Գլխավոր » Politics, Ադրբեջան, Լրահոս, Տարածաշրջան

Amnesty International-ը կոչ է արել անհապաղ ազատ արձակել Լապշինին

Փետրվար 12, 2017թ. 19:05
Լապշին

Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնումը Բելառուսից Ադրբեջան և կոչ է արել անհապաղ ազատ արձակել նրա: Հայտարարության մեջ իրավապաշտպանները հիշեցնում են, որ Լապշինը Ադրբեջանի խնդրանքով ձերբակալվել է Մինսկում և փետրվարի 7-ին արտահանձնվել Բաքու, որտեղ նրան անմիջապես կալանքի տակ են վերցրել: Լապշինի դեմ մեղադրանք է ներկայացված Ադրբեջանի Քրեական օրենսգրքի երկու հոդվածով՝ 281.2 (պետության դեմ ուղղված հրապարակային կոչեր) և 318.2 (Ադրբեջանի պետական սահմանի անօրինական հատում):

«Amnesty International-ին հայտնի չէ Ադրբեջանի իշխանությունների պահանջով արտահանձնման այլ դեպք անհատի նկատմամբ, որը մուտք է գործել է Լեռնային Ղարաբաղ,- ասվում է հայտարարության մեջ: –Այնուամենայնիվ, բազմաթիվ անհատներ կան, որոնք այցելել են այդ տարածք առանց Ադրբեջանի իշխանություններից թույլտվություն ստանալու և ներառվել են այդ երկրի «սև ցուցակում», օրինախախտների ցուցակ, որոնց մուտքն Ադրբեջան արգելված է»: Amnesty International-ի իրավապաշտպանները Լապշինի դեմ մեղադրանքները և նրա արտահանձնումը կապում են նրա բլոգերական գործունեության, մասնավորապես Ադրբեջանի սահմանային հսկողությունը և երկրի սոցիալական անհավասարությունը քննադատելու հետ:

«Պետության դեմ ուղղված հրապարակային կոչեր» հոդվածով մեղադրանքը ոչ մի օրինական հիմք չունի, քանի որ իր բլոգում Ադրբեջանի իշխանություններին քննադատելը ամբողջությամբ նրա խոսքի ազատության շրջանակում է, ասվում է հայտարարության մեջ: Ինչ վերաբերում է անօրինական կերպով սահմանը հատելուն, կազմակերպությունը պնդում է, որ անօրինական մուտքը չի կարող դիտվել որպես քրեական հանցագործություն: «Հետևաբար, Amnesty International-ը կարծում է, որ նրա կալանավորումը կամայականություն է, և կոչ է անում դադարեցնել Ալեքսանդր Լապշինի դեմ քրեական գործընթացը: Նա պետք է անհապաղ ազատ արձակվի»,- նշում են իրավապաշտպանները: Բացի այդ, մտահոգություններ կան՝ կապված Բելառուսում Ալեքսանդր Լապշինի կալանքի պայմանների հետ, իսկ Ադրբեջանի մեկուսարանում նա գտնվում է խոշտանգումների և վատ վերաբերմունքի ենթարկվելու սպառնալիքի տակ: Մասնավորապես, իրավապաշտպանները փաստում են, որ արտահանձնումից 2 օր հետո Լաշինին մերժել են կապ հաստատել կնոջ հետ:

«Amnesty International-ը արձանագրել է բազմաթիվ դեպքեր, երբ Ադրբեջանի իշխանություններին քննադատող կամ հրապարակային մարտահրավերներ նետող անհատները կամայականորեն ձերբակալվել են և անարդար դատավարության արդյունքում դատապարտվել ազատազրկման և շատ դեպքերում խոշտանգումների և վատ վերաբերմունքի են ենթարկվել մեկուսարանում: Ադրբեջանի իշխանությունները պարբերաբար ձախողել են քննել խոշտանգումների և վատ վերաբերմունքի վերաբերյալ բողոքները, իսկ Ադրբեջանի դատարաններում բազմաթիվ դեպքեր կան, երբ որպես բացահայտ «խոստովանություն» է ընդունվել կտտանքների արդյունքում կորզված խոստովանությունը»,- ասվում է հայտարարության մեջ:

Ալեքսանդր Լապշինին արտահանձնելով Ադրբեջան, որտեղ նա գտնվում է խոշտանգումների և վատ վերաբերմունքի սպառնալիքի (ի թիվս մարդու իրավունքների այլ խախտումների) տակ՝ Բելառուսի իշխանությունները ձախողել են կատարել մարդու իրավունքների միջազգային օրենքներով սահմանված իրենց պարտավորությունները: Բելառուսը 1998թ. վավերացրել է ՄԱԿ՝ Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի և պատժի դեմ կոնվենցիան, որի համաձայն «ոչ մի պետությունը չի կարող արտաքսել, վերադարձնել կամ արտահանձնել անձին այլ պետության, որտեղ հավաստի հիմքեր կան հավատալու, որ նա կարող է հայտնվել կտտանքների ենթարկվելու վտանգի տակ»:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ , aravot.am

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Politics, Ադրբեջան, Լրահոս, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն