- ԱրմԱր Լուրեր | Armenia News | Հայաստան և Արցախ - http://armarlur.com -

Արևմուտքն է իր քաղաքական նպատակներից ելնելով որոշում` պետությունն առաջի՞ն, թե՞ երրորդ կարգի է. Հայկ Այվազյան

Ներքևում Ուկրաինա-Եվրամիություն ասոցացման համաձայնագրի 43-րդ հոդվածն է, որով Ուկրաինան ճանաչվում է զարգացող երկիր, այսինքն թերզարգացած։

Այս հոդվածն արդեն հերիք է ընդհանուր գծերով հասկանալու համար, թե ինչպես է արևմուտքը վերաբերվում իրենից գաղութային կախվածության մեջ գտնվող երկրներին։

Ընդ որում ուշագրավն այն է, որ պետության զարգացվածության աստիճանը որոշում են օրինակ Համաշխարհային բանկն ու Արժույթի միջազգային հիմնադրամը։

Այսինքն, արևմուտքն է իր քաղաքական նպատակներից ելնելով որոշում, թե պետությունը առաջի՞ն, թե՞ երրորդ կարգի պետություն է։ Եվ ըստ այդ չափանիշների էլ որոշում են պետության իրավունքների և պարտավորությունների շրջանակը։

Օրինակ, երրորդ կարգի, այսինքն` զարգացող կամ թերզարգացած պետություններն ունենում են շատ պարտավորություններ և քիչ իրավունքներ։ Առաջին կարգի պետությունները՝ ճիշտ հակառակը։

Այսինքն, ամերիկյան կամ անգլոսաքսոնական կայսրության կառավարման մոդելի հիմքում ընկած է այն սկզբունքը, որ կայսրությունը լավ է զարգանում, եթե կայսրության գաղութները լավ են թալանվում։

Տրամագծորեն հակառակ պատկեր է, օրինակ, սովետական կառավարման մոդելում։ Սովետական մոդելում, իր բոլոր թերություններով հանդերձ, ընկած է այն սկզբունքը, որ կայսրությունը լավ է զարգանում, եթե լավ են զարգանում կայսրության բոլոր անդամները։

Պատահական չի, որ ԽՍՀՄ կազմում գտնվող բոլոր ժողովուրդների պոտենցիալը, ըստ իրենց կարողությունների, առավելագույն ձևով օգտագործվում էր թե այդ ժողովուրդների և թե ընդհանուր պետության զարգացումը ապահովելու համար։ Եվ այդ պոտենցիալը օգտագործելու համար հսկայական ներդրումներ էին արվում կենտրոնից։

Էլ չեմ ասում այն մասին, որ ԽՍՀՄ կազմում ոչ մի ժողովուրդ չկորցրեց իր ազգային մշակույթն ու ազգային ինքնությունը։