Գլխավոր » NKR, Ադրբեջան, Լրահոս, Հարցազրույցներ, Ռուսաստան, Տարածաշրջան, Քաղաքականություն

«Ղարաբաղն այն միակ կետն է հակամարտության առումով, որտեղ արտաքին որևէ զինված ուժ գոյություն չունի».irates.am

Հունվար 13, 2017թ. 22:10
գառնիկ իսագուլյան
10.01.2017 | 00:17

Արցախյան հիմնախնդրի հետ կապված բանակցություններն անցած տարվա ընթացքում ևս չհանգուցալուծեցին այդ խնդիրը, ընդհանրապես չտվեցին որևէ դրական արդյունք: «Բանակցությունը` բանակցություն, բայց ամեն ինչ կախված է մեզնից: Եթե մենք կարողանանք լուծել այն բոլոր խնդիրները, որոնք առկա են, և ունենանք անհրաժեշտ ներուժ, ապա, հավատացեք, երբևէ, որևէ պարագայում Ադրբեջանը չի համարձակվի նախահարձակ լինել Հայաստանի և Ղարաբաղի վրա». սա «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ, Հայաստանի Հանրապետությունում ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու ԳԱՌՆԻԿ ԻՍԱԳՈՒԼՅԱՆԻ համոզմունքն է, որը, կարծում ենք, վիճարկելի չէ: Բանակցությունների առումով ի՞նչ ակնկալություններ կարող ենք ունենալ 2017 թվականից: Ընդհանրապես հնարավո՞ր է արցախյան հիմնախնդրի բանակցային լուծումը:

ՈՒշագրավ է մեր այս հարցին Գառնիկ Իսագուլյանի պատասխանը. «Հարցը բավական բարդ է, և իմ պատասխանը կարող է ճիշտ չընկալվել այն առումով, որ հարցին պատասխանողը հայկական կողմի ներկայացուցիչ է կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտոնյա: Բայց եթե խնդիրը դիտարկում ենք համաշխարհային գլոբալ գործընթացների տեսանկյունից, ապա ստացվում է, որ այդ խնդիրը վերջնական լուծում այդպես էլ չունի, որովհետև այդ խնդրի լուծման մեջ շահագրգիռ կողմերը` համաշխարհային խաղացողների մեջ, բավական անհարմար վիճակում կհայտնվեն, եթե խնդիրը միանշանակ լուծում ստանա, երկու կողմերի համար էլ ընդունելի, և այլևս այս տարածաշրջանում այդ խնդիրը չլինի: Իհարկե, գուցե շատ անընկալելի տեսակետ եմ հայտնում, բայց այս պահին մոռանում եմ, որ ես Իսագուլյան Գառնիկն եմ և այլն, և այլն, ուղղակի ուզում եմ հասկանալ իրենց տեսակետը: Տեսեք` բավական լուրջ հակասություններ կան Միացյալ Նահանգների-Ռուսաստանի, Միացյալ Նահանգների-Եվրոպայի, Եվրոպայի-Ռուսաստանի միջև: Այսինքն` այս բոլոր կողմերը տարբեր հարցերում իրենց շահերն ունեն: Ինչպես տեսնում ենք հիմա, Միացյալ Նահանգների և Ռուսաստանի միջև չկա այն դաշտը, որտեղ նրանք կարողանում են նստել սեղանի շուրջը և հարցեր քննարկել: Ճիշտ է, տեղի են ունենում հանդիպումներ, բայց հաշվի առնելով այդ բավական բարդ, լարված հարաբերությունները նշածս կողմերի միջև, տեսնում ենք, որ այդ խնդիրն առկա է: Ստացվում է շատ անհասկանալի կամ տարօրինակ, կամ ընկալելի կամ գուցե այսօրվա համար երանելի իրավիճակ համաշխարհային խաղացողների համար:

Միակ խնդիրը, որի հետ կապված բանակցություններում ներկայացված են թե՛ Միացյալ Նահանգները, թե՛ Ռուսաստանը, թե՛ Եվրամիությունը` ի դեմս Ֆրանսիայի կամ ԵԱՀԿ-ի, ղարաբաղյան հիմնախնդիրն է: Գոնե վերջին 3-4 տարիներին, երբ որևէ դաշտ չկա, որ այդ երեք կենտրոնները կարողանան միմյանց հետ նստել ընդհանուր սեղանի շուրջը, ղարաբաղյան խնդրի հետ կապված որևէ փոփոխություն չկա: Միևնույն է, այդ երեք ուժերը միասին նստում են բանակցությունների, և մտածել, որ այդ եռյակի հանդիպման ժամանակ քննարկվում է բացառապես Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը, կլինի պարզունակ, նաիվ մտածողություն: Այսինքն` պետք է այդ դաշտը, որտեղ, անկախ հիշյալ երկրների միջև եղած տարբեր հակասություններից, կարող են միասին նստել, իբր թե քննարկում են ղարաբաղյան հիմնախնդիրը, քննարկեն այլ խնդիրներ, որոնք հուզում են այդ կենտրոններին: Բանակցային այդ դաշտն այսօր որևէ մեկը չի ուզենա կորցնել, խնդրի վերջնական լուծումը` հայկական կողմի և Ադրբեջանի համար նույնիսկ ընդունելի, կնշանակի, որ բանակցային այդ ձևաչափն այլևս չի լինի, չի աշխատի: Ո՛չ իրանական խնդիրների հետ կապված, ո՛չ արաբա-իսրայելական հակամարտության, Պաղեստինի կամ այլ խնդիրների հետ կապված` բանակցային այս ձևաչափը չկա: Ընդ որում՝ Ղարաբաղն այն միակ կետն է հակամարտության առումով, որտեղ արտաքին որևէ զինված ուժ գոյություն չունի: Խաղաղապահ ուժեր բերելու մասին խոսակցությունները, կարծում եմ, բլեֆ են` միմյանց վրա ճնշում գործադրելու համար: Գուցե ինչ-որ ուժեր դրա ցանկությունն ունեն, բայց, միևնույն է, այս հարցում երբեք ընդհանուր համաձայնության չեն գա: Քանի դեռ համաշխարհային ուժային կենտրոնները միմյանց հետ բոլոր հարցերը չեն լուծել, իսկ նրանք միմյանց միջև բոլոր հարցերը երբեք չեն լուծի, ընդհանուր հայտարարի չեն գա, դարաբաղյան հիմնախնդիրը ներկա ստատուս քվոյով պահպանվելու է: Կարծում եմ, մեր խնդիրն այս իրավիճակից օգտվելն է, ժամանակն օգտագործելը` լուծելու համար այն բոլոր հարցերը, որ առկա են, որոնք կարող են վաղը մեզ համար դառնալ խնդրահարույց: Այսինքն` մեր իշխանավորները, դիվանագետները, պետական այլ պաշտոնյաներ, օլիգարխները, մեծահարուստները պետք է այդ խնդիրների մասին մտածեն:

Շուկաներ, սուպերմարկետներ, առևտրի տարբեր օբյեկտներ սարքելով երկիրը չեն զարգացնում, դրանով ընդհակառակը` մանր ու միջին բիզնեսին հարվածում են: Գուցե դրանք ներդրված փողը շատ արագ հետ են բերում, բայց դրանք չի կարելի համարել որպես հայրենասիրական գործ պետության մեջ, ազգի համար: ՈՒստի մեր մեծահարուստներին, օլիգարխներին, տարբեր ներդրողներին պետք է կոչ անել, որ իրենց միջոցներն արտադրության մեջ ներդնեն: Այո, նրանց ներդրումներն այդ դեպքում դանդաղ և ուշ կվերադառնան, բայց նրանք կիմանան, որ կատարել են գործ, որն այս պետության վաղվա համար, իրենց սերնդի համար շատ անհրաժեշտ է»:

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

irates.an

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել NKR, Ադրբեջան, Լրահոս, Հարցազրույցներ, Ռուսաստան, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն