Գլխավոր » Society, TOP, Լրահոս

Գագիկ Ծառուկյանն իր կուսակիցների միջոցով իրենով է արել հանքավայրը

Դեկտեմբեր 2, 2018թ. 13:21
47240011_317478918860087_9023750138849394688_n

Պետության դերը քաղաքացու կյանքում արժևորվում է այնքանով, որքանով որ տվյալ պետությունը կարողանում է պաշտպանել և աջակցել տվյալ քաղաքացուն և նրա շահերը:

Այլ բառերով ասած, արդարության համար մղվող պայքարում անգնահատելի է պետության դերը: Բայց արդյո՞ք այն կա և գործում է: Որքանո՞վ էին նախկին իշխանությունները և այսօր արդեն՝ ներկա իշխանությունները հետամուտ մարդկանց խնդիրների և արադարացի պահանջներին: Սա հարց է, որ դեռևս կախված է օդում:

Դեռևս 2011 թվականի սեպտեմբերի 14-ին “ՄԵՏՊՐՈԳՐԵՍ” սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը հաղթող է ճանաչվել կառավարության կողմից ՀՀ Վայոց ձորի մարզի էրթիչի քվարցիտների տեղամասերի նկատմամբ հանքային իրավունքի ձևավորման համար հայտարարված աճուրդում և ստացել լիցենզիա՝ 25 տարի ժամկետով:

2012 թվականի հոկտեմբերի 20-ին ընկերությունը ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունից ձեռք է բերել օգտակար հանածոյի արդյունահանման թիվ ՇԱԹՎ-29/297 թույլտվությունը: Այն մակերեսը, որը հատկացվել է “ՄԵՏՊՐՈԳՐԵՍ”-ին գործունեություն իրականացնելու համար, կազմում է 7.6 հա, որի առյուծի բաժինը գտնվում է Եղեգնաձորի տարածքում, իսկ շատ ավելի փոքր մասը՝ Արփի համայնքի տարածքում:

Արփի համայնքի հետ կնքվել է համապատասխան վարձակալության պայմանագիր, իսկ ահա Եղեգնաձորի քաղաքապետ ԲՀԿ-ական Դավիթ Հարությունյանը ոչ մի կերպ չի համաձայնել կազմել նմանատիպ պայմանագիր՝ նշելով, որ նպատակահարմար չի համարում: Սակայն Գագիկ Ծառուկյանի “Մուլտի Գրուպ” ընկերությանը Հարությունյանն այնուամենայնիվ տարածքը հանձնել է վարձակալության՝ որպես զուտ գյուղատնտեսական տարածք: Այսպիսով, քաղաքապետը ցուցաբերել է խիստ խտրական մոտեցում, ավելին՝ նա նամակ-բողոք է հասցեագրել ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանին՝ նշելով, որ ընդերք օգտագործող “ՄԵՏՊՐՈԳՐԵՍ”-ը առանց վարձակալության պայմանագրի զավթել է հողատարածք և արդյունահանում է իրականացնում:

Նշենք, որ ընկերությունը տարիներ շարունակ խոշոր ներդրումներ է կատարել պետական բյուջե: Նախարարության ստուգումներից հետո ընկերությունը զգուշացվել է, և 90 օրվա ընթացքում,համաձայն օրենքի պահանջի, Եղեգնաձորի տարածքում աշխատանքները դադարեցվել են: 2014 թվականից հանքարդյունահանումն իրականացվել է միայն ու միայն Արփի համայնքի տարածքում: Եվ չնայած այդ փաստին, 2017 թվականի հոկտեմբերի 13-ին նախարար Աշոտ Մանուկյանը հրաման է ստորագրել, որով կասեցվել է ընկերության հանքային իրավունքը:

Որպես պատճառաբանություն նշվել է, թե իբր այն աշխատում է առանց հողհատկացման պայմանագրի: “ՄԵՏՊՐՈԳՐԵՍ” ՍՊԸ-ն դիմել է դատարան՝ վերականգնելու համար իր իրավունքները, սակայն դատական քննությունը դեռ չավարտված, դեռ ընթացքի մեջ՝ 2018 թվականի մայիսի 23-ին ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նոր, արդեն ԲՀԿ-ական նախարարը՝ Արթուր Գրիգորյանը, թիվ 57-Ա հրամանով հանքավայրի ընդերքօգտագործման իրավունքը հանձնել է “Մուլտի գրուպ” կոնցեռն ՍՊԸ-ին:

Այսինքն Գագիկ Ծառուկյանն իր կուսակիցների միջոցով իրենով է արել հանքավայրը եւ իր բիզնես շահերի համար օգտագործում իրեն հասանելի լծակները, որոնք շրջանցում են օրենքը եւ ոտնահարում այլոց իրավունքները:

Այսօր դատական գործընթացը դեռ շարունակվում է, և դատարանը “Մուլտի գրուպ” կոնցեռն ՍՊԸ-ին ներգրավել է որպես երրորդ կողմ: “ՄԵՏՊՐՈԳՐԵՍ”-ում քաջ գիտակցում են, որ գործադիր իշխանությունը չի կարող միջամտել դատական իշխանության աշխատանքներին, բայց և այնպես նրանք դիմել են նաև վարչապետ Փաշինյանին՝ խնդրելով և հորդորելով ստուգել նախարարության և Եղեգնաձորի քաղաքապետի վարչարարության օրինականությունը,սակայն մինչ օրս Փաշինյանը լուռ է:

Եթե այսօր նոր իշխանությունը հայտարարել է կոռուպպցիայի դեմ անզիջում պայքար, ուրեմն պարտավոր է հավասարաչափ մոտեցում ցուցաբերել բոլոր պաշտոնյաների և բոլոր գերատեսչությունների հանդեպ: Ընտրովի մոտեցումը կամ քաղաքական քմահաճությունները դարձյալ կարող են մարդկանց հանգեցնել այ մտքին,որ երկրում ամենաթողություն է՝ տերովին տերն է տարել, անտերին՝ գելը,իսկ ՀՀ արդարադատությունը շարունակում է մնալ թուք իրական արդարադատության երեսին:

ԱՆԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Society, TOP, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն