Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

Հայաստանի Հանրապետությունը մայիսի 8-ին ունենալու է սահմանադրական ճանապարհով ընտրված վարչապետ. ՀՀԿ

Մայիս 2, 2018թ. 19:20
Վահրամ Բաղդասարյան-1

«Մենք դրական ենք գնահատում փաստը, որ Ազգային ժողովի քննարկումներում խորհրդարանական 4 խմբակցությունների կողմից հնչեցին առկա գրեթե բոլոր մտահոգությունները, որոնք կան երկրում ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու տեսակետից։ Հանրապետականի կողմից հնչեցված մտահոգությունների մի մասը վարչապետի թեկնածուի հետ հարցուպատասխանի ընթացքում փարատվեց, բայց ամենակարևորները դեռ մնացել են անպատասխան։

Այդ հարցերն անկայունաքարային են, և ոչ թե ՀՀԿ-ի, այլ մեր երկրի հենց վաղվա համար։ ՀՀԿ-ն լուռ ու անպատասխան իր վրա վերցրեց մեղադրանքները, որոնք իր հետ իրականում քիչ կապ ունեին, վերցրեց՝ հանուն երկրի, հանուն վաղվա հույսով, որ ովքեր պետք է ընկալեին, ընկալեցին մեր ասելիքը։

Այժմ, հաշվի առնելով երկիրն անհապաղ կայուն ընթացք վերադարձնելու հրամայականը, ի գիտություն ընդունելով սույն թվականի մայիսի 1-ին ՀՀ Ազգային ժողովում վարչապետի ընտրության գործընթացում հնչած դիրքորոշումներն ու քվեարկության արդյունքները, ՀՀԿ խմբակցության անունից հայտարարում եմ՝ Հայաստանի Հանրապետությունը մայիսի 8-ին ունենալու է սահմանադրական ճանապարհով ընտրված վարչապետ։ ՀՀԿ-ն վարչապետի թեկնածու չի առաջադրելու։ ՀՀԿ-ն խորհրդարանի 1/3-ի կողմից առաջադրված թեկնածուին աջակցելու է դառնալ վարչապետ։

Կոչ ենք անում անհապաղ վերացնել տիրող անընդունելի վիճակը, բացել ճանապարհներն ու մայրուղիները, դադարեցնել օդանավակայանի շրջափակումը, դադարեցնել անհանդուրժողականության քարոզը և վերադառնալ սահմանադրական ճանապարհով ենթադրվող անհրաժեշտ գործողությունների դաշտ»»,- քիչ առաջ ԱԺ-ում ՀՀԿ խմբակցության նիստից հետո լրագրողների հետ զրույցում իրենց որոշման հայտարարության տեքստը հրապարակեց խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։

Նա նշեց, որ ով էլ առաջադրվի ԱԺ 1/3-ի կողմից, իրենք աջակցելու են։ Վ. Բաղդասարյանի խոսքով՝ ինքը դեռ չգիտի, թե ով է լինելու թեկնածուն. «Բնականաբար, իրավիճակն այնպիսին է, որ դուրս է եկել հորձանուտից, թող բերեն,  մենք սատարենք, որ բնականոն վիճակ ունենանք»։

Հարցին՝ ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանի անունը չի հնչեցնում, Բաղդասարյանը պատսխանեց. «Պարոն Փաշինյանին կհարցնեք, կպաստասխանի»։

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն