Գլխավոր » NKR, TOP, Լրահոս

«Երբևէ եղած ամենախայտառակ քարոզարշավն է»

Դեկտեմբեր 4, 2018թ. 00:23
Gevorg +

Հասարակական, ռազմական գործիչ, անկուսակցական ԳԵՎՈՐԳ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ, որը ՀՀԿ ցուցակով առաջադրվել է թիվ 4 ընտրատարածքում, քարոզարշավի այսօրվա միտումները վտանգավոր է համարում, քանի որ հասարակությունը կրկին սևի ու սպիտակի է բաժանված, քաղաքական մրցակիցները միմյանց թշնամի են համարում, իսկ դա ոչ մի լավ բան չի խոստանում երկրին։ Արցախյան ազատամարտին մասնակցած հայտնի հետախույզից նախ մեկնաբանություն խնդրեցինք օրերս բուռն քննարկման առիթ տված Սասուն Միքայելյանի՝ Արցախի հերոսամարտի առնչությամբ աղմկոտ հայտարարութան վերաբերյալ։
-Սա անհաջող ձևակերպված նախադասությու՞ն էր, թե՞ ինչպես Դավիթ Շահնազարյանը հայտարարեց, վտանգավոր ծրագրի մի մաս։
-Սասուն Միքայելյանն արցախյան ազատամարտում լուրջ ճանապարհ է անցել։ Չեմ կարծում, թե այդ հայտարարությունն անելիս ինքը գիտակցել է դրա քաղաքական ենթատեքստը։ Չեմ կարծում նաև, որ գիտակցաբար փորձել է նսեմացնել ազատագրական պայքարը, քանի որ դրանով նա նախ իրեն, իր անցյալն էր նսեմացնում։ Ես այն համոզմանն եմ, որ նրա թիմը կարող էր ուղղել Սասունի խոսքը, բայց դա չարեց, քանի որ հենց այդ բառերն իրենց ձեռնտու էին: Բազմիցս եմ ասել, որ իրավունք չունենք ազգը պառակտելու։ Քաղաքական տարբեր հայացքներ ունենալը չի նշանակում իրար թշնամի լինել։ Այս ամենում ինձ ավելի շատ անհանգստացրեց այն, որ Սասուն Միքայելյանի թիմը չշտկեց նրա խոսքը։
-Ընդհանրապես ճի՞շտ է արցախյան հակամարտությունը նման կերպ արծարծելը ներհայաստանյան քաղաքական կյանքում։ Ականատես եղանք նաև, թե Արցախից ինչպիսի հայտարարություններ հնչեցին Միքայելյանի անհաջող մտքի վերաբերյալ։
-Եթե քո անվտանգությունը վտանգված է, քո ազգային տեսակն ու մշակույթը վերացվում են, գրոշի արժեք չունի լավ կյանքի քո փիլիսոփայությունը, որովհետև դու չունես պետականություն, ազգային արժանապատվություն։ Իսկ մենք թասիբով, ուժեղ ազգ ենք։ Չի կարելի առավոտից երեկո իրար փնովել ու դրանից հրճվել, դիվիդենդներ շահել։ Չպետք է մեկս մյուսի հետ թշնամանանք, այս ատելության մթնոլորտը կործանարար կարող է լինել ցանկացած հասարակության համար, առավել ևս մեր ժողովրդի։ Ազգը սևերի ու սպիտակների բաժանել, մարդկանց իրար դեմ լարել, չարացնել, է, հետո՞։ Մեր ազգային մշակույթը շատ հարուստ է, մեր երկիր թափանցած եվրոպական արատավոր բարքերը մեզ ներսից քայքայում են։ Սրան էլ գումարվում են քաղաքական մանիպուլյացիաները, ստերը։ Լավ, մեր ազգը լավ ապրելու իրավունք չունի՞։ 20 տարի լինել կառավարման բուրգում ու սխալներ չանել, անհնար է։ Տեսեք՝ մի քանի ամիս են կառավարում ու ինչ սխալներ են թույլ տալիս։ Տեսեք, թե ինչպես են ձայներ հավաքելու համար մարդկանց թշնամացնում, իրար դեմ հանում։ Ախր մենք իրար դեմ չպետք է կռվենք, այլ թշնամու, որ վաղը, մյուս օրը իրար հանդիպելիս գոնե բարև տանք։ Երբ սկսում ենք Աստծուց հեռանալ, կորցնում ենք մեր դեմքը, տեսակը, ուրանում ինքներս մեզ։ Խոսում ենք սիրուց ու համերաշխությունից, սա՞ է սերը, ու՞մ դեմ եք կռիվ տալիս։ Ընտրություններն անցնելու են, ու էլի իրար հետ ենք խանութ գնալու, հաց գնելու, փողոցում հանդիպելու, բարևելու, սուրճ խմելու։ ՈՒզում եք, որ միաբևեռ կուսակցությու՞ն լինի, որ իրե՞նք էլ հետագայում փչանան, կոռումպացվեն, կտրվեն ժողովրդից, իսկ առանց փորձի, առանց ազգային ուղղվածության հաստատ ավելի շուտ կփչանան։ Թե՞ ուզում եք իրական ընդդիմություն, որի համար առաջնային հարցերից մեկը երկրի անվտանգությունն է;
-Այսօրվա քարոզարշավին Դուք ծրագրերի քննարկումներ տեսնու՞մ եք, թե՞ էլի ամեն ինչ սևի ու սպիտակի է բաժանված։
-Որևիցե ծրագիր չկա, ամեն ինչ խոստումների մակարդակում է, բանավեճ էլ չկա, լեզվակռիվ է, էն էլ՝ ճղճղան։ Յոթ ամսվա ընթացքում ու՞մ կյանքը լավացավ, բացի իրենցից։ Անընդհատ հայտարարում են, թե անուններ ենք հնչեցնելու։ Հասկացանք, ասեք, վերջացրեք։ Իրենք գիտակցու՞մ են, որ իշխանություն են, որ իրենցից է կախված ժողովրդի այսօրվա և վաղվա կյանքը, թե՞ ավելի լավ է բողոքելով շարունակել մասսաների հետաքրքրությունը բավարարել, զրո պատասխանատվությամբ հսկայական քաղաքական օգուտներ ստանալ: ՀՀԿ-ից վախենում են, լավ, բա ազգային տեսակի՞ց ինչու են վախենում։
-Քարոզարշավի մեկնարկից սկսած բանակի թեման մշտապես արծարծվում է, ընդ որում, «մայկա-տրուսիկի», «տուշոնկաների» համատեքստում, մեր երկրում բացի այս ոլորտից այլ խնդիրներ չկա՞ն։
-Բանակը մեր միակ ամրոցն է։ Ես բանակի շատ խնդիրներ գիտեմ, որոնք առաջացել են հեղափոխությունից հետո։ Ոչ մի տնտեսություն չի զարգանա, կյանքը չի բարելավվի, երբ թուրքը եկել-հասել է ձեր դռանը։
-Խոսքը Նախիջևանի՞ մասին է։
-Ոչ միայն։ Այսօր մեր միակ ամուր տեղն Արցախն է։
-Ո՞րն է այս քարոզարշավից Ձեր ակնկալիքը։
-Երբևէ եղած ամենախայտառակ քարոզարշավն է, որովհետև ժողովրդին մոբիլիզացրել են ու սկսել են վախեցնել նախկին իշխանություններով։ Խայտառակ է, երբ ազգ-բանակը ոչնչացնում են, հայրենասիրական ոգին կոտրում։ Յուրաքանչյուր անմիտ արտահայտությամբ էժան դիվիդենդներ են փորձում հավաքել, մինչդեռ դրանից օգտվում է առաջին հերթին թշնամին: Եթե այս ընտրություններից հետո մենք չենք կարողանալու որպես պետականություն պահել մեր դիմագիծը, և ազգային արժեքները պետական քաղաքականության առաջնահերթություն չեն լինելու, այլ երկիրը առաջնորդվելու է բացառապես լիբերալիստական գաղափարներով, առանց հակակշիռ ուժի, ապա լրջագույն վտանգներ են սպասվում:
-Որպես ազատամարտին մասնակցած անձ, Ձեր մասնակցությունն այս ընտրություններին պայմանավորված է միայն անվտանգությա՞ն հարցերով, արցախյան հիմնախնդրո՞վ։
-Ավելի վաղ եղել են պատգամավորի թեկնածու առաջադրվելու առաջարկներ, բայց ես դրա անհրաժեշտությունը չեմ տեսել։ Այսօր անվտանգության տեսանկյունից մտահոգիչ իրավիճակ է։ Ես որպես ընդդիմադիր եմ գալիս խորհրդարան, ոչ թե գնում եմ իշխանության շվաքում պաշտոն ստանալու: Իսկ ինչ վերաբերում է ՀՀԿ-ին, ես անկուսակցական եմ, բայց հպարտ եմ, որ Հայաստանի քաղաքական դաշտում կա այնպիսի կուսակցություն, ինչպիսին ՀՀԿ-ն է։ ՀՀԿ-ն նժդեհյան գաղափարախոսությունն է, ՀՀԿ-ն անկախականների կուսակցությունն է, ազգային ուժն է, որի համար պետականությունը եկեղեցի-ազգ-ընտանիք-բանակ անքակտելի միասնությունն է։ Ոմանց պատճառով ընկավ կուսակցության վարկանիշը, սակայն այն մարդիկ, ովքեր ՀՀԿ-ի վարկանիշը գցեցին, այսօր այդ կուսակցությունից հեռացել են։ Ես այս պայքարի մեջ եմ նաև անհեռատես քայլերը կանխելու համար։ Այս վերջին ամիսներին մենք հետքայլ ենք անում դեպի 90-ականներ, ցավոք։
Զրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել NKR, TOP, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն