Գլխավոր » NKR, Politics, TOP

Հարցեր, որոնց պատասխաններն ուզում եմ ստանալ այս կառավարությունից. Գևորգ Գևորգյան

Դեկտեմբեր 7, 2018թ. 23:13
gevorg-gevorgyan-273x300

1994 թվականից սկսած, միշտ էլ մեր բոլոր առաջին դեմքերը քաղաքական հակառակորդների, ընդդիմադիրների կողմից մեղադրվել են Ղարաբաղը հանձնելու մեջ, սա քաղաքական ընդդիմադիր պայքարի միջոց է: Սկզբում Լևոնին էին մեղադրում, հետո Քոչարյանին սկսեցին մեղադրել, ՀՀՇ-ն և այլ ընդդիմադիրներ, հետո քաղաքական զինված պայքարի կողմնակիցները սկսեցին Սերժ Սարգսյանին մեղադրել: Հիմա էլ նույնը հնչում է ներկայիս իշխանության հասցեին, որովհետև ցանկացած հայի համար Ղարաբաղը զգայուն թեմա է և միշտ այս կամ այն ձևով անհանգստություններ, մտահոգություններ են լինում: Բայց ամբողջ հարցն այն է, որ նախկինում ոչ մի քաղաքական ուժ իր այս տեսակետի կամ հնչեցված մեղադրանքի համար չի կանչվել ԱԱԾ: 

Իմացեք, երբ քաղաքական պայքարը հակազդվում է ոչ թե քաղաքական հարվածով, այլ ուժային մեթոդներով՝ ուժային կառույցների կողմից, այ հենց այդ կետում մեռնում է ժողովրդավարությունը՝ բարի գալուստ ասելով բռնապետությանը:
Ուզում եմ հույս հայտնել, որ մեր երկրի հեղինակությանը նման հարված չի հասցվի և ներկայիս իշխանությունն էլ իր այս սխալը կուղղի՝ հարցը նորից վերադարձնելով քաղաքական օրակարգ: Անձամբ ես չեմ կարծում, որ Հայաստանի Հանրապետությունը ունեցել է, ունի և երբևէ կունենա հայրենիքը թուրքին տվող երկրի առաջին դեմք: Եթե Աստված չարասցե, երբևիցէ նման ղեկավար ունենանք, հաջորդ օրը նա կդադարի ղեկավար լինելուց, կրելով դավաճանի խարան:

Հայը իր հայրենիքը թուրքին տվողը չէ՛:

Այս ներքաղաքական լարված մթնոլորտում, ինձ այլ հարցերի պատասխաններ են հետաքրքրում.
Ինչու՞ է կառավարությունը ժողովրդին 7 ամիս շարունակ զբաղեցնում, կրքեր բորբոքում, կրակի վրա բենզին լցնում մարդկանց բռնելու, ծեփելու, ապօրինի հարստացման թեմաներով, անընդհատ, շարունակաբար, ամենուր...Այդքան խոսելու փոխարեն բռնեք, ապացուցեք, դատապարտեք, առգրավվեք և ասեք. ժողովուրդ ջան տեսեք՝ այ էսքան պետությունից թալանված փողը բերեցինք բյուջե, հետևաբար այ էսքանով ձեր աշխատավարձերը, թոշակները կբարձրանան, այ էս թալանչու փողով էլ այ էս գործարանն ենք կառուցելու, որ աշխատատեղեր լինեն, այ էս գողացած փողով կառուցած դղյակն էլ պետականացնում ենք..Թե չէ հնդկական սերիալներ եք նկարում, ժողովրդին լացացնում, որ ի՞նչ, հետո ինչ, որ նայվում է, դրանո՞վ եք զարգացնելու երկիրը…

Այսօր ինձ համար շատ մտահոգիչ է երկրում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտը` վերջին 7 ամիսներին, կետ առ կետ նշեմ.

1) Ակտիվ դեմարշներ են ազգային դաստիարակության գաղափարների դեմ, կարծես թե հայ լինելը արդեն թրենդային չէ, այս ուղղությամբ նկատելի է քարոզչության չափազանց ակտիվություն:
2) Կառավարության անդամների մակարդակով ծաղրի է ենթարկվում հայրենասիրությունը, որպես գաղափար և ազգային դաստիարակության միջոց, այդ թվում հերոսներին:
3) Ոչնչացվում և ծաղրի է ենթարկվում Ազգ-բանակը:
4) Ակտիվ քարոզչություն է իրականացվում՝ թուրքերին ու ադրբեջանցիներին սերենադներ ձոնելով:
5) Ակտիվ քարոզչություն է իրականացվում ԼԳԲՏ իրավունքների արմատացմանը:
6) Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ բազմաթիվ արշավներ կազմակերպվեցին, մարդիկ մտան և ուղղակի պղծեցին Վեհարանը:

Փորձեք գտնել ինչ ուժեր են, ովքեր են և ինչ նպատակներով են փորձում բանակին վերաբերվող անվտանգության որոշ հարցեր հրապարակային դաշտ բերել, քաղաքական քննարկման ֆորմատի մեջ մտցնել, որ հակառակորդը երևի լավ տեղեկանա…:

Կենտրոնացե’ք, մտածե’ք, աշխատեք տղե’րք: Այ, էս հարցերով է պետք, որ ԱԱԾ-ն զբաղվի, բացահայտի ովքեր են, ում կողմից են ուղղորդվում և ֆինանսավորվում, բացահայտի պատվիրատուներին, որովհետև, այ, է’ս կարգի հարցերով են թուլացնելու երկիրը, այ է’ս քայքայիչ քարոզչությունը խարխլելու է մեր պետականության հիմքերը, ազգային անվտանգությունը, ինքնիշխանությունը: Այս ամենի դեմն առե՛ք, որ օտարերկրյա գործակալները չվխտան ամենուր…

Այ, քայլ արե՛ք էս ուղղություններով, ազգային ոգին բարձրացրե՛ք, քաղաքական քննադատություններին էլ քաղաքական հակահարվածներով պատասխանե՛ք, այդպես մեր հզոր բանակի թիկունքը ամուր կպահեք, արե՛ք դա օր առաջ, ամրացրեք մեր երկրի անվտանգության հիմնաքարերը, որովհետև ձեր ձախողումը մեր բոլորիս, երկրի և պետության ձախողումն է լինելու:

Հ.Գ. Մեկ էլ տղե՛րք, ախպոր պես, որպես պատասխան նորից չսկսեք, թե կերան, թալանեցին, սերմացու գողացան: Հոգնեցինք…գողերին էլ բռնե´ք , դատե´ք, պետականացրե´ք… երկրի անվտանգության հետ կապված լուրջ հարցերի շուրջ փորձեք կենտրոնանալ…:

ԳԵՎՈՐԳ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Ազատամարտիկ, ռազմական և հասարակական գործիչ

 

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել NKR, Politics, TOP բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն