Գլխավոր » Analitika, TOP, Լրահոս

Փաշինյանի համար հայ թագավորներից նախընտրելին Պապ թագավորն է. ինչո՞ւ

Փետրվար 17, 2019թ. 01:07
23

 

Հայոց թագավորներից Պապ Թագավորի կերպարը խորհրդային տարիներին ներկայացվում էր դրական լույսի ներքո: Խեղաթյուրված  ներկայացնելով առհասարակ  4-րդ դարի Հայոց պատմությունը, կոմունիստական գաղափարախոսները, մասանավորապես, Պապ թագավորին ներկայացնում էին որպես խոհեմ թագավոր: Պատճառն այն էր, որ Պապը  եկեղեցու դեմ պայքարած, հայ հոգևորականներին հալածած թագավոր է եղել, ու բնական էր, որ աթեիստական հասարակարգում նման անձը պետք է գովերգության ենթարկվեր: Մինչդեռ  պատմական փաստերը ցույց են տալիս, որ նա վարել է անհեռատես ներքին և արտաքին քաղաքականություն, ինչի արդյուքնում թուլացրել է երկիրը ներսից, և զրկվել արտաքին դաշնակցից՝ Հռոմից: Դրա արդյունքը եղավ նրա կարճատև գահակալությունը և անփառունակ վախճանը:

Որպեսզի  մեր խոսքերը մերկապարանոց չհնչեն,  Պապ թագավորի կերպարը կներկայացնենք հայ պատմիչ Փավստոս Բյուզանդի` «Հայոց պատմություն» գործում տեղ գտած փաստերի հիման վրա:

Բայց մինչ այդ, ասենք, որ Պապ թագավորի կերպարին անդրադառնալու անհարժեշտությունն   առաջացավ այն բանից հետո, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրերս խորհրդարանում Կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ հղում անելով Պապ Թագավորին ու նրա ժամանակներին ասաց հետևյալը. <<Օրինակ, ավանդական մտածողության մեջ Պապ թագավորը ՀԱԵ մեծագույն թշնամիներից մեկն է…  կարծում եմ՝ նույն ժամանակներն են, պատմական նույն կոնտեքստն է, ինչ Պապ թագավորի ժամանակ: Ի՞նչ էր ասում Պապ թագավորը, ասում էր` պետք է հարկ վճարել: Ասում էր երկրի տղամարդկանց ու կանանց տարել եք լցրել վանքերն ու կուսանոցները, բա մեր երկրի տնտեսության համար ո՞վ պիտի աշխատի: Բա մեր երկրի բանակի զինվորը ո՞վ պիտի լինի, ասում էին՝ դու դավաճան ես, դու ապազգային ես: Բա մենք էլ ենք ասում՝ ժողովուրդ ջան հարկ պիտի վճարես, նեղանում են»:

Տպավորությունն այնպիսին է, որ Փաշինյանը ցանկանում է նմանվել Պապ թագավորին` թե իր ներքին, թե արտաքին քաղաքականության մեջ: Մտահոգիչն է, որ բարեպաշ, աստվածասեր, եկեղեցասեր հայոց թագավորներից, ինչպիսին եղել են Աբգարը, Տրդատը, ներկայիս վարչապետը նախընտրում է ոչ դրական  բնութագիր ունեցող  Պապինին:

Հիմա դառնանք պատմությանը, ինչպիսին էր Պապ թագավորը:

Իր կաթողիկոսության տարիներին սոցիալական հսկայական աշխատանք է կատարել Ներսես Կաթողիկոսը. բացել է որբանոցներ, այրի կանանց ապաստարաններ, հիվանդանոցներ և այլն:  Պատմական այդ ժամանակաշրջանը հայ-պարսկական պատերազմների շրջան էր: Պատերազմներից հյուծված մեր երկիրը լցված էր որբերով ու տառապյալներով, որոնց մասին հոգ տանելու համար էլ ստեղծվել էին այդ սոցիալական հիմնարկները:

Սակայն Ներսեսի մահից հետո Պապ թագավորը հրահանգում է  քանդել այդ ամենն ու սոցիալապես ծանր վիճակում գտնվող ժողովրդին դուրս վռնդում ապաստարաններից: Թագավորն այսպես պատվիրեց.  «Աղքատները թող դուրս գան մուրան, շրջեն, խնդրեն, աղաչեն, որպեսզի ողորմություն ստանան» (Փավստոս Բուզանդ, Հայոց պատմություն, Հայաստան հրատարակչություն, 1968թ., էջ 268):

Ըստ Փավստոս Բուզանդի՝ Ներսես Կաթողիկոսի տարիներին Հայաստանում մուրացկաններ չկային, որովհետև գործում էին Ներսես կաթողիկոսի ստեղծած սոցիալական հիմնարկները, որտեղ աղքատները, որբերը այրիները օգնություն էին ստանում: Եվ դա ոչ թե պետական գանձարանից էր ստացվում, այլ  ժողովուրդը բերում էր նրանց ինչ-որ անհրաժեշտ էր: Իսկ Կաթողիկոսի մահից հետո եթե որևէ մեկը աղքատներին օգնում էր՝ թագավորից մեծ պատիժներ էր ստանում (Փավստոս Բուզանդ, Հայոց պատմություն, Հայաստան հրատարակչություն, 1968թ., էջ 269):

Պապ թագավորը դյուրացրեց ամուսնալուծությունները, ինչը հանգեցրեց հայ ընտանիքի թուլացման: «Կաթողիկոսի մահից հետո ամեն մարդ թագավորից (Պապից) հրաման ստացավ համարձակորեն բաժանվել իր կնոջից, մարդ կար տաս կին էր փոխել, և առհասարակ բոլորն անօրինության մեջ ընկան» (Փավստոս Բուզանդ, Հայոց պատմություն, Հայաստան հրատարակչություն, 1968թ., էջ 268):

Պապ թագավորը ջանում էր Հայաստանում վերականգնել կռապաշտությունը, մասնավորապես նրա թույլտվությամբ Հայաստանի տարբեր հատվածներում կուռքեր էին կանգնեցվում և հեթանոսական ծեսեր էինն կատարվում (էջ 269)

Հայաստանում կային վանքեր և կուսանոցներ, որոնք հոգևոր կյանքի կենտրոններ էին: Պետք չէ մոռանալ որ վանքները Հայաստանում միշտ եղել են մշակույթի, մատենագրության, գիտության և կրթության օջախներ, բավական է հիշատեկել միջնադարյան Հայաստանի հայտնի վանք-համալսարանները՝ Հաղպատ, Սանահին, Տաթև և այլն: Եթե դրանք չլինեին այսօր մենք չէինք ունենա մատենադարանում պահվող այն հսկայական ժառանգությունը, որով իրավացիորեն հպարտանում ենք: իսկ Պապը հրամայեց քանդել վանքերը և կուսակրոնության ուխտ ընդունած մարդկանց ստիպողաբար ամուսնացրեց (էջ 268): Ազգի հզորությունը միայն տնտեսական բարեկեցության մեջ չէ, այլև հոգևոր-մշակութային հզորության՝ որոնց օջախները վանքերն էին:

ՊԱՊԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Պապ թագավորը գահ էր բարձրացել Հռոմի անմիջական ռազմական օժանդակությամբ, Հայաստանը Հռոմի դաշնակիցն էր: Հայաստանում էր տեղակայված նաև հռոմեական կայազոր, որը Հայոց զորքի հետ միասին պաշտպանում էր Հայաստանը պարսկական ներխուժումից: Պետք է հիշել, որ Ձիրավի ճակատամարտում հայոց զորքի հետ պարսիկների դեմ կռվում էր նաև հռոմեական զորագունդը: Բայց գահ բարձրանալուց հետո Պապը հրաժարվեց հռոմի դաշնակցությունից և սկսեց պարսկամետ քաղաքականություն վարել, ընդհուպ մինչև վերջնագիր ներկայացրեց Հռոմի կայսերը՝ պատերազմով սպառնալով. «Կեսարիան և այլ 10 քաղաքներ մերն են եղել, ետ տուր: Ուռհա քաղաքն էլ մեր նախնիներն են շինել, ուստի եթե չես ուզում, որ խռովություն ծագի, ետ տուր, հակառակ դեպքում մեծ պատերազմով կկռվենք» (Փավստոս Բուզանդ, Հայոց պատմություն, Հայաստան հրատարակչություն, 1968թ., էջ 270): Ընդ որում Հայաստանի ռազմաքաղաքական վերնախավը (նախարարները և սպարապետը) կտրականապես դեմ էր այս քաղաքականությանը, քանի որ շատ լավ էր հասկանում որ Հայաստանը իրավունք չունի թշնամանալու իր դաշնակից Հռոմի հետ, որի օժանդակությամբ գահ էր բարձրացել պապ թագավորը: Արդյունքը եղավ այն, որ Հռոմեացիները դավադրություն կազմակերպեցին և սպանեցին իրենց դավաճան դաշնակցին՝ Պապ թագավորին>>:

Հետևությունը թողնում ենք ձեզ…

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Analitika, TOP, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն