Գլխավոր » Լրահոս

Պատմաբան պատգամավորը տեղյակ չէր, որ Խորենացուն Հայ եկեղեցին սրբադասել է

Մայիս 23, 2019թ. 00:11
85056

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ՀՀ ԿԳ նախկին փոխնախարար ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՆ այսօր ուշագրավ գրառում է կատարել ֆեյսբուքում՝ անդրադառնալով Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ ԹԵՀՄԻՆԱ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ կողմից ավագանու նիստին ներկայացրած նախագծին՝ Երեւանի Մովսես Խորենացու փողոցը Սուրբ Մովսես Խորենացի անվանափոխելու վերաբերյալ: Սակայն րոպեներ անց շտապել է գրառումը ջնջել, մինչդեռ մեզ հաջողվել է պահպանել գրառման «սքրինը»:

Իշխող խմբակցության պատգամավորը, որն, ի դեպ, պատմական գիտությունների թեկնածու է, դոցենտ, մասնավորապես նշել է. «Տեղյակ չէի, որ Մովսես Խորենացուն Հայ եկեղեցին սրբադասել է: Կարող եք ասել, երբ է տեղի ունեցել: Նման առաջարկներ անելիս լավ կլինի խորհրդակցել մասնագետների հետ եւ դիլետանտական մոտեցումներ չցուցաբերել»:

Այն, որ Մովսես Խորենացուն Հայ եկեղեցին իր տոնելի սրբերի կարգն է դասել, թերեւս գիտեն բոլորը՝ առնվազն սկսած 5-րդ դասարանից: Եվ, վերջիվերջո, պատմական գիտությունների թեկնածու պատգամավորն առնվազն պետք է իմանար, թե Սուրբ Թարգմանիչների օրը ինչո՞ւ են նշում հայ քրիստոնեաները: Չնայած նրան, որ Հ. Հովհաննիսյանը պետք է լավագույնս իմանար այս ամենը, քանի որ եղել է ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի Կրոնի պատմության եւ տեսության ամբիոնի ասպիրանտ: Իսկ 2007 թ-ից դասավանդում է ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի Հայ եկեղեցու պատմության եւ եկեղեցաբանության ամբիոնում: Այնպես որ, այսքանից հետո՝ ճիշտ կլիներ Հ. Հովհաննիսյանը Աջափնյակի թաղապետի տեղեկալի օրինակին հետեւեր եւ հայտարարեր, թե հեռախոսը մի թեթեւ գողացել են եւ նման գրառում կատարել իր փոխարեն:

Ինչեւէ, այս ամենը խիստ տրամաբանական է դառնում, երբ ուսումնասիրում ենք, թե նախկինում ինչով էր զբաղված Հ. Հովհաննիսյանը: ՀՀ կրթության եւ գիտության նախարարի նախկին տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը պարզվում է՝ ժամանակին ԿԳ փոխնախարար ԱՐԵՎԻԿ ԱՆԱՊԻՈՍՅԱՆԻ հետ հիմնադրել է «Հանրային քաղաքականության ինստիտուտ» ՀԿ-ն ու միասին վայելել են Սորոսի հիմնադրամից ստացված գրանտները: Թերեւս հավանաբար սորոսական փողերն են, որ պատմական գիտությունների թեկնածու պատգամավորին մոռացնել են տվել Հայոց պատմությունը: Ավելին՝ չհաստատաված տեղեկությունների համաձայն, Հ. Հովհաննիսյանն էր, որ «դուխ» էր տալիս հակաեկեղեցականներին, որոնք բռնազավթել էին Դիվանատունը՝ այս ճանապարհով, իբրեւ փորձելով կյանքի կոչել իր թեկնածուականի թեման՝ Հայ Առաքելական եկեղեցու բարենորոգության հիմնահարցը 1901 – 1906 թթ.-ին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

1

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն