարերի ընթացքում ունեցել է ոչ միայն տարածքային կորուստներ, այլև պետականության երկարատև կորուստ: 1045թ. վերացել է Բագրատունյաց թագավորությունը (885-1045): 1375թ. վերացել է Կիլիկյան Հայաստանի թագավորությունը (1080-1375): Եվ հրաշք էր, որ 20-րդ դարի սկզբներին՝ 1918թ. (մայիսի 28) նորից վերականգնվեց հայոց պետականությունը, ու ստեղծվեցին նախ Հայաստանի առաջին Հանրապետությունը (մոտ 58.000 կմ2 տարածքով), ապա Խորհրդային Հայաստանը (29.800 կմ2 տարածքով): Այսօր՝ 21-րդ դարի սկզբին ունենք Հայաստանի Հանրապետություն (29.800 կմ2 տարածքով), Արցախի հանրապետություն (12. 000 կմ2 տարածքով) և հայաբնակ Ջավախք Վրաստանի կազմում:
…..Ինչպես տեսնում ենք, հայ ժողովուրդը սեղմվել է իր հայրենիքում: Անհետացած պետությունները Հայաստանի համեմատ տարածքով փոքր էին և հաճախ մեկ ճակատամարտում պարտվելը բավական էր լինում երկրի կործանման ու պատմության թատերաբեմից անհետանալու համար: Այսպես, երբ մ.թ.ա. 612թ. Ասորեստանի մայրաքաղաք Նինվեն գրավվեց մարերի, հայերի, բաբելացիների ու սկյութների կողմից, Ասորեստանը դադարեց գոյություն ունենալ: Երբ մ.թ.ա. 592թ. Բաբելոնը գրավվեց մարերի, հայերի և սկյութների կողմից, Բաբելոն պետությունը ևս դադարեց գոյություն ունենալ և այլն:
Այլ է եղել Հայաստանի դեպքում: Հայաստանը ընդարձակ երկիր էր, և երբ թշնամին գրավել է երկրի մի մասը, ապա ժողովուրդը նահանջել, սեղմվել է իր տարածքում: Սա կրկնվել է բազմիցս, և հայ ժողովուրդը անընդհատ կորցրել է իր երկրի, իր հայրենիքի ինչ-որ մասը:

Ժամանակի ընթացքում կորուստը մեծացել է, նկատելի դարձել և այժմ՝ 21-րդ դարի սկզբին ունենք այսօրվա վիճակը, ունենք փոքր Հայաստան երկիր, Արցախ, հայաբնակ Ջավախք ու հայաթափված բազմաթիվ տարածքներ: Պետք է նշել, որ այլ օբյեկտիվ պատճառներից բացի նաև այս վիճակն էր (փոքր Հայաստան) պատճառը, որ Ադրբեջանին բռնակցված Գարդման աշխարհի բնակչությունը 20-րդ դարի վերջերին տեղահանվելով իր բնօրրա-ից չկարողացավ ապաստանել այսօրվա Հայաստանում և ցրվեց՝ տեղավորվելով հիմնականում Ռուսաստանի հարավային մասերում՝ էլ ավելի մեծացնելով Հյուսիսային Կովկասում, Կրասնոդարի և Ստավրոպոլի երկրամասերում գոյություն ունեցող հայ բնակչության թիվը (նշենք, որ այդ գործում մեղքի շատ մեծ բաժինն ունեն այն ժամանակվա Հայաստանի իշխանավորները):
Այսպիսով, մեր պատմությունը և անցյալի դասերը հուշում են, որ հայ ժողովրդի հետագա ընթացքը դեպի ապագա, նրա անվտանգությունը և ապահովությունը պահանջում են այլևս չզիջել անգամ մեկ թիզ հող: Նահանջելու տեղ այլևս չունենք և իրավունք չունենք որևէ տարածք կորցնելու, զիջելու ուրիշներին: Սա պետք է հասկանա յուրաքանչյուր հայ ու հասկացնի, բացատրի նաև ուրիշներին: Ոչ ոք իրավունք չունի մեզ պարտադրելու կամ ստիպելու, որ հանձնենք բռնագրավված մեր հայրենիքի ազատագրված տարածքները>(Ա. Տերան, <Հայաստանը և Պատմությունը>(հոդվածների ժողովածու), Եր., 2007): Ինչպես սովորաբար ասվում է, պատմությունը կրկնվում է: Այդպես էր, օրինակ 1921 թ., երբ Արցախն ու Նախիջևան, փաստորեն Հայաստանի կողմից զիջվեց Ադրբեջանին: Այսօր էլ՝ ոպես փոխզիջում, բանակցային օրակարգ է բերվել արյան գնով ազատագրված տարածքները Ադրբեջանին հանձնելու հարցը:
Հայաստանը, հայությունը, ինչպես վերոգրյալ փաստերն են ապացուցում, այսօր էլ գտնվում է 5-րդ դարում Մովսես Խորենացու գրած Ողբի և մեր այլ երևելիների նկարագրած իրավիճակներում և ոչ մի կերպ չի անհետանում մեր հիշողությունից: Եվ այդ իրավիճակն անփոփոխ կմնա այնքան ժամանակ, քանի դեռ չենք փոխվել մենք մեր մտածելակերպով ու համոզմունքներով, մեր աշխարհընկալմամբ ու ազգային գիտակցությամբ: Իսկ դա էլ խիստ կասկածելի է, քանզի այդպիսի ապագայի համար այսօր գրեթե ոչինչ չի արվում: Ավելին, կարծեք թե ամեն ինչ ուղղորդվում է Հայաստանը ներսից՝ մեր իսկ ձեռքերով քայքայելու համար: Այդ տեսակետից շատ ոնելի է դիտարկել մերօրյա գնդապետ, ամերիկացի զինվորական և հետախույզ Դանի §Ինչպես փլուզել օտար երկիրը ներսից¦ նոթերում արձանագրված բազմաթիվ առաջադ¬րանքները: Վերջիններիս թվում, որը շատ տիպիկ է մերօրյա Հայաստանին, Դանը ընդգծել է, որ <Յուրաքանչյուր երկրում կան մի քանի կարևորագույն ոլորտներ, որոնք սահմանում ու ձևավորում են հասարակության համոզմունքները և կյանքը: Հենց այդ ոլորտներն են այն առանցքային թիրախները, որոնք պետք է ենթարկվեն հարձակման:
…Ծանրության կենտրոնների վերահսկումով հնարավոր է իրականացնել երկրի անկումը, այն« ներսից փլուզելու» ճանապարով… Եթե ուզում ես ձևավրել քեզ ցանկալի ճշմարտությունը, պետք է վերահսկես լրատվամիջոցները: Մեր օրերում մարդկանց մեծամասնությունը կյանքի մասին հիմնական տեղեկությունները և պատկերաումները քաղում է լրատվամիջոցներից (հեռուստատեսություն, մամուլ և այլն):
…Լրատվամիջոցները և հեռուստատեսությունը ձևավորում են կյանքի պատկերը: Եթե այդ պատկերն անընդհատ խեղաթյուրվում է, ապա ժողովուրդն այդ խեղաթյուրումն ընդունում է որպես ճշմարտություն: Սուտը կամ խեղաթյուրված ճշմարտությունը պետք է անընդհատ կրկնել, և հասարակությունն այդ սուտն ի վերջո կընկալի իբրև փաստ:
…Անհրաժեշտ է նաև տարածել վարկաբեկող նյութեր, խարխլել ազգային արժեքներն ու նրա բարոյական սկզբունքները, ոչնչացնել ցանկացած հզոր հոգևոր հիմք և ստեղծել թերահավատություն ազգային ինքնատիպ մշակույթի նկատմամբ: Սա շատ ավելի հեշտ գործ է, եթե ձեր թիրախային լսարանում շատերն արդեն դարձել են ծույլ, վատ կրթված, վատ տեղեկացված, չմտածող ու անտարբեր:
…Ապագա սերունդներին պետք է դարձնել մտքով, մարմնով ու հոգով թույլ: Խուսափեք դասավանդման ժամանակ երեխաներին տալ հիմնական փաստեր իրենց իսկ պատմությունից և սահմանադրական իրավունքներից: Սովորեցրեք նրանց, որ բնական ագրեսիան սխալ է, իսկ հլու-հնազանդությունը ճիշտ է… Ձևավորեք քաղաքական գաղափարա-խոսություն՝ ներթափանցելով կառաարություն:
…Ձեր գաղափարների համակիրներին պաշտոններ տվեք և բարձրացրեք նրանց բոլոր մակարդակներում՝ որքան բարձր, այնքան լավ, որպեսզի նրանք իշխեն և ուղղորդեն երկիրը բոլոր ուղղություններով, հասարակությանը խոստանալով լուծումներ և բարեկեցիկ, լավ կյանք: Աստիճանաբար ավելացնելով վերահսկողությունը և կառավարության կախվածությունը ձեզանից՝ փոխեք օրենսդրության նկատմամբ վստահությունը: Նշանակելով կոռումպացված դատավորներ, որոնք չենք գործի Սահմանադրության շրջանակներում, նպաստեք, որ հասարա-կության մեջ ծնվի անպատժելիության մթնոլորտ, անվստահություն, դժգոհություն և, որ ամենակարևորն է, անհուսության զգացողություն: Եթե կարողացել եք ներթափանցել և հասնել բարձր պաշտոնական դիրքերի, ապա ամենաբարձր մակարդակներում կարող եք նաև բյուջետային կրճատումների միջոցով թուլացնել այդ երկրի բանակը…
…Մշակույթ ստեղծողներն ու ազգային սրբությունները պիտի վարկաբեկվեն: Հարված հասցրեք լեզվին՝ խեղելով այն: Մշակույթն ու լեզուն են ի վերջո միավորում ժողովրդին: Տնտեսությունը դարձրեք ծախսարար՝ ծախսե՛լ, ծախսե՛լ և ծախսե՛լ, հարկե՛ր, հարկե՛ր և հարկե՛ր,- սա պիտի լինի «ներսից փլուզելու» ձեր ծրագիրը:
…Երկիրը հզոր է, երբ տնտեսությամբ և ֆինանսապես անկախ է: Նման երկրում ժողովուրդը շատ պահանջներ չունի իր կառավարությունից, իսկ երբ ազատ ժողովուրդը կախվածություն չունի կառավարությունից, նշանակում է՝ կառավարության իշխանությունը և վերահսկողությունը սահմանափակ են:
Օրենքի և օրինականության հիմքով պետական գանձարանից վերցրեք հնարավորինս մեծ գումարներ և իրականացրեք երկու կարևոր նպատակ:
Առաջին՝ հանրային և մասնավոր բիզնեսը, որոնք ունեն կանոնակարգված օրենքներ, դրեք պետությունից ուժեղ կախման մեջ, որից հետո սկսեք թելադրել նոր պայմաններ:
Երկրորդ՝ երկիրը դրեք «պարտքի տակ» և նվազեցնելով արժույթի դրամային արժեքը՝ խափանեք տնտեսության զարգացումը:
Եվ, իհարկե, հոգալով բոլոր ծախսերը, այս գործընթացը պետք է ներկայացնեք, թե իբր կառավարության կողմից կատարվող շահեկան նպաստների դիմաց ժողովուրդը պետք է «ներդրում անի», դուք դրանք պետք է բերեք հարկային դաշտ ու հարկեք նրանց: Սրանով դուք գողանում եք հասարակության աշխատավորի գրպանի փողը և միաժամանակ նրանց անկախությունը: Ի վերջո, եթե դուք բավարար չափով, անընդհատ, բարձրացնում եք հարկերը և ապրանքների գինը, մյուս կողմից ավելացնում երկրի արտաքին պարտքը, ապա կկարողանաք ֆինանսապես այն աստիճանի ճնշել ժողովրդին, որ ստրկությունից ծանրաբեռնված երկիրը ենթարկվի փլուզման>(<Անդ 1, 2014):
Եվ այսպես կարելի է նմանատիպ փաստ-փաստարկները շարունակել: Սակայն բավարարվենք վերոգրյալներով և այս հոդվածը վերջակետելուց առաջ մեկ անգամ էլ հիշենք, որ անցյալի մոռացումը պարտադրում է վերստին այն ապրել և մշտապես հետապնդում է ներկան ու ապագան: Ցավոք, Հայաստանի մերօրյա կառավարիչները զանց առնելով պատմության ու ազգի առջև ունեցած իրենց պատասխանատ-վությունները, շարունակում են հույն մտածողներից Անակրեսի(Ք.ա. 560-478 թթ.) բանաստեղծած տողերի նորմերով գործել .
<Ինչ որ ունես տուր այսօր,
Ինչ որ ունեմ առ այսօր,
Այսօր խմի, քեֆ արա,
Այսօր փոխ առ կամ մուրա,
Վաղվա մասին մի հոգա
Նա դեռ մունջ է մեզ համար>:

 Արգամ Այվազյան
Հայագետ-նախիջևանագետ,
ՀՀ Մշակույթի վաստակավոր գործիչ
Երևան-Ալեքսանդրապոլիս(Հունաստան), օգոստոս 2017

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Analitika, TOP, Ազգային գաղափարախոսություն, Լրահոս, Հասարակություն, Վերլուծական, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն